Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա:
Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են.
ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:
Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:
Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:
Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:
Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:
Բռնչի սովորական. վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում և որպես միզամուղ միջոց:
Դժնիկ լուծողական (բեկտենի). թուփ է կամ փոքր ծառ, աճում է բաց տարածություններում, լեռնային կիրճերում: Պտուղների թուրմն ու եփուկն օգտագործվում են քրոնիկական փորկապությունների ժամանակ:
Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:
Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:
Եղերդակ (ճարճատուկ). երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:
Եղինջ երկտուն. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:
Երիցուկ դեղատնային. միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:
Լոշտակ սպիտակ (մարդախոտ). բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են արմատները, որոնց եփուկն ունի ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, լուծողական հատկություններ:
Լորենի սրտաձև կամ մանրատերեվ. տերևաթափ ծառ է: Աճում է սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, հաճարի ծառերի հետ: Օգտագործում են ամբողջական ծաղկաբույլերը, որոնց տաք թուրմը կիրառվում է որպես քրտնաբեր միջոց մրսածության ժամանակ, իսկ եփուկը՝ մանրէասպան հատկության շնորհիվ՝ բերանի և կոկորդի ողողումների համար:
Խավրծիլ. մշակովի բույս է: Արմատներից ստացվող պատրաստուկների մեծ չափաքանակներն ունեն լուծողական, փոքրը՝ ախորժակը գրգռող հատկություն:
Խատուտիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:
Կատվախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Իջևանի, Սևանի, Վայքի, Մեղրու, Վանաձորի անտառային բացատներում, ալպյան մարգագետիններում: Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն:
Կյանքի արմատ (ժենշեն). վայրի և մշակովի բույս է: Արմատներից ստացվող փոշին, թուրմը և պատրաստուկները կիրառվում են արյան թերճնշման, որոշ նյարդային հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց: