«Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից, հաստատված Քրիստոսի պատվիրաններով, ուսուցումներով: Այլ կրոններ կամ պետական համակարգեր ևս ունեն բարոյական արժեքների մղող օրենքներ ու պատվերներ, սակայն քրիստոնեության բարոյական արժեքներն անհամեմատ վեր են մնացյալ բոլորից: Առօրյա իրականության մեջ հաճախ ենք առերեսվում բարոյական արժեքների կորստի հետ: Սկզբից ասեմ, որ հասարակությունը շատ հաճախ անբարոյականություն ասածն ընկալում է նեղ իմաստով, այն հաճախ նույնացվում է բարոյական ազատ վարքագծի հետ: Սակայն ճշմարտությունն այն է, որ անբարոյական ասածը շատ ավելի ընդգրկուն է, անբարո վարքը միշտ չէ, որ կապված է ինտիմ կյանքի հետ: Անբարոյական դրսևորումները կարելի է հաշվել հարյուրներով, գուցե հազարներով:Մարդը բնության մասնիկն է, կենդանիները` ևս: Սակայն, եթե մարդիկ ուղղորդվում են բնական բնազդով, ապա անպատասխան կմնա «Ո՞րն է մարդկանց և կենդանիների տարբերությունը» հարցադրումը: Այդ տարբերություն ասվածը հենց բանականությունն է ու բարոյական արժեքները, ինչը մեր օրերում կարծես երկրորդ, նույնիսկ երրորդ պլան է մղվել։
Բարոյական արժեքների ձևավորումը սկսվում է երեխայի ծնվելու հետ միաժամանակ և իրականացվում նրա ողջ կյանքի ընթացքում: Այդ գործընթացին մասնակցում են ընտանիքը, միջավայրը, եկեղեցին, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները և, իհարկե, երեխաների դաստիարկության հիմնական օղակը՝ հանրակրթական դպրոցը: