Posted in Կենսաբանություն

Բույսեր

Մեզ շրջապատող բուսական աշխարհը կազմված է բույսերի ավելի քան 275 հզ. տեսակից՝ ներկայացված խոտաբույսերի, ծառերի, թփերի, թփուտների, մացառների, լիանների, էպիֆիտների (այլ բույսերի վրա ապրողներ) կենսաձևերով:Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում: Բույսերն ավանդաբար բաժանվել են ստորակարգերի (բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր) և բարձրակարգերի (ռինազգիներ, մամռանմաններ, մերկաբուսայիններ, գետնամուշկանմաններ, ձիաձետանմաններ, պտերանմաններ, մերկասերմեր ու ծաղկավորներ կամ ծածկասերմեր): Ըստ ժամանակակից դասակարգումներից մեկի (որը ներառում է 5 թագավորություն)` բույսերի թագավորությունը միավորում է միայն բարձրակարգ բույսերի ներկայացուցիչներին: Բակտերիաներն ու սնկերն առանձնացվել են առանձին թագավորություններում, ջրիմուռները և լորձնասնկերը՝ մերկաբուսայինների թագավորությունում, քարաքոսերը ներկայացվում են առանձին: Բույսերի ծագումը, ըստ երևույթին, կապված է սիլուրի դարաշրջանի հետ, երբ խոտային ջրիմուռները մակընթացություն-տեղատվության գոտում աստիճանաբար հարմարվել են ցամաքային կյանքի պայմաններին: Առաջին ցամաքային բույսերը (մերկաբուսայիններ կամ պրոպտերիդոֆիտներ) տերևներ և տարբերակված արմատներ չեն ունեցել: Դևոնի դարաշրջանում արդեն առաջացել են արմատներ և անոթների սաղմեր ունեցող բույսեր: Իսկ դարաշրջանի վերջին ի հայտ են եկել սերմնաբույսերը: Քարածխի դարաշրջանում նրանք աստիճանաբար տարածվել, իսկ մեզոզոյան դարաշրջանում արդեն իշխել են ցամաքի վրա: Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի:Բույսերի մեծ մասի մարմնի զգալի մասը հատվածավորված է: Նրանց հյուսվածքների տարբերակիչ առանձնահատկությունը միջբջջային նյութի բացակայությունն է և մեծ քանակությամբ մահացած բջիջների (օրինակ՝ սկլերենքիմի և խցանի մեջ) առկայությունը, իսկ որոշ հյուսվածքներում՝ տարբեր տիպերի բջիջների առկայությունը (օրինակ՝ քսիլեման կազմված է ջրանցիկ տարրերից, բնափայտի թելիկներից, պարենքիմից), որը կենդանիների հյուսվածքներում չի հանդիպում:Հայտնի է բույսերի մարմնի կազմավորման 3 տեսակ. թալոմային, երբ առանձին օրգաններ չեն առանձնանում, և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ թիթեղ (օրինակ՝ մամռանմանները, պտերանմանների ծիլերը), տերևացողունային, երբ մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղ՝ տերևներով (արմատները բացակայում են, բնորոշ է մամռանմանների մեծամասնությանը), արմատացողունայիններ, երբ մարմինը բաղկացած է արմատներից ու ցողունից (բնորոշ է բույսերի մեծամասնությանը): Ընձյուղի սաղմը կոչվում է բողբոջ: Բույսի բոլոր վերգետնյա (լուսասինթեզին մասնակցող) մասերը ծածկված են մոմաշերտով, որը նվազեցնում է ջրի կորուստը:Բույսերի կենսական շրջափուլում, որպես կանոն, իրար են հաջորդում սեռական (գամետոֆիտ) և անսեռ (սպորոֆիտ) սերունդները, այսինքն՝ տեղի ունի սերունդների հաջորդափոխություն:Ի տարբերություն կենդանիների՝ բույսերի աճը շարունակվում է ամբողջ կյանքում, նրանց բջիջները պահպանում են մշտապես կիսվելու ունակությունը:Բույսերը մեծ դեր են կատարում Երկրի վրա կյանքի պահպանման համար: Միայն նրանք են (ջրիմուռների և լուսասինթեզող բակտերիաների հետ միասին) ընդունակ կլանել արևի էներգիան ու սինթեզել օրգանական նյութեր, որոնք անհրաժեշտ են և՜ իրենց, և՜ օրգանիզմների ճնշող մեծամասնությանը (այդ թվում՝ նաև մարդկանց): Լուսասինթեզի շնորհիվ ծագել և պահպանվում է Երկրի վրա ազատ թթվածնի ամբողջ զանգվածը: Տարբեր նյութերի կենսաբանական օքսիդացման հաշվին օրգանիզմները (ներառյալ ինքնասունները) ստանում են կյանքի համար անհրաժեշտ էներգիա: Որպես օրգանական նյութերի առաջնային կրողներ` բույսերը որոշիչ օղակ են Երկրի վրա բնակվող տարասուն օրգանիզմների սնուցման բոլոր շղթաներում:Բույսերը կարևոր նշանակություն ունեն հողա- և տորֆագոյացման շարժընթացում: Նրանց մեռած մնացորդներից են առաջացել տորֆի, գորշ ածխի և քարածխի հանքավայրերը:Բույսերի հսկայական բազմազանության մեջ մարդու համար առավել կարևոր նշանակություն ունեն ծաղկավոր բույսերը, որոնցից երկարատև ընտրասերման ճանապարհով ստացվել են մշակաբույսերի բազմաթիվ սորտեր:Բույսերի աճեցումը փոխել է մայրցամաքների նկարագիրը: Յուրաքանչյուր մայրցամաքին, նրա առանձին ֆիզիկաաշխարհագրական շրջաններին ներհատուկ է սեփական ֆլորան, այսինքն՝ տվյալ տարածքում տարածված բուսատեսակների ամբողջությունը: Այդ բուսատեսակները ձևավորում են համակեցություններ (ֆիտոցենոզներ), իսկ որոշակի մեծ տարածքում համակեցությունների ամբողջությունը ձևավորում է նրա բուսականությունը կամ բուսական ծածկույթը: Դրանով է պայմանավորված Երկրի լանդշաֆտային բազմազանությունը: Ժամանակակից բուսածածկույթը բուսական աշխարհի երկարատև էվոլյուցիայի արդյունք է: Մոլորակի վրա բուսականության բաշխումը պայմանավորված է հիմնականում հողակլիմայական պայմաններով և կախված է աշխարհագրական ու վերընթաց գոտիականությունից, որոնց հերթափոխությունը տեղի է ունենում հասարակածից դեպի բևեռներ և լեռների ստորոտից դեպի բարձունքներ: Շատ աշխարհագրական գոտիներ ավանդաբար անվանվում են ըստ գերակշռող բուսականության տիպերի, օրինակ՝ անտառային գոտի, տափաստանային գոտի, սավաննային գոտի և այլն: Իրենց հերթին բուսականության տիպերը որոշվում են աշխարհագրական գոտիներին համապատասխան, օրինակ՝ տունդրային բուսականություն, կիսաանապատային ու անապատային բուսականություն և այլն:Այն բուսականությունը, որը ձևավորվել է առանց մարդու մասնակցության, կոչվում է բնական կամ բնաշխարհիկ, իսկ մարդու միջամտությամբ ստեղծվածը՝ մարդածին կամ մարդահարույց: Բուսականության կառուցվածքի փոփոխությունը (վերափոխումը) կարևոր նշանակություն ունի ոչ միայն հումքային և տեխնիկական օգտակար բույսերի բերքատվության, այլև շրջակա միջավայրի վրա բարերար ազդեցության տեսանկյունից:Բուսականությունը, որպես գործոն, սանիտարահիգիենային բարենպաստ ազդեցություն ունի մարդու վրա. այն բարելավում է տեղական կլիման, կասեցնում հողի էրոզիան, կարգավորում գետի հոսանքը, որով կանխվում են ջրհեղեղները և այլ բնական աղետներ, ուստի պահանջում է համաշխարհային պահպանություն: Որպես գեղագիտական և առողջարարական հատկանիշներով օժտված գործոն` բուսականությունը մեծ խնամք է պահանջում հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման ժամանակ:Սակայն մարդու ինտենսիվ ու ոչ միշտ խելամիտ գործունեությունը հանգեցրել է բնական բուսականության ոչնչացմանը հսկայական տարածքներում և անհետացման վտանգի տակ է դրել շատ բուսատեսակների: Աշխարհի շատ երկրներում (այդ թվում՝ ՀՀ-ում) ստեղծվել են բույսերի Կարմիր գրքեր, որոնցով պլանավորվում են բուսական աշխարհի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: 

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s