Մեր տանը շատ օգտագործվում է համեմը։
Համեմը, նույնն է` գինձը (coriandrum), հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։
Համեմի բուժիչ հատկությունները` արևելյան բժշկության տեսանկյունից
Տերևը և խոտն ունեն հականեխիչ հատկություն, թարմացնում են շնչառությունը։ Պարունակում են ֆլավոններ և ֆենոլներ, որոնք բարելավում են մարսողությունը և այլ հակաօքսիդանտ նյութերի հետ համատեղ` բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և վերացնում են ալերգիկ ռեակցիաների պատճառները։Իջեցնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ և բարձրացնում մկանների զգայունությունն ինսուլինի հանդեպ։Համեմն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում։Ըստ Այուրվեդայի` համեմի կանաչ զանգվածը, սերմը և եթերային յուղը, ի տարբերություն այլ բուրավետ բույսերի, ունեն հովացնող հատկություն և կարող են փոխարինել սննդակարգում կծվահամ համեմունքը կամ մեղմել դրա ազդեցությունը։
Համարվում է, որ համեմը հատկապես օգտակար է գիրանալու հակում, անհանգիստ քուն ունեցող մարդկանց, նաև վատ մարսողության դեպքում։
Զսպում է ախորժակը, նպաստում է կաթնամթերքի և մրգերի մարսելուն, հեռացնում է գազերը, ունի միզամուղ հատկություն, հեռացնում է հեղուկի ավելցուկը, կանխարգելում է այտուցների առաջացումը։Ախտահանում է աղիները և նպաստում է օգտակար նյութերի յուրացմանը։ Կանխարգելում է այրոցքը, զկրտոցը, հանգստացնում է որովայնի խիթերը։
Բացում է լեղածորանները։ Քրքումի հետ համատեղ` վերականգնում է լյարդի բջիջները։
Կարգավորում է ճարպերի փոխանակումը, նպաստում է ճարպերի կուտակումների վերացմանը և հավասարաչափ բաշխմանն օրգանիզմում, կարգավորում է ազատված էներգիայի բաշխումը։
Չինացիները համեմատաբար ուշ են սկսել մշակել համեմը (Ք.հ. 4-րդ դար)։ Նրանք համարել են, որ համեմի տերևն անմահություն է պարգևում և խթանում է սիրո զգացումը։ Նման կարծիքի է եղել նաև ֆրանսիացի արքա Կարլոս Մեծը (իշխել է 771-814թթ.), ով դեղաբույսերի գիտակ է եղել։
Ժամանակակից հնդիկ գիտնականները կարծում են, որ համեմի տերևն իրոք աֆրոդիզիակ է, և այդ երկրի տղամարդիկ երբեմն գերազանցում են թույլատրելի չափաբաժինները։
Զգուշացում։ Ա. Ամասիացին գրել է. «Համեմը չի կարելի չարաշահել, կմթագնի հիշողությունը, կդադարեցնի սերմնարտադրությունը, խռպոտ կդարձնի ձայնը։ Գինձի թարմ հյութը թունավոր է և կարող է մահացու լինել»։
Ավելացնենք` կառաջացնի անքնություն, կխախտվի դաշտանային պարբերականությունը։
Կարևոր է իմանալ, որ ժամանակակից պատկերացումների համաձայն` գործնականում առողջ մարդու համար անվնաս են համարվում սամիթի 4 գ չոր սերմը և 35 գ թարմ կանաչին։ Իսկ հյութի մահաբեր քանակի չափը սահմանել է Ավիցենան.
- 100 մլ, որը ստանալու համար բավականին շատ թարմ հումք և ժամանակ է պետք վատնել` անիմաստ։
Հակացուցումներ։ Խորհուրդ չի տրվում ուտել համեմի կանաչին և սերմը և բուժվել դրանից ստացված պատրաստուկներով.
- Հղիության պլանավորման պահից մինչև երեխային կերակրելու շրջանի վերջը։
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` աթերոսկլերոզ, ինսուլտ, ինֆարկտ, տրոմբոֆլեբիտ։
- Խոլեցեստիտ, ստամոքսաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց։
- Ճնշման տատանումներ` հիպերտոնիա և հիպոտոնիա։
- Ալերգիկ ռեակցիա։ Կարող է առաջանալ անհատական անընկալունակության դեպքում կամ առաջացնել խաչաձև ալերգիա բարդածաղկավորների ծաղկափոշու հանդեպ։ Ախտանիշերն են` քոր բերանում և լեզվի, շրթունքների, քիմքի, կոկորդի այտուցվածություն։
Համեմի տերևի քիմիական բաղադրությունը
Պարունակում է B1-0,07մգ (100գ հումքի մեջ), B2-0,16մգ, B3-0,11մգ, B5-0,57մգ, B6-0,15մգ, B4 (խոլին)-12,8մգ, B9 (ֆոլիաթթու)- 64 մկգ։
Վիտամին C-27մգ (մեկ օվա չափաբաժնի մոտ 25-40%), E-2,5մգ (17-21%), K1(ֆիլոխինոն)-310մկգ (256-344%), կարոտինային նյութեր-3,93 մգ։
Մակրոտարրեր` կալիում-521մգ (10-17%), նատրիում-46 մգ (1-1,7 %), կալցիում-67 մգ (5-8,5%), ֆոսֆոր-48 մգ (4,8-12%), մագնիում-26 մգ (6,5%)։
Միկրոտարրեր` երկաթ-1,77 մգ (10%), պղինձ-0,23 մգ (11%), ցինկ-0,5 մգ (3,3%), մարգանեց-0,425 մգ (21,2%), սելեն։
Տերևի սննդային արժեքը ցածր է` սպիտակուց-2,1գ, ճարպ-0,5գ, ածխաջրեր-1,9գ, սննդային մանրաթել-2,8գ, ջուր 92,2գ, մոխիր-1,5գ։
