Սուրբ Հովհաննես մատուռ, (Ղալթախչու Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Ղալթախչին՝ այժմ Հարթագյուղ, ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։
Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողը կոչվել է ղալթախչի։
Վերոնշյալ գյուղը հիմնադրված բնակեցված է՝ Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից, Ալաշկերտից, Վանից, Կարսից եկած արևմտահայերով։ Սակայն բնակավայրը ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ք.ա 4-րդ հազարամյակից։
Ծովի մակերևույթից ունի 1730 մ բարձրություն։ Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղից կամ Մեծ Պարնի գյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։
Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։
Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիկ Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում: Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։
2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել: Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված: Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:
