Սուրբ Սարգիս մայր եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Երևանի երբեմնի բերդի դիմաց` Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։
Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։
Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց։
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի` 1972 թվականի կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը։ Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը։ 1971-1976 թվականներին եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն։ Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով։ 2000 թվականին ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։
Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976 թվականի նոյեմբերի 3-ին։ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»։
