Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝
- Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
- Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
- Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
- Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։
Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.
- Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
- Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
- Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
- Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
- Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
- Համակարգայնությունը։
Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև։ Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից։
Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը և քաղաքացու ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։
Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից։
Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։
Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։
Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում։ Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ։
Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։
Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է։
Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով։