Posted in անատոմիա

Լսողական վերլուծիչ — քննական

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:   Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

Posted in անատոմիա

Բեղմնավորում և ներարգանդային զարգացում

Արական և իգական սեռական բջիջների՝ սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլվելը կոչվում է բեղմնավորում:

Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին: Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:

22.jpg

Բեղմնավորված ձուն արգանդափողով շարժվելուն զուգընթաց տրոհվում է և վերածվում բազմաբջիջ սաղմի, որը 4−5 օրվա ընթացքում մղվում է արգանդի խոռոչ: Սկսվում է ներարգանդային զարգացման սաղմնային շրջանը, որի ընթացքում բջիջները կիսման միջոցով անընդհատ ավելանում են: Հետագայում ձևավորվում են սաղմի հյուսվածքներն ու օրգանները: Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում: 

պտ.jpg

 Ներարգանդային զարգացման 4−5-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե 2 անգամ ավելի է, քան մորը: Արդեն 5-րդ ամսում պտուղը կշռում է մոտ 500 գ, իսկ ծնվելու պահին՝ 3−3,5 կգ: 

shutterstock_602249897.jpg

 Հղիությունը կնոջ համար բնականոն մի վիճակ է, երբ նրա արգանդում զարգանում է ապագա երեխան: Հղիության տևողությունը 270−280 օր է, որի ավարտին տեղի է ունենում երեխայի ծնունդը՝ պտղի և ընկերքի հեռացումը մոր օրգանիզմից: Ծննդաբերության լավ ընթացքի համար անհրաժեշտ է, որպեսզի արգանդի վզիկը լայնանա, պտղաթաղանթը պատռվի, և նրանում պարունակվող հեղուկը (պտղաջրերը) հեշտոցի միջոցով հեռանա օրգանիզմից:
 

333.jpg

 Երեխայի աճը և զարգացումը: Երեխայի ծնունդից հետո սկսվում է նրա հետսաղմնային զարգացումը: Տարբերում են հետսաղմնային զարգացման հետևյալ շրջանները. 1. Նորածնային շրջան՝ ծնվելուց հետո առաջին մեկ ամիսը,2. Կրծքային շրջան՝ առաջին ամսից մինչև մեկ տարեկան,3. Վաղ մանկության կամ մսուրային շրջան՝ 1-ից մինչև 3 տարեկան հասակը,4. Նախադպրոցական շրջան՝ 3−6 տարեկան հասակը,5. Դպրոցական շրջան՝ մինչև 17−18 տարեկան: Մարդու օրգանիզմի ձևավորումն ավարտվում է 22−25 տարեկանում: Ծերության շրջանում զգալիորեն նվազում են նյութափոխանակության գործընթացները, դանդաղ է ընթանում բջիջների բաժանումը, քայքայման գործընթացները գերակշռում են սինթեզին, զարգանում են օրգան-համակարգերի գործառույթների խանգարումներ: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ զբաղմունքի կանոնավոր հերթափոխությունը, պարբերաբար կատարվող ֆիզիկական վարժությունները, վնասակար սովորություններից (նիկոտինի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործում) զերծ մնալը, ճիշտ սնվելը, անձնական հիգիենայի պահպանումը` չափազանց կարևոր գործոններ են մարդու օրգանիզմի ներդաշնակ զարգացման, առողջության և երկարակեցության համար:

Posted in անատոմիա

Երիկամի քաղցկեղ

Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է, կազմում է մեծահասակների բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, տղամարդիկ մոտ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ:
Ներկայումս հիվանդության էթիոլոգիան հստակ որոշված չէ, սակայն կան էպիդեմիոլոգիական ուսումնասիրություններ, որոնք երիկամաբջջային քաղցկեղը կապում են ծխելու հետ:

Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է անախտանիշ, իսկ տարածված ուռուցքային պրեցեսի ժամանակ որևէ ախտանիշ հանդիպում է մոտավորապես 25% դեպքերում: Ուռուցքը զարգանալով, կարող է տարածվել անմիջապես հարևան հյուսվածքների և օրգանների վրա, ինչպես նաև ավշային և արյունատար անոթներով: Մետաստազավորման հիմնական թիրախներն են` ռեգիոնար ավշահանգույցները, թոքերը, ոսկրերը, մաշկը, լյարդը, գլխուղեղը, մակերիկամը։

Փոքր չափերի անախտանիշ ուռուցքների ախտորոշումը վերջին տարիներին կտրուկ աճել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների, այդ թվում համակարգչային շերտագրման կիրառման պատճառով:
Երիկամաբջջային  քաղցկեղին բնորոշ է բազմաբնույթ կլինիկական պատկեր` պայմանավորված մի շարք կլինիկական և պարանեոպլաստիկ համախտանիշների  առկայությամբ: Այնուամենայնիվ, շատ դեպքեր ընթանում են անախտանիշ ընդհուպ մինչև մետաստազների ի հայտ գալը:

Երիկամաբջջային  քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են` անեմիան (20-40%), թուլությունը, քաշի կորուստը (30%), բարձր ջերմությունը (30%):
Ախտանիշների դասական եռյակը (գոտկային ցավեր, արյունամիզություն և ուռուցքի շոշափում գոտկատեղում) հանդիպում է 10% դեպքերում, և հաճախ վկայում է հիվանդության մետաստատիկ փուլի մասին: Մոտ 50% դեպքերում հիվնդները նշում են անցողիկ արյունամիզություն հիվանդության ընթացքի  տարբեր փուլերում:
Երիկամաբջջային  քաղցկեղի օբյեկտիվ ախտանիշներից արյունամիզությունը ամենահաճախակին է:

Գոտկատեղում շոշափվող ուռուցքը հազվադեպ չէ (45%). Արյան հետազոտությունը կարող է հայտնաբերել  անեմիա, էրիթրոցիտոզ, հիպերկալցիեմիա, լյարդի ֆունկցիոնալ ցուցանիշների աճ: Ուշադրության արժանի է երիկամի քաղցկեղի հետ կապված վարիկոցելեն, որը չի նվազում հիվանդի հորիզոնական դիրքում:
Հիվանդների մոտավորապես 20% մոտ հիվանդությունը զարգանում է դանդաղ, անախտանիշ մի քանի տարիների ընթացքում անգամ առկա մետաստազների պայմանում:
Հիվանդների 30%-ը ունենում են պարանեոպլաստիկ համախտանիշ, որը կարող է արտահայտվել ռենինի, էրիթրոպոէտինի, ինսուլինի և այլ հորմոնների հավելյալ արտադրումով: Լյարդի ֆունկցիոնալ խանգարումները առանց նրա մետաստատիկ ախտահարման նույնպես կարող է պարանեոպլաստիկ սինդրոմի հետևանք լինել: Երիկամաբջջային քաղցկեղի ժամանակ զարկերակային հիպերտենզիայի պատճառ կարող են հանդիսանալ`  պոլիցիտեմիան, միզուկի օբստրուկցիան, ներգանգային ճնշման աճը գլխուղեղի  մետաստատիկ ախտահարման դեպքում:

Երիկամաբջջային քաղցկեղի հիմնական կանխորոշիչ գործոնները կարելի է բաժանել խմբերի`

— անատոմիական — ուռուցքի չափսերը, երակային, կապսուլյար և մակերիկամային ինվազիան, ռեգիոնար և հեռակա  մետաստազները
— հյուսվածաբանական — գոյություն ունեն երիկամաջջային քաղցկեղի երեք հիմնական ենթատիպեր` սովորական  (լուսաբջջային 80 — 90%), պապիլյար (10 -15%) և քրոմոֆոբ (4-5%),  այդ իսկ  հաջորդականությամբ հակումը դեպի ավելի բարորակ ելքը նվազում է
— կլինիկական  — հիվանդի օրգան-համակարգերի վիճակը
— մոլեկուլյար (մի շարք մոլեկուլյար մարկերներ,որոնք իրենց մեջ ներառում են կարբոանհիդրազա IX (CaIX), անոթային էնդոթելիալ աճի գործոն(VEGF) և այլն:

Ախտորոշումը.
Ֆիզիկալ զննման  դերը երիկամաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման գործում  աննշան է, սակայն այն ինֆորմատիվ  է մեծ ուռուցքների  դեպքերում, երբ շոշափման միջոցով կարելի է գնահատել ուռուցքի չափերը, շարժունությունը, կոնսիստենցիան, ցավոտությունը, պարանոցային ավշահանգույցների մեծացումը մետաստատիկ ախտահարման դեպքում, համապատասխան երակների ճնշման պատճառով առաջացած վարիկոցելեն կամ ստորին վերջույթների այտուցը:
Ներկայումս մեծ թիվ են կազմում այն  դեպքերը, երբ  երիկամի ուռուցքները  հայտնաբերվում են տարբեր հիվանդությունների կապակցությամբ կատարված որովայնի ուլտրաձայնային հետազոտությամբ և համակարգչային շերտագրմամբ:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով շատ դեպքերում հնարավոր է դիֆերենցել երիկամի սոլիդ ուռուցքները կիստաներից և այլ պաթոլոգիական պրոցեսներից, սակայն ուռուցքի կասկածի դեպքում անհրաժեշտ է կատարել համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով, որը ախտորոշումը հաստատելուց բացի, ինֆորմատիվ է նաև կոնտրլատերալ երիկամի անատոմոֆունկցիոնալ պատկերը նկարագրելու առումով:
Մագնիսառեզոնանսային շերտագրման համար ցուցումներ են առաջանում  մագիստրալ անոթների ընդգրկման կասկածի, կոնտրաստավորման համար հակացուցումների դեպքում: Դոպլեր ուլտրաձայնային հետազոտությամբ կարելի է հայտնաբերել ուռուցքային թրոմբոզը:
Որոշ դեպքերում կլինիկական պատկերը կարող է անհրաժեշտ դարձնել ավելի սահմանափակ կիրառում ունեցող օստեոսցինտիգրաֆիան, գլխուղեղի համակարգչային շերտագրումը, երիկամային արտերիոգրաֆիան, ստորին սիներակի կավագրաֆիան,  կենսազննումը:

Բուժումը.
Երիկամաբջջային քաղցկեղի արմատական բուժման միակ եղանակը վիրահատականն է, որը ցուցված է տեղայնացված, տեղային տարածում ունեցող ուռուցքների, ռեգիոնար ավշահանգույցների մետաստազների և սոլիտար հեռակա մետաստազների դեպքերում:
Տեղայնացված ձևի բուժման ստանդարտ է հանդիսանում ռադիկալ նեֆրէկտոմիան,որը նախատեսում է երիկամի հեռացումը ուռուցքի հետ միասին:
Նեֆրոնպահպանող վիրահատության ցուցումներն են` մինչև 4սմ չափեր ունեցող սոլիտար ուռուցքները, միակ կամ միակ գործող երիկամի, կոնտրլատերալ երիկամի ֆունկցիային սպառնացող հիվանդության առկայությունը:
Ծայրամասային տեղակայում ունեցող փոքր չափսերի ուռուցքները կարող են ենթարկվել լապարասկոպիկ մասնահատման:
Որպես  վիրահատությանը այլըտրանք առաջարկվել են մինիմալ ինվազիվ եղանակներ` ռադիոալիքային աբլացիա,  կրիոաբլացիա, միկրոալիքային, լազերային և բարձր  ինտեսիվության ֆոկուսացված գերձայնային աբլացիա, որոնք ցուցված են  փոքր, պերիֆերիկ տեղակայված ուռուցքների դեպքում այն հիվանդների մոտ, որոնց ընհանուր վիճակից  ելնելով բաց կամ լապարոսկոպիկ վիրահատությունը հակացուցված է: Մետաստատիկ հիվանդության ժամանակ նեֆրէկտոմիան ցուցված է այն հիվանդներին, որոնց  ուռուցքը և մետաստազները տեխնիկապես հնարավոր է հեռացնել և չկան հակացուցումներ ընդհանուր վիճակի հետ կապված:
Երիկամաբջջային քաղցկեղի արմատական վիրահատությունից հետո ադյուվանտ քիմիո կամ ճառագայթային թերապիայի ցուցումներ չկան:
Մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղի լավ վիճակում գտնվող հիվանդների մոտ համակարգային իմունոթերապիան տալիս է ապրելիության երկարացում մի քանի ամսով:

Posted in անատոմիա

Արտաթորության համակարգի, երիկամների հանդիպող հիվանդությունները

Սուր երիկամային անբավարարությունը երբեմն անվանում են նաև «երիկամների սուր վնասում», քանի որ կարող է առաջանալ բոլոր այն դեպքերում, երբ որևէ պատճառ կամ դրանցից մի քանիսը առաջացնում են երիկամների սուր վնասում:

Արդյունքում, երիկամներն արագորեն կորցնում են արյունը զտելու (ֆիլտրելու) իրենց յուրահատուկ ունակությունը, որն էլ բերում է սուր երիկամային անբավարարության:

Ընդհանուր առմամբ, սուր երիկամային անբավարարություն կարող է առաջանալ, երբ՝

  • դուք ունեք որևէ հիվանդություն, որը նվազեցնում է դեպի ձեր երիկամներ արյան հոսքը
  • դուք ունեք երիկամների ուղղակի ախտահարում կամ վնասում
  • ձեր երիկամների միզատար խողովակները (միզածորաններ) խցանված են և նյութափոխանակության արգասիքները չեն կարողանանում մեզով հեռացվել ձեր օրգանիզմից:

Երիկամների արյունամատակարարման կրճատում

Բոլոր այն հիվանդություններն ու վիճակները, որոնք դանդաղեցնում են դեպի երիկամներ արյան հոսքի արագությունը, կարող են բերել երիկամների սուր վնասման՝

  • արյան կամ հեղուկների կորուստ (սուր արյունահոսություն)
  • արյան ճնշումը կտրուկ նվազեցնող (հիպոտենզիա) ճնշման և այլ դեղեր
  • սրտամկանի ինֆարկտ
  • սրտային հիվանդություններ
  • վարակներ
  • լյարդային անբավարարություն
  • որոշ դեղեր, օրինակ՝ Ասպիրին, Իբուպրոֆեն, Նապրոքսեն և այլ համանման դեղեր
  • սուր ալերգիկ ռեակցիա (անաֆիլաքսիա)
  • ծանր այրվածքներ
  • ծանր ջրազրկում:

Երիկամների ախտահարում կամ վնասում

Այս հիվանդությունները, վիճակները կամ գործոնները կարող են անմիջականորեն սուր վնասել երիկամները և բերել սուր երիկամային անբավարարության՝

  • երիկամները շրջապատող երակների և զարկերակների խցանում արյան մակարդուկներով
  • խոլեսթերինի կուտակումներ, որոնք կարող են արգելափակել երիկաների արյունամատակարարումը
  • գլոմերուլոնեֆրիտ՝ երիկամների կծիկային զտիչների բորբոքում
  • հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ՝ հիվանդություն, որն առաջանում է արյան կարմիր գնդիկների վաղ քայքայման պատճառով
  • վարակներ
  • համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)՝ իմունային համակարգի խանգարում, որը կարող է առաջացնել գլոմերուլոնեֆրիտ
  • որոշ դեղեր, այդ թվում՝ որոշ քիմիոթերապևտիկ դեղեր, հակաբիոտիկներ և պատկերման հետազոտությունների ժամանակ օգտագործվող կոնտրաստանյութեր
  • սկլերոդերմիա՝ հազվադեպ հանդիպող հիվանդությունների մի խումբ, որն ախտահարում է մաշկը և շարակցական հյուսվածքը (այդ թվում՝ երիկամներում)
  • թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա (Շենլեյ-Հենոխի հիվանդություն), որը հազվադեպ հանդիպող արյան հիվանդություն է
  • թույլեր կամ տոքսիններ, օրինակ՝ ալկոհոլ, ծանր մետաղներ և կոկաին
  • մկանային հյուսվածքի քայքայում (ռաբդոմիոլիզ), որի ժամանակ առաջացող թույները վնասում են երիկամների կծիկները
  • ուռուցքային բջիջների քայքայում (ուռուցքային լիզիս համախտանիշ), որի դեպքում նույնպես առաջանում են կծիկներն ախտահարող թունավոր նյութեր:

Երիկամներում մեզի արգելափակում (բլոկադա)

Բոլոր այն հիվանդությունները կամ վիճակները, որոնք կարող են արգելափակել ձեր օրգանիզմից մեզի հեռացումը (միզային օբստրուկցիա), կարող են բերել երիկամների սուր վնասվան: Դրանցից են՝

  • միզապարկի քաղցկեղ
  • միզուղիների խցանում արյան մակարդուկներով
  • արգանդի վզիկի քաղցկեղ
  • հաստ աղու քաղցկեղ
  • շագանակագեղձի մեծացում (ադենոմա)
  • երիկամի քարեր
  • միզապարկի գործունեությունն ապահովող նյարդերի վնասումներ կամ ախտահարումներ
  • շագանակագեղձի քաղցկեղ:

Ռիսկի գործոններ

Սուր երիկամային անբավարարությունը գրեթե միշտ զարգանում է մեկ այլ հիվանդության կամ իրավիճակի հետ փոխկապված: Ձեզ մոտ երիկամների սուր վնասման ռիսկը բարձրացնող հիվանդություններից են՝

  • հիվանդություններ, որոնք պահանջում են հիվանդանոցային բուժում, առավել ևս՝ անհետաձգելի բուժօգնություն
  • մեծ տարիք
  • ձեռքերի կամ ոտքերի արյունատար անոթների խցանում (ծայրամասային զարկերակների հիվանդություն)
  • դիաբետ (շաքարախտ)
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • սրտային անբավարարություն
  • երիկամային հիվանդություններ
  • լյարդի հիվանդություններ
  • որոշ քաղցկեղներ և դրանց բուժումներ:
Posted in անատոմիա

Երիկամների ֆունկցիան

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:
Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը: 

shutterstock_238112089.jpg

 ՈւշադրությունԵրիկամների կտրվածքի վրա առանձնանում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ:Միջուկային շերտը կազմված է բրգերից: Նրանց միջով անցնում են մեզը հավաքող բարակ խողովակներ, որոնք ավարտվում են բրգերի գագաթին անցքեր ունեցող պտկիկներով: Դրանք բացվում են բաժակների, որոնք էլ իրենց հերթին՝ երիկամային ավազանի մեջ:Կեղևային շերտը կազմված է երիկամային մարմնիկներից: 

kidney-anatomy.jpgգդ.jpg

  Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է: Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է երիկամի կեղևային շերտում տեղակայված` գավաթի տեսք ունեցող պատիճից և ոլորուն խողովակից: Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը: Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ: Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ: Վերջինս, միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բրգի մեջ, իսկ այնտեղից` երիկամային ավազան: 

k11_kidney-section-nephrons-blood-vessels-and-renal-corpuscle-model.jpg

 Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ: Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում: 

shutterstock_335359253.jpg
Posted in անատոմիա

Արտաթորության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։

Արտաթորության համակարգի միջոցով մենք ազատվում ենք օրգանիզմի ոչ պիտանի,վնասակար,թունավոր  նյութերից :Կան տարրբեր ձևեր թե ինչպես են դուրս գալիս այդ նյութերը ,օրինակ մեզի օգնությամբ դուրս են գալիս աղիքների անպիտան հեղուկները,փռշտալու օգնությամբ դուրս են գալիս այն վնասակար նյութերը որոնք գտնվում էր քթի խոռոչում ,քրտինքի օգնությամբ դուրս են գալիս մարմնի անպիտակ հեղուկները : :Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները,թոքերը,մաշկը,քրտնագեղձերը,աղիքները և այլն… 

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Երիկամները զույգ ​օրգաններ են, որոնք տեղակայված են ձեր որովայնում, մեջքի կողմից՝ կողերից քիչ ներքև։

Երիկամների հիմնական գործառույթը ձեր արյունը նյութափոխանակության որոշ արգասիքներից զտելն է կամ «մաքրելը»:

Երիկամները հանդիսանում են միզային համակարգի գլխավոր օրգանները։

Միզային համակարգը ներառում է նաև՝

  • միզածորաններ (երիկամները միզապարկին միացնող զույգ խողովակներ)
  • միզապարկ (մկանային պարկ, որտեղ հավաքվում և պահեստավորվում է մեզը)
  • միզուկ (միզապարկը մարմնի մակերևույթին միացնող միզարձակման խողովակ)։

Միզային համակարգը կառուցված է և գործում է այնպես, որ մեզն արտադրվի մշտապես, սակայն օրգանիզմից հեռացվի պարբերաբար։

Միզային համակարգը երբեմն անվանում են նաև «արտազատական համակարգ», որովհետև, ինչպես արդեն նշվեց, նրա հիմնական գործն արյան մեջ մշտապես կուտակվող նյութափոխանակության արգասիքներն օրգանիզմից արտազատելն է՝ մեզի միջոցով հեռացնելը։ Սակայն, արտազատական նշանակություն ունեն նաև՝

  • թոքերը (արտաշնչվող օդով հեռացնում են ածխաթթու գազը)
  • մաշկը (քրտնքով հեռացնում են ջրի ավելցուկը և որոշ աղեր)
  • հաստ աղիները (կղանքով հեռացնում է ջրի ավելցուկը, որոշ նյութեր և չմարսված սննդի մնացորդներ)։

Գրեթե բոլորը ծնվում են երկու երիկամով։ Դրանք ձեր բռունցքի չափի լոբաձև օրգաններ են, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 150 գրամ։

Երիկամները նստած են ձեր ողնաշարի երկու կողմերում, կրծքավանդակի (որը մասամբ պաշտպանում է ձեր երիկամները) և գոտկատեղի միջև։ Մարդկանց մեծ մասի մոտ աջ երիկամը քիչ ավելի ներքևում է, քան ձախը։

Արյունը երիկամներ մտնում է երիկամային զարկերակներով և հեռանում երիկամային երակներով։

Ի՞նչ են անում երիկամները

Երիկամները չափազանց կարևոր են ձեր ընդհանուր առողջության համար։

Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում ձեր օրգանիզմի բջիջները։ Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։

Երիկամներն այս արգասիքները հավաքում են ջրի ավելցուկի հետ միասին և ուղարկում միզապարկ, որտեղից էլ դրանք մեզի տեսքով հեռացվում են միզուկով։

Երիկամների կառուցվածքային և գործառնական միավորը նեֆրոնն է՝ կազմված պատիճից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր երիկամում կա մոտ 1 մլն նեֆրոն:

Նեֆրոնի պատիճում մազանոթային կծիկից արտազատվում և առաջանում է առաջնային մեզ, որն իր բաղադրությամբ շատ նման է արյան պլազմային և արգասիքներից բացի պարունակում է նաև օրգանիզմի համար օգտակար նյութեր և ավելցուկային ջուր։ Անցնելով խողովակներով, առաջնային մեզից ետ են ներծծվում ջրի ավելցուկը և օգտակար նյութերը (կոչվում է հետադարձ ներծծում կամ ռեաբսորբցիա)՝ արդյունքում առաջացնելով միայն արգասիքներ պարունակող երկրորդային կամ վերջնական մեզ։

Ձեր երիկամները նաև մասնակցում են հետևյալ գործընթացներին՝

  • արյան ճնշման հսկողություն
  • արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրություն
  • ոսկրերի ամրության և առողջ վիճակի պահպանում
  • արյան մեջ որոշ նյութերի և աղերի (էլեկտրոլիտներ) մակարդակի պահպանում։

Երիկամի հիվանդություններ

Երիկամները սովորաբար ախտահարվում են աստիճանաբար, տարիների ընթացքում։

Վաղ հայտնաբերելիս ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները և դեղերը կարող են կանխարգելել երիկամների հետագա վնասումը։

Քրոնիկ երիկամային հիվանդությունը կարող է առաջացնել սակավարյունություն (անեմիա) կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։

Երիկամային հիվանդությունը կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ, որը կարող է պահանջել դիալիզ կամ օրգանի փոխպատվաստում։

Ինչպե՞ս ձեր երիկամները պահել առողջ

Ձեր երիկամներն առողջ պահելու համար՝

  • մի ծխեք
  • պահեք ձեր արյան խոլեսթերինն առողջ միջակայքում
  • առողջ պահեք ձեր սննդակարգը, մարմնի կշիռը և, ընդհանուր առմամբ, ապրելակերպը
  • ֆիզիկապես ակտիվ եղեք (սա նվազեցնում է բարձր արյան ճնշման և սրտային հիվանդության ռիսկերը, որոնք իրենց հերթին երիկամային հիվանդության համար հանդիսանում են ռիսկի գործոններ)
  • խմեք առատ հեղուկներ
  • սահմանափակեք ալկոհոլի օգտագործումն այնպես, որ օրական խմեք ոչ ավելի, քան 2 ստանդարտ չափ
  • առանց հետաձգելու բուժեք միզուղիների վարակը կամ երիկամների քարերը։

Դիաբետ ունեցող մարդիկ պետք է արյան գլյուկոզը պահեն խորհուրդ տրվող մակարդակների միջակայքում։

Posted in անատոմիա

Առողջ ապրելակերպ

Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը, շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է կանխել:

Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը:

Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ մեկտեղ բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Հինմական ռիսկի գործոններն են.

Ալկոհոլը,
Ծխախոտը,
Ճարպերի օգտագործումը,
Մրգերի և բանջարեղենի օգտագործման փոքր քանակությունը,
Ավելորդ քաշը և ճարպակալումը,
Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
Բարձր զարկերակային ճնշումը,
Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը,
Աղի օգտագործումը,
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման համար կարևոր վարքագծային գործոնները բավականին տարածված են. ծխախոտի օգտագործումը կազմում է 25,6%, ալկոհոլի օգտագործումը8,2%, գիրությունը և ճարպակալումը 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5% :

Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել՝ վարելով առողջ ապրելակերպ, ինչի համար անհրաժեշտ է՝
Սննդի մեջ կալորիականությունն ապահովել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հաշվին,
Ընդունել մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ (400 գ) օրական,
Ազատվել ավելորդ քաշից, պահպանել մարմնի զանգվածի գործակիցը՝ մարմնի քաշը, կգ / հասակի քառակուսին, մ 2 ( եթե գործակիցը ավելորդ քաշ է, եթե այն ճարպակալում է),
Ապահովել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվություն,
Պահպանել արյան մեջ շաքարի քանակությունը,
Պահպանել արյան զարկերակային ճնշումը (անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի օգնությամբ),
Օգտագործել կերակրի աղի (նատրիումի քլորիդի) չափավոր քանակություն՝ օրական 5 գ,
Ապահովել արյան մեջ ընդհանուր խոլեստերինի քանակը,
Խուսափել ծխախոտի օգտագործումից։

Տեսանյութը կարող եք դիտել հղումն անցնելով։

Posted in անատոմիա

Տեսողական (օպտիկ) նևրիտ

Տեսողական նյարդը աչքից դեպի գլխուղեղ է փոխանցում տեսողական բնույթի նյարդային ազդակներ, որի շնորհիվ մեր գլխուղեղում որպես տեսողական զգացողություն արտացոլվում է այն ամենն, ինչ մեր աչքերն ընկալում են:

Տեսողական նևրիտն նյարդի բորբոքումն է, որն ուղեկցվում է տվյալ աչքի ցավերով և նույն աչքում տեսողության հանկարծակի մասնակի կամ լրիվ կորստով:

Տեսողական նևրիտի պատճառները

Տեսողական նյարդի բորբոքման հստակ պատճառը հայտնի չէ: Սակայն համընդհանուր կարծիք կա, որ այն կարող է զարգանալ իմունային համակարգի կողմից նյարդը շրջապատող հյուսվածքները գրոհելով: Այսպիսի վիճակ առաջանում է, երբ խախտված իմունային համակարգը չի կարողանում սեփական հյուսվածքները տարբերել օտարից:

Տեսողական նևրիտը կարող է կապված լինել առողջական այլ խնդիրների ու հիվանդությունների հետ, օրինակ՝

  • ցրված սկլերոզ
  • աուտոիմուն հիվանդություններ
  • բակտերիալ և վիրուսային վարակներ, օրինակ՝ ջրծաղիկ, ռինոգեն վիրուս, սիֆիլիս և այլն:

Տեսողական նևրիտը սովորաբար ախտահարում է չափահասների միայն մեկ աչքը: Սակայն հիվանդությունը կարող է ներգրավել նաև զույգ աչքերը կամ զարգանալ երեխաների մոտ:

Տեսողական նևրիտի ախտանիշները

Տեսողական նևրիտի ախտանիշներից են՝

  • աչքի ներսում կամ շուրջը տեղակայված ցավեր, որոնք կարող են սաստկանալ աչքերը շարժելիս
  • գունային տեսողության վատթարացում (գույները երևում են աղոտված կամ «գունազրկված»)
  • մեկ կամ զույգ աչքերում տեսողության մասնակի կամ լիարժեք հանկարծակի կորուստ:

Տեսողական նևրիտի բուժումը

Դեպքերի մեծ մասի ժամանակ ձեր տեսողությունը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում առանց բուժման վերականգնվել: Սակայն, բոլոր դեպքերում կարևոր է բժշկին այցելել, եթե ձեր տեսողությունը կտրուկ վատթարացել է:

Posted in անատոմիա

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա և հիպոդերմա , որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը մոտ 95 %, բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Posted in անատոմիա

Վիտամիններ, դրանց նշանակությունը

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):
Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C :

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ: A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն: 

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց: 

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից: 

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված): Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել: 

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում: 

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ: Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: 

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ: C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

 Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը: Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ: ՈւշադրությունԲանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

 D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: 

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

 Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Posted in անատոմիա

Մարսողությունը աղիներում

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը: 

մարսողականgd-w658.jpg

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը: Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:  Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը: Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

shutterstock_651966376.jpg

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:

Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:

Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:
Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:

hwkb17_007_09.jpg

Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:

Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:

shutterstock_387748708.jpg

Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:

Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:
Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):

Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:

Posted in անատոմիա

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը

Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում: Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:

Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:
Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

 Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները: Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

ащш.jpg

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն: Ճարպերով հարուստ սննդամթերք.

54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg

 Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: ՈւշադրությունՋուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը: Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն: Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ): ՈւշադրությունՍննդամթերքն օգտագործելուց առաջ պետք է խնամքով լվանալ հոսող ջրի տակ: Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խանութներից և սննդի կետերից։