Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։
Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։
Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:
Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։
Նոր և նորագույն շրջանում Հայաստանում զարկ է տրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։ 19-րդ դարի վերջից ռուսական տիրապետության տակ գտնվող հայկական գավառները՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգները ու Կարսի մարզը, երկաթուղային ու հեռագրային կապ են հաստատում Անդրկովկասի այլ շրջանների, ապա նաև՝ Ռուսական կայսրության և հարևան երկրների միջև։ 20-րդ դարի սկզբին անցկացվում է հեռախոսագիծը, կառուցվում են նոր երկաթուղիներ ու խճուղիներ։ Երևանում, Շուշիում, Գյումրիում ու Կարսում սկիզբ է դրվում հյուրանոցների շինարարությանը։
ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։ Մայրաքաղաքի առավել հայտնի հյուրանոցներից էին «Արմենիան» (այժմ՝ Արմենիա Մարիոթ), «Ինտուրիստ» (1959 թվականից՝ «Երևան», այժմ՝ Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել), «Անին» (այժմ՝ Անի Պլազա Հոթել)։ Վերջինս կառուցվել էր 1970 թվականին՝ Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ և կրում էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքի անունը։
1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Ամառային հանգստի կազմակերպման նշանավոր կենտրոններ են դառնում Դիլիջանը, Ծաղկաձորը, Սևանը, Արզնին, Վանաձորը (նախկին Կիրովական), Ջերմուկը և այլն։ Այդտեղ նույնպես կառուցվում են հյուրանոցային համալիրներ ու հանգստյան տներ։ Հայկական երկաթուղուց բացի, որն ավելի էր ընդլայնվել, կառուցվում են հարյուրավոր կիլոմետրերի երկարություն ունեցող ավտոճանապարհներ, «Էրեբունի» և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանները, տեղական նշանակություն ունեցող օդանավակայաններ Հայաստանի Բերդ, Ստեփանավան, Տաշիր, Գյումրի, Սիսիան, Ջերմուկ, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում։