Posted in Արևմտահայ բանաստեղծներ

Զահրատ — բանաստեղծություններ

Տարբերութիւն

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Երկինքը կապոյտ — ծովերը կապոյտ
Սիրած աղջկան աչքերը կապոյտ
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կʼըսես ծովերը կապոյտ էին միշտ
Կʼըսես երկինքը կապոյտ էր արդէն
Չի հաւատար որ — նոր տեսայ կʼսէ
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ

Զերօ

Մէկ անգամ մէկ մէկ
Մէկ անգամ Կիկօ զերօ

Երկու անգամ մէկ երկու
Երկու անգամ Կիկօ զերօ

Տասն անգամ մէկ տասը
Տասն անգամ Կիկօ զերօ

Հարիւր անգամ մէկ հարիւր
Հարիւր անգամ Կիկօ մենք

Նախատօնակ

— Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ —
Որքան տխուր է գիտնալ
թէ սէրերն ալ
թէ սէրերն ալ կը մոխրանան ակամայ

Որքան դժուար է գիտնալ
ու — չսիրել — չսիրել —

— Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ —

Posted in Արևմտահայ բանաստեղծներ

Զահրատ — կենսագրություն

Զահրատ (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան, արևմտահայ բանաստեղծ։

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Աղբյուրը ՝ Վիքիպեդիա

Վկայություններ՝ Զահրատի մասին

Զահրատը, առանց բաղդատականի, ուրիշ գիծ է: Ան ունի մտածելու իր ինքնուրոյն եղանակը, գրելու ոճը, որ իր ընթերցողը յաճախ անակնկալի կը բերէ:  Այսպէս է իրաւ գրականութիւնը:
Մարգար Շարապխանեան
Այս բանաստեղծը սրամիտ էր, յաճախ ընդվզող, նորարար, կը շարունակէր բերել լաւագոյն աւանդոյթները գրականութեան մէջ: Այս բանաստեղծը մնաց իր երկրին սիրահարը: Պէտք է հպարտանանք, որ ժողովուրդը ծնած է Զահրատ եւ պիտի ծնի Զահրատներ:
— Սերժ Սրապոնեան

Սկզբնաղբյուրը՝ Վիկիպեդիա