Posted in Գրականություն

Իմաստունի խորհուրդները

Իմաստունը եկավ մի մեծ քաղաք և կանգ առավ մի երկնաքերի առջև: «Այստեղ օգնության կարիք կա»,- մտածեց: Մտավ վերելակ ու բարձրացավ հարյուրերորդ հարկ: Մի բնակարանից նա լսեց հոր բղավոցը: Դուռը բացեց երիտասարդ մայրիկը և տխուր ժպտաց:
— Ի՞նչ է հարկավոր, ծերո՛ւկ,- հարցրեց նա:
Կրկին լսվեց հոր բղավոցը: Կինն անհարմար էր զգում:
— Հեռուստացույցի էկրանը թմրեցնում է մեր Երեխային, դրա համար էլ հայրը պահանջում է, որ նա անջատի հեռուստացույցը,- ներողություն խնդրեց կինը:
Իմաստունն ասաց.
— Նրան լույսով ողողիր, և էկրանը կխամրի նրա առջև:
— Ի՞նչ,- զարմացավ երիտասարդ մայրը,- այդ դեպքում նրան համակարգիչը կկլանի:
Իմաստունը խոսեց.
— Երեխային մշակույթո՛վ լիացրու, և համակարգիչը նրա համար անհրաժեշտ իրերի տուփ կամ գրքերի դարակ կդառնա:
— Հա՛,- հարցրեց մայրը,- իսկ եթե նա ամբողջ օրը թրև գա փողոցո՞ւմ, ինչպես վարվել այդ դեպքում:
Իմաստունը պատասխանեց.
— Նրա մեջ կյանքի իմաստի հասկացությունը ծնիր, և նա կճանապարհվի՝ իր Ուղին փնտրելու:
— Ծերունի՛,- ասաց երիտասարդ մայրիկը,- ես զգում եմ քո իմաստնությունը: Ինձ խրատնե՛ր տուր:
Իմաստունը պատասխանեց.
— Ճշտի՛ր քո մեջ լույսի լիությունը, ճշտի՛ր քո ծարավը մշակույթի հանդեպ, ճշտի՛ր քո մեջ քո Ուղին:

Մայրիկը խելացի և բարի կին էր, դրա համար էլ մտածեց. «Բավարար չէ ապրել երկնաքերի հարյուրերորդ հարկում՝ պնդելու համար լույսի, մշակույթի և Ուղու մասին: Ես պիտի թափանցեմ իմ հոգու խորքերը, որ հասկանամ, թե ով եմ ես իմ զավակների համար, և ովքեր են նրանք ինձ համար»:
Իսկ եթե նա խելացի չլիներ, ծերունուն կասեր. «Դու հարյուր հարկ բարձրացել ես, որ մի կտոր հա՞ց խնդրես, թե՞ ինձ հիմար խրատներ տաս»:
Բայց նա ասաց.
— Շնորհակալ եմ, ծերունի:

Աղմուկի վրա դժգոհ տեսքով եկավ ամուսինը:
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա կնոջը,- սա ո՞վ է:
— Նա իմաստուն է,- պատասխանեց կինը,- հարցրու, թե ինչպես պետք է դաստիարակել մեր երեխաներին, նա քեզ կասի:
Տղամարդը ծերունու վրա մի փորձարկող հայացք նետեց:
— Լավ,- ասաց տղամարդը,- թվարկի՛ր խնդրեմ երեք հատկանիշ՝ որդուս դաստիարակելու համար:
Իմաստունը պատասխանեց.
— Արիությունը, հավատարմությունը, իմաստնությունը:
— Հետաքրքիր է, թվարկի՛ր խնդրեմ երեք հատկանիշ դստերս դաստիարակելու համար:
Իմաստունն ասաց.
— Կանացիությունը, մայրությունը, սերը:
— Օ՜,- բացականչեց կնոջ ամուսինը,- դա հրաշալի է: Ինձ խորհուրդներ տուր, ծերունի՛:
Իմաստունը ժպտաց.
— Ահա քեզ երեք պատգամ. եղի՛ր եղբայր քո երեխաների համար, ապաստա՛ն եղիր նրանց համար, կարողացի՛ր սովորել նրանցից:

Հայրը խելացի և կամային անձնավորություն էր, դրա համար էլ որոշեց ինքն իրեն. «Նշանակում է՝ պիտի փոխեմ իմ վերաբերմունքը որդուս ու դստերս հանդեպ, և ես դա կանեմ»:

Բայց եթե նա խելացի չլիներ, կմտածեր. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է դուրս տալիս այս ծերուկը՝ արիություն, կանացիություն, սեր… Ո՞ւմ են պետք մեր աշխարհում այս բորբոսնած հասկացությունները: Եվ ի՞նչ պետք է ես սովորեմ իմ զավակներից՝ հիմարություննե՞ր, հանդգնությո՞ւն: Դա առաջին հարկի մանկավարժություն է, ոչ թե երկնաքերի հարյուրերորդ հարկում ապրողի»:

— Շնորհակալ եմ, ծերունի՛,- պատասխանեց հայրը և դիմելով կնոջն՝ ասաց.– Ինչ որ հարկավոր է, տո՛ւր նրան:

Բայց Իմաստունը չսպասեց պարգևների, մտավ վերելակ ու սեղմեց իջեցնող կոճակը: Նա շտապում էր:

Posted in Գրականություն

Էլեգիա. աշխարհով քայլում է Իմաստունը

Իմաստունը տեսնում է՝ մայրը ուժգին սեղմում է Երեխային, պաչպչում մեկ թուշիկները, մեկ վզիկը, թևատակերը, լիզում է, կծում և կրքոտ բացականչում.
— Վա՜յ, դու իմ կյանքն ես… Իմ սերը… Իմ արևը… Իմ երջանկությունը, Իմ ուրախությունը:

Իսկ Երեխան տանջվում է, լալիս, թաթիկով մաքրում է լիզած տեղերը, ջանում է դուրս պրծնել, հարվածում է բռունցքներով, գոռում, կռվում մոր հետ:
— Բաց թող, բաց թող, գի՜ժ… թող ինձ… ինչ վատն ես…
Եվ վերջապես դուրս պրծնելով մոր ագահ գրկից` նրանից հեռու է վազում, պտտվում ու լեզու հանում:

Իմաստունը հարցնում է մորը.
— Ինչո՞ւ ես այդպես տանջում քո Երեխային:
— Ես նրան չեմ տանջում,- պատասխանում է մայրը,- ես սիրում եմ նրան, իսկ նա թույլ չի տալիս, փաղաքշել իրեն:
Ապա իմաստունն ասում է.
— Լսի՛ր առակը:

Մի մեծ ակվարիումում երփներանգ ձկներ էին լողում: Նրանց մեջ մի փոքրիկ ձկնիկ կար` գուպպին: Նրա փորիկը մեծացել էր ու սևացել. ծննդաբերելու ժամանակն էր: Մայր-գուպպին լողաց ակվարիումի կենտրոնը, նրան շրջապատեցին մյուս ձկները և սկսեցին հետաքրքրությամբ դիտել, թե ինչպես պիտի ծնի:
Գուպպին լարվեց և իր փորիկից դուրս նետեց մի պստլիկ կետ: Մայրիկը շրջվեց, որ նայի իր ձագուկին, բայց նա ակնթարթորեն բացվեց ու թաքնվեց ջրիմուռների մեջ: Գուպպին դուրս նետեց երկրորդ կետը, բայց սա էլ պոկվեց մորից:
— Ի՞նչ ճարպիկն են,- ծիծաղում էին անբան ձկնիկները:
Ահա և հայտնվեց երրորդ կետիկը:
Այս անգամ մայր-գուպպին առաջ անցավ ու կուլ տվեց նրան: Ձկները զարմացան:
Գուպպին կուլ տվեց նաև հաջորդին: Ձկները սարսափեցին:
Եվ երբ մայրը կուլ տվեց նաև երրորդ ձագուկին, ձկներն ապշեցին:
— Ի՞նչ ես անում,- ճչացին նրանք:
— Մի՞թե չեք տեսնում, ծնում եմ,- պատասխանեց գուպպին:
— Բայց դու ուտում ես քո ձագուկներին:
Մայր-գուպպին անկեղծորեն զարմացավ:
— Իսկ մի՞թե դուք չեք սիրում ձեր երեխաներին:
— Ի՞նչ կապ ունի սերը,- զարմացան ձկները:
— Ես նրանց այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ ուտել յուրաքանչյուրին… Բայց ինչպես տեսնում եք, ոմանք հասցնում են դուրս պրծնել իմ ձեռքից, ու ես չեմ կարողանում բավարարել իմ մայրական զգացմունքը…- պատասխանեց մայր-գուպպին:

Իմաստունը լռեց:
Տղայի մայրը խորը մտքերի մեջ ընկավ, իսկ իմաստունն օգնեց նրան հասկանալու իր զգացմունքները:

«Հասկացի՛ր, կի՛ն,— խորհում էր նա,- որդու հանդեպ անասնական սիրով տոգորված մայրը նրա առաջին թշնամին է: Երեխայի դաստիարակության հանդեպ անասնական սիրո զգացում ունեցող մայրերը նման են խժռող կրակի, որում այդ սերը վերածվում է մոխրի: Իսկ Երեխայի դաստիարակության հանդեպ սրտով ու խելքով սիրո զգացում տածող մայրերը նրան արարչական սիրուն են պատրաստում»:

Posted in Գրականություն

Աշխարհով քայլում է Իմաստունը

Կինը տեսավ իրենց բակով անցնող Իմաստունին և հրավիրեց հանգստանալու ընկուզենու ստվերում: Բակում շատ երեխաներ էին խաղում: Իմաստունը հարցրեց.
— Ինչո՞ւ այստեղ այսքան շատ երեխա կա:
— Ես որդեգրել եմ երեսուն անապաստան երեխաների: Իսկ լքվածներն ու ընչազուրկները հազարներով են, և իմ սիրտը ցավում է նրանց համար: Ուզում եմ որդեգրել բոլորին, բայց չգիտեմ՝ ինչպես անեմ,- տխուր ասաց կինը:

Իմաստունը հարցրեց.
— Նրանց մեջ քո սեփականը չկա՞:
— Կա՛, մեկը:
Իմաստունը հարցրեց.
-Նրանցից ո՞րն է:
— Որը պատահի,- պատասխանեց կինը:

Իմաստունը գլուխը խոնարհեց կնոջ առջև ու ասաց.
— Քեզ առակ եմ նվիրում:

Տափաստանով գետ էր հոսում: Փոքր էր, բայց նրա ափերին կյանքը ծաղկում էր, ծաղիկները փթթում էին, թռչունները՝ երգում, խոտը սվսվում էր, ուռենիներն արձակել էին իրենց երկար ճյուղերն ու շոյում էին գետը: Գետակն ուրախանում էր իր շուրջը եղած կյանքով, ու նրան թվում էր, թե ամենուր ամեն ինչ այսպես սքանչելի է: Մի անգամ գիշերով մի օձ գետը սողաց ու շշնջաց.
— Դու այստեղ ուրախանում ես, իսկ քո ափերից մի փոքր հեռու ամեն ինչ ոչնչանում է տոթից:

Թե որ այդ օձը բարի ու իմաստուն լիներ, կասեր գետակին. «Ինչ լավն ես դու, որ չես խնայում քո խոնավությունը ու ոչնչացումից փրկում ես տապից խանձված այս տափաստանի ծաղիկների, խոտերի ու ծառերի գոնե մի մասը»:

Բայց օձը այդպիսին չէր, այլ չար էր ու նախանձ: Գետակը տխրեց:
— Ինչպե՞ս օգնեմ տափաստանին:
— Հարցրու մարդուն,- ասաց օձը:

Առավոտյան մարդը լսեց գետակին:
— Լավ,- ասաց նա,- ես գիտեմ՝ ինչ անենք…

Եթե այդ մարդն իմաստուն ու հոգատար լիներ, գետակին կասեր. «Դու առանց այդ էլ անում ես առավելը, որ կարող ես»:
Բայց նա այդպիսին չէր, այլ անհոգի ու անփույթ մեկն էր:
Վերցրեց քլունգը և, առանց երկար մտածելու, գետակի ափերից բազում առուներ փորեց դեպի տափաստան: Առվի ջրերը ներծծվեցին ավազի մեջ, իսկ այն ափերը, որտեղով գետակը այլևս չէր հոսում, չորացան:

Գետակն ավելի տխրեց: Դրախտի թռչունը թռավ-եկավ նրա մոտ:
— Ի՞նչ է պատահել,-հարցրեց նա:
Գետակը նրան պատմեց իր տխրության մասին: Եվ դրախտի թռչունն ասաց նրան.
— Դու նրա համար չես ծնվել, որ ոռոգես ամբողջ տափաստանը: Դա քո ուժերից վեր է: Դարձի՛ր դեպի քո հունը ու կյանք տուր քո ափերին:
— Բայց ինձ տխրեցնում է տափաստանը:
— Դու ուրախացիր քո ափերի կյանքով, բայց և տխրիր խանձված տափաստանի համար: Ուրախությունը կամրապնդի քո ուժերը, իսկ մարդկային հայացքը կնկատի քո տխրությունը, ու ժողովուրդը, տեսնելով քո ափերին սփռված կյանքը, կհասկանա, թե ինչպես կենդանացնի ողջ տափաստանը: Ահա քո կոչումը:

Գետակը վերադարձավ իր հունը և հետը ուրախություն բերեց, որ կյանք է տալիս իր ափերին, ու տխրություն, որ չի կարող կենդանացնել ողջ հափաստանը։

Իմաստունի պատմությունը լսելով՝ կինը խանդաղատանքով նայեց բակում խաղացող իր բոլոր երեխաներին ու սրտի ցավով մտածեց հազարավոր ընչազուրկների մասին:

Իսկ Իմաստունը բարձրաձայն մտածումով օգնում էր կնոջը՝ իր զգացմունքները հասկանալու: «Ո՜վ Մեծահոգի Կին: Դաստիարակության ուրախությո՛ւն պարգևիր այնքան լքված ու ընչազուրկ երեխաների, որքան բավարարում է քո ուժը, իսկ մնացածների համար, ում բաժին չի հասել այդ ուրախությունը, պահպանիր լուսավոր թախիծդ ու արցունքներդ, քանզի դրանք փրկիչ են: Ո՜վ Մեծահոգի Կին: Սուրբ Մայր, որ իր մի Երեխայի միջոցով տեսնում է իր մեջ Երկրի բոլոր երեխաների Մորը, իսկ ամեն մի Երեխայի մեջ՝ իր սեփական Երեխային: Սուրբ Մայր, ով դաստիարակում է իր միակին նույն զգացումով, ինչպիսին բոլոր մյուսներին:
Թող Աստված օգնի քեզ»:

Posted in Գրականություն

Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը

Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը

Իմաստունը մտավ զբոսայգի ու նստեց նստարանի ծայրին:

Սպասեց:

Մի տղա եկավ, նստեց նույն նստարանին ու խորասուզվեց տխուր մտքերի մեջ:

Իմաստունը մտքում դիմեց նրան. «Հարցրո´ւ , և ես կպատասխանեմ»:

-Ծերո´ւկ, ինձ մի բան ասա,- հանկարծ ասաց տղան:

Իմաստունը պատասխանեց.

-Լա՛վ, լսիր ճշմարտացի պատմությունը: -Սատանան տեսավ գնդակ խաղացող հորն ու որդուն: Նրանք ծիծաղում էին, իրար եղբոր պես վերաբերվում:

«Լավ տղա է, — մտածեց սատանան, արի՝ հորից վերցնեմ տղային և առաջնակարգ փոքրիկ չարք դարձնեմ»:

Եվ նրան մի չարք կցեց: Սա վերափոխվեց տղային հասակակից մի դեռահասի և կարծես թե պատահաբար ծանոթացավ նրա հետ համակարգչային խաղերի ակումբում:

-Արի միասին խաղանք, — առաջարկեց նա տղային և խաղային ավտոմատի մոտ քաշեց, — սա շատ լավ կրակոտ խաղ է, սպանում ես ու սպանում ես…

Ապա տղային գայթակղեց խաղով. նրանք շատ կրակեցին ու շատերին սպանեցին:

-Իսկ հիմա արի մյուս խաղը խաղանք, — և նրանք տեղավորվեցին մյուս սարքի առաջ:

Այստեղ նրանք բանկի կողոպտիչներ էին խաղում, և իհարկե, սպանում էին բոլոր նրանց, ովքեր փակում էին իրենց ճանապարհը:

-Հիմա գնանք հաշվեցույցի մոտ, ես գիտեմ՝ ինչպես փող հանել նրանից:

Իսկապես, առաջին իսկ փորձից սարքը աղմուկով մանրադրամների կույտ շաղ տվեց:

-Վերցրու, բոլորը քոնն է, չէ՞ որ մենք ընկերներ ենք, ասաց տղային նոր «ընկերը»: -Վաղն էլ արի, ավելի ուրախ կլինի:

Տղան գոհ վերադարձավ տուն:

-Որտեղի՞ց քեզ այս փողերը, — հարցրեց հայրը:

Եվ նա պատմեց՝ ինչ լավ խաղեր է խաղացել և ինչ նոր «ընկեր» է ձեռք բերել: Հայրը խոժոռվեց:

-Որդիս, այս ամենն ինձ դուր չի գալիս: Խնդրում եմ, այլևս այնտեղ մի գնա, իսկ այդ փողերը կտանք աղքատներին:

Որդին վիրավորվեց, բայց լսեց հորը:

Սատանան տղային մի ուրիշ չարք կցեց:

Նա մի գեղեցիկ աղջիկ դարձավ և գնաց զբոսայգի՝ անվաչմուշկներով սահելու, որտեղ սահում էր նաև տղան: Հանկարծ տղայից մի քանի քայլ հեռու աղջիկը ոլորեց ոտքը և վայր ընկավ: Տղան օգնեց աղջկան, նստեցրեց նստարանին: Նրանք զրուցեցին: Շուտով աղջիկը սկսեց քնքշորեն շոյել նրան:

-Դու կարողանո՞ւմ ես համբուրվել, — հարցրեց աղջիկը, — իհարկե, կարողանում ես, դու տղամարդ ես: Արի՛ համբուրվենք:

Տղայի մարմնով դող անցավ:

Հետո նա գոտուց կապած պայուսակից թմրախոտ հանեց:

-Մենք արդեն մեծ ենք, արի ծխենք, քանի մեր շուրջը ոչ ոք չկա:

Տղան երկմտեց, բայց հանուն գեղեցիկ աղջկա և այն բանի, որ նա ասաց, թե իրենք արդեն մեծ են, նրա հետ ծխեց: Գլուխը պտտվեց, բայց հաճելի էր, թե աղջիկն ինչպես է շշնջում իր ականջին. «Դու տղամարդ ես, ես սիրում եմ քեզ»: Հետո նա ժամադրեց տղային նույն տեղում ու անհետացավ:

Հայրը գլխի ընկավ, որ տղայի հետ ինչ-որ վատ բան է կատարվել, և զգուշացրեց նրան.

-Խնդրում եմ, էլ զբոսայգի չգնաս:

Տղան չլսեց հորը, շարունակում էր հանդիպումները «աղջկա» հետ, և նրա հետ լկստվում: «Նա» տղային իր տղամարդն էր համարում՝ իր բոյֆրենդը:

Հայրը, տեսնելով, որ որդին ներամփոփ է դառնում և ինչ-որ բան թաքցնում է իրենից, վերջիվերջո հայտնաբերում է նրա հափշտակության հետքերը և անմիջապես բժշկի տանում որդուն: Նրանք շատ ջանք թափեցին, որ բուժեն տղային, և վերջինս հասկացավ, որ «աղջկա» հետ հանդիպելը վտանգավոր է իր համար:

Այդ ժամանակ սատանան երրորդ չարքին է հանձնարարում գայթակղել տղային: Նա դառնում է ձյուդոյի մարզիչ այն նույն սպորտային ակումբում, որտեղ պարապում է տղան: Նա ամեն ինչ անում է, որ դուր գա տղային: Տանում է նրան մրցումների, գովում: Իսկ մի անգամ՝ մարզումներից հետո, պահում է տղային երկու ուրիշ պարապողների հետ, հյուրասիրում նրանց մի բաժակ օղիով, և իբր պատահաբար նրանք սկսում են փողով զառ խաղալ:

Այդպես լինում է մի քանի անգամ, և տղան, որ սկզբից հաղթում էր, հայտնվում է իր մարզիչի պարտքի տակ: Վերջինս պահանջում է նրանից կա´մ վճարել, կա´մ կատարել իր մի հանձնարարությունը:

Հիմա տղան ծանր մտատանջությունների մեջ է. ինչպե՞ս վարվել:

Կվերադառնա՞ արդյոք նա հոր մոտ, որպես անառակ զավակ, ապաշխարելու, կխզի՞ կապերը խավարի հետ, ինչ-որ մեկից փո՞ղ կգողանա, թե՞ վերջապես կկատարի իր «մարզիչի» սարսափելի հանձնարարությունը: Մի ելք էլ կա, որի մասին նա մտածում է՝ վերջ տալ կյանքին ինքնասպանությամբ:

Օ՜, եթե երեխաներն իմանային, թե ինչ պայքար է գնում իրենց համար Լույսի և խավարի ուժերի միջև: Եթե նրանք հասկանային, որ մայրն ու հայրը իրենց պահապան-հրեշտակներն են:

Իմաստունն ավարտեց:

Տղան արցունքների միջից ասաց.

-Դա հենց ես եմ:

Իմաստունն ասաց.

-Ամեն ինչ քո ձեռքում է:

Posted in Գրականություն

Ջալալ ալ Ահմադ | ՍԵԹԱՌ — վերլուծթյուն

Կան երազանքներ  որոնց մենք նվիրումով և սրտի թրթիռով ենք սպասում: Սպասում ենք չիմանալով՝ այն կկատարվի, թե այդպես էլ կմնա անիրականանալի: Սպասում ենք, որովհետև հավատում ենք: Սպասում ենք, որովհետև սպասման ծարավ ենք: Եվ վերջապես սպասում ենք, որովհետև ասում են` երազանքները իրականանալու հատկություն ունեն:

Պատմվածքի հերոսի երազանքը կատարվել էր, նա վերջապես կարողացել էր սեթառ գնել իր իսկ աշխատած գումարով։  Իրականում, երազանքն աստիճանաբար դառնում է նպատակ, բայց մեր մտքում այն միշտ երազանք է հնչում ու մինչ այն պահը, երբ ամեն բան արդեն իրականություն է դառնում:

Օծանելիք վաճառող տղան այստեղ մեզ խոչընդոտողներն են, որոնք միշտ փորձում են մեզ շեղել։

Posted in Գրականություն

Վիլիամ Սարոյան — Հինգ հասուն տանձերը

Այս ստեղծագործությունում Սարոյանը պատմում է, որ, երբ վեց տարեկան էր, մի օր դպրոց էր գնում, երբ ծառի վրա տեսավ հինգ հատ տանձ։ Ի դեպ, այդ տանձերը ցանկապատով շրջապատված չէին, ինչից Սարոյանը համարեց, որ դրանք վերցնելը գողանալ չի լինի։ Սակայն, նա տանձերը չվերցրեց և ամեն օր անցնելիս դրանց էր նայում։
Մի օր, երբ արդեն ամբողջովին հասած էին, Վիլյամ Սարոյանը վերցրեց, մեկը կերավ, մյուս չորսն էլ տարավ, որպեսզի դասարանցիներին ցույց տա։ Սակայն նրան չհասկացան և, գող ասելով, պատժեցին։

Իրականում ես հիմարություն եմ համարում այդ ամենը։ Եղածը ընդամենը տանձ է, ծառից քաղել և ուտելը դա գողանալ չէ։ Վիլյամ Սարոյանը շատ ազնիվ էր, նա ոչ մի վատ բան չէր արել, իհարկե միրգ քաղելը ուրիշ ծառից գողություն չէ, այն էլ, որ տանձերը ցանկապատից դուրս էին: Նա շատ ազնիվ էր պարոն Փոլարդի հետ, իմանալով, որ կարող է մտրակվի և այդպես էլ եղավ:

Posted in Գրականություն

Գրիգոր Զոհրապ — Ճիտին պարտքը ։ Վերլուծություն

Ամբողջական նյութը տես այստեղ ՝ — <<Ճիտին պարտքը>>

Ճիտին պարտքը» նորավեպը մի մարդու մասին էր, ում կինը մահացել էր և իր երկու աղջիկները իր խնամակալության տակ էին: Նա էր պահում ընտանիքը: Սակայն իր գործերը դեպի վատն են ընթանում և նա որոշում է չասել իր աղջիկներին, որ չտխրեն, որ անհոգ լինեն: Իսկ ինքը կեղծ ժպիտ է ցուցադրում աղջիկների մոտ, որ չկասկածեն իրավիճակի մասին: Ի վերջո նա չի կարողանում աշխատանք գտնել և չվարձատրվելով, աղջիկների քմահաճույքները ի վիճակի չլինելով կատարել, հասկանում է, որ չի կարող նայել նրանց աչքերի մեջ։ Մարդը ինքնասպան է լինում:

Դժվարությունները մեր կյանքի մի մասն են, եթե ամեն դժվարության հանդիպելիս ինքնասպան լինեն ապա շուտով երկիրը կդատարկվի։ Հուսեփ աղան ամեն ինչ անում էր, որպիսզի աղջիկները ոչնչի կարիք չունենան, դե հասկանալի է հայր էր, իսկ հայրիկները ամեն ինչի պատրաստ են երեխաների համար։ Բայց ինքնասպանությունից առաջ կարող էր մտածել թե ինչ պետք է անեն իր երեխաները, արդյոք նա ինքնասպան լինելով կերակրեց իր երեխաներին։ Եթե նա բացատրեր աղջիկներին նրանք կհասկանային։ Բոլոր ծնողներն էլ ուզում են իրենց զավակները ապահովված լինեն, բայց ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլիներ երեխաները անցնեին դրա միջով, որպիսզի հետագայում իրենց խնդիրները կարողանան լուծեն ելքեր որոնելով այլ ոչ թե մահվան գնալով։ Անցնելով դժվարությունների միջով, մենք սկսում ենք գնահատել ամեն ինչը, մտածում ենք արդյոք դա մեզ պետք է, իսկ եթե դրա փոխարեն մեկ ուրիշ պետքական բան գտնենք։ Բոլոր ծնողներն էլ հեռու են պահում մեզ դժվարություններից, խնդիրներից, բայց եթե մի փոքր մտածենք մեզ դրանք պետք են գալու ապագայում։ Ամեն խնդիր էլ ունենում է լուծում․ Մնում է միայն ժպիտով հաղթահարել դրանք։ Այն մեզ դարձնում է ավելի ուժեղ, որպիսզի հաղթահարենք նաև մյուս խնդիրները։

Posted in Գրականություն

Վոլֆգանգ Բորխերթ —ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ

Վոլֆգանգ Բորխերթ — ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ

Պատմվածքը արժեքավոր էր իր ասելիքով: Գրողը այս փոքր գրվածքում ներգրավել էր դաստեարակչական նորմեր՝ ուենանալ խիղճ և հոգի, սիրել թեկուզ  մեռածին, լինել բարի, հոգատար:

Տխուր մի պատմություն, որը ունի իր լուսավոր կետը։ Այդ կետը բարությունն ու սերն են: Այս երկու շատ կարևոր հատկանիշները ասես չեզոքացնում են այն դառնությունը, որը տիրում է պատմվածքում:

Երեխաերը մեր կյանքի ամեաանմեղ արարածներն են։ Նրանք սիրում են մեզ առանց շահի, առանց կեղծիքի։ Պատերազմի պատճառով իննամյա տղան կորցրեց իր փոքրիկ եղբորը, ի՞նչ մեղք ուներ այդ երեխան, պատերազմները մեզնից խլում են ամենաթանկը կյանքը։ Գրողը դաժան, բայց դառը իրականությունը ցույց է տալիս պատմվածքում։ Իննամյա երեխա որը պետք է վայելեր իր մանկությունը պահակություն է անում եղբոր գերեզմանին որպիսզի առնետները մոտ չգան։ Դաժան, ցավալի իրականություն, որի մեջ մինչ այժմ ապրում են մարդիկ։

Posted in Գրականություն

Շալվա Ամոնաշվիլի «Ինչպես սիրել երեխաներին» (Ինքնավերլուծության փորձ)

Կյանքը՝ որպես Սեր, և մահը՝ որպես Սեր

Կորչակի մասին ես շատ էի լսել դեռևս 60-ական թվականներից, բայց համոթ ինձ՝ նրա ստեղծագործությունները չէի կարդացել։ Դեպի նա ինձ ուղղորդեց Վասիլի Ալեքսանդրովիչը։ Գրքից, որը նա ուղարկել էր ինձ, դուրս գրեցի հետևյալը․ «Յանուշ  Կորչակ, մարդ՝ արտասովոր բարոյական գեղեցկությամբ․․․ Երբ պատերազմից հետո իմացա Յանուշ  Կորչակի հերոսական սխրանքի մասին, նրա խոսքերն ինձ համար ողջ կյանքում պատվիրան դարձան։ Նա դաստիարակ է եղել հրեաների համար առանձնացրած Վարշավայի որբանոցներից մեկում։ Հիտլերականները դժբախտ երեխաներին դատապարտել էին Տրեբլինկի վառարաններում հրկիզման։

Երբ Յանուշ Կորչակին առաջարկեցին ընտրել՝ կյանք՝ առանց երեխաների, թե երեխաների հետ՝ Տրեբլինկի վառարաններում հրկիզում, նա, առանց տատանվելու, ընտրեց մահը։ «Պարո՛ն Գոլդշմիդտ, — ասաց նրան գեստապոյականը, — մենք գիտենք Ձեզ՝ որպես լավ բժշկի, բոլորովին պարտադիր չէ, որ Դուք Տրեպլինկա գնաք»։ «Ես խիղճս չեմ վաճառում», — պատասխանում է Յանուշ Կորչակը։ Հերոսը մահվան էր գնում երեխաների հետ, հանգստացնում նրանց՝ հոգ տանելով, որ երեխաների սրտերում բուն չդնի մահվան սպասման սարսափը։ Յանուշ Կորչակի կյանքը, բարոյական ցնցող ուժով ու մաքրությամբ օժտված նրա սխրանքն ինձ համար ոգեշնչման աղբյուր էին։ Ես հասկացա․ որպեսզի իսկական դաստիարակ դառնաս, հարկավոր է երեխաներին նվիրես սիրտդ։

Ես անմիջապես ամեն ինչ (ինչը հնարավոր էր) հավաքեցի Կորչակի գրքերի և նրա մասին՝ հրատարակելու համար։ Լեհաստանից Կորչակի և նրա Որբանոցի մասին ինձ ֆոտոալբոմ բերեցին, մի քանի գրքեր լեհերեն։ Այդքանը քիչ էր, բայց, այնուամենայնիվ, օգնեց ինձ խորանալու երեխաների հանդեպ Սերն ընկալելու մեջ։ Ես սքանչանալով, երբեմն՝ արցունքերով լի աչքերով էի կարդում Կորչակի մասին պատմությունները և երեխաների մասին ու երեխաների համար գրված հրաշալի գրքերը։ Մանկավարժի ամեն մի խոսքը, որում ապրում էր դեռ չիրականացրած սխրանքը, ես թրթիռով էի ընդունում՝ որպես անձամբ ինձ ուղղված։ Ամեն մի խոսք ներծծված էր հերոսի ոգով և ոգեշնչում էր ինձ։ Ես շտապում էի կրտսեր, ավագ երեխաների մոտ, շփվում նրանց հետ, դասեր անցկացնում և մշտապես վարժանքներ անում՝ Կորչակի, Սուխոմլինսկու պես երեխաների հանդեպ սեր դրսևորելու համար։ Այն ժամանակ ես շատ բան ձեռք բերեցի, շատ բան սովորեցի։ Ուսանողի նման կոնսպեկտում էի Կորչակի խրատները և ջանում դրանցով ապրել։ Չնայած իմ բնությունն ու գիտակցությունը ընդունում էր նրանից ամեն ինչ՝ առանց պայմանի, այնուամենայնիվ, հասկացա, որ շատ դժվար է քայլել նեղ արահետներով դեպի Երեխայի սիրտը։ Իսկ այդ նեղ արահետը Մանկավարժական, Ուսուցչական Սերն է։
Ահա թե ինչ օրենքներ է սահմանել Յանուշ Կորչակը երիտասարդ, անփորձ դաստիարակի համար․
-Դու՝ դո՛ւ եղիր, փնտրի՛ր սեփական ուղիդ։
-Ճանաչիր նախ քեզ, մինչ կուզես ճանաչել երեխաներին։
-Մինչև իրավունքի և պարտականության շրջանակը նշելդ քեզ հաշվետո՛ւ եղիր, թե ինչի ես ընդունակ։
-Դու ես հենց այն Երեխան, որին մինչ մյուսներին դաստիարակելը պիտի դաստիարակես ու սովորեցնես։
Այստեղ իմաստուն մի բացատրություն է հետևում։ Ամենակոպիտ սխալներց մեկը, — ասում է Կորչակը, — մանկավարժությունը Երեխայի, ոչ թե Մարդու մասին գիտություն համարելն է։ Եվ ահա թե ինչ ապշեցուցիչ տրամաբանությամբ է նա դա ապացուցում․
«Բռնկուն Երեխան, իրեն մոռանալով, հարվածում է, հասուն մարդը, իրեն մոռանալով, սպանում։ Բարեհոգի Երեխայից շորթում են խաղալիքը, հասուն մարդուց՝ պարտամուրհակի ստորագրությունը։
Թեթևամիտ Երեխան տետրի համար տրված տասանոցով կոնֆետ է գնում, հասուն մարդը մոլախաղի մեջ տանուլ է տալիս ողջ ունեցվածքը»։
Դրանից բխում է եզրահանգումը, որի մասին աշխարհը մինչև հիմա չի իմացել, և այն պետք է փոխի մեր գիտակցությունը, մեր վերաբերմունքը երեխաների հանդեպ և մեր հանդեպ․ «Երեխաներ չկան, կան մարդիկ, բայց ընկալման մի այլ մասշտաբով, փորձի մի այլ պաշարով, այլ տպավորություններով, զգացմունքների մի այլ խաղով»։

Կորչակը խրատում է․
-Դու դո՛ւ եղիր, և հետևի՛ր երեխաներին այն ժամանակ, երբ նրանք կարող են իրենք իրենցով լինել։ 
-Հետևի՛ր, բայց պահանջներ մի՛ դրսևորիր։ 
Հետևում է բացատրությունը․
«Չես կարող ստիպել կենդանի, առողջ Երեխային կենտրոնացած ու հանգիստ դառնալ չվստահող ու մռթոշածը շփվող ու սրտաբաց չի դառնում, ինքնասեր ու պարտաճանաչ մարդը հեզաբարո ու խոնարհ չի դառնում․․․ Եթե դու ազդեցիկ կեցվածք ու առողջ թոքեր չունես, ապա իզուր ես աղմկարարներին կարգապահության կոչ անում»։
Հետո ասում է․
Բայց դու բարի ժպիտ ունես և ջերմ հայացք։ Ոչինչ մի՛ ասա գուցե նրանք իրենք իրենց կհանգստանան։ Երեխաները փնտրում են իրենց ուղին։ 
-Քեզանից մի՛ պահանջիր, որ դու միանգամից լինես լրջմիտ, հասուն դաստիարակ՝ հոգուդ մեջ հոգեբանական հաշվապահություն ունենալով և գլխումդ՝ մանակավարժական կոդեքս։ 
Եվ բացատրում է․
«Դու հրաշալի դաշնակից ունես՝ մոգական երիտասարդությունը, իսկ դու կոչ ես անում փնթփնթանությանը՝ զառամյալ փորձիդ։
Ահա և խրատը․
-Ոչ թե այն, որ պիտի լինի, այլ այն, որ կարող է լինել։
Եվ բացատրությունը․
«Դու ուզում ես, որ երեխաները քեզ սիրեն, իսկ ինքդ, պարտավորված բարեխղճորեն կատարել կարգադրված աշխատանքը, պետք է խցկես նրանց ժամանակակից կյանքի, ժամանակակից կեղծավորության, ժամանակակից բռնության հոգեկան ձևերի մեջ։ Երեխաները դա չեն ուզում, նրանք պաշտպանվում են և պետք է որ վիրավորվեն քեզանից»։
Ո՛չ պատժել, ո՛չ պարգևատրել։
-Դու նրանց համար օրինակ պիտի լինես։
Բայց հարց է ծագում․
«Իսկ ի՞նչ պիտի անես քո արատները, պակասությունները և ծիծաղելի կողմերը։ Փորձելու ես թաքցնել։ Գուցե դա քեզ հաջողվի, չէ՞ որ ինչքան ջանասեր լինես դու, այնքան ջանասեր երեխաները կձևացնեն, որ չեն տեսնում, չգիտեն, և քեզ կծաղրեն, բայց ամենամեղմ շշուկով»։
Այս խրատը ես յուրացրել եմ որպես մի դպրոցական, որ ձգտում է ճանաչողության․ ինչպես կատարելության ձգտող հոգևորական, ինչպես արտահայտչականության ձգտող դերասան։ Ես հասկացա՝ շատ դժվար է երեխաներին սիրել Կորչակի, Սուխոմլինսկու, Պեստալոցցիի պես։
«Դժվար է քեզ համար, անգամ շատ դժվար, համաձայն եմ, — ասում է «ինձ» Կորչակը։ -Բայց դժվարություններ ունեն բոլորը, բայց դե դրանք կարելի է լուծել տարբեր ձևերով։ Պատասխանը կարող է միայն հարաբերականորեն ճիշտ լինել։ Չէ՞ որ կյանքը թվաբանական խնդրագիրք չէ, որում պատասխանը մեկն է, իսկ լուծման տարբերակները՝ առավելագույնը երկուսը։
Ես փնտրում էի իմ պատասխանները՝ ինչպես սիրել երեխաներին, ոչ միայն երեխաների հետ անհրաժեշտ շփմամբ, այլև բոլորի համար դասագրքեր և խնդրագրքեր կազմելով, կրթության բովանդակության հոգևոր իմաստի հաստատմամբ, դաստիարակությունը ուսուցումից վեր դասելով, դպրոցական ամբողջ օրվա բովանդակալից կազմակերպումով երեխաների կյանքի հարստացմամբ շախմատի, թատրոնի, բալետի, ստեղծագործական աշխատանքի, խաղերի և զբոսանքների պարապմունքներով․․․ Ընդհանուր առմամբ՝ ճանապարհ եմ բացել Մանկավարժական Սիրո բոլոր միջոցներով, որոնք կարող էին երեխաներին ուրախություն, բազմակողմանի գործունեության զարգացում պարգևել, իսկ ամենակարևորը՝ այն զգացումը, որ նրանք դպրոցում ապրում են մի կյանքով, որ հրապուրում է նրանց։
Կորչակն օգնեց ինձ՝ հասկանալու ևս մի իմաստնություն՝ կապված «ի՞նչ է ներդաշնակ զարգացումը» հարցի հետ։ Ինչքա՜ն են փիլիսոփայել մանկավարժներն այս առիթով՝ իրենց համարելով գիտնական-օրենսդիրներ՝ ձախ կիսագունդ, աջ կիսագունդ․․․ ֆիզիկական, մտավոր, բարոյական, գեղագիտական․․․բացահայտել թաքնված հնարավորություններն ամբողջ խորությամբ․․․
Իսկ Կորչակը հեգնանքով ժպտում է․
«Միամի՛տ, փորձիր։ Հասարակությունը տվել է քեզ մի փոքրիկ վայրենի, որ դու նրան կրթես, վարժեցնես, դյուրամասելի դարձնես, և սպասում է։ Սպասում է պետությունը, եկեղեցին, ապագա գործատուն։ Պահանջում է, սպասում, հետևում։ Պետությունը պահանջում է պաշտոնական հայրենասիրություն, եկեղեցին՝ դոգմատիկ հավատ, գործատուն՝ ազնվություն, իսկ նրանք բոլորը՝ միջակություն ու հնազանդություն։
Չափից ավելի ուժեղին կջարդի, աննկատին կքրքրի, երկերեսանուն երևի կկաշառի, խեղճի ճանապարհը միշտ կփակի. ո՞վ։ Դե, «ով» չէ՝ կյանքը»։
Իսկ ինչպե՞ս վարվենք ներդաշնակ զարգացման հետ, ներդաշնակ դստիարակության հետ։
Կորչակը պարզ պատասխան է տալիս, բայց Բարձրագույն Մանկավարժական գիտակցության անունից։
«Պատվիրան սիրի՛ր մերձավորիդ, դա ներդաշնակություն է, տարածություն, ազատություն։ Շո՛ւրջդ նայիր, ժպտա՛»։ 
Այս միտքն ազատեց ինձ ավելորդ գիտական իմաստնությունից։ Իսկապես․ ներդաշնակություն՝ մերձավորի հանդեպ սիրո մեջ։ Եթե մեկն ուզում է ներդաշնակ էություն լինել, թող սովորի սիրել․ եթե մեկն ուզում է երեխաների մեջ ներդաշնակություն դաստիարակել, թող սովորեցնի նրանց սիրել։
Սերն ունի բազմաբնույթ դրսևորումներ։
Ի՞նչ է հարգանքը։
Սիրո դրսևորման ամենագեղեցիկ ձևերից մեկը, իհարկե, եթե այն անկեղծ է։
Հարգանքը սիրո դրսևորում է։ Հարգել Երեխային, նշանակում է աճեցնել քո մեջ Մանկավարժական Սեր։ Այսպես եմ ես հասկացել Կորչակի կողմից Երեխայի՝ հարգվելու իրավունքի պաշտպանությունը։ Ես դուրս եմ գրել հրահանգներ՝ դրա հետ կապված։
Հարգե՛ք Երեխայի չիմացությունը։
Հարգե՛ք ճանաչողության համար ջանքը։
Հարգե՛ք անհաջողություններն ու արցունքները։
Հարգե՛ք Երեխայի սեփականությունն ու նրա բյուջեն։
Հարգե՛ք Երեխայի իրավունքը՝ լինելու այն, ինչ կա։
Հարգե՛ք հասակի դժվարին աճի գաղտնիքն ու շեղումները։
Հարգե՛ք նրա ընթացիկ ժամն ու այսօրվա օրը։
Հարգե՛ք յուրաքնչյուր առանձին րոպեն, քանզի կմեռնի այն ու էլ երբեք չի վերադառնա։ 
Հարգե՛ք պարզ աչքերը, ողորկ մաշկը, պատանի ջանքերն ու վստահությունը։
Հարգե՛ք, եթե չեք պաշտում լուսավոր, անմեղ, սուրբ մանկությունը։
Իսկ եթե այս բոլորը հարգվի, ի՞նչ մանկավարժություն կստեղծվի։ Զորանոցայի՞ն։ Ո՛չ, բոլորովին ո՛չ։ Այն ուրիշ կլինի, կորչակյան, սուխոմլինսկիական, պեստալոցցիական, ընդհանրապես՝ դասական։
Բոլոր դասականների անունից Յանուշ Կորչակը կասի մեզ․ «Դաստիարակը, որը չի շղթայում, այլ ազատագրում է, չի մատուցում, այլ հասցնում է, կարճ չի կապում, այլ զարգացնում է, չի թելադրում, այլ սովորեցնում է, չի պահանջում, այլ հարցնում է, ապրումակցում է երեխայի հետ ոգեշնչող պահը՝ բազմիցս խոնավ հայացքով հետևելով հրեշտակի պայքարին սատանայի հետ, որտեղ պայծառ հրեշտակը հաղթում է»։ 
Երեխայի վսեմությունը Յանուշ Կորչակը ցույց է տալիս՝ նրան համեմատելով հասուն մարդու հետ։ Նա գրում է․ «Իսկ հասուն մարդը կատարյալ վինեգրետ է, հայացքների ու համոզմունքների մի խուլ անկյուն, հոտային, սնահավատության ու սովորույթների հոգեբանություն, հայրերի ու մայրերի թեթևամիտ արարքներ, հասուն կյանքը սկզբից մինչև վերջ անպատասխանատու է։
Անհոգությունը, ծուլությունը, բութ համառությունը, անհասկացողությունը, հիմարությունը, մեծերի անխելքությունն են և հարբած արարքները»․․․ 
«Եվ մանակական լրջությունը, խոհունությունն ու հավասարակշռությունը, պատկառելի պատասխանատվությունը, իր ոլորտում փորձը, ճիշտ դատողությունների ու գնահատականների կապիտալը, տակտով լի պահանջների չափավորությունը, զգացմունքների նրբությունը, արդարամտության անսխալ զգացումը»։ Ես լի եմ Յանուշ Կորչակով։
Նա է աշխարհում առաջին անգամ գիրք գրել ու վերնագրել այն «Ինչպես սիրել Երեխային»։ Երեխային չի կարելի սիրել ցանկացած ձևով։ Եթե Սերը չի դաստիարակում, Երեխայի համար չէ։ Եթե Սիրո մեջ նվիրվածություն ու անձնազոհության թաքուն պատրաստակամություն չկա, նույնպես երեխաների համար չէ։
Իսկ հիմա ի կատար է ածվում Կորչակի Մանկավարժության վերջին ակորդը․ նրա կյանքը Սեր է եղել երեխաների հանդեպ, և մահն էլ կլինի Սիրո դրսևորում նրանց հանդեպ։
Ես ուղեկցում եմ նրան ու երեխաներին իմ սգավոր-հանդիսավոր երևակայության մեջ, թե ինչպես են նրանք ուղևորվում վարշավյան փողոցներով դեպի կայարան։
Այնտեղից բեռնատար գնացքներով նրանց կուղարկեն Տրեբլինկա՝ այրելու, ոչնչացնելու գազախցիկներում։
1942 թվականի օգոստոսի 5-ի օրն է։
Շարասյան մեջ երկու հարյուր երեխա է։ Երեխաները հագնված են տոնական։ Նրանք դեռ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում։ Նրանք ժպտում են։
Առջևից քայլում է Յանուշ Կորչակը երկու՝ ամենափոքր երեխաների հետ։
Շարասյան գլխավերևում ծածանվում է կանաչ դրոշը՝ քառաթերթ երեքնուկի ոսկեգույն ծաղկով։ Երեքնուկը երջանկության, հույսի, սիրո ծաղիկն է։
Ականատեսն ասում է․ «Կորչակը բացատրում էր որբերին, որ նրանց հաճելի իրադարձություն է սպասում՝ ճամփորդություն դեպի գյուղ։ Վերջապես նրանք կարող են թողնել հեղձուցիչ սենյակների ատելի պատերը, որ մեկնեն մարգագետիններ՝ պատված ծաղիկներով, աղբյուրներով, որտեղ կարելի է լողալ, գյուղ, որտեղ շատ սունկ ու հատապտուղներ կան։ Նա հանձնարարել էր երեխաներին լավ հագնվել․․․ Երբ ես նրանց հանդիպեցի Սագերի փողոցում, երեխաները ուրախ երգելով գնում էին, Կորչակը գրկին բռնել էր երկու երեխաների՝ ամենափոքրիկներին, նրանք նույնպես շողում էին, իսկ Կորչակը նրանց ինչ-որ ծիծաղելի պատմություն էր պատմում»։
Պատկերացնում եմ այդ ուղևորությունը, որին վիճակված էր հեղաշրջում իրագործել մանկավարժական գիտակցության մեջ․ Մեծագույն Մանկավարժական Սիրո բոցով այրել հին գիտակցությունը, որում այնքան շատ անվստահություն ու անհարգալից վերաբերմունք կա երեխաների հանդեպ, այնքան շատ բռնություն և հարկադրանք, և թույլ տալ այրվել կրակներում նրան, ով կրում է Վեհագույն Դասական, Աստվածային, Մանկավարժական Սրտի ու Մտքի լույսը։
Ապրանքատար վագոնը բեռնում են երեխաներով։
Ահա և գեստապոյական-հրամանատարը, որ պատասխանատու է էշելոնը բարձելու և ճանապարհելու համար։
Փնտրո՞ւմ է նա արդյոք դատապարտված ամբոխի մեջ բժիշկ Կորչակին։ Երևի. մտածում է, որ ուրախ լուր է նրան հաղորդելու։
Երեխաներին արդեն լցրել են վագոնը։ Կարչակը վերջինն է բարձրանում։
Այդ պահին մոտենում է գեստապոյական-հրամանատարը։
-Դուք չե՞ք, որ գրել է «Փոքրիկ Ջեկի սնանկացումը», — դիմում է նա Կորչակին։
-Իսկ դա ինչ-որ կապ ունի՞ էշելոնի ուղարկման հետ, — պատասխանում է Կորչակը
-Ո՛չ, պարզապես ես մանկության տարիներին կարդացել եմ Ձեր գիրքը։ Լավ գիրք է։ Դուք կարող եք մնալ, բժի՛շկ։
-Իսկ երեխանե՞րը, — հարցնում է Կորչակը։
-Անհնար է, երեխաներին կուղարկեն․․․
Մնալ առանց երեխաների՞։
Նրանց դժբախտության մեջ մենա՞կ թողնել։
Ինչո՞ւ է այդ դեպքում ինքը ծնվել։
Ինչո՞ւ այդ դեպքում 29-ամյա տարիքում հրաժարվեց անձնական կյանքից, ընտանիքից, որ հիմնի անապաստան ու բարձիթողի երեխաներից մի մեծ ընտանիք։
Ինչո՞ւ այդժամ նա՝ ռուսական բանակի ճակատային բժիշկը, լազարեթում գրեց «Ինչպե՞ս սիրել Երեխային» գիրքը։
Իսկ ի՞նչ կասի Մատյուշ Առաջին թագավորն իր ծնողի մասին։
Ո՛չ, այդպես չի կարող լինել։
Նրա կյանքը եղել է Սեր երեխաների հանդեպ, և նա կընդունի մահը երեխաների հետ՝ սիրելով նրանց։
-Դուք սխալվում եք․․․- ասում է նա գեստապոյականին։ — Դուք սխալվում եք․․․ Նախ և առաջ երեխաները։
Եվ նա բարձրանում է բեռնատար գնացք։
Դռները աղմուկով փակվում են։
Էշելոնը շարժվում է ու թափ առնում։
Իսկ քամին շաղ է տալիս ողջ աշխարհով Մանկավարժի կտակը, որ ով ականջ ունի, լսի․
«Նոր սերունդ է աճում, բարձրանում է մի նոր ալիք։ Գալիս են և՛ թերություններով, և՛ արժանիքներով հնարավորություն տվեք, որ երեխաները ավելի լավը մեծանան։ Մենք չենք հաղթահարի անառողջ ժառանգությամբ դագաղի ծանրությունը, չէ՞ որ չենք կարող ասել, որ կապույտ տերեփուկները հացահատիկ դառնան։ Մենք հրաշագործներ չենք և չենք ուզում խաբեբաներ լինել։ Հրաժարվում ենք կատարյալ երեխաների հանդեպ երկերեսանի կարոտից։ Պահանջում ենք վերացրե՛ք սովը, ցուրտը, խոնավությունը, նեղությունը, խիտ բնակեցումը։ Այդ դո՛ւք եք ստեղծում հիվանդներ ու արատավորներ, դո՛ւք եք ստեղծում ապստամբության և վարակների պայմաններ ձեր թեթևամտությունն ու համաձայնության բացակայությունը։ Ուշադրություն ժամանակակից կյանքը ձևավորում է կոպիտ գիշատիչը (հոմո ռապաքս) նա՛ է թելադրում գործելու մեթոդները»։

Հավատի ամրապնդումը

70-ական թվանանների սկզբներին մենք սկսեցինք մեր մասշտաբային փորձարարության նոր փուլը Վրաստանի տարբեր շրջանների շատ ուսուցիչների մասնակցությամբ։ Նորն այն էր, որ մենք ողջ մանկավարժական գործընթացը ուղղորդեցինք յուրաքանաչյուր դպրոցականի անձի ձևավորման դաստիարակությանը՝ նրա մեջ բարոյականության և ճանաչողության մոտիվներ ստեղծելով ու զարգացնելով։ Երեխան բացահայտում է իր անձը այն չափով, որ չափով մենք ուղղորդում ենք նրան դեպի իր անկրկնելիության, իր անհրաժեշտ լինելու և իր առաքելության գիտակցումը այն միասնական ամբողջականության մեջ, որտեղ ինքն ապրում է․ դա կյանքն է։
Անհատականություն համարվում է ոչ թե նա, ով ոչինչ չի անում, և չի ուզում անել իր անտաշ բնավորության և աղքատ հոգևոր աշխարհի հետ, այլ նա, ով բնավորություն է կերտում՝ որպես նվեր մարդկանց, գիտակցում է իր եզակիությունը մարդկանց մեջ, արարում է իր հոգևոր աշխարհը։
Յանուշ Կոչակն ու Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին, ինչպես նաև մեր փորձը օգնեցին մեզ՝ իմաստավորված բնութագիր տալու մեր մանակավարժական շփմանը։ Մենք եկանք այն եզրակացության, որ մանակավարժի, ուսուցչի շփումը երեխաների, աշակերտների հետ պետք է լինի․
բնական («ամեն մեկը ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա»),
անկաշկանդ,
բարեկամական,
ստեղծականությունն ու միտքը խրախուսող («որ սավառեն բարձր մտքեր»),
հավասար իրավունքներով («ինչպես մարդը մարդու հետ»),
բարեհոգի,
«հոգևոր հարստության՝ մտքերի հանդեպ ակնածանքով»,
փոխըմբռնմամբ,
համատեղ ուրախացող,
միասին կարեկցող,
ապրումակցող,
նրբազգաց,
գործունյա,
համագործակցել կարողացող,
վեհացնող,
հարգող,
հաստատող,
նպատակամետ,
գնահատող,
ոգևորող,
ոգեշնչող…

Մանակավարժական շփման մեջ չի թույլատրվում․
կոպտություն
վիրավորանք
ուրիշների վրա տոնի բարձրացում
գրգռվածություն
դատարկաբանություն
գերակայություն
սպառնալիք
սուտ
կեղծիք
եսասիրություն
հեգնանք
ծաղրանք

Մենք արդեն օգտագործում էինք այնպիսի հասկացություններ, ինչպիսին են ոգեղենությունը, սերը, հավատը, ուրախությունը, բայց դրանք չէինք ցուցադրում։ Պաշտոնական մանկավարժությունը դրանք չէր ընդունում (և չի ընդունում) որպես սեփական կագեր։ Անգամ ուրախություն բառը մանկավարժական գիտության համար համարվում էր օտար։ Բայց նոր սերնդի ծրագրերի և դասագրքերի, նաև մանակավարժական գործընթացների մշակման ժամանակ մենք այս հասկացությունները որպես մեր մանկավարժական աշխարհայացքի հիմք ընդունեցինք։ Դա նույնն է, ինչ ասում էր Պեստալոցցին․ «Մտածելով սիրել և սիրելով մտածել»։ Դրանից մենք տարբերակներ ստեղծեցինք․ «Դաստիարակելով սիրել և սիրելով դաստիարակել», «Սովորեցնելով սիրել և սիրելով սովորեցնել»։
Մեր նոր մշակումների հիմքում դրեցինք նաև ազատ ընտրության սկզբունքը։ Խոսում էինք մարդասիրության մասին, մարդասիրական մոտեցման մասին։ Փորձարարության երկրորդ փուլի առանձնահատուկ արժեքը մեզ համար դարձավ ուսուցչի և դաստիարակի անհատականությունը։ Մենք արդեն հաստատ գիտեինք, որ ուսուցիչը ձևափոխում է դպրոցը, բայց նա կարող է նաև ձևախախտել այն։ Փորձարարության մասնակիցներին մենք բացատրում էինք, թե ինչ որոշիչ դեր են խաղում իրենք նրանում, որ մանկավարժական գործընթացը ոգեշնչող, ազնվացնող լինի։ Այդ ժամանակ էլ ձևակերպեցինք մանկավարժական աքսիոմաների համակարգը։
Սերը սիրով է դաստիարակվում,
Բարությունը բարությամբ է դաստիարակվում,
Ազնվությունը ազնվությամբ է դաստիարակվում,
Ոգեղենությունը ոգեղենությամբ է դաստիարկվում
Բարոյականությունը բարոյականությամբ է դաստիարակվում․․․
Մենք պատրաստում և սովորեցնում էինք ուսուցիչներին, բայց և մենք էինք սովորում։ Ես համառորեն ինձ վարժեցնում էի դպրոցական տարբեր տարիքի երեխաների հետ շփվելուն, կատարելագործում էի իմ՝ դաս վարելու արվեստը։
Փորձարարական դասարանների երեխաները (նրանք մի քանի հազար էին) մեզ ավելի ու ավելի էին ուրախացնում․ հատուկ փորձերը և ընդհանուր դիտարկումները հաստատում էին երեխաների դաստիարակվածությունը, արժանավորության ոգին, ընդունակությունների զարգացումը և խորը իմացությունը։
Մենք ամեն տարի փոխում էինք ծրագրերը, ընդարձակում էինք, լրացնում, քանի որ դա էին պահանջում երեխաների անընդհատ աճող ընդունակություններն ու շահերը։ Իրենց ազատ գործունեության մեջ ուսուցիչները խանդավառությամբ բացահայտում էին նոր միջոցներ ու ձևեր, ինչը ոգևորում էր նրանց։
Ես սիրում էի լինել քաղաքային, գյուղական ուսուցիչների դասերին, և ինչպես մեղուն է մի տեղից մի այլ տեղ թռչում և նեկտար հավաքում, այդպես էլ ես հավաքում էի նրանց բացահայտած ձևերն ու միջոցները։ Ես սովորեցի ինձ անծանոթ երեխաների հետ միանգամից ընդհանուր լեզու գտնել, և ստացվում էր այնպես, որ կարծես մենք շատ վաղուց գիտեինք իրար և ընկերություն էինք անում։ Դա հեշտացնում էր ուսուցիչների համար ցուցադրական դասեր անցկացնելու իմ գործը և նաև հարստացնում էր ինձ փորձով։ Ես զգում էի, որ ձեռք եմ բերում ոգու ինչ-որ ներքին վիճակ, որը հաստատում էր․ ես իրագործում եմ իմ դերը, իմ կոչումը։ Ես ավելի խորն էի հասկանում իմ կոչումը, և անկախ նրանից, որ առաջանում էին շատ դժվարություններ իշխանությունների և գիտնականների հետ, ես երջանիկ էի։ Ես իրագործում էի իմ ճակատագիրը։ Այդ զգացումը մինչև հիմա չի լքում ինձ, և հուսով եմ, արդեն երբեք չի լքի։ Դա իմ հավատի աղբյուրն է։ Ես հավատում էի, և դա ինձ օգնում էր՝ տանելու շատ հարվածներ՝ ընկերների դավաճանություն, իշխանությունների հարձակումներ, քննադատություն տեղական մամուլում, ոչ բարի ակնարկներ կուսակցական օրգանների կողմից։ Միայն 80-ական թվականների երկրորդ կեսերից վտանգը աստիճանաբար սկսեց նվազել, և բարձրագույն կուսակցական օրգաններն անգամ սկսեցին հետաքրքրվել «բուրժուական» փորձով։ Բայց այդ ժամանակահատվածի ամենամեծ նվաճումը ոչ թե այն էր, որ իշխանությունը սկսեց լոյալ և անգամ հետաքրքրությամբ վերաբերվել մեզ, այլ այն, որ մենք հաստատեցինք մեզ համար Յոհան Հենրիխ Պեստալոցցիի ճշմարտության իմաստնությունը․ «Սիրո մեջ Երեխան աճի կրկնակի շատ աղբյուր է գտնում»։

Քսանամյա փորձարարություն

1984 թվականին մեր կյանքում մի նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ․ ավարտեցինք 20-ամյա փորձարարությունը և մեր նախկին աշակերտների, իսկ հետո նաև մեր ընկերները դարձած երիտասարդ մարդկանց ուսումնասիրումը։
1964 թվականին բացեցինք փորձարարական առաջին դասարանը Թբիլիսիի № 10 դպրոցում (դպրոցը գտնվում էր աշխատավորական շրջանում)։ Կրտսեր դասարաններում (նրանք 32 հոգի էին) դասավանդում էր ուսուցչուհի Դադո Մախարաձեն։ Նա արագ յուրարցրեց մեր մանկավարժական դրույթները, ստեղծականություն դրսևորեց, և երեխաները հաջողությամբ փոխադրվեցին 5-րդ դասարան։ Հետո փորձարարությունը ղեկավարում էր ինստիտուտի գիտաշխատող, մանկավարժական գիտությունների թեկնածու Մերի Ռոմանովնա Դոգոնաձեն։ Վեց տարիների ընթացքում նա փաստորեն մշտապես եղել էր երեխաների հետ և նրբագույն աշխատանք իրականացրել հոգևոր-բարոյական դաստիրակության ուղղությամբ։ Երեխաները սկսեցին մտքերի ինքնուրույնություն, բարոյական արարքների հանդեպ պահանջկոտություն դրսևորել, նրանք փիլիսոփայում էին կյանքի իմաստի, ազնվության, արդարության, մարդկանց փոխհարաբերությունների, սիրո մասին։ Խոսում էին նաև հավատի և Աստծո մասին։ Մենք բազմապատկեցինք վեհանձնությունն ու մեծահոգությունը, փոխըմբռնումն ու փոխօգնությունը նրանց մեջ։ Սերմանեցինք սիրո զգացում նրանց մեջ, չէինք խուսափում աղջիկների և տղաների միջև սիրո մասին քննարկումներից։ Հնարավորություն էինք տալիս խոսելու ընտանիքի, սեփական երեխաների դաստիարակության, ամուսինների նվիրվածության և այլնի մասին։ Ստեղծում էինք պայմաններ, որ նրանք կյանքում դրսևորեն և հաստատեն իրենց բարոյական որակները։
Այս ամենի հետ մեկտեղ Մ․ Դոգոնաձեն ժամանակ առ ժամանակ անցկացնում էր իր տեսակի մեջ եզակի փորձեր դեռահասների բարոյական հաստատականության դրսևորման ուղղությամբ։
Երեխաներին թույլատրվում էր քննարկել դասերի որակը։ Եղել են դեպքեր, երբ որոշ ուսուցիչներ, փոխհարաբերությունների բռնատիրական ոճը փոխելու, դասերը հետաքրքիր դարձնելու, ծրագրերը խորացնելու, իրենց գիտելիքները ինքնագնահատելու վերաբերյալ աշակերտների պահանջներից զայրացած, վիճում էին աշակերտների հետ և հեռանում դասարանից։ Բայց ստեղծագործ ուսուցիչները փառք էին ձեռք բերում փորձարարական դասարաններում իրենց աշխատանքի հաջողություններով, քանի որ աշակերտները սիրով հետևում էին նրանց ու առաջադիմում։
Աշխատանքային արիության համար 1973 թվականին՝ ամառային ճամբարի ժամանակ դասարանը պարգևատրվեց Վրաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրով։ Դա առաջին նման դեպքն էր հանրապետությունում։
Տարբեր ժամանակներում ընտանեկան հանգամանքների բերումով չորս աշակերտներ գնացին այլ դպրոցներ։ 1974 թվականին դպրոցն ավարտեց 28 աշակերտ։ Այդ նույն տարում նրանք ընդունվեցին տարբեր բուհեր։ Ամեն ամիս նրանք հավաքվում էին դպրոցում, որտեղ մենք քննարկում էինք կենսական հարցեր, քննարկում էինք իրականությունը, որում հայտնվել էր նրանցից յուրաքանչյուրը, անցկացնում էինք խորհրդատվություններ։
1979 թվականին նրանք ավարտեցին բուհերը և սկսեցին աշխատել իրենց մասնագիտություններով։ Շուտով մենք իմացանք, որ հինգ տղաներ ամուսնացել են իրենց համադասարանցի աղջիկների հետ։ Դա սեր էր՝ դպրոցական նստարանից։ Մենք շարունակում էինք հետո էլ հանդիպել նրանց հետ։ Առիթ էր լինում քննարկելու ավելի ընդհանուր հարցեր՝ կապված սոցիալական փոխհարաբերությունների, աշխատանքի հետ։ Արդարամտություն, ազնվություն, վեհանձնություն, հարաբերություններ և նման այլ հասկացությունները անցնում էին դժվարին փորձություն։ Ոմանք երեխաներ ունեցան, և մենք քննարկում էինք ընտանիքում երեխաների դաստիարակության շուրջ հարցեր։ 1984 թվականին մենք դադարեցրինք նրանց հետ մեր մշտական հանդիպումները։
Ահա այսպիսի 20-ամյա մանակավարժական փորձարարություն։
Մենք համոզվեցինք, որ մեր նախկին աշակերտները բոլորն էլ կյանքում դարձան պարզապես լավ մարդիկ, որոնք չեն կարող խղճին դեմ գնալ։ Նրանք դարձան ակտիվ բարենորոգիչներ իրենց միջավայրում, որի համար էլ նրանցից շատերը իրենց նկատմամբ կենսական դժվարություններ հարուցեցին, բախվեցին մտածողության քարացածության հետ։ Ընտանիքներ կազմեցին և մյուսները, և ամուսնալուծության ոչ մի դեպք չեղավ։
Ազնվության համար պայքարը նրանց տրվում էր հսկայական ջանքների շնորհիվ։
«Լադոն» դպրոցում լավ, ուրախ տղա էր, սիրում էր կատարկեր անել, չարաճճի էր։ Բայց սիրում էր նաև ֆիզիկական աշխատանքը։ Չորրորդ կուրսում ամուսնացավ իր համադասարանցու՝ գեղեցկուհի «Մզիի» հետ։ Ծնվեցին երկու երեխաները։ Նրանք երկուսով բաց չէին թողնում մեր հանդիպումները, պատմում էին իրենց փոքրիկների մասին, նրանց բերում էին մեզ մոտ, և մենք ուրախանում էինք նրանցով։ Ինստիտուտն ավարտելուց հետո «Լադոն» արագ առաջ գնաց աշխատանքում, դարձավ աշխղեկ և կառուցում էր բարձրահարկ շենքեր։ Հանդիպումների ժամանակ նա պատմում էր ղեկավարության հետ դժվարին փոխհարաբերությունների մասին։ «Պահանջում են, որ ես իրենց կեղծ նախահաշիվ տամ, կամ ինչ-որ մեկին ցեմենտ, բլոկ, աղյուս տամ, որոնք դուրս էին գրված շինարարության համար», — պատմում էր «Լադոն»։ «Իսկ դո՞ւ», — հարցնում էին տղաները։ «Ես ի՞նչ, — պատասխանում էր նա վրդովված։ — Ես դա չեմ անում։ Ես անորակ շենք չեմ կարող կառուցել․․․ Չեմ կարող կողոպտել պետությունը»։ «Իսկ նրա՞նք»։ «Ա՜խ,- ասում էր Լադոն, — նրանք ինձ հայհոյում են, բղավում վրաս, ասում, որ ես կյանքը չեմ հասկանում»․․․ Որոշ ժամանակ անց մենք իմացանք, որ նա ազատվել է աշխատանքից և աշխատում է շինարարական մի ուրիշ կազմակերպությունում։ Այդտեղ վիճել էր ղեկավարության հետ նույն պատճառով։
-«Լադո՛», իսկ դու չե՞ս կարող նրանց ուզած նախահաշիվն անել, — հարցրի ես։
-Դուք պիտի ինձ սովորեցնեիք՝ ինչպես անազնիվ լինեմ, այդ ժամանակ ես այդպիսի նախահաշիվներ կկազմեի, այդժամ և՛ նրանք գոհ կլինեին, և՛ ես․ ինձ համար էլ ամառանոց կկառուցեի․․․
Մեր բոլոր նախկին աշակերտների համար կյանքը դժվար ընթացք ունեցավ, և նրանք պատմում էին ոչ թե՝ ինչպես էին հարմարվում կյանքին, այլ՝ թե ինչպես էին ջանում վերափոխել, ազնվացնել կյանքը։

Բացահայտում ենք արդեն բացահայտածը

Մեր պրոֆեսորը շարունակ շփոթեցնում էր մեզ։ Երբ մենք փորձարարության երկրորդ փուլում հիանում էինք մեր երեխաների առաջխաղացմամբ, նա հանկարծ ասաց․
-Երեխանի ընդունակությունները սահման չունեն, և դուք դրանում համոզվեցիք։ Մենք կընկնենք դրանց հետևից, և դա վերջ չի ունենա։ Զարգացող մանակավարժական գործընթացը ապացուցում է այդ ճշմարտությունը։ Այն մոտիվները, որոնք մենք դաստիարակել ենք նրանց մեջ, երեխաներին դարձրել են մեր գործընկերները իրենց իսկ դաստիարակության ու կրթության մեջ։ Այս ամենը լավ է, բայց պիտի լինի ինչ-որ վերարտադրողական պայման, որը մի կողմից գրավում է Երեխային, իսկ մյուս կողմից նրան կանգնեցնում է իր բազմակողմանիությունը, խորը թաքնված հնարավորությունները դրսևորելու անհրաժեշտության առաջ։
Նա դա ասաց և շուտով հեռացավ կյանքից։
Տարիներ անց մի գրքում ես կարդացի մեր պրոֆեսորի՝ Բարնաբա Իոսիֆովիչ Խաչապուրիձեի իմաստնությունն ու զմայլվեցի նրա խորաթափանցությամբ․ «Ով տարված է երկրային խնդիրներով, նա երկնայինի մասին պատասխան չի ստանա»։
«Վերարտադրողական պայմանի» մասին գաղափարը գրավեց մեզ։ Մենք համարյա չորս տարի կորցրինք մեզ համար այդ նոր գործոնի տեսական և փորձարարական հետազոտման վրա։ Այդ ամբողջ ընթացքում մեզանից յուրաքանչյուրը մանկավարժական խնդիրները փիլիսոփայության, հոգեբանության, պատմության, անտրոպոլոգիայի, դասական մանկավարժության միջոցով խորացնելու ամենագեղեցիկ ու բարձրագույն կուրսերն անցավ։ Անձամբ ես այն ժամանակ հասկացա, որ հանելուկը առանց Կրոնի չի լուծվի։
Շատ կարևոր մի բանի փնտրտուքում մենք իրականացնում էինք տարբեր հետազոտություններ և կատարելագործում փորձարարությունը։
Վերջապես մենք բացահայտեցինք այդ գաղտնիքը, բայց այն, պարզվեց, բոլորովին էլ գաղտնիք չէ, այլ լավ մոռացված հին ճշմարտություն։ Գաղտնիքն այդ տեղավորվում է մի գեղեցիկ բառի մեջ՝ Կյանք։
Մեր առջև ճառագեց Կոստանդին Դմիտրևիչ Ուշինսկու միտքը։
«․․․Չպետք է մոռանալ, որ երեխան, ոչ միայն պատրաստվում է կյանքին, այլև արդեն ապրում է, իսկ դա շատ հաճախ մոռացվում է ոչ միայն ծնողների, այլև կողմնակի դաստիարակողների և դպրոցի կողմից, իսկ Երեխայի այդ մոռացված, անտեսված կյանքը հիշել է տալիս իր մասին բնավորության գծերում ու հակումներում ցավալի խեղաթյուրումներով, որոնց մասին դաստիարակը գաղափար անգամ չունի, թե որտեղից են առաջացել, քանի որ ինքը սերմանել է, թվում է, միայն լավը, բայց այդ թույլ սերմերը խեղդվում են փարթամ աճից այլ բույսերի, որ սերմանում է կյանքը և ագահաբար ընդունում մանուկների հոգին, ինչպես ուժեղ ու հարուստ հողը, որը, եթե հնարավորություն չտան ցորեն աճեցնելու, կաճեցնի մոլախոտ, բայց անպայման կաճեցնի»։
Սրանից մենք եզրահանգում արեցինք․ նշանակում է՝ մանակավարժական գործընթացը իր ներսում գործող բոլոր պայամաններով Երեխային պետք է ներկայացնի Կյանքը, այսինքն՝ մանակավարժական գործընթացն ինքը պիտի դառնա Կյանք։ Եվ այդ դեպքում Կյանքն ինքը նրան կուղղորդի, թե ում և ինչ սիրի, ինչին ձգտի․ նա ինքը կծնի մոտիվներ, կստեղծի զգացմունքներ, կճշտի մտքեր․ կյանքն ինքը նրա մեջ կարթնացնի ընդունակություններ, հնարավորություններ, տվյալներ ու ձիրքեր։ Կյանքը կհրավիրի Երեխայի ամբողջ բնույթը, նրա ողջ էությունը։ Բնությունը երեխային օգնության կկանչի, որ նա փրկի իրեն, պաշտպանի, լավացնի ու ազնվացնի։
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այդ Կյանքը։ Ինչ պատահի՞։
Ո՛չ։ Երեխաներին հարկավոր չէ ամեն պատահածը։ Կա Կյանք, որ ազնվացնում է մարդկային էությունը, իսկ հետո մարդկային էությունն է սկսում ազնվացնել Կյանքը։ Բայց կա և կյանք, որ նսեմացնում է մարդուն, ավիրում նրան, և դրա համար էլ հետագայում նա ինքն է ջանքեր ներդնում՝ կյանքն ավիրելու և նսեմացնելու համար։
Երեխաներին ոգեշնչող Կյանք է հարկավոր, նրանց այնպիսի կյանք է հարկավոր, որ ներառում է իր մեջ ողջ դաստիարակությունը, ողջ կրթությունը, ողջ ուսուցումը, ողջ զարգացումը՝ որպես մեկ ամբողջություն։
Ով կառուցում է Կյանքի այդպիսի մակարդակ երեխաների համար և ներառում նրան դրա մեջ, նա սիրում է երեխաներին, սիրում է յուրաքանչյուր Երեխայի․ նրան կսիրեն նաև երեխաները, կսիրի նրան նաև ամեն մի Երեխա։
Մենք սկսեցինք փիլիսոփայել Կյանքի մասին, և ես առաջին անգամ գործ ունեցա Պավել Ֆլորենսկու, Իվան Իլյինի, Նիկոլայ Բերդյաևի հետ։ Մեր մանակավարժական միտքն ընդլայնվեց։ Մեզ հարկավոր եղան հասկացություններ ընդհանուր ուղղության արտահայտման համար․ Կյանք, Երեխայի մեջ Կյանքի Դաստիարակում, Կյանքով Դաստիարակում, Ոգեղենություն, Մարդասիրություն, Հոգևոր Մարդասիրություն, Վեհանձնություն, Վեհանձն Մարդու Դաստիարակություն, Շփում, Հավատ։ Մենք փնտրում էինք այդ հասկացությունների բացահայտումը Պեստալոցցիի սկզբունքի հիմքում. «Մտածելով սիրել և սիրելով մտածել»։
Մենք փորձում էինք իմաստավորել և զարգացնել մեր մանկավարժական ուղղությունը այդ հասկացությունների միջոցով, և այն անվանում ունեցավ՝ «Մարդասիրական- անհատական մոտեցում կրթական գործընթացում»։ Այն մտնում է առավել ամբողջական հասկացության՝ Մարդասիրական մանկավարժության մեջ։ Ուսուցչական միջավայրում դրան քնքշորեն ձևակերպում էին մի ուրիշ հասկացությամբ՝ «Սիրո Մանկավարժություն»։
Այդպես և այն մտավ բազմահազար ուսուցիչների գիտակցության մեջ, այդպես էլ արտացոլվում է գիտամանկավարժական գրականության մեջ։

Թարգմանությունը ռոեւսերենից՝  Թամար Ղահրամանյանի։

Posted in Գրականություն

Եղիշե Չարենց — բանաստեղծություններ

Հրաժեշտի երեկոն

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

Posted in Գրականություն

ՏԽՐԱԴԱԼՈՒԿ ԱՍՏՂԻԿԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱՎԶԻԿ

Չարենցի կյանքում հայտնված յուրաքանչյուր կին «նշանավորվել է» նաև բանաստեղծական իրացումներով: Չարենցի սերերն ինչպե՞ս են ազդել նրա ստեղծագործական ընթացքի վրա: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Posted in Գրականություն

Թումանյանական թևավոր խոաքեր

Մի գդակ է, հո՞ մի քուրք չի

Հովհաննես Թումանյանի հանրահայտ «Շունն ու կատուն» լեգենդից է։

Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Քուչիին.

֊Աչկիս վրա, Քեռի Քուչի,

Մի գդակ է, հո՞ մի քուրք չի։

Այս թևավոր խոսքը օգտագործվում է երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պարունակում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։

«Մի կաթիլ մեղր»

Հովվհանես Թումանյանի տարածված լեգենդի վերնագիրն է։ Հեղինակը այն ստեղծագործության մտահաղացումն վերցրել է միջնադարի հայ առակագիր Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակից։

Օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ֊աղաղակ բարձրացնելը ծաղրելու համար։