Հեղինակի գրքերը ինձ գրավում են, հետաքրքիր և գրավող գրելու ոճը անտարբեր չի թողնում ընթերցասերներին։
Պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին։
Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են. դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ անձնական հարաբերությունները և համաճարակը։
Գրքից մեջբերումներ ՝
Միևնույն է, սերը, ինչպես և մնացած բոլոր վարակները, տարածվում է օդակաթիլային եղանակով: Սկզբում այն ճախրում է օդում, ապա սկսում է կաթալ աչքերիցդ ներս, անցնում է թոքերդ՝ սկսում ես շնչել նրանով, այն մեկով, որն արդեն հասցրել է մթագնել ուղեղդ:
***
Ոմանք հավատով են ապրում, ոմանք էլ՝ գիտության տված փաստերի հույսով։ Բայց ամեն ինչ այլ կերպ է, սիրելի՛ս, վարակվում ես սիրով, այդ վարակից մահանում ես ու սկսում ապրել ուրիշի համար՝ թեկուզ իրարից հեռու, թեկուզ առանց հպվելու այդ կյանքին, բայց մեռնելու հազարավոր տարբերակներից ընտրում ես հե՛նց Նրա համար ապրելը։
***
Միգուցե հենց պետք է մառախուղ լիներ, որպեսզի իրարից չտարբերվեին գիշերն ու ցերեկը, որպեսզի հեռավորության սահմանները վերանային: Բայց դե ինչպես Ունամունոն էր պնդում, պետք էր նկատել սերը մառախուղի մեջ… Հեռացողների ու հրաժեշտ տվողների սերը մառախուղի մեջ: Ամենադժվարը հեռանալիս սիրելն է: Շարունակել սիրելը: Սկսելը հեշտ է…
Համբուրում եմ՝ առանց վարակվելու վախի. ես վաղուց արդեն վարակված եմ քո սիրով։
***
Հոգի՜ն, հոգին է պետք սիրել, դա են մեզ սովորեցնում բոլոր կրոնները, կյանքի՝ տառապած ու հիասթափված փիլիսոփաները։ Մոդիլիանին իր սիրեցյալին ասում էր, որ կնկարի նրա աչքերն այն ժամանակ, երբ կճանաչի նրա հոգին, մինչդեռ ես ուզում էի Սեսիլի փակ աչքերը համբուրելով սողոսկել նրա հոգին, որովհետև ես նկարիչ չեմ։
Ջեկ Լոնդոնը ծնվել է Սան-Ֆրանցիսկո քաղաքում։ Նրա հայրը եղել է իռլանդացի աստղաբաշխ հենրի Վիլյամ Չանին, որը, սակայն, հրաժարվեց իր որդուց։ Ջեկի դյուրազգաց ու հիվանդոտ մայրը ամուսնացավ ֆերմեր Ջոն Լոնդոնի հետ, որի ազգանունով էլ գրվեց Ջեկը։
Ջեկի մանկությունն անցել է ծանր պայմաններում։ Շատ վաղ հասակից նա հարկադրված էր մտնել աշխատանքի և միջոցներ հայթայթել ընտանիքի գոյության համար։ Դեռ դպրոցում սովորելիս, նա վեր էր կենում առավոտյան ժամը երեքին, վազում էր օրվա թերթերի հետևից, վաճառում էր, հետո գնում դպրոց, իսկ երեկոյան նորից էր վազում թերթերի հետևից։ Եվ այսպես ամեն օր։ Վաստակած գումարը նա ամբողջովին տալիս էր մորը, իսկ դպրոց գնում էր հնամաշ շորերով ու կոշիկներով։
Ընտանիքի նյութական վիճակը քանի գնում ավելի էր վատանում. հայրը՝ Ջոնը, գնացքից ընկել, կոնտուզիա էր ստացել և չէր կարող աշխատել։ Ընտանիքի հոգսերի ամբողջ ծանրությունն ընկնում է փոքրիկ Լոնդոնի վրա։
Նա մտնում է պահածոների գործարան, որտեղ աշխատում է 18-20 ժամ։ «Մի անգամ մեքենայի մոտ կանգնեցի նույնիսկ 36 ժամ»,— գրում է նա։ Բայց դա երկար չտևեց։
Տասնհինգ տարեկան հասակից նա ծանոթանում է «ոստրեահենների» հետ: Իր նեգրուհի դայակից փոխարինաբար վերցրած փողով Ջեկը գնում է մի նավակ և սկսում ոստրեներ որսալ արգելված տեղերում։ Նա գիտեր, որ բռնվելու դեպքում իրեն սպառնում է բանտարկության վտանգը։ Չնայած դրան, գիշեր-ցերեկ անց էր կացնում իր լողացող սեփական տան մեջ։ Նոր «զբաղմունքը» օգնեց Ջեկին մարելու կուտակված պարտքերը։ Միջավայրի բարքերը, սակայն, նրան հակում են դեպի զեխ կյանքը, նա անձնատուր է լինում հարբեցողության և իր «ծովահենի» պատիվը բարձր պահելու համար շռայլ ծախսեր է կատարում, որպեսզի գարեջրով ու վիսկիով հյուրասիրի իր ընկերներին, դա հատկապես անում էր այն ժամանակ, երբ հաջող որս էր ձեռք բերում։ Սակայն այդօրինակ կյանքը շատ շուտով հիասթափեցնում է նրան։ Նա սկսում է տարվել ընթերցանությամբ. կարդում է ագահորեն։ Ջեկի գրական մտահորիզոնի ձևավորման հարցում մեծ օժանդակություն է ցույց տալիս գրադարանավարուհի և անվանի բանաստեղծուհի Այնա Քուլբրիտը։ Պատանուն հատկապես հրապուրում էին արկածային բովանդակություն ունեցող գրքերը, որոնց մեջ պատկերվում էին համարձակ, հանդուգն և աննկուն կամքի տեր մարդիկ։ Ուժեղ անհատը միանգամայն համապատասխանում է նրա իդեալին։ Դրա հետ միասին, պատանուն քաշում էր և օվկիանոսի ու անդրօվկիանոսյան հեռավոր nւ անհայտ երկրների ռոմանտիկան։ Նրա սիրած գրքերից էր Հերման Մելվիլլի «Թայփի» վեպը, որի մեջ հեղինակը վառ գույներով տալիս է ծովային էկզոտիկան և բնիկների գոյության պայմ անների իրական պատկերը։
Տասնյոթ տարեկան հասակում որպես նավաստի Ջեկն ընդունվում է աշխատանքի եռակայմ «Սոֆի-Սեզերլենդ» առագաստանավում, որը ծովարջի մորթիներ հայթայթելու նպատակով մեկնում է Ճապոնիայի ափերը։ Երիտասարդ Լոնդոնը կարողացել էր իր մեջ մշակել ուժեղ կամք, նա ոչ մի դժվարությունից չէր վախենում, աշխատում էր հին, փորձված նավաստիների հետ հավասար պայմաններում, երբեմն նույնիսկ անում էր ավելին, քան պահանջվում էր։ Այսպիսով նրան հաջողվում է իր պատշաճ տեղը գրավել նավաստիների շարքում։ Նա ասում, ծիծաղում, խմում և ուրախանում է մեծահասակների հետ միասին։
Յոթ ամիս հետո նավը վերադարձավ Uան-Ֆրանցիսկո։ Ճիշտ է, Ջեկը քիչ փող բերեց, բայց վերադարձավ տպավորությունների հարուստ պաշարով։ Նա այժմ գիտեր իսկական ծովը և նրա քմահաճույքները, ծանոթացել էր նոր մարդկանց հետ, ճանապարհորդության ընթացքում կարդացել էր մի շարք գեղարվեստական գրքեր․ նրա վրա անջնջելի տպավորություն էին թողել «Աննա Կարենինան» և «Տիկին Բովարին»։
Ջեկ Լոնդոնը իր վաստակած ամբողջ գումարը հանձնեց մորը, բայց տանը անգործ նստել չէր կարող, ընտանիքը սուր կարիքի մեջ էր։ Ժամանակները տագնապալից էին։ 1893 թվականի ճգնաժամը կաթվածահար էր արել երկրի տնտեսական կյանքը, գործարանները չէին աշխատում, բանվորները դուրս էին շպրտվում փողոց, խանութները լի էին ապրանքներով, փողի սղությունը մարդկանց զրկում էր ապրանք գնելու հնարավորությունից։ Քաղցի ուրվականը չոքել էր բանվորական ընտանիքների դռներին, և մարդիկ հարկադրված էին կոպեկների համար կատարել ամենածանր աշխատանքներն անգամ։ Ջեկին շատ մեծ դժվարությամբ հաջողվում է աշխատանք գտնել ջուտի ֆաբրիկայում, որտեղ նա մի ժամում վաստակում էր 10 սենթ։ Միաժամանակ Ջեկը տարվում է ընթերցանությամբ, կարդում է շատ, բայց անկազմակերպ։ Նրա մտահորիզոնը և գիտելիքների պաշարը խորանում ու ընդարձակվում էին։
Այդ ժամանակ «Սան-Ֆրանցիսկո Քոլլ» թերթը հայտարարում է լավագույն պատմվածքի մրցանակաբաշխություն։ Մոր հորդորանքով Լոնդոնը մասնակցում է մրցանակաբաշխությանը․ գրում է «Մրրիկը ճապոնիայի ափերի մոտ» ռեալիստական պատմվածքը։ Այստեղ Լոնդոնը հյութալի ոճով պատմում է ահռելի մրրիկի մասին, ստեղծում է բնության արհավիրքների դեմ մարդկանց մղած պայքարի հուզումնալից տեսարաններ։
Ջեկ Լոնդոնի այդ անդրանիկ պատմվածքն արժանացավ առաջին մրցանակի (25 դոլլար)։ Դա ոգևորեց երիտասարդ գրողին։ Լոնդոնն սկսեց ստեղծել նորանոր պատմվածքներ, սակայն դրանցից և ոչ մեկը չարժանացավ հրատարակիչների ուշադրությանը։
Ջուտի ֆաբրիկայում կատարած ծանր աշխատանքի դիմաց ստացած չնչին գումարը չէր բավարարում Լոնդոնի ընտանիքի պահանջները։ Եվ Ջեկը ստիպված հրաժարվում է ֆաբրիկայում աշխատելուց։ Նա որպես հնոցապան աշխատանքի է ընդունվում էլեկտրակայանում և ամսական ստանում է երեսուն դոլլար։ Այստեղ նա կատարում էր շատ ավելի ծանր աշխատանք, քան ջուտի ֆաբրիկայում։ Իմանալով, որ այդ նույն աշխատանքն իրենից առաջ կատարում էին երկու հոգի և ստանում ավելի բարձր աշխատավարձ, Ջեկը վրդովվում է ու անմիջապես հեռանում աշխատանքից։
Երկար ժամանակ Ջեկը չէր կարողանում աշխատանք գտնել, իսկ պատահական աշխատանքները շատ հազվադեպ էին։ Անգործ Լոնդոնը նորից է սկսում տարվել հարբեցողությամբ։ Մի անգամ նույնիսկ այնքան է խմում, որ ընկնում է ծովը. հոսանքը քշում տանում է գիտակցությունը համարյա կորցրած Ջեկին։ Նրան պատահաբար փրկում է մի ձկնորս։
Երկարատև տնտեսական ճգնաժամի հետևանքով բանվորական ընտանիքների դրությունը դարձել էր անտանելի։ Նրանց նյութական ծանր վիճակը չէր կարող չանդրադառնալ բանվորների տրամադրությունների վրա։ Եվ ահա 1894 թվականին գործազուրկ բանվորների մի հոծ բազմություն կազմակերպում է արշավ դեպի Վաշինգտոն։ Այդ «արդյունաբերական բանակը», ինչպես գործազուրկները անվանում էին իրենց, հետապնդում էր մի նպատակ՝ ստիպել կառավարությանը ֆինանսավորելու հասարակական աշխատանքները, որպեսզի գործազուրկները հնարավորություն ունենան աշխատելու և ապրելու։ Սակայն կառավարության գործակալներին հաջողվում է պառակտում մտցնել «արդյունաբերական բանակի» ղեկավարության մեջ։ Արշավի մասնակիցներից շատ քչերին է հաջողվում Վաշինգտոն հասնել։ Շատերը ետ են մնում։ Ետ է մնում և Ջեկ Լոնդոնը։ Իր գոյությունը պահպանելու համար նա սկսում է աստանդական կյանք վարել: Վերջապես մեծ դժվարությամբ կարողանում է թաքնվել անասուններ տանող վագոնում և հասնել Չիկագո, որտեղ, ինչպես մայրը գրում էր, հնարավոր էր աշխատանք ճարել։ Սակայն այստեղ նա ականատես է լինում ցնցող տեսարանների։ Ծանր տարիներ էին։ Ամերիկան բռնված էր գործադուլային շարժումով, որին մասնակցում էր շուրջ յոթ հարյուր հազար մարդ։ Երկիրը կանգնած էր տնտեսական կրախի առաջ։ Գործադուլը ճնշելու համար կառավարությունը դիմում է զենքի ուժին։ Բանտ է նետվում բանվորական շարժման առաջնորդ Յուջին Դեբսը։ Այս բոլոր իրադարձությունները խոր տպավորություն են թողնում երիտասարդ Ջեկի վրա։
Հենց այստեղ էլ, Նիագարայի ջրվեժի մոտակայքում, նա ընկնում է ոստիկանության ձեռքը և թափառաշրջիկ կյանք վարելու համար ենթարկվում մի ամսվա բանտարկության։
Ջեկ Լոնդոնի այդ շրջանի արկածները, նրա շփումը բանվորների հոծ բազմության հետ, բանվորական ուժը, որի առաջ նահանջում էին նույնիսկ երկաթուղային ընկերությունները, ծանր դրությունից դուրս գալու համար ամեն կարգի հնարամտության դիմելը և այլն, նրա համար հրաշալի դպրոց հանդիսացան։ Նա դառնում է ավելի լրջամիտ, և սկսում մշտական հետաքրքրություն ցուցաբերել դեպի սոցիալիստական շարժումը։ «…Ճանապարհորդության ընթացքում ձեռք բերած փորձը ինձ դարձրեց սոցիալիստ»,— գրում է նա։
1895 թվականին նա վերադառնում է Օքլենդ, հարում է սոցիալիստական շարժմանը և սկսում զբաղվել սոցիալիստական գաղափարների պրոպագանդայով։ Սակայն նա զգում է իր կրթության պակասը։ Այդ պակասը լրացնելու համար Ջեկը լրջորեն զբաղվում է ինքնակրթությամբ. կարդում է մարքսիստական գրականություն. հիմնովին մշակում է «Կոմունիստական մանիֆեստը», ուշի-ուշով հետևում սոցիալիստական գաղափարների հրապարակային քննարկմանը։ Այն ժամանակներն էին, երբ բանվորական շարժման մեջ հանդես էին եկել մի շարք քաղաքական հոսանքներ (սոցիալիստական, անարխիստական, պոպուլիստական և այլն), որոնք ջլատում, զրկում էին նրան մարտական նպատակասլաց կազմակերպություն լինելուց։ Բանվորական շարժման վրա հատկապես բացասական ազդեցություն էր թողնում մանրբուրժուական գրող Բելլամին (1850-1898), որը, որպես ռեֆորմիստ, քարոզում էր անարյուն հեղափոխություն։
Լոնդոնը, սակայն, չէր սահմանափակվում միայն գրքեր կարդալով, նա կրքոտ ելույթներ էր ունենում և բանվորական միտինգներում կոչ էր անում տապալել կապիտալիզմը։
Այս բոլորի հետ միասին Ջեկ Լոնդոնը երբեք չէր դադարում ստեղծագործական աշխատանքի մասին մտածելուց, որի սկիզբը դրված էր դեռ 1893 թվականին։ 1896 թվականից սկսած Լոնդոնը գրում է պատմվածքներ և ուղարկում ամսագրերի խմբագրություններին, բայց դրանք չեն ընդունվում տպագրության և նույնությամբ վերադարձվում են հեղինակին։ Որոշ գրական շրջաններում այն կարծիքն էր տիրում, թե երիտասարդ Լոնդոնի անհաջողության պատճառը նրա անգրագիտությունն էր։ Այդ հանգամանքը թերևս որոշ բացասական դեր խաղացել է, բայց հեղինակի անհաջողության հիմնական պատճառը պետք է վերագրել այն իրադրությանը, որը ստեղծվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների գրական աշխարհում։
Իր առաջ կանգնած դժվարությունները հաղթահարելու նպատակով Լոնդոնը որոշում է մտնել համալսարան, բայց դրա համար պետք է ավարտեր միջնակարգ դպրոցը և նա մի քանի ամսվա ընթացքում հաջողությամբ հանձնում է միջնակարգի բոլոր քննությունները։ Նույնպիսի հաջողությամբ նա հանձնում է և ընդունելության քննությունները ու դառնում Կալիֆորնիայի համալսարանի առաջին կուրսի ուսանող։ Բայց նա կարողանում է սովորել միայն մեկ սեմեստր։ Խորթ հոր հիվանդության պատճառով ընտանիքն ընկնում է նյութական ծանր կացության մեջ։ Լոնդոնը ստիպված է լինում թողնել համալսարանը և մտնել լվացքատուն աշխատելու։ Բավական է կարդալ «Մարտին Իդենը», որպեսզի ընթերցողը լրիվ պատկերացում ստանա այն տանջալից ու չարքաշ աշխատանքի մասին, որ տանում էր Լոնդոնը այդ լվացքատանը։ Նրա ստացած չնչին աշխատավարձը չէր բավարարում ընտանիքի նվազագույն պահանջներն անգամ։
Ջեկ Լոնդոնը եռանդով ելք էր փնտրում ստեղծված կացությունից. ավելի շահավետ աշխատանք գտնելու նրա բոլոր որոնումները ապարդյուն են անցնում։ Հենց այդ տարիներին էլ լուր է տարածվում, որ Քլոնդայկում հայտնաբերվել են ոսկու հանքեր, և շատ կարճ ժամանակամիջոցում այնտեղ կարելի է միլիոններ դիզել։ Շատ շատերի նման հարստանալու տենչով տարվում է և Լոնդոնը։ Նա թողնում է լվացքատան աշխատանքը և քրոջ ամուսնու հետ միասին, «Ումաթիլլա» նավով, մեկնում է Քլոնդայկ։ Քրոջ ամուսինը, սակայն, հյուսիսի դաժան սառնամանիքներին չդիմանալով՝ ճանապարհի կեսից վերադառնում է տուն։ Լոնդոնը միայնակ շարունակում է իր ուղին և, հաղթահարելով ճանապարհի բոլոր դժվարությունները, վերջապես հասնում է Քլոնդայկ։ Բայց նրա իղձերը չարդարացան, նա չհարստացավ, դեռ ավելին, հիվանդացավ ցինգայով և տուն վերադարձավ բոլորովին դատարկ գրպաններով։ Այսուհանդերձ, Լոնդոնը շատ բան տեսավ. հյուսիսի վեհ ու հիասքանչ տեսարանները, լուռ ու խորհրդավոր անծայրածիր սպիտակ ամայությունները, մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ, նրանց, ուրախություններն ու տրտմությունները, հաղթանակներն ու պարտությունները, նրանց կամքի աննկունությունն ու համառությունը Լոնդոնի վրա թողել էին անջնջելի տպավորություն։ Լոնդոնը, բացասական գծերի հետ միասին, մարդու մեջ տեսնում էր և դրական հատկություններ. նա հավատում էր մարդուն, նրա ուժին ու հպարտությանը և համոզված էր, որ լավի հաղթանակը անխուսափելի է։ Եվ այս հավատն անփոփոխ կերպով ուղեկցում էր Լոնդոնին մինչև նրա կյանքի վերջը։
Լոնդոնը եռանդով ու վճռականորեն ձեռնամուխ է լինում ստեղծագործական աշխատանքի, գրում է հյուսիսի կյանքից։ Դեռ ոչ ոք չէր փորձել հյուսիսի թեման մտցնել գեղարվեստական գրականության մեջ։ Ջեկ Լոնդոնի փորձը թարմություն էր մտցնում ամերիկյան գրականության մեջ։ Այդ թեմայով գրված նրա աոաջին պատմվածքը՝ «Նրանց կենացը, ովքեր ճանապարհին են», 1899 թվականին տպագրվում է Կալիֆորնիայում լույս տեսնող «Overland monthly» ամսագրում։ Լոնդոնի ստացած հոնորարը շատ չնչին էր՝ ընդամենը հինգ դոլլար, սակայն երևույթը ուրախալի էր։ Ճանապարհը հարթված էր։ Այժմ կարելի էր ամբողջապես նվիրվել գրական աշխատանքին, որի մասին տարիներ շարունակ երազել և որին եռանդով ձգտել էր Լոնդոնը։ 1900 թվականին լույս է տեսնում նրա «Գայլի որդին» պատմվածքների ժողովածուն։ Մի տարի անց հրատարակվում է «Նրա նախնիների աստվածը» պատմվածքների ժողովածուն, իսկ 1902 թվականին՝ պատմվածքների երրորդ ժողովածուն՝ «Սառնամանիքի զավակները»: Այս բոլոր գործերը կազմում են Ջեկ Լոնդոնի «Հյուսիսային պատմվածքների» ցիկլը, որի մեջ մտնում են «Տղամարդկային հավատարմություն» (1904), «Կյանքի սերն ու այլ պատմվածքներ» ժողովածուները։ Պատմվածքներն «հյուսիսային» են կոչվում այն պատճառով, որ դրանց գործողությունները տեղի են ունենում հյուսիսում։ Լոնդոնը պատկերում է հավիտենական սառնամանիքների սպիտակ թագավորությունը, նրա դաժան օրենքները, մարդկանց պայքարը բնության դեմ, նրանց հաջողություններն ու անհաջողությունները։ Ինչ-որ ընդհանուր բան կա հերոսների բնավորության գծերի մեջ. նրանք խիզախ են ու հանդուգն, նրանց խորթ է վախի զգացումը։ Հեղինակը հիացմունքով պատկերում է ուժեղն ու հզորը, ջերմ համակրանք է ցուցաբերում դեպի լավն ու ազնիվը, դեպի մաքուրն ու վեհը։ Մարդը գեղեցիկ է պայքարի ու հաղթանակի հասնելու ձգտման մեջ։ Լոնդոնի «Հյուսիսային պատմվածքների» հերոսները բնության դաժան պայմաններում ցուցաբերում են մարդկային վեհ հատկություններ։ Նրանք ընկերասեր, անկեղծ ու հավատարիմ են իրար նկատմամբ։ Նվիրական ընկերության սկզբունքը սրբազան սկզբունք է նրանց համար։ Մեյլմյութ Քիդն ու Մեյսոնը («Սպիտակ Լռություն»), Սիտկա Չարլին և նրա կինը՝ Պասսուկը («Կնոջ արիությունը») իրենց մեջ մարմնացնում են անկեղծ հավատարմություն, ընկերասիրություն և մարդկային այլ բարձր հատկություններ։ Լոնդոնն իր պատմվածքներում խիստ դատապարտում է եսասիրությունն ու անտարբերությունը մարդու հանդեպ և ցույց է տալիս, որ փոխադարձ վստահության ու հավատի բացակայությունն անխուսափելիորեն տանում է դեպի կործանում. Բիլլը անհետ կորչում է, որովհետև դավաճանում, լքում է ընկերոջը ամայության մեջ («Կյանքի սերը»)։
Լոնդոնը ստեղծում է ագահ ու շահամոլ մարդկանց բնորոշ կերպարներ, որոնք զուրկ են ազնվությունից ու վեհանձնությունից։ Այդպիսի տիպերը գիշատիչ սարդի պես ծծում են անելանելի դրության մեջ ընկած ճանապարհորդների արյունը և զոհ են դառնում իրենց ագահությանը։ Ջեկոբ Քենթը («Սպիավոր մարդը») իր տնակում գիշերելու համար ճամփորդներից կորզում է ոսկու հատիկներ, բայց կուտակված ոսկին նրան հանգիստ չի տալիս: Նա կորցնում է իր հոգեկան անդորրը։ Վերջ ի վերջո ոսկին նա թաքցնում է երկփողանի հրացանի մեջ, բայց հրացանը պայթում և սպանում է հենց իրեն։
Ջեկ Լոնդոնի ռեալիզմը ցայտուն կերպով դրսևորվում է այնտեղ, որտեղ նա պատկերում է Քլոնդայկի բնիկներին՝ հնդկացի տղամարդկանց ու կանանց։ Նրանք բնության զավակներն են և օժտված են դրական հատկություններով. Ռուֆը («Սպիտակ Լռություն»), Ունգան («Հյուսիսային ոդիսականը»), Պասսուկը անմիջական են ու քնքուշ։ Հնդկացի տղամարդիկ իրենց խիզախությամբ և մեծահոգությամբ գերազանցում են սպիտակամորթներին, որոնք ոսկին դարձրել են իրենց կուռքը և նրա համար պատրաստ են անցնել նույնիսկ հարազատների դիակների վրայով։ Լոնդոնը ցույց է տալիս սպիտակ մարդու դաժանությունը, խորամանկությունն ու նենգամտությունը. նրանք ամենաստոր միջոցներով բնիկներին հասցնում են կործանման եզրին, դա հատկապես նկատելի է «Սառնամանիքի զավակները» ժողովածուի պատմվածքներում («Քիշի որդի Քիշը», «Ծերունիների խորհուրդը»)։
Լոնդոնի պատմվածքներում դրսևորվում է երիտասարդ գրողի աշխարհայացքի սահմանափակությունը, նա չէր հասկանում հասարակական զարգացման օրենքները, պարզ պատկերացում չուներ պրոլետարիատի պատմական միսիայի մասին։ Նրա այդ շրջանի պատմվածքներում դեռ բացակայում են մեծ ընդհանրացումները, բայց վերարտադրելով հյուսիսի չքնաղ ու «քաղաքակրթությամբ» դեռ չարատավորված բնությունն ու նրա նույնքան անարատ հերոսներին, Լոնդոնը, ըստ էության, նրանց հակադրում է ապականված կապիտալիստական աշխարհին ու նրա գիշատիչ հերոսներին։ Լոնդոնի հերոսները չեն պայքարում հասարակական շահերի համար. նրանք ռոմանտիկական հովերով տարված միայնակ խռովարարներ են, որոնք ունեն բացառիկ համառություն ու տոկունություն և ձգտում են կյանքում հաստատել անհատականության սկզբունքը։
1902 թվականին Ամերիկյան Մամուլի Միությունը Լոնդոնին, որպես թղթակից ուղարկում է Աֆրիկա, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում անգլո-բուրական պատերազմը։ Երբ նա ժամանեց Լոնդոն, պատերազմական գործողություններն արդեն ավարտված էին։ Նույն այդ Միության հանձնարարությամբ նա մնում է Անգլիայի մայրաքաղաքում, որպեսզի ներկա գտնվի Էդուարդ VII-ի թագադրման հանդեսին։ Այստեղ Լոնդոնն ապրում էր քաղաքի ամենախուլ ու ետ ընկած East end բանվորական թաղամասում։ Բայց որպեսզի բանվորները չխուսափեն իր հետ շփում ունենալուց, և ինքը մուտք ունենա ամեն տեղ, նա հագնում է ցնցոտիներ և հնամաշ կոշիկներ, դնում է կեղտոտ գլխարկ և, այդպիսով, կարողանում է աղաղակող փաստեր հավաքել մայրաքաղաքի հասարակ մարդկանց անգույն գոյության պայմանների մասին, ականատես է լինում անասելի չքավորության, քաղցի, սարսափելի հյուծվածության ու մահաբեր հիվանդությունների ծանր տեսարանների։
Հետևելով Գորկու օրինակին՝ հավաքած փաստերի հիման վրա Լոնդոնը գրում է իր հռչակավոր «Անդունդի մարդիկ» ռեալիստական գիրքը։
1904 թվականին «Էքզամիներ» թերթի խմբագրության առաջարկով Ջեկ Լոնդոնը, որպես զինվորական թղթակից, մեկնում է հեռավոր Արևելք, որտեղ արդեն սկսվել էին պատերազմական գործողությունները Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև։ Նրան մեծ դժվարությամբ հաջողվում է անցնել Կորեա և ապա՝ Մանջուրիա։ Այստեղ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ռազմաճակատ ընկնի, սակայն շատ ակտիվ լինելու համար նրան նույնիսկ ձերբակալում են։ Չնայած ճապոնական միլիտարիստների հարուցած արգելքներին, Լոնդոնը, այնուամենայնիվ, ականատես է լինում նրանց գազանություններին, տեսնում է պատերազմի քայքայիչ հետևանքները և խոր ատելությամբ է լցվում դեպի պատերազմն ու այն սանձազերծող իմպերիալիստները։
Ռուսաստանում ծավալվող հեղափոխական դեպքերը զգալիորեն աշխուժացնում են բանվորական շարժումն Ամերիկայում։ Այդ շրջանում գրված մի շարք պատմվածքներում Լոնդոնը մերկացնում է ամերիկյան իրականության արատավոր բնույթը («Խաղ» — 1905 թ., «Ուրացողը» — 1906 թ., «Մի կտոր միս» — 1907 թ.). նա մեծ ոգևորությամբ հրապարակային դասախոսություններ է կարդում սոցիալիզմի մասին, քննադատում է կապիտալիզմի կեղեքիչ բնույթը և կանխատեսում է բուրժուական հասարակության անխուսափելի կործանումը։
Բուրժուական պրոպագանդան սկսում է կատաղի հալածանք Լոնդոնի դեմ, դիմում է ամենաստոր միջոցների, որպեսզի վարկաբեկի արդեն համաշխարհային հռչակ ստացած գրողին։ Լոնդոնի շուրջն ստեղծվում է անհանդուրժելի իրադրություն։ Այլևս հնարավոր չէր մնալ Ամերիկայում։ Նա որոշում է գոնե ժամանակավորապես հեռանալ երկրից։ 1907 թվականի ապրիլի 22-ին, կարմիր դրոշ բարձրացնելով իր «Սնարք» առագաստանավի վրա, կնոջ Չարմիան Քեթրիջի հետ միասին նա թողնում է Օքլենդը՝ նպատակ ունենալով ճանապարհորդություն կատարել աշխարհի շուրջը։
Նավի վրա Լոնդոնը սուզվում է ստեղծագործական աշխատանքի մեջ. այստեղ նա ավարտում է իր «Երկաթե կրունկը», ստեղծում է իր ամենախոշոր վեպը՝ «Մարտին Իդենը», և բազմաթիվ այլ պատմվածքներ, որոնք նվիրված էին Խաղաղ օվկիանոսի կղզիների բնիկների նիստուկացին, հավատալիքներին ու սովորույթներին։Միաժամանակ Լոնդոնը շատ է կարդում. կարդում է Իբսենին, Մոպասանին, Բերնարդ Շոուին և Հոուելլսին։
Ըստ Լոնդոնի կազմած պլանի՝ այդ ճանապարհորդությունը պետք է տևեր յոթ տարի, սակայն Ավստրալիայի մերձակա ջրերում նա հիվանդանում է տրոպիկական տենդով և, հարկադրված, 1909 թվականի ամռանը վերադառնում է Կալիֆորնիա։ Այստեղ նա վերջնականապես հաստատվում է Լուսնի հովիտ կոչված անտառապատ վայրում, որտեղ դեռ 1905 թվականին գնել էր մի հողամաս։
1916 թվականի նոյեմբերի 21-ին նա ընդունում է մորֆիի մահացու դոզա, իսկ նույն ամսի 22-ին նրա սիրտր ընդմիշտ դադարում է բաբախելուց։
Ջեկ Լոնդոնի աճյունը հանգչում է իր սիրած Լուսնի հովտի բլուրներից մեկի լանջին, գերեզմանի վրա գրված է «Գայլի տան» հրդեհից հետո մնացած ժայռի մի անտաշ ու անշուք կտոր, որի վրա փորագրված է միայն երկու բառ՝ «Ջեկ Լոնդոն»:
Սերն ապրում է երեք տարի. առաջինը կրքի տարին է, որին փոխարինելու է գալիս նրբության տարին, և ի վերջո ավարտվում է ձանձրույթի տարով: Առաջին տարում ասում են` եթե դու գնաս, ես վերջ կտամ կյանքիս: Երկրորդ տարում ասում են` եթե դու գնաս, շատ կցավացնես ինձ, բայց ես կենդանի կմնամ: Երրորդ տարում ասում են` եթե դու գնաս, ես դա շամպայնով կնշեմ:
****
Ավելի լավ է ես դժբախտ լինեմ առանց քեզ` քան քո հետ:
****
Ես սիրում եմ քեզ ու վերջ, և ժամանակն է արդեն հաշտվել դրա հետ` անգամ եթե դու չես պատրաստվում ոչինչ փոխել քո կյանքում: Քո քաղաքում ապրում է մարդ, ով սիրում է քեզ ու տանջվում, ուզում ես դու դա թե ոչ:
****
Չէ ես քարից էլ դժբախտ եմ, չէ որ քարերին չեն լքում… քարերը չեն մահանում…
****
Ահա սիրահարվածության մի հասարակ թեստ. եթե առանց քո սիրեցյալի անցկացրած չորս-հինգ ժամից հետո սկսում ես կարոտել նրան, ապա դու սիրահարված չես` հակառակ դեպքում ձեր բաժանման 10 րոպեն էլ բավական կլիներ, որպեսզի կյանքդ դառնար անտանելի:
****
Ես սիրեցի աղջկա` ով ինձ չէր սիրում, և դադարեցի սիրել նրան` ով սիրում էր ինձ:
****
Մեր օրերում Դեկարտը չէր գրի. «Մտածում եմ, նշանակում է ապրում եմ», այլ կգրեր` «Ես մենակ եմ, նշանակում է մտածում եմ»:
**** Ես այլևս չեմ ժպտում… դա իմ ուժերից վեր է…
**** ► Ամուսնությունը հանցագործություն է` որովհետև այն սպանում է առեղծվածը:
****
Բնակարանը, որտեղ մենք բնակվեցինք, չափազանց փոքր էր այնպիսի մեծ սիրո համար, ինչպիսին մերն էր…
****
Հեքիաթներ լինում են միայն հեքիաթներում:
****
Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին: Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը… Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան: Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող: Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով:
Գիրքը սկզբում անհետաքրքիր թվաց, բայց երբ շարունակեցի ընթերցել հավանեցի։ Ղպտին համբերատարությամբ պատասխանում էր մարդկանց հարցերին, և ես շատ կուզեի հայտնվել գրքի մեջ և անվերջ լսեի նրան։
▪️Ոչ ոք չգիտի, թե վաղը մեզ ինչ է սպասվում, որովհետև ամեն օր իր լավն ու վատն ունի։
▪️Սա կյանքի շրջապտույտն է։ Չնայած դու կարծում ես, թե մեռնելու ես, բայց իրականում դեռ ապրելու ես իմ մեջ։ Քո շնորհիվ ես ողջ եմ, որովհետև կարողանում եմ շնչել։ Քո շնորհիվ ես ինձ սիրված եմ զգացել, որովհետև կարողացել եմ իմ ստվերում պատսպարել հոգնաբեկ ճամփորդին։ Քո կենսահյութը նաև իմն է, մենք մի ամբողջություն ենք։
▪️Բնության շրջապտույտում չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն. Կա միայն շարժում։ Ձմեռը պայքարում է մշտապես տիրելու համար, բայց ի վերջո ստիպված է լինում ընդունել գարնան հաղթանակը, որն իր հետ ծաղիկներ և ուրախություն է բերում։
▪️Բոլորը կլսեն հարգանքով ու կսովորեն երեք կարևոր բան.
1.Համբերատար սպասել գործելու ճիշտ պահին։
2.Լինել այնքան իմաստուն, որ հաջորդ հնարավորությունը բաց չթողնես։
3.Եվ հպարտանալ սեփական սպիներով։
▪️Կան մարդիկ, ովքեր երբեք չեն պարտվել։ Դրանք այն մարդիկ են, ովքեր երբեք չեն պայքարել։
▪️Երբեք չեն լսել «մնաս բարով» արտահայտությունը։ Ու չեն էլ ասի. «Ահա և ես։ Գրկիր ինձ այնպես, ասես կորցրել էիր ու նորից ես գտել»։
▪️Մենությունը ոչ թե սիրո բացակայությունն է, այլ նրա ուղեկիցը։ Մենությունը ոչ թե ընկերակցության բացակայությունն է, այլ այն պահը, երբ մեր հոգին ազատ զրուցում է մեզ հետ և օգնում մեր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել։
▪️Քանզի նա, ով երբեք մենակ չի լինում, այլևս իր անձը չի ճանաչում։ Իսկ նա, ով իր անձը չի ճանաչում, սկսում է վախենալ ունայնությունից։
▪️Մենության մեջ կբացահայտեն այն սերը, որ կարող էր աննկատ գալ ու հեռանալ։ Մենության մեջ կհասկանան ու կհարգեն այն սերը, որ գնաց։ Մենության մեջ կորոշեն ` արժե՞ արդյոք խնդրել, որ սիրեցյալը վերադառնա, թե՞ պետք է թույլ տալ, որ ամեն մեկը գնա իր ճանապարհով։ Մենության մեջ կսովորեն, որ «ոչ» ասելը հաճախ մեծահոգության պակասից չէ, իսկ «այո» ասելը շատ հաճախ առաքինություն չէ։
▪️«Նրանք, ովքեր ընկճված են մենությունից, պետք է հիշեն. կյանքի ամենակարևոր պահերին միշտ էլ մենակ ենք լինելու»:
▪️«Արտաքին գեղեցկությունը ներքին գեղեցկության տեսանելի կողմն է: Եվ դուրս է հորդում այն լույսի հետ, որ ճառագում է աչքերից»:
Գիրքը շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ։ Կարդացի մեկ շնչով անհամբերությամբ սպասելով թե ինչ կլինի վերջում։ Ցավում եմ, որ Հայկի նման տղայի հետ պատահեց այս ամենը, կարծում եմ Աստղիկը սխալ վարվեց Հայկի հետ, չէ որ Հայկը եղել էր նրա կողքին, ընդունել ու լսել էր Աստղիկին։ Չեմ հասկանում Աստղիկին, որքան էլ սիրեր, պետք է հրաժարվեր Տարոնից այն ժամանակ երբ ծնկի էր եկել։
Շատ դժվար էր գրքից դուրս բերել հատվածներ, քանի որ գրքում ամեն տող շատ խորը իմաստ ուներ։ Ընտրեցի հետևյալ հատվածները ՝
● Ասում են ՝ այնտեղ որտեղ աստղ է ընկնում, երիցուկ է աճում, և որ երիցուկները փոքր արեգակներ են, որոնք իրենց ճերմակ թերթիկներով բազմաթիվ արահետներ են խաչաձևում իրար։
● Միայն հանուն երեխայի պահպանվող ընտանիքներում տիրող անառողջ մթնոլորտը առաջին հերթին հենց երեխայի հոգեբանությանն է վնասում, այնպես որ լինում են դեպքեր, երբ բաժանումը լավագույն լուծումն է բոլոր կողմերի համար։ Ոչ մի աղոթք կամ օրհնություն չի կարող պահպանել այն ընտանիքը, որ հիմնված չէ սիրո վրա․․․
● Առանց ներելու անիմաստ է։ Ամենագեղեցիկ բառերից է։ Ու ներելու գործողությունն ինքնին շատ գեղեցիկ է։
● Ով էլ ասես կարող է անտարբեր դառնալ։ Իսկ դու ներել սովորիր։ Ներում են այն մարդիկ, որոնք իրենց ներսում շատ սեր ունեն։
● Եթե ուզում էր արժանանալ Աստղիկի սիրուն, նախ կարիք կլիներ օգնելու նրան ՝ մոռանալու իր անցյալը և հանելու նրան հոգեկան ընկճվածությունից։ Կնոջ հոգեբանության գիտակ լինելով ՝ հասկանում էր, որ սիրտը սիրով լցնելու համար նրա բոլոր անկյունները պիտի լիարժեք դատարկ լինեն։ Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում․․․
● Ոչ մեկին կյանքն այդքան անպետք ու անիմաստ չի թվում, որքան բաժանումից խոցված երիտասարդ աղջկան․․․
● Մեր հասարակությունը շատ նման է շենքի բակում նստոտող անգործ, անզբաղ կանանց․ նրան մշտապես քննարկելու թեմա է պետք, ցանկալի է ՝ ուրիշի կյանքից։ Բավական է ՝ մեկը սայթաքի կամ անհաջող որևէ դիպվածով կյանքը պղտորվի, անմիջապես կդառնա թիվ մեկ քննարկման թեման։ Եվ այդ ամենը ՝ հաճախ քո թիկունքում։ Մարդիկ կնայեն դեմքիդ, կժպտան կամ չեն ժպտա, կբարևեն կամ չեն բարևի, գլուխը տմբացնելով կամ անտարբեր կանցնեն․․․ Փոխարենը լավ գիտես, թե ինչ են խոսում հարևաններդ, բարեկամներդ, նույնիսկ նրանք, ումից չէիր սպասի, թե որևէ խոսք կարտասանեն․․․
● Ինքնասպանության միտքը մեկընդմիշտ հեռու վանիր գլխիցդ։ Մահանալու համար չէ, որ Աստված մեզ ուղարկել է այս աշխարհ, այլ ապրելու։ Պարզապես ամեն ոք յուրովի է պատկերացնում ապրելը․ մեկին ապրելու համար միայն հաց ու ջուր է պետք, մյուսին ՝ տուն, երրորդին ՝ կին կամ տղամարդ, չորրորդին ՝ երեխա․․․
● Եթե ծնողը երջանիկ չէ, ապա երեխաները դժվարությամբ կընկալեն, թե ինչ է երջանկությունը․․․
● Բաժանումը, ինչպիսին է այն լինի, երբեք հեշտ չէ, բաժանումը սրտամաշ է, բաժանումը մղձավանջ է․․․ Միևնույն ժամանակ բաժանումն էլ մի արվեստ է, որին քչերն են տիրապետում։
● Մարդուն սիրում ես այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում։ Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել։ Դա կյանքի ամենաերջանիկ պահերից է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։
● Ի՞նչը կարող է ստիպել կնոջը սեփական կամքով թակել դժոխքի դռները, եթե ոչ կույր սերը։
● Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու, այլ հասնելուց հետո այն պահպանելու միջոցներով․․․
● Նա արտասվում էր չգտնված երիցուկների համար, որովհետև փնտրել էր ու չէր գտել, բայց երբեք չուրախացավ գտնված երիցուկների համար, որ առատորեն նվիրում էր Հայկը։ Այնինչ գուցե հենց դա էր իր երջանկությունը․․․
● Եթե սերը զոհողություններ է պահանջում, ապա մի օր էլ հենց սերը կհայտնվի զոհասեղանին։
● Զգացմունքը հագուստ չէ, որ խանութից գնես, հագնես կամ նվիրես ուրիշին․․․
● Եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց։ Եթե հանգամանքներն ավելի ուժեղ են, քան զգացմունքները, ապա ափսոս «սեր» բառը, որ տրվում է այդ զգացմունքներին։
● Սիրում եմ քեզ ու սպասում եմ այն օրվան, որ նորից կնստենք այս նստարանին, նորից ձեռքս կբռնես, բայց արդեն կխնդրես, որ երբեք չհեռանամ քեզնից։
● Մարդուն մեր մեջ թաղելուց հետո մոռանում ենք թաղել նաև նրա հանդեպ տածած սերը, որ հաճախ ավելի քաղցր ու կարոտալի է, քան հենց ինքը ՝ մարդը․․․
● Խմենք նրանց համար, ում կարոտում ենք․․․
Հայկը լուռ խմեց։ Կենաց ասել, կենաց խմել չէր սիրում, բայց լսած հազարավոր կենացներից սա հաստատաբար հավերժ հիշելու էր։
Նրանց համար, ում կարոտում ենք․․․
● Կարոտել նշանակում է ձգտել, երազել, քայլել կարոտիդ ուղղությամբ․․․
● Սիրող սիրտը ատամներով էլ կպահի իր սերը․․․
● Խոսքը սրտի արձագանքն է։
¶Դու այդպես էլ չես գտնի քո երիցուկները, որովհետև նրանց փնտրում ես անցյալում, իսկ անցյալում ոչինչ հնարավոր չէ գտնել։
▼ Ասում են՝ կյանքը դպրոց է, պարզապես այդ դպրոցում ուսուցիչ չկա, որ սխալների ուղղում անի։ Սխալդ ինքդ պիտի հասկանաս։ Իսկ ցավը պետք է ժպիտով հաղթահարես ու շարունակես ժպտալ։
Նիկ Վույչիչը մոտիվացնող խոսնակ է, գրքերի հեղինակ, ընտանիքի անդամ և քրիստոնյա: Չնայած հանգամանքներին և դժվարություններին` Նիքն ապրում է «Կյանքն` առանց սահմանների» սկզբունքով:
Չունենալով ոտքեր ու ձեռքեր դա նրան չի խանգարել ստանալ երկու բարձրագույն կրթություն, 1 րոպեում համակարգչի վրա հավաքել 43 բառ, զբաղվել սերֆինգով ու ձկնորսությամբ: Նիկից, սակայն, երկար տարիներ են պահանջվել սեփական խնդիրների մեջ ոչ թե խոչընդոտ, այլ աճի հնարավորություն տեսնելու համար:
Նրա այս գիրքը ոգեշնչող և հուզական պատմություն է այն մասին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները, հուսահատությունը, հավատալ սեփական ուժերին և դառնալ իսկապես երջանիկ: Նիկն անկեղծորեն պատմում է իր ֆիզիկական խնդիրների և ապրումների մասին, այն մասին, թե որքան դժվար էր իր համար համակերպվել իր վիճակի հետ, և անգամ այն պահերի մասին, երբ ինքը ցանկացել է վերջ տալ իր կյանքին:
Այնուամենայնիվ, Նիկը սովորել է բարձրանալ առանց ձեռքերի ու ոտքերի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Գրքում նա ներկայացնում է այն կյանքի օրենքները, որոնք օգնել են իրեն, և որոնցով նա այժմ ցանկանում է կիսվել ընթերցողների հետ:
Նրա կյանքն արդեն ոգեշնչել է ավելի քան 8 միլիոն մարդու աշխարհի 57 երկրներում:
«Ես մեծ ցավ ու ցնցում եմ ապրել իմ կյանքում: Պատերազմը ինձնից խլել էր ոչ միայն հոգեկան առողջությունս, այլ նաև ձեռքս ու ոտքս: Նիքի մասնակցությամբ մի հավաքույթի ներկա գտնվելուց հետո, իմ կյանքն իմաստ է ստացել և այդ օրվանից ես լիովին փոխվել եմ»:
«Նիքի օրինակի հիման վրա ես հնարավորություն տեսա` երջանիկ կյանք ունենալու, կյանք` առանց սահմանների, անգամ սահմանափակ հանգամանքներ ու մարմին ունենալու պարագայում: Ես նորովի սկսեցի իմ կյանքը: Այժմ ապրում եմ լիաթոք ու երջանիկ կյանք, ամուսնացել եմ, սկսել իմ սեփական գործը և պասում եմ առաջնեկիս ծննդյանը»:
«Դպրոցում ինձ ամեն օր ծաղրում էին իմ դասընկերները: Ես էլ չէի ցանկանում սովորել, խոսել այդ մասին, ապրել… Սակայն Նիքի մասնակցությամբ մի հավաքույթից հետո, ինձ նրա մեջ ինչ-որ բան գրավեց: Ես տեսա կրակ և կյանքի հանդեպ ծարավ նրա մեջ, ում նույնպես ծաղրել էին փորք տարիքում:
Այդ պահից ի վեր ես սկսեցի հավատալ ինքս ինձ և սկսեցի գործել: Ես իմ մի քանի ընկերների հետ հիմնեցի շարժ` ծաղրանքի, վիրավորանքների դեմ: Դարձա դասարանի ավագը և սկսեցի լավ սովորել: Ես սկսեցի ապրել: Ապրել` նպատակով և իմաստով»:
Ծովափնյա հանգստավայր քաղաքում վատ եղանակ է: Իշխանուհի Վերա Նիկոլաևնան դուրս չի գալիս իր ամառանոցից: Նրա ծննդյան օրը հյուրեր են գալիս: Ամուսինը՝ Վասիլի Լվովիչ Շեինը բերում է նոր հյուրերի: Խնջույքի կեսից Վերա Նիկոլաևնայի անունով բերում են փոքրիկ փաթեթ, որի մեջ նռնաքարերով ոսկե ապարանջան է: Կա նաև նամակ: Անծանոթը շնորհավորում է Վերայի՝ հրեշատակի օրը: Խնդրում է ընդունել ժամանակին իր տատիկին պատկանող ապարանջանը: Ուղարկողի անվան սկբնատառերն են՝ Գ. Ս. Ժ:
Երկու տարի դրանից առաջ էլ անծանոթը սիրային նամակներ է գրել Վերային Նիկոլաևնային: Սակայն վերջինիս խնդրանքից հետո նա դադարել է հետապնդել նրան սիրային նամակներով և միայն շնորհավորհանքներ է հղել ծննդյան օրերին և տոներին: Վերայի ամուսինը գտնում է փաթեթն ուղարկողին՝ ոմն Ժելտկովին և վերադարձնում ապարանջանը: Նա բացվում է Շեինին և ասում, որ սիրում է նրա կնոջը և այդ զգացմունքը կսպանի միայն մահը: Նա ուզում է գրել Վերային վերջին նամակը: Սակայն նրան արգելում են: Հաջորդ օրը նա ինքնասպանություն է գործում: Երեկոյան փոստատարը բերում է նրա նամակը: Ժելտկովը գրում է, որ նրա ողջ կյանքի իմաստը եղել է Վերան: Հեռանալով նա միայն ցանկանում է, որ լուսավորվի Վերայի անունը: Վերան գնում է հրաժեշտ տալու նրան: Ժելտկովին արդեն դրել են դագաղի մեջ: Նա համբուրում է հանգուցյալի ճակատը և վարդ դնում նրա գլխի տակ: Նա հասկանում է, որ սերը, որի մասին երազում է ամեն կին, անցավ իր կողքով: Երեկոյան նա խնդրում է ծանոթ դաշնակահարուհուն նվագել իր համար Բեթովենի «Ապասիոնատը»: Նա լաց է լինում: Երբ նվագը դադարում է, նա զգում է, որ Ժելտկովը իրեն ներել է:
Պիեսը պատմում է 19-րդ դարի 30-ական թվականների Պետերբուրգի հասարակության մասին։
Դրամայի հերոսը Արբենինը օժտված է ապստամբ ոգով, խելքով, ուժեղ կամքով և միջոցներով։ Բայց կապված լինելով բարձրաշխարհիկ հասարակության հետ ծննդով և դաստիարակությամբ, նա ձգտում է հասնել ինքնուրույնության և ազատության։ Նա ապրում է այդ հասարակության կանոններով և փորձում է պաշտպանել իր պատիվը, կուրացած խանդով և եսասիրությամբ սպանում է իր կնոջը։
Սեղանին կատարվում են խաղադրույքներ։ Արբենինը փրկում է Զվյոզդիչի պատիվը։ Այդտեղից նրանք մեկնում են դիմակահանդես, ուր նաև մեկնել է Նինան։ Զվյոզդիչը սիրախաղում է տիկնոջ հետ, ով իրեն սանձարձակ էր պահում։ Դա Նինան էր։ Իշխանը չի տեսնում նրա դեմքը։ Տիկինը վերադարձնում է իր կողմից գտնված թևնոցը։ Դա Նինայի թևնոցն էր։ Տանը Արբենինը տեսնում է թևնոցի անհետանալը և մտածում որ իր կինը Նինան իրեն դավաճանում է։
Ես կարծում եմ եթե սիրում ես պետք է միշտ վստահես կյանքիդ կողակցին, անկախ ամեն ինչից պետք է լսես, փորձես հասկանալ չէ որ դու նրան ընտրել ես ամբողջ կյանքի համար, եթե անգամ սխալ գործած էլ լինի պետք է բացատրես, փորձես լուծում տալ։ Այս դեպքում ինձ թվում է, որ Արբենին չէր սիրում իր կնոջը, քանի որ իր եսի համար կորցրեց իր կյանքի կարևոր մարդուն իսկ սերը ամեն ինչից առավել ուժեղ և ամուր է։
Դուրս գալով տնից՝ Ավգուստոն աջ ձեռքի բաց ափը ձգեց առաջ, մի պահ աչքերը հառեց երկնքին եւ հիացմունքից քարացած՝ մնաց տեղում կանգնած»:
Այսպես է սկսվում իսպանացի գրող Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» նիվոլան։ Նիվոլա տերմինը ստեղծել է հենց Ունամունոն։ Այն առաջին անգամ ի հայտ է եկել «Մառախուղը» վեպի առաջաբանում։ Ունամունոն նիվոլան հակադրում է 20-րդ դարի իսպանական իրապաշտական վեպերին։
Թեև գիրքն ամբողջությամբ պատմում է գլխավոր հերոս Ավգուստո Պերեսի սիրային արկածների մասին, սակայն ես այն չեմ կարող անվանել կամ համարել սիրավեպ։ Ինձ ընդհանրապես թվում է այս գործում սիրո մասին խոսք չկա։ Կամ ավելի ճիշտ խոսվում է սիրո մասին ընդհանրապես, քննության է դրվում սիրո հետևանքները մարդու կյանքում, բայց չկա Ավգուստոյի սիրո պատմությունը։
Ավգուստոն չգիտեր գնալ աջ թե ձախ և սպասում էր, որ մի շուն անցնի, որ հետևի նրան, սակայն շան փոխարեն անցնում է մի գեղեցիկ աղջիկ, և Ավգուստոն սկսում է հետևել աղջկան և սիրահարվում է։ Սրանից հետո սկսում է փիլիսոփայությունը սիրո, կանանց, ամուսնության, կյանքի ու այլ հարցերի շուրջ։ Վեպը համեմված է փիլիսոփայությամբ և հումորով։
Հարցին, թե ինչու է հեղինակը վեպն անվանել «Մառախուղը», կարծում եմ լավագույնս պատասխանում է վեպի այս հատվածը.
Ի՞նչ է պետք սիրելու համար: Նկատե՜լ, նկատե՜լ, սա է հենց սիրո կանխազգացումը, նկատել սերը մառախուղի մեջ: Հետո հասնում է ճանաչելը, մառախուղի մեջ գուշակելու կանխազգացումը: Հետո ամեն ինչ հստակեցվում է, պարզեցվում, մառախուղը լուծվում է ջրի կաթիլների, կարկուտի,ձյան կամ քարերի մեջ:
Մառախուղը հենց կյանքն է, որը մշուշոտ է, եթե չկա սեր: Սերն է, որ հստակեցնում է ամեն ինչ և տալիս իմաստ այդ կյանքին: Սակայն այս վեպում էլ սերը վերջում պարտվում է, և հաղթում է մառախուղը: Իսկ գուցե դա սեր չէ՞ր, քանի որ հենց ինքը հեղինակը նշում է.
Ձանձրույթը մեր կյանքի հիմքն է, ձանձրույթն է ծնունդ տալիս բոլոր խաղերին, զվարճանքներին, սիրավեպերին և սիրելուն։
Գիրքը ինձ շատ դուր եկավ, վերջում հնարավոր չէ կարդալ առանց հուզվելու։
Գրքի գլխավոր հերոսը Օգյուստ Փուլմանն է, ով ծնվել է դեմքի թերություններով և ինչի պատճառով էլ դպրոց չի գնացել։ Օգին սովորական երեխա է արտասավոր դեմքով։ Նրա ծնողները Իզաբելը և Նեյթը որոշում են նրան ընդունել Բիչերի դպրոց։ Սկզբում նրա համար դժվար էր, նոր շրջապատ, նրանից սարսափող հասակակիցներ։ Չնայած այդ ամենին Օգյուստը լինելով բարի, ընկերասեր հաղթահարեց այդ ամենը և բոլորը նրան սիրեցին այնպես ինչպես որ կա։
Ինձ առանձնահատուկ դուր եկավ տնօրեն միստր Թուշմանը։ Բարի, խելացի, ազնիվ, հոգատար կերպար։
Միստր Բրաունի կանոններից կառանձնացնեմ `
Սեպտեմբերյան կանոն`
Երբ կա ընտրություն ` լինել ճիշտ, կամ բարի, ընտրիր բարին։
Մայիսյան կանոն `
Արա այն լավը, որը կարող ես,
Այն ամենով, ինչով կարող ես,
Ամեն գնով, որ կարող ես,
Ամենուրեք, որտեղ կարող ես,
Ամեն վայրկյան, երբ կարող ես,
Ամեն մեկին, ում կարող ես,
Այնքան, որքան դեռ կարող ես։
Երեխաների կանոններից ինձ ավելի շատ դուր եկավ Ջուլիան Ալբանսի կանոնը `
Երբեմն լավ է սկսել նորից։
Ջուլիանը իմ կարծիքով այդքան էլ վատը չէր ինչ ներկայացնում էր, պարզապես երեխաները օրինակ են վերցնում իրենց ծնողներից, իսկ Ջուլիանի մոր ` Մելիսա Փերփր Ալբանսի էլեկտրոնային նամակից հասկացա թե ինչու էր Ջուլիանն այդպիսին։
«Դորիան Գրեյի դիմանկարը» անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։
Սկզբում ինձ դուր չեկավ գիրքը, բայց ես շարունակեցի ընթերցել, հետզհետե դուր եկավ ինձ այն, սակայն ես նման ավարտի չէի սպասում։
Գիրքը մի դիմանկարի պատմություն է, ես փորձեցի պատկերացնել բոլոր հերոսներին։ Դորիան Գրեյը մի անմեղ պատանի, որը կործանվեց իր գեղեցկության պատճառով։ Ինձ առավել շատ դուր եկավ Լորդ Հենրիի կերպարը, նա ամեն ինչին ավելի ռեալ էր նայում։
«Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»։
Մարկ Արեն կամ Կարեն Մարգարյան արդի հայ արձակագիր, մասնագիտությամբ տնտեսագետ։ Բնակվում է Մոսկվայում։
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թվականին։ Երևանյան գրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեսթսելլեր։ Այս վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության օրոք հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայ են եղել։
Վեպի հիման վրա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նկարահանել է «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը։
Գրքից մեջբերումներ`
► «Նաև մենակությունը. այն սառը ջրից ավելի է սոսկալի: Գիտե՞ք, մսյո՛, եթե ձեզ մոտ աքվարիումում հայտնվի միայն մեկ ձկնիկ, նա կսկսի կարոտել և գուցեև մեռնի կարոտից: Եվ գիտե՞ք, թե նման դեպքում ինչ պետք է անել: Աքվարիումի մեջ պետք է հայելի դնել, և նա կհանգստանա…»: Իսկ եթե հայելին ջարդվե՞լ է: Մի ակնթարթում աշխարհը տրոհվել է բազմաթիվ սուր բեկորների: Միախառնվել, փախատեղվել են սերը, վախը, կապվածությունը, քնքշությունը, վրեժը… Այս պատմության հերոսներից յուրաքանչյուրը կգտնի լուծման իր եղանակը: Թույլ կտա, որ ապակու ջարդված բեկորը խրվի սիրտը: Կձևացնի, թե ոչինչ չի պատահել: Կփորձի կազմել նոր արտապատկեր: Կյանքի, ընտանիքի, ինքն իր…
► Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել:
► Բայց ամեն բան, առավել ևս ամեն մի լավ բան, ունի իր ավարտը…
► Չկա ավելի վատ բան, քան արբեցուցիչ հույսերի քաղցր գերին:
► Բոլոր երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ` վախի միջով: Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը: Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել: Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ:
► Այժմ ամենից լավը ժամանակավոր անհետանալը կլիներ, պարզապես գոլորշիանալը, փակվել մի խաղաղ անկյունում, ամեն ինչ լավ կշռադատել, գտնել ճիշտ լուծում, բայց կյանքը մեզ չի տալիս փրկարար դադարներ…
► Երբ սիրում են, արդեն չեն մտածում, իսկ երբ մտածում են` նշանակում է չեն սիրում:-Քեթ
► Մի մարդու առավելությունը մյուսի նկատմամբ էլ որտե՞ղ է այդպես ակնհայտորեն դրսևորվում, եթե ոչ ռինգում:
► Ինչ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում պատահական հանդիպումները:
► …Նա ձգտում էր չնայել ժամացույցիցն…այդպես ժամանակն արագ էր անցնում:
► Պետք է այնպես ապրել, որ ասես մեռած ես արդեն: Եվ պետք է այնպես մեռնել, որ արդարացնես քո կյանքը:
► Աղքատները մշտապես պարտքերի մեջ են, բայց իրենք երբեք չեն մերժի նրան, ով ավելի է աղքատ…
► Նա բարի և խելացի մարդ է: Իսկ այդպիսին հազվադեպ է հանդիպում չէ՞: Որ խելացին բարի լինի: