Posted in Հայոց Պատմություն

Առաքելոց վանքի կռիվը

1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:

Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:

Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:

1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:

Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:

Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:

Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:

Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն։

Posted in Հայոց Պատմություն

Սասունի ինքնապաշտպանությունը

Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:

Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան:

Հ. Յ. Դաշնակցության հանձնարարությամբ Մենակը (Եգոր Առուստամյան) 1903թ. հետախուզեց Սասուն օգնություն հասցնելու ճանապարհները: Նույն թվականի գարնանը ռուս-թուրքական սահմանն անցան դաշնակցական մի քանի ջոկատներ: Նրանցից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: Նրանց հայտնվելը մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հայ ազգային կուսակցություններին չի հաջողվում անհրաժեշտ օգնությունը հասցնել Սասուն: Գրեթե բոլոր խմբերը, ճանապարհին մարտի բռնվելով ռուս սահմանապահների, թուրքական զորքի և քրդական ջոկատների հետ, չեն հասնում իրենց նպատակին: Չի հաջողվում Սասուն ուղարկել նախատեսված օգնությունը:

1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ինքնապաշտպանության կազմակերպիչների և . մի շարք գյուղերի ավագների ու քահանաների ժողով: Ընտրվեց զինվորական խորհուրդ: Նրա անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը:

Զինվորական խորհուրդը մեծ զգուշությամբ, կառավարությունից գաղտնի, նախապատրաստվում է դիմադրությանը: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի հարկադրեն սուլթանին հրաժարվել Սասունի վրա արշավելուց:

Թուրքական կառավարությունը հայերի դեմ ուղարկում է թնդանոթներով և գնդացիրներով զինված 10 հազար զինվոր: Նրանց էին միացել 5 հազար զինված քրդեր: Թշնամուն դիմագրավում էին 200 հայդուկ և 1000 սասունցիներ: Նրանք պաշտպանում էին տեղի 12 հազարի հասնող բնակչությանը:

1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:

Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:

Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:

Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:

Օսմանյան իշխանությունները փորձում են սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում: Լեռնականները, սակայն, ոչ միայն մերժեցին կատարել նրանց պահանջը, այլև սպառնացին կրկին զենքի դիմել: Ի վերջո, իշխանությունները հարկադրված էին տեղի տալ և թույլատրել սասունցիներին վերադառնալ:

Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:

Ինքնապաշտպանության ընթացքում Եվրոպայի տերություններին ուղղված օգնության դիմումներն ու խնդրագրերը մնացին անպատասխան: Նրանք, ելնելով իրենց շահերից, ուղղակի և անուղղակի օժանդակում էին Աբդուլ Համիդ II-ին: Ռուսաստանը, պատերազմի մեջ լինելով Ճապոնիայի հետ, չէր ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացասաբար էր վերաբերվում հայ ազատագրական շարժումներին:

Երկդիմի քաղաքականություն էր վարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Իմանալով զինատար և հայդուկային խմբեր Սասուն ուղարկելու մասին, անգլիացիները այդ մասին տեղյակ են պահում թուրքերին:

Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ևս սուլթանին սաստելու որևէ քայլ չկատարեցին:

Սասունի դեպքերով չեն վերջանում թուրքական բռնությունները: Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Դիմադրելով ջարդարարներին և հայ բնակչությանը թուրքական նոր սադրանքներից զերծ պահելու համար, հայդուկային խմբերի զգալի մասը որոշում է աստիճանաբար հեռանալ Արևմտյան Հայաստանից: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Օսմանյան իշխանությունները գերագույն ճիգեր են գործադրում խիզախ հայդուկի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն։

Posted in Հայոց Պատմություն

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ

Նախ և առաջ հասկանանք հեղափոխության և հեղաշրջման տարբերությունը։

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ 
Արդի հայերենը հեղափոխություն բառը ժառանգել է գրաբարից (յեղափոխութիւն)։ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանում «յեղափոխութեան» արմատ է մատնանշվում «յեղ» արմատը, որը նշանակում է փոխել, մի վիճակից մեկ ուրիշին դարձնել։ Եվրոպական այլ լեզուներում հանդիպող revolution, revolucion ձևերը ծագում են լատիներեն revolutio բառից, որ նշանակում է շրջադարձ։

Ստուգաբանորեն «հեղաշրջումը» նույնն է, ինչ հեղափոխությունը. լատիներեն՝ revolutio — շրջում, հեղաշրջում: Սակայն քաղաքական պատմության մեջ «հեղափոխություն» հասկացությունը վերաբերում է լայնածավալ և երկարաժամկետ գործընթացներին («բնության, հասարակության կամ իմացության ցանկացած երևույթների ընդարձակման խորը որակական փոփոխություն»), մինչդեռ «հեղաշրջումը» կիրառվում է բուն իշխանափոխության իրադարձությունը նշելու համար, որի հետևանքները, ըստ իրենց մասշտաբների, բնավ հեղափոխական չեն:

Երիտթուրքերի հեղաշրջում

Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:

1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:

Posted in Հայոց Պատմություն

Հայ-թուրքական պատերազմ

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն

Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։

Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ Նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։

Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։

Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ և այլն։

Երևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

1920թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում միայն հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ։ Ռուսական կողմից բանակցությունները վարում էր Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը։

Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Իր հերթին Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից։

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից, և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել։

Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց։ Խորհրդային կառավարությունը Բ. Լեգրանի միջոցով պահանջեց Հայաստանի խորհրդայնացում։ Մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն։

1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) Սարգիս Կասյանի (1876–1937) նախագահությամբ և կարմիրբանակայինների ուղեկցությամբ Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) և հայտարարություն արեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։

Ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում 1920թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը որոշեց ընդունել «կարմիրների» առաջարկը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Երևանում, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)։ Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում։ Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ Հայաստանի հեղկոմի ձեռքը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ։ Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը։

Posted in Հայոց Պատմություն

Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականությունն ուսումնասիրում է միջազգային գործընթացներում գործող գլխավոր ուժերի դերակատարությունը և փորձում է տեսնել այդ զարգացումների հեռանկարները և ներկա ժամանակներում գործում են բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ, կազմակերպում են գիտաժողովներ և քննարկում են համաշխարհային զարգացման միտումները, լույս են տեսնում հետազոտություններ։ Աշխարհաքաղաքականությունը փորձում է ներկայացնել յուրաքանչյուր երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացման միտումները և ի հայտ են բերում այն հիմնական լծակները, որոնք գործում են միջազգային, միջպետական հարաբերություններում։ Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունը միջազգային հարաբերությունների պատմության վերանայում է նշանակում։ Իսկ դա նշանակում է, որ մեր օրերում կարևոր է դառնում աշխարհաքաղաքականության հետազոտությունների կարևորությունը, գիտական զարգացումը , առանց որի դժվար է կողմնորոշվել ժամանակակից աշխարհի փոփոխություններում։

Մեզ համար աշխարհաքաղաքականությունն ունի կարևոր նշանակություն․ մեր տարածաշրջանում պայքար է գնում և՛ գերտերությունների, և՛ տարածաշրջանային երկրների միջև։

Աշխարհաքաղաքականությունն իր մեջ բնորոշում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են միջազգային հարաբերությունների տեսությունն ու պրակտիկան հիմնված աշխարհագրական, աշխարհաքաղաքական , տնտեսական և բազմաթիվ այլ գործոնների վրա։

Ըստ հանրագիտական բառարանի՝ աշխարհաքաղաքականությունը միջազգային հարաբերությունների տեսության ֆունդամենտալ ուղղություններից մեկն է, որը բնութագրում է պետության տարածքային առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը, ձևերը։ Իսկ ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների, միջազգային ընկերակցության խնդիրներն ուսումնասիրվում են մի շարք գիտությունների կողմից։ Այսինքն՝ աշխարհաքաղաքականությունը գտնվում է մի շարք գիտությունների հատման կետում, բայց այն դիտվում է որպես առանձին գիտության ճյուղ, որն էլ ուսումնասիրում է միջազգային հարաբերությունների զարգացման հիմունքները, խնդիրները և փորձել մշակել ռազմավարական ծրագիր փորձելու դիմակայել այն մարտահրավերներին, որոնցում կանգնած է աշխարհը և հասարակությունը։ Աշխարհաքաղաքականությունը կոչված է ուսումնասիրելու տարբեր աշխարհների, պետությունների զարգացման մեխանիզմները, այն սկզբունքները, որը պետք է խնդիրների լուծման համար։ Այսպիսով՝ աշխարհաքաղաքականությունը որպես գիտության առանձին ուղղություն, ուսումնասիրում է համաշխարհային ընկերակցության գործունեությունը , զարգացումը, նրա սուբյեկտները, նրա կենսագործունեության առանձնահատկություններն ու օրինաչափությունները։

Աշխարհաքաղաքականությունն իր մեջ ներառում է այն հիմնահարցերը, որոնք իշխանության տարբեր շրջանների համար գտնվող անհատները պետք է իրականացնեն,որը նշանակում է, որ միջազգային հարաբերությունները անհատների փոխշփում է։ Հիմնական մեթոդները և եզրակացությունները ըմբռնելի են, ընկալելի իշխանության ավելի բարձր մակարդակում գտնվողների համար։ Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունը իշխանության աշխարհայացնք է։ Որքան անհատը վեր է բարձրանում սոցիալական սանդղակով, այնքան աշխարհաքաղաքականությունը վերացականից վերածվում է գործելակերպի։
Յուրաքանչյուր պետություն ձգտում է որոշել գտնել իր տեղը այն պետությունների համատեքստում, որ ձևավորվում են դարերի ընթացքում։ Շահում են այն պետությունները, որոնք իրենց քաղաքականության մշակման գործում կաևորում են ազգային քաղաքական շահը, իսկ հետո կարևորում են մյուս պետությունների հետ ունեցած հարաբերությունների ձևակերպումը։ Ներկա ժամանակներում, երբ աշխարհը դարձել է մեկ փակ գոտի, երբ աճել է միջազգային հարաբերությունների ազդեցությունը ժողովուրդների վրա, ժամանակակից աշխարհի իրողության ճիշտ ընկալումը կարող են որոշակի հիմք հանդիսանալ, նախապայման դառնալ պետության կայուն զարգացման համար։

Posted in Հայոց Պատմություն

Համեմատություն — Սան-Ստեֆանոյի պայմանագրի կետեր։ Բեռլինի վեհաժողովում քննարկված կետեր

Որպես առաջադրանք՝ համեմատեք Սան-Ստեֆանոյի պայմանագրի կետերը և Բեռլինի վեհաժողովում քննարկված կետերը։ Ինչո՞ւ համաձայն չէին մեծ տերություններն այդ կետերի հետ, ինչո՞ւ փոփոխեցին և ո՞ր կետերն էին մեզ համար ձեռնտու, որոնք՝ ոչ․ այս հարցերի պատասխանները ևս գրեք ձեզ մոտ։

Սան Ստեֆանոյի պայմանագրով Չերնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիա և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բուլղարիան (Արևելյան Ռումենիայով,  Մակեդոնիայով  և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։ Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856 թվականի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում ՝ Արդահանը, Կարսը,  Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։

Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։

Posted in Հայոց Պատմություն

Մկրտիչ Խրիմյան

Խրիմյան Հայրիկը հայ պատմության կարևորագույն դեմքերից է, ով այնքան գործեր կատարեց հայերի,Հայաստանի համար։ Նրանից, նրա անցած ուղղուց շատ բան կարելի է սովորել, դասեր քաղել։ Մարդ, ով լինելով հոգևորական դասի ներկայացուցիչ, բոլոր ոլորտների զարգացման գործում ներդրում ունեցավ։ Պարզապես դիտեք, ուսումնասիրեք․ իր խոսքերն ու գործունեությունը այսօր էլ չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը։ Առաջարկում եմ սկսել այս նամակն ընթերցելուց։ Մտածեք յուրաքանչյուր տողի մասին։

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:

Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:

Posted in Հայոց Պատմություն

Բեռլինի վեհաժողով

1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:

Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա`   ի վնաս հայերի:

Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի`   ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը:

Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած`   Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է:

Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ`   Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

Posted in Հայոց Պատմություն

Սան-Ստեֆանոյի պայմանագիր

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում:Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝  թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթում։ Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։  Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի`    Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն՝  Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։ 

Posted in Հայոց Պատմություն

Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։

Կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։

2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին։

Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան:


3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։

Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:


4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։

Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային:


5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

Կառաջարկեյի որ գրաված տարածքերը չվերադարձնեն Օսմանյան կայսրությանը քանի որ դա արդեն գրաված էր։

Posted in Հայոց Պատմություն

Բուխարեստի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի միջև , 1812թ հուլիսի 5-ին Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջան։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։