Posted in Հարիսայի ծես

Հարիսայի ծեսին ընդառաջ

Հարիսայի ծեսը մեր հերթական ավանդական համեղ ծեսերից մեկը, որը կրթահամալիրինն է արդեն տարիներ շարունակ: Այն մի տոն է, որը համախմբում է սեբաստացիներին՝  բոլոր տարիքի, բոլոր ժամանակների, միասին համտեսելու, երգելու ու պարելու, ավանդույթը պահպանելու և ամփոփելու «Մխիթար Սեբաստացու» օրերը կրթահամալիրում:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով, որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները զուտ հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդապատում.
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։