Posted in մանկավարժություն

Երեխայի զարգացման ոլորտներ

1. Շարժողական ոլորտ

1.1 Խոշոր շարժումներ

1.2 Նուրբ / մանր շարժումներ

2. Խոսքի և հաղորդակցման ոլորտ

2.1 Բանավոր խոսք

2.1.1 Խոսքի ընկալում և օգտագործում

2.1.2 Լեզու և հաղորդակցում

2.1.3 Խոսքի քերականական և հնչյունաբանական իմացություն

2.2 Գրավոր խոսք

2.2.1 Վաղ ընթերցանություն և հետաքրքրություն պատկերազարդ գրքերի նկատմամբ

2.2.2 Վաղ գրաճանաչություն

3. Իմացական ոլորտ

3.1 Մտածողություն և տրամաբանություն

3.2 Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

3.3 Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

3.4 Սոցիալ — մշակութային, կենցաղային կողմնորոշում և վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ․

4. Սոցիալական, հուզական և անձնային ոլորտ

4.1 Սոցիալական զարգացում

4.1.1 Փոխհարաբերություններ մեծահասակների հետ

4.1.2 Փեխհարաբերություններ հասակակիցների հետ

4.2 Սոցիալական վարք

4.3 Անձնային զարգացում

4.1.3 <<Ես կոնցեպցիան>>

4.4 Հուզական զարգացում

5. Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ

5.1 Ինքնասպասարկում

5.2 Անվտանգություն

6. Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ

6.1 Հետաքրքրասիրություն

6.2 Նախաձեռնություն

6.3 Մասնակցություն և հետևողականություն

6.4 Տեխնոլոգիա

6.5 Ուշադրություն

6.6 Հիշողություն

6.7 Պրոբլեմների հիմնավորում և լուծում

6.8 Դիտարկում, հետազոտում

Posted in մանկավարժություն

ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները — Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրություն — Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները — Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը — Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք: Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով: Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք: Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն: Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում — Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար: Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների օրինական շահերի պաշտպաությունը ծնողների կողմից — Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը — Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը — Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից: Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք: Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք: Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը: Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի: Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին: Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք: Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ: Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունք — Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք: Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների: Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը — Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը — Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով: Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն: Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

Հոդված 25. Երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում — Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ: Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները — Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում: Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը — Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը — Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը — Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը: Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին: Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը — Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթակելիս — Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք: Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում — Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ: Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք: Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը — Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետությունը — Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

Հոդված 36. Պատասխանատվություն օրենքը խախտելու համար — Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Posted in մանկավարժություն

Մանկավարժի ընդհանուր բնութագիր

ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ

Մարդասիրություն Բարություն Համբերանարություն Արդարամտություն
Ազնվություն
Պատասխանատվություն
Պարտավորվածություն
Անմիջականություն, պարզություն
Լավատեսություն
Բարյացակամություն, անկեղծություն
Զսպվածություն
Հավասարակշռված կեցվածք, ինքնատիրապետում,
Կարգապահություն
Ինքնասիրություն,
արժանապատվություն
Ինքնաքննադատություն
Ընկերասիրություն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Սեր և նվիրվածություն երեխային
Օբյեկտիվություն
Հանդուրժողականություն
Աշխատասիրություն
Անշահախնդրություն
Համառություն, նպատակասլացություն
Կազմակերպվածություն
Զիջելու, ներելու կարողություն
Մանկավարժական ռիսկ և ռոմանտիկա
Վստահելու, հավատալու ունակություն
Մանկավարժական տակտ
Պահանջկոտություն
Մանկավարժական կուլտուրա
Հարգանք երեխայի անձի հանդեպ
Մանկավարժական ռեֆլեքսիա
Մանկավարժական հաղորդակցման կուլտուրա

Իմ կարծիքով դաստիարակը պետք է լինի հանգիստ, հանդուրժող, իր գործին նվիրված, կարողանա տալ և ստանալ այն ինչը ակնկալում է երեխայից։ Լինի հետաքրքիր, կազմակերպված, կարողանա երեխաներին զբաղեցնել, որոշ գիտելիքներ տա։

Posted in մանկավարժություն

Ձեր ձեռքերը պետք է խնամեն ոչ թե պատժեն

Տեսանյութում ցուցադրվում է ձեռքեր որոնք ծնողներն են, երեխային հագցնում են, կերակրում են, ուղորդում են, խաղում են, օգնում են որպիսզի երեխան հաղթահարի դժվարությունները, հեծանիվ վարելուց սկզբում ապահովում էին երեխայի անվտանգությունը, իսկ հետո ձեռքը ձուլվում է ճանապարհի մեջ, երեխան դառնում է ինքնուրույն։ Վերջում երեխան քնում է սիրո մեջ։

Posted in մանկավարժություն

Մասնագիտական բառարան

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Նախադպրոցական կրթության ծրագիր — փաստաթուղթ, որով սահմանվում է աշխատանքի բովանդակությունը, ձևերը, կիրառվող մեթոդները և այն, թե երեխաները ինչ պիտի իմանան ու կարողանանա անել ըստ տարիքային խմբերի։

Նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր — Պետական ծրագրից տարբերվող կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշիչով սահմանված արդյունքները։

Նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր — Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է։

Նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր — Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որը ներդրվում է փորձնական կարգով։

Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր — Նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը՝ հիմնական ծրագրերից դուրս։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախադպրոցական կրթություն — Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը ապահովում է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացումը, և նախապատրաս-տում է դպրոցին։

Նախադպրոցական ուսումնական հաստատություն — Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն, որը ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր, ունի մասնագիտացված աշխատակազմ, մեթոդական և նյութատեխնիկական բազա:

Նախակրթարան — Հանրակրթական դպրոցների հիմքի վրա կազմակերպվող ծառայություն, որն իրականացնում է պետական, այլընտրանքային կամ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի սաների համար:

Երեխաների զարգացման կենտրոն — Կազմակերպություններ, որտեղ իրականացվում են նախադպրոցական տարիքի (0-6 տարեկան) երեխաների խնամքն ու կրթությունը՝ պետական, այլընտրանքային կամ հեղինակային ծրագրերին համապատասխան: Զարգացման կենտրոնները պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիցենզավորվել։

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ներառական կրթություն — Կրթություն, որը ապահովում է յուրաքանչյուր երեխայի կարիքին և առանձնահատկություններին համապատասխան, մատչելի միջավայր պայմաններ և ուսուցում, որը օգնում է նրան սովորել, զարգանալ և հասնել չափորոշչով սահմանված արդյունքներին։

Կրթության առանձնահատուկ պայմաններ — Յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացման համար ստեղծված պայմաններ, աջակցող միջավայր, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ — Երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ —Ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողներին։

Անհատական ուսուցման և զարգացման պլան ԱՈՒՊ — Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված անհատական պլան առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Նախադպրոցական տարիք — երեխայի մինչև 6 տարեկան հասակը

Նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ — Երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ

Նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ — Տարատարիք երեխաների խումբ, որը աշխատում է տարբեր տարիքային խմբերի կրթական և զարգացման ծրագրերով։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ — Փաստաթուղթ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակությունը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները

Ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ — Զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր։

Մանկավարժական աշխատողի ատեստավորում — մանկավարժի մասնագիտական գիտելիքների, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում