Ուժերի համազոր կոչվում է այն ուժը, որը մարմնի շարժման վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին:
1. Ուժերն ուղղված են մի ուղղությամբ՝ համուղղված են: Փորձերի արդյունքում պարզվել է, որ (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է այդ ուժերի մեծությունների գումարին. R=F1+F2
2. Ուժերն ուղղված են հակադիր ուղղություններով (հակուղղված են): Փորձերի արդյունքում պարզվել է, որ այս դեպքում` հակուղղված ուժերի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համազորն ուղղված է մեծությամբ մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է մեծ ու փոքր ուժերի մեծությունների տարբերությանը. R=F1−F2, եթե F1>F2R=F2−F1, եթե F1<F2
Եթե մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մեծություններն իրար հավասար են (F1=F2), դրանց համազոր R ուժը հավասար է զրոյի։
Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժ, կմ/վ, սմ/վ և այլն: Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով:Օրինակ54 կմ/ժ =54.000 մ/3600 վ =54⋅(1/3,6) մ/վ =15 մ/վ 15 մ/ր =15⋅(1/60) մ/վ =0.25 մ/վ և այլն:
Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորդ հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտեք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:
Այստեղ ուրիշ հարց կա. միայն Երկի ՞րն է օժտված այդ ընդունակությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու նախադրյալներ ստեղծվեցին 15-րդ դարում, երբ լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսը ստեղծեց տիեզերքի կառուցվածքի մասին տեսությունը: Համաձայն այդ տեսության՝ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: 16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 17-րդ դարում անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը, ընդհանրացնելով կուտակված փորձը, առաջ քաշեց վարկած այն մասին, որ այդ հատկությամբ օժտված են ոչ միայն Երկիրն ու Արեգակը, այլև բոլոր մարմինները:
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում: Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն: Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը: