ԿԱՏՎԻ ՁԱԳԵՐԸ
Երեք փոքրիկ կատուներ
Մի օր տնից դուրս եկան,
Ոչ ման գալու գնացին,
Ոչ էլ խանութը՝ ձկան:
Նրանք տնից դուրս եկան,
Որ գտնեին կովի կաթ,
Եվ կովի կաթը գտան
Ձագուկները չալ ճակատ:
Իսկ որտեղի՞ց կաթն անուշ
Կատվի ձագերը գտան:
Գտան՝ երբ որ մեր բակի
Մանկապարտեզը մտան:
Խաղում ենք մեկ ուրիշ խմբի հետ, երեխաներին բաժանում ենք խմբերի (կատուներ, ձկներ, կովիկներ), կատուները վազվզում են, ձկները խառնաշփոթ են ստեղծում, կովիկները ձայներ են հանում։ Կատուները գնում են մյուս խումբ երեխաները սկսում են վազվզել իսկ կատուները գողանում են կաթը։
Հովհաննես Թումանյան — <<Իրիկուն>>
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։
Երեխաներին բաժանում ենք խմբերի (արև, տերև, թռչնակ,ն նապաստակ, լուսին, որսորդ) այնուհետև իրենց տողերը ասելով կատարում են գործողությունները։