Posted in Մանկական գրականություն

Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ 2֊3 տարեկանների համար

Ծափխաղ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ջաղացս մանի, մանի
Ջաղացս մանի, մանի
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ցորենը ալյուր անի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Ջաղչի քարեր չըխկչըխկա,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Քունըս անուշ կտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Աղունը փոշի, փոշի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ալրատունը կըհոսի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Ախպեր ջան, խուրջինըդ բեր,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ածենք լուսը ալուրի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Բաղարջ կանեմ ջաղացի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Հոտը խելքըս կըտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Ձեռնախաղ, «Ժնջիլ, ժնջիլ»

—  Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ուր ա՞:
—  Կովն ա կերե:
—  Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ուր ա՞:
—  Մորթեցին, կերան:
—  Ժնջիլ, ժնջիլ , բա իմ փայ միսիկն ուր ա՞:
—  Դրեցի լուսամուտ:
—  Ժնջիլ, ժնջիլ, բա ուր ա՞:
—  Կատուն էկավ, տարավ, կերավ:
—  Ժնջիլ, ժնջիլ , բա չկարեցա՞ր բռնես:
—  Չէ:
—  Դե ա´ռ քու ձեռ, կորի´ էստեղից:

Թռնոցի — գովք

-Էսպես աղջիկ ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Մեյդանը հարսնիք ունի:
— Իմ աղջիկը խաս աղջիկ է,
Ջրի միջի թաս աղջիկ է,
Նստել է գոգս՝ կերգե,
Ոտներ վեր – վեր կնետե,
Ինչ կա, չկակլոփե, Տատին կգա աղջկաս կըթռցնե՜:
Թը՜ռռ…(Վերջին խոսքերի հետ երեխային ոտքի վրայից թռցնել գետնի վրա ու թռցնել:)
— Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

Ըստում, ընդում

Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ:

Ասեմ, չասեմ

Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

Ադե, մադե, քանի՞ մատ է

Երեխաներից մեկը ձեռքերը մեջքի ետև պահելով, հարցնում է խաղընկերոջը.
— Ադե, մադե, քանի՞ մատ է: (Ատատե, բատատե, քանի՞ մատ է:)

Խաղընկերը տաս թվի սահմաններում ասում է որևէ թիվ: Եթե համընկնում է մատների թվին, փոխում են տեղերը: Եվ այսպես շարունակ:

Մանկախաղաց՝ «Ճոր պար»

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Սովորում ենք «Ջաղացս մանի, մանի» ազգային երգը 5 տարեկան քոլեջիկների հետ։

Posted in Մանկական գրականություն

Մանկավարժական մոտեցումներ

Դաստիարակի մասնագիտական ուսուցման նոր կազմակերպում։

Սե՞ր, թե՞ հարգանք, կարևորն ազատությունն է։

Տառուսուցում.ոչ թե նպատակ, այլ միջոցներից մեկը։

Մեծ խաղ. Խոսքը` խաղալիք։

Տառաճանաչություն.ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց։

Ինքնագնահատում։

Սա մեծ խաղի մի մասն է…

Posted in Գործնական աշխատանք

Հոկտեմբերյան օրեր #3

Առավոտյան նախավարժանքը այսօր կատարեցինք դրսում, բարձրանալուց հետո լվացվեցինք և նստեցինք նախաճաշելու: Այսօր բնագիտական ստուգատես էր։ Երեխաները բերել էին իրենց սիրած մրգերը։ Առավոտյան լվացին մրգերը, տեղավորեցին զամբյուղների մեջ, և քանի որ եղանակը արևոտ էր այգում փռեցինք մարզական գորգն ու սկսեցինք բնագիտական ստուգատեսը։ Ուսումնասիրեցին մրգերը, հաշվեցին, համեմատեցին կորիզները, մրգի չափերն ու գույները։ Այնուհետև, խաղի միջոցով «բացահայտեցին» մրգերի հոտը, համը, ուսումնասիրեցին սերմերը, պարզեցին, թե որ կորիզը, որ մրգինն է։

Պատրաստվում ենք բնագիտական ստուգատեսին

Բնագետիկները ուսումնասիրում են մրգերը

Բնագիտական խաղ

Posted in Գործնական աշխատանք

Հոկտեմբերյան օրեր #2

Քանի որ դրսում արդեն ցուրտ է, նախավարժանքը արեցինք մեր խմբասենյակում, վերհիշեցին սովորած երգերը և բանաստեղծությունները։ Նախաճաշից հետո խաղացինք <<օղակախաղ>>, որը նաև շնչառական վարժություն էր։ Խաղը ավարտելուց հետո հագնվեցինք և գնացինք ինքնագլոր վարելու:

Posted in խոսքի զարգացում

Մանկավարժական ինվարիանտներ։ Սելեստեն Ֆրենե

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է:

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում:

Ինվարիանտ 3. Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված:

Ինվարիանտ 4. Ոչ ոք (այդ թվում՝ և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են:

Ինվարիանտ 5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել:

Ինվարիանտ 6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում:

Ինվարիանտ 7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ:

Ինվարիանտ 8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասանելի:

Ինվարիանտ 9. Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը մոտիվացված դառնա:

Ինվարիանտ 10. Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային:

Ինվարիանտ 10 ա. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության: Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից:

Ինվարիանտ 10 բ. Ոչ թե խաղը այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը:

Ինվարիանտ 11. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը՝ իմացության համակողմանի և բնական մեթոդը:

Ինվարիանտ 12. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին:

Ինվարիանտ 13. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ:

Ինվարիանտ 14. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին՝ մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է:

Ինվարիանտ 15. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ:

Ինվարիանտ 16. Երեխան չի սիրում ex cathedra3 բացատրություններ լսել:

Ինվարիանտ 17. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում:

Ինվարիանտ 18. Ոչ ոք՝ ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե արվում է հրապարակավ:

Ինվարիանտ 19. Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են:

Ինվարիանտ 20. Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել:

Ինվարիանտ 21. Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին:

Ինվարիանտ 22. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգապահություն, կարգ ու կանոն:

Ինվարիանտ 23. Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է:

Ինվարիանտ 24. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում:

Ինվարիանտ 25. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է:

Ինվարիանտ 26. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին:

Ինվարիանտ 27. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. Ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել:

Ինվարիանտ 28. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է: Ուսոցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է:

Ինվարիանտ 29. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին:

Ինվարիանտ 30. Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, լավատեսական հավատն է կյանքի հանդեպ:

Առանձնացրել է հետևյալ մանկավարժական ուղղվածությունները.

երեխայի անձի առավելագույն զարգացում խելամտորեն կազմակերպված հասարակության մեջ, որը պետք է ծառայի նրան, և որին ինքը ծառայում է,
վաղվա դպրոցը պետք է կենտրոնացած լինի երեխայի վրա՝ որպես հասարակության անդամի,
երեխան ինքն է կառուցում իր անձը, իսկ մենք օգնում ենք նրան,
պետք է ստեղծել հնարավորություններ ցանկացած ոլորտում յուրաքանչյուրի ազատ արտահայտման համար,
աշխատանքը կդառնա հիմնարար սկզբունքը, շարժիչ ուժը և ժողովրդական դպրոցի փիլիսոփայությունը,
պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելի լավ է, քան ավելորդ գիտելիքներով ծանրաբեռնված միտքը,
ողջամիտ կարգապահությունը կազմակերպված աշխատանքի արդյունք է,
ժողովրդական դպրոցը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական հասարակության։
Դաստիարակության մեջ գլխավոր էր համարում.

Երեխայի առողջությունը, իր ստեղծագործական կարողությունների զարգացումը, ձգտում դեպի գիտելիքները,
Բարենպաստ միջավայրի ստեղծումը,
Սարքավորումներ և տեխնիկական միջոցներ (Ս. Ֆրենեն առաջարկել է պարզագույն ուսուցողական մեքենաների օրիգինալ կառուցվածք)։

Posted in Գործնական աշխատանք

Հոկտեմբերյան օրեր #1

Այսօր օրը անձրևոտ էր: Նախավարժանքից հետո լվացվեցինք և նստեցինք նախաճաշելու: Գունավոր թղերով պատրաստեցինք ինքնաթիռներ: Այսօր ինչպես արդեն գիտեք լողի օրն է: Հագնվեցինք վերցրեցինք մեր լողի պարագաները և ուղևորվեցինք դեպի լողավազան: Լողավազանը գտնվում է Արևմտյան դպրոց պարտեզում:

Posted in խոսքի զարգացում

Անլուրջ մանկավարժություն։ Յանուշ Կորչակ

Դու, իհարկե, ո´չ չարամիտ ես, ո´չ էլ աղմկարար: Դու բռնկուն ես և պոռթկուն: Օ՜, խոստովանում եմ` ես էլ, ես նույնպես այդպիսին եմ:
Հիշում եմ, երբ քո տարիքին էի, անվերադարձ ծանոթացա դասընկերոջս հետ, իսկ հետո տեսա, որ գործերս վատ են. անպիտան, ստախոս, ծույլ մեկն է: Ուզում եմ բաժանվել նրանից, իսկ նա կպել է, ինչպես կոկոծ: Ի՞նչ անել: Ես նրան ասում եմ. «Այսպես, այսպես, դու այսպիսին ես, անջատվիր ինձանից»: Իսկ նա ծիծաղում է և չի նեղանում: Իմ ասածը միայն կատակի է վերածում. մեկ ոտ է պահում, մեկ գլխարկս է գլխիցս հանում, մեկ էլ` հրում: Ես կարող եմ նրա հետ այլ կերպ վարվել, այնինչ նա ձյունը լցնում է օձիքիցս ներս: Աչքերիս առաջ սևացավ: Ինչ լինում է, թող լինի: Դուրս կվռնդեն դպրոցից, թող վռնդեն, Սիբիր կաքսորեն, թող աքսորեն, կախաղան, թեկուզ կախաղան: Եվ նա էր հիմարացել, և ուսուցիչը: Իսկ ես մռութին էի հասցնում, մեջքին, վզին… Ո՞վ է մեղավոր: Հիմա ես կարցերում եմ, վարքս երկուս է, իսկ տանը… Դե ծնողներիս կանչեցին:
Այդպես էլ մինչև հիմա թպրտում եմ: Իսկ ինչու՞: Բռնկուն եմ: Ոչ կին ունեմ, ոչ թոռ: Իմ ազգականներից մեկը հասարակության մեջ դիրք ունի, մյուսը թոշակ է ստանում և տնամերձ հողամասով տուն ունի: Ով մահացել է, գոնե այրի ունի, ծաղիկներ են բերում գերեզմանին, իսկ ես մենակ եմ, բոլորովին մենակ թպրտում եմ իմ այս արատով: Ես ինձ համար պատիժ մտածեցի` ապաշխարանքը: Հենց աղմուկ եմ բարձրացնում, տրամվայի պտտվող երթուղով երեք անգամ պետք է կտրեմ անցնեմ ամբողջ Վարշավան: Կամ կես օր ինձ ծխել չի կարելի:
Բայց պոռթկման ժամանակ կարելի է նաև խելացի բաներ անել, այդ դեպքում դա նույնիսկ դրական հատկանիշ է: Օրինակ` պոռթկումի պահին սեղմում ես ատամներդ ու …, կառչում ես գիտությունից: Բայց պետք է հետևես քեզ, որովհետև կռիվներին, սկանդալներինՙ մեկը կրակում է, մյուսը` խմում, բարկանում ես, գալիս է պահը, և թեկուզ հանցագործ չես, բայց անվերադարձ և անզգուշաբար ընկնում ես փորձանքի մեջ: Այո´, այո´… Ինչ-որ մեկի քարտը չի բացվում, նա սրտանց շպրտում է քարտերը և այլևս չի խաղում, իսկ մի ուրիշը ընկնում է ծուղակը և կրկնապատկում է խաղագումարը: Այո´, եղբա´յր, պետք է հետևես ինքդ քեզ:
Մի անգամ ինձ մոտ մի մայր եկավ. նա երեք տղա ուներ: Երեխաները մաքուր էին, ինչպես բյուրեղի կաթիլներ. մեկը մեկից կրակի կտոր: Եվ ի՞նչ:
Այտուցներ, մազափնջեր, հարված կերած աչքեր, կապտուկներ, աթոռներ, թանաք, իսկ հարևանները բողոքում էին: Նրանց մայրը մատներն է կոտրատում և ասում, «Օգնի~ր, հոգեբա´ն»: Շարք կանգնեցրի նրանց և հետևում եմ: Իսկ նրանք. «Այդ նա էր սկսել, իսկ ես ի’նչ, պետք է լռեի՞: Նա առաջինն էր»: Հարցնում եմ, թե շաբաթվա ընթացքում քանի անգամ են կռվել: Չգիտեն, չէին հաշվել: Այդպես ճիշտ չէ, պետք է հաշվել միավորները:
Ամենափոքր վեճը մեկ միավոր է, միջինը` երկու, ուժեղ կռիվը` երեք: Որքա՞ն է ձեզ անհրաժեշտ կիրակիից մինչև մյուս կիրակի: Գրել և հաշվել: Եթե հավաքեք տասը միավոր, նշանակում է միջին հաշվով հինգ կռիվ է եղել: Եվ ի՞նչ: Ցանկացար կռվել, բայց միանգամից մտածում ես` ո´չ, մեղք են, շաբաթը դեռ նոր է սկսվել, խնայեմ, թողնեմ կռիվները սև օրվան: Եվ ինքդ քեզ ասում ես. «Այսօր չէ: Վաղը ես նրան կմորթեմ»:
Սարսափելիորեն ուզում ես մեկին «մորթել», բայց հետաձգում ես, որովհետև գտնում ես, որ չես ուզում հաշիվը խախտել: Դու դեռ չես կռվել այս շաբաթ. չես ցանկանում զրկվել հիպոտեքից: Ահա արդեն չորեքշաբթի է, իսկ դու հինգ կռվի իրավունք ունես: Նորից. նա առաջինը սկսեց, խանգարեց, վիրավորեց, եթե ես չսկսեի, ինքն էր սկսելու, իսկ ինչո՞ւ լռել: Բայց քեզուքեզ մտածում ես. չէ՞ որ տոն օրերին ավելի հեշտ է, զբաղված են այսպես, թե այնպես, բայց, ոչինչ, բոլոր միավորները կթողնենք կիրակի օրվան: Կամ արդեն հետաձգել ես, և հանկարծ ընդհատում ես կռիվը, որ այն համարվի միջին, այլ ոչ թե խիստ: Կամ էլ հարմար է կիրակին, իսկ դու մտածում ես. «Հետո ինչ՞, ինչո՞ւ»: Հանգստանում ես, հավաքվում, կոփում ես բնավորությունդ: Եվ այդ չօգտագործված կռիվները հետձգում ես, ինչպես օրինակ, խնայողական դրամարկղում կուտակում ես անում լավ օրերի համար, իսկ ինքդ մտածում ես. «Ավելի լավ է մի անգամ կռվել այնպես, ինչպես պահանջվում է, քան երեք անգամ` մի կերպ»: Զնգզնգացնում ես այդ խնայած կռիվներդ, ինչպես գիտակցության ու ինքնատիրապետման ոսկե մանրադրամները: Ու˜խ, բերանիդ ջրերը գնում են, որքան ես դու ուզում կռվել (դու բռնկուն ես): Բայց, ո´չ, ի՞նչ իմաստ ունի: Մի օգուտ կա, որ նա կստանա, նա էլ: Բայց դու էլ կստանաս:
Երկրորդ միջոցը (իսկ առաջինը` հաշվելն էր) հայելին է:
Բանալիի օգնությամբ փակվում ես սենյակում և հայելու առաջ բեմականացնում ես երևակայության թատրոն: Ստեղծում ես վիրավորված, չար դեմք և՝ «փախի´ր, քանի չես բռնվել»: Եվ հայելու առաջ հաճույքի համար «կռիվ ես սարքում»: Եվ նայում ես: Նայում ես և օդը բռունցքներով ու ձեռքերով հարվածում: Քամի ես անում, թե չես անում, հիմար ես, թե հիմար չես: Հարվածներ, ֆինտեր, թեքումներ: Աչքերը` ինչպես ակնախոռոչներ, քիթը քրտնած, ատամները, հարվածները, ցատկերը` ինչպես էշ, էլ ուժ չկա, բայց ուզում ես, թե չէ, արդեն հանձն ես առել: Իսկ կռվից հետո ի՞նչ: Նայի´ր հայելու մեջ, դե´: Զարմացած դեմք, մի քիչ ավելի հիմար, ինչպես պարտվողինը: Ուղղվում ես, ձգվում, կոճկվում, նայում ես հետ, անճոռնի, ծիծաղելի, փքված, ցնցված: Ասացվածքն իզուր չի ասում. «Չարությունը գեղեցկության թշնամին է»:
Համեմատական դիտարկում՝ շներ և աքլորներ: Դու կռվից հետո գլուխդ ես կախում, իսկ նա՝ պոչը, դու կոճակներդ ես կորցրել կամ պատռվածքներ կան թևերիդ, դու քեզ ես թափ տալիս, խեղճ ու նիհարած, աքաղաղն էլ իրեն:
Առաջին միջոցը միավորները հաշվելն է, երկրորդը` հայելին, երրորդը`սուբլիմացիան: Քեզ չի սազում կռվել այնպես, ինչպես աղջկան է վայել: Բայց դու կարող ես կռվել որպես տղա: Նրանք խոսում են արագ, նույնպես կարմրում են, նույնպես քթերը փայլում են, աչքերը՝ նույնպես, ինչպես ակնախոռոչներ, և այլն, և այլն, իսկ վերջում. «Չեմ կռվի քեզ հետ, ոչ մի դեպքում քեզ չեմ պատասխանի»: Իսկ տղան կռվում է այլ կերպ: Այդ ուրիշը սկսում է, «Վախեցա՞ր, դե´ փորձի´ր, վախենո՞ւմ ես»: Իսկ դու հագնում ես հեգնանքի դիմակը և ատամների արանքից նետում. «Վախենում եմ, այո´, որ հետո գլխիդ հարկ կլինի ոսկե թագ դնել»:
Եվ հետո, եթե նա հարցնում է (նենգորեն տրված հարց), եթե հարցնում է. «Ուզո՞ւմ ես հոգսի տակ ընկնել»,- մի´ ասա. «Ուզում եմ»: Կամ նա կասի. «Է´յ, հոգսի տակ կընկնես», իսկ դու՝ հապա փորձի´ր: Նա հետո կասի, որ դու ինքդ խնդրեցիր, դե ինքն էլ փորձեց:
Ասում են` զայրույթի պահին պետք է լեզուն կծել: Այնքան էլ պրակտիկ միջոց չէ: Դու ուզում ես նրան փշրել, վերացնել երկրի երեսից, այնինչ դրա փոխարեն, ինչպես հիմար, սեփական լեզո՞ւդ պիտի ծամես:
Բայց մի ուրիշ միջոց էլ կա. մինչև նրան առաջին անգամ մորթելը, ասա այսպիսի մի լատինական ասացվածք՝ concordia parvae res crescunt, discordia maximae dilabuntur: Կարելի է նաև մեր լեզվով ասել. «Համաձայնությունը կառուցում է, անհամաձայնությունը՝ ավիրում»: (Երեխաներն ասում են, որ լատիներենով այս առածը ավելի լավ է գործում): Ճիշտ է, բողոքում են, որ չափից ավելի երկար է, և կարելի է չհասցնել: Բայց կարելի է ուղղակի օրը երեք անգամ ուտելուց հետո կրկնել այն՝ որպես քաղցրավենիք: Փակել աչքերը և դանդաղ կամ արագ ասել՝ concordia res parvae crescunt:
Հինգերորդ միջոցը ամենակարևորն է. ուժեղ կամք: Քաշել ես սանձը, ինքը քեզ տանում է, իսկ դու չես ուզում՝ անկոտրում կամք ես դրսևորում, ինչպես սպարտացի: Ոչ աքաղաղ ես, ոչ էլ շնիկ, այլ մրրիկ: Բայց միանգամից մի´ հարձակվիր, թե չէ կբորբոքվես ու` պարտություն: Ո´չ, դու ձգտում ես նպատակիդ, հաշվում ես կռիվներդ, քայլ առ քայլ գնում ես դեպի շտկում՝ դեպի հաղթանակ:
Հետո ի՞նչ: Մարդն առանց կամքի պիժոն է, փոքրիկ բմբուլ, խամաճիկ (կցատկոտի, եթե քաշես պարանից): Մարդն առանց կամքի եղեգ է, փոշեհատիկ, կոշիկ, գլխարկ, լալկան, փչած պղպղջակ: Առանց ուժեղ կամքի նա ի՞նչ է: Բարակ տաշեղ, թել, օղացանց, կծու պաստեղ, թխվածք: Ֆուո՜ւ: Առանց կամքի գլխանոց է, կտոր, շուլալ, չամչահատիկ, երկուս, շողք, պիծակ:
Մարդն առանց ուժեղ կամքի ամենա-ամենա վեցնոցն է, մնացուկ, փոշեհատիկ, մարինացված սունկ, անտառային թռչուն, մռութը շիմշատի մեջ խրած խոճկոր, մարդն առանց կամքի փոշու շոր է, այտուց է, մետաքսե գուլպայի հանգույց, հորթի մսի սառեցրած դոնդող:
Ես գիտեմ՝դու դյուրաբորբոք ես: Ես ոչ մի խրատ էլ չեմ տալիս, չեմ սիրում մտնել ուրիշի հոգին: Դրանք ձեր ներքին խճճված գործերն են: Ես գիտեմ. կարճ ընդհատումները, դինամիտը, հանգեցնում են կռվի պայթյունի: Դուք ձեր գործերը բոլորից լավ գիտեք: Հաճախ, համենայն դեպս, հնարավոր չի լինում խուսափել կռիվներից: Բայց որ օրվա մեջ երեք անգամ բախվե՞ք, երեք որո՞տ, երեք դինամի՞տ: Դա արդեն չափից շատ է:
Ես գիտեմ` մեծերի համար ավելի հեշտ է: Նրանք ունեն դատարաններ` քաղաքացիական, շրջանային, պատվի, առևտրային, ծովային, զինվորական, կարգապահական և նույնիսկ շատ հազվադեպ՝ մենամարտերի:
Դրա համար էլ ես չեմ արգելում պատանիներին, եթե ուժերը հավասար են կամ, եթե ավելի ուժեղը չափավորում է իր հարվածը, իսկ ավելի թույլը չի իրագործում արգելված բռնելաձևեր: Եվ չի կարելի հրահրել. «Մի´ հանձնվիր, վախկո´տ, խփի´ր դրան, բռնի´ր դրան, ինչպես շանը»: Չի կարելի ուրախանալ և ծաղրել:
Երեխաները բացականչում են. «Տեսե˜ք, նրանք քաշքշում են իրար»: Ես միանգամից գալիս եմ և նայում, բայց չեմ խառնվում: Ինչու՞: Եթե մեկի ձեռքից բռնեմ, մյուսը կօգտվի դրանից և ոտքերով կհարվածի նրան, այդ դեպքում առաջինը ավելի շատ կբորբոքվի: Իսկ հետո ինչ՞: Ես նրանց «ոչ մասնագիտորեն» կբաժանեմ, իսկ նրանք հետո կվերջացնեն կռիվը մեկ այլ վայրում: Կամ էլ կվախենան, որ ես կընդհատեմ, և չեն հասցնի ավարտել, բայց շտապելու ընթացքում «գործը» կփչացնեն: Եվ իդեալական բյուրեղացված կռվի փոխարեն մենք կստանանք դեֆորմացված, աղավաղված, հակաբնական կտորտանք, հատված, կրծուկ:
Կռվում նորեկի համար ամենավախենալին է. չգիտի, չի կանխատեսում, չի կարողանում, միանգամից բռունցքով հարված է ստանում քթին: Լինում են շատ արնահոսող քթեր, փորձառու կռվարարը գիտի այդ մասին և զգուշության համար այդպիսի հարվածներից խուսափում է, իսկ նորեկը թակարդն է ընկնում: Մեծերը միանգամից ասում են. «Արյո~ւն, ավազա´կ »: Իսկ նա իրականում ավազակ չէ, ամբողջ խնդիրն ուղղակի վերոնշյալ քթերի հատկությունների մեջ է:
Ես գիտեմ` չի կարելի բռնել կոկորդից, հարվածել փորին, պտտել գլուխը, կոտրել մատները (կռվի երկրորդ փուլում ): Չի կարելի պատառոտել շորերը: Շորերը, աթոռները, սարքավորումները ընդամենը չեզոք դիտորդներ են: Բայց ճիշտ կռիվը` սկզբունքների պահպանմամբ, տեխնիկական, խորացված, կռիվը որպես այդպիսին, արժանի է հարգանքի, ուսումնասիրման և հետաքրքրության: Եվ հենց դրա համար էլ հարգանքից ելնելով` ոչ այդքան հաճախ, պետք չէ սովորական երևույթ դարձնել և գռեհկացնել: Երբեմն, բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ փախչել, ինչ-որ մի դատարկ բանի պատճառով:
Հենց դրա համար էլ ես մտածել եմ հինգ եղանակ: Եվ հենց ուժեղ կամքի դեպքում էլ արգելակում ես: Այո´, կամքը առյուծի ճանկ է, արծվի փետուր, բազեի թև, բայց բռունցք չէ կամքը:

Ուշադրություն
Ես կռվի կողմնակից չեմ: Բայց որպես դաստիարակ` պարտավոր եմ դրանք իմանալ: Գիտեմ: Չեմ դատապարտում: Հաշտվել եմ դրանց հետ: Ես կարող եմ այս թեմայի շուրջ ամբողջ մի ժամ, երկու ժամ խոսել: Սա արդիական թեմա է: Իսկ ի՞նչ, միայն արգելե՞լ և ուրիշ ոչի՞նչ:

Posted in Բանահյուսություն

Բանահյուսության տեսակներ

Հեքիաթ

Հովհաննես Թումանյան — <<Անբան Հուռին>>

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.

Բամբակը կորիզոտ է։

Մաստակ պիտի, որ ծամեմ,

Կըտերը տիտիկ անեմ,

Անցնողին մըտիկ անեմ.

Ուտեմ, խմեմ,Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։ Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…— Բե՛ր, բե՛ր, բե՛ր… Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։ Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…Զոքանչը թե.— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Առած — ասացվածք

Ամեն բանի վերջն է գովելի։

Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։

Առակ

Շունն ու իր ստվերը

Շունն անցնում էր գետի երկայնքով և միս էր բռնած տանում: Հանկարծ նա տեսնում է իր արտացոլանքը ջրի մեջ և մտածում՝ այնտեղ մի այլ շուն կա, որ միս ունի: Նա նետում է իր բաժինը մի կողմ և շտապում խլել այդ շան սնունդը: Իհարկե, գետակի արտացոլանքում երևացող միսն իրականում չկար, հետևաբար շնիկը չի կարողանում այն գտնել, իսկ իր սեփականը գետի ալիքը քշում, տանում է: Եվ վերջում շնիկը մնում է ձեռնունայն: 

ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա. — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։ Պատասխանում են. — Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։ Առակիս միտքը հայտնի է. աշխարհիկ և եկեղեցական չար առաջնորդները՝ տանջելով հպատակներին, չեն պահպանում նրանց ուրիշների վտանգից։

ԾՈՎԻ ԳՈՐՏԵՐԸ

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին. — Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։ Ծերերից մեկն ասում է. — Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։ Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։ Առակիս մեջ իմաստություն կա, նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։

Վեպ

Նար-Դոս — <<Ես և Նա>>

ԵՍ

Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի, ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Սակայն աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, թե պատրաստվում է ամուսնանալ, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը։

ՆԱ

Վենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե հողեղեն չէ։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չէր երևում Վենեցիայի փողոցներում։

Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող»։

Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։

Ավանդություն

Տաթև «Հոգին սուրբ տա թև»

Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

Հանելուկ

Մեկիկ-մեկիկ

Հավաքվեցին,

Տատի գոգը

Դատարկեցին: (Հավեր)

Իբրև թե հյուր

Մտավ գոմ,

Տարավ,կերավ

Հորթ ու կով: (Գայլ)

Առասպել

Վահագն վիշապաքաղ

Վահագնը որին անվանում էին վիշապաքաղ, պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածն էր։ Ավելի ուշ շրջանում նա փոխարինել է Խալդի աստվածությանը (Խալդին եղել է Ուրարտական շրջանի գերագույն աստվածը)։ Վահագնի ծնունդը կախված է Երկնքից ու երկրից, ծովից ու եղեգնիկից

  1. Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
  2. Երկնում էր և ծովը ծիրանագույն,
  3. Ծովում երկունքի ցավով էր նաև կարմիր եղեգնիկը։
  4. Եղեգնի փողից ծուխ էր ելնում,
  5. Եղեգնի փողից բոց էր ելնում,
  6. Եվ բոցից վազում էր խարտյաշ պատանեկիկը։
  7. Նա հուր հեր ուներ,
  8. Ուներ բոց մորուք,
  9. Եվ աչիկներն էին արեգակներ։

Արեգակը պաշտեցին և Վահագն կոչեցին

Հին ձեռագրերից մեկում հենց այդպես էլ նշված է, որ հայերը «Արեգակը պաշտեցին և Վահագն կոչեցին»։ Այսինքն նա նաև արեգակի աստվածն էր։ Նա մարտնչում էր և հաղթում չար ոգիները մարմնավորող վիշապների դեմ։ Դրա համար էլ նրան կոչեցին վիշապաքաղ։ Նրա հարսնացուն էր Աստղիկը, իսկ Աստղիկի տաճարը կոչվում էր սենյակ Վահագնի։

Posted in Տնտեսագիտություն

Ի՞ նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը

●Տնտեսագիտությունը ուսումնասիրում է բարիքի և ծառայությունների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման ընթացքում մարդկանց միջև ծագած հարաբերությունները կապված սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարման հետ։

●Տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։

●Տնտեսական պահանջմունքը որևէ բանի նկատմամբ եղած կարիքն է։

●Արտադրության անմիջական նպատակը մարդկային պահանջմունքների բավարարումն է։

●Տնտեսական ռեսուրսները նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն են։

●Ռեսուրսները լինում են բնական, աշխատանքային,նյութական, ֆինանսական, տեղեկատվական։

•Բնական֊ հողը, նրա ընդերքը, անտառները, ջուրը, օդը, օգտակար հանածոները և այլն։
•Աշխատանքային֊ մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակություններն են, որոնք նրանք օգտագործում են նյութական բարիքներ և ծառայություններ ստեղծելիս։
•Նյութական֊ արտադրության միջոցներն են, որոնք օգտագործվում են ապրանև ծառայությունների արտադրության մեջ։
•Ֆինանսական֊ դրամական ռեսուրսների այն ամբողջությունն
են, որոնք կարող են օգտագործվել որևէ խնդիր լուծելու և ապրանքների ու ծառայությունների արտադրության կազմակերպման համար։
•Տեղեկատվական֊ գիտատեխնիկական հեղափոխության ծնունդ են։ Դրանք ձեռնարկություններին ապահովում են արժեքավոր տեղեկատվությամբ, որն օգտագործվում է արտադրական գործունեությունում համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ։

●Արտադրության գործոնների հիմնական տեսակներն են աշխատանքը, կապիտալը, հողը,ձեռնարկատիրությունը։
Արտադրության գործոն են նաև տեղեկատվությունը և գիտությունը։

●Բարիքը այն ամենն է, ինչն ընդունակ է բավարարելու մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Մեծություն

Երեխաներին պետք է ծանոթացնել առարկայի հատկանիշներին ՝ համեմատելով ինչպես տարբեր չափի, այնպես էլ միևնույն չափի ունեցող երկու առարկաներ ՝ ըստ մեծության, բարձրության, լայնության, երկարության և հաստության։

ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

Մեծություն~ մեծ, փոքր, հավասար, միևնույն։
▪︎Սովորեցնել մեծության որևէ հատկանիշի համաձայն առարկաները դասավորել աճող և նվազող կարգով։ Սովորեցնել հասկանալ հատկանիշի հարաբերականությունը։
▪︎Սովորեցնել մեծությունների անմիջական գնահատումից անցնել չափման աշխատանքներին, որը հնարավորություն կտա հասկանալ թվի կախվածությունը ընտրված չափից։
▪︎Առարկաների մեծության մասին երեխաների ունեցած պատկերացումները սիստեմատիկաբար ամրապնդել և կիրառել նրանց գործունեության զանազան ձևերում։

ՄԵԾ~ՓՈՔՐ

Սովորաբար երեխաները լավ հասկանում են «երկար֊կարճ», «հաստ֊բարակ», «լայն֊նեղ», «մեծ֊փոքր» բառերի իմաստը, սակայն օգտագործել իրենց խոսքում դժվարանում են և հաճախ այդ «երկար», «լայն», «բարձր» բառերը փոխարինում են «մեծ» բառով, իսկ «կարճ», «նեղ», «ցածր» բառերը՝ «փոքր» բառով։
Այդ բառերը ճիշտ հասկանալու համար պետք է սկզբում համեմատել միայն մեկ հատկանիշով իրարից տարբերվող երկու առարկա։ Օրինակ ՝ երբ որոշելու եք առարկայի չափը, անհրաժեշտ է խնդրել երեխային մեծ առարկան վերցնել երկու ձեռքով՝ միաժամանակ արտասանելով «Ինչքան մեծ է»։ Նույն կերպ վարվում ենք, երբ առարկան փոքր է։ Միայն այս դեպքում առարկան վերցնում ենք մեկ ձեռքով ՝ միաժամանակ արտասանելով «Իսկ սա շատ փոքր է«, նույնիսկ, երբ ափս փակում եմ առարկան չի երևում։

«Մեծ» և «փոքր» բառերը ամրապնդել կարող եք նաև կենդանիների համեմատման ժամանակ։

Posted in Բնագիտ. բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Երեխաների էկոլոգիական և բնագիտական դաստիարակությունը

Երեխաների էկոլոգիական և բնագիտական դաստիարակությունը մանկավարժության մի ուղղություն է, որը կազմավորվել է վերջին տարիների ընթացքում և փոխարինել է ավանդական, բնության հետ ծանոթացման ծրագրերը։ Ի տարբերություն այդ ավանդական մեթոդների, որտեղ երեխային սովորեցնում էին անվանել և տարբերել բնության օբյեկտները՝ որտեղ երեխաները սովորում էին տեսնել բնության որոշ առանձնահատկություններ ՝ արտաքին տեսքը, կենդանիների վարքագիծը, բույսերի աճի պայմանները, դրանց խնամքը և այլն,նոր մեթոդները առաջացան առաջին հերթին մարդու և բնության փոխազդեցության և էկոլոգիական խնդիրների բարձրացման շնորհիվ։ Երկրագունդ մոլորակի վրա կյանքի պահպանման խնդիրը ուղակիորեն կապված է մարդու և բնության փոխհարաբերություններից։ Այսպիսով մարդկությունը պետք է հոգ տանի բնական միջավայրի պահպանության մասին ինչը թույլ կտա գոյատևել մարդկությանը։ Այդպիսի անցումը հնարավոր է մարդու և բնության փոխհարաբերությունների ձևավորման նոր տեսակի դեպքում։
Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական դաստիարակությունը ունի կարևոր դեր, քանի որ այդ տարիքում ներդրվում են անձի էկոլոգիական մշակույթի հիմքերը։ Էկոլոգիական դաստիարակության արդյունքը դա անձի էկոլոգիական մշակույթի և բնության հետ գրագետ փոխհարաբերությունների համադրություն է։ Դա բնության մասին գիտելիքն է, բնության պահպանության ռեալ հմտություններն են, ինչպես առօրյայում, այնպես էլ այլ գործունեության ժամանակ։ Էկոլոգիական և բնագիտական դաստիարակության հիմնական խնդիրներն են ՝

  1. Երեխայի մոտ էկոլոգիական գիտակցության ձևավորումը։
  2. Գործնական հմտությունների զարգացում բնության տարատեսակ գործունեության մեջ (այդ գործունեությունը պետք է կրի բնապահպանական բնույթ)։Այդ գործունեության ընթացքում երեխաները սովորում են ստեղծել կենդանական և բուսական աշխարհի համար համապատասխան բարենպաստ պայմաններ։ Կարևոր է համարվում նաև, որ երեխան սովորի կանխատեսել վնասակար գործունեության հետևանքները ,ինչպես ճիշտ վարվել բնության մեջ, պահպանել առանձին կենդանի օրգանիզմների և համակարգերի գոյությունը։
  3. Բնության հանդեպ բարիադրացիական վերաբերմունքի դաստիարակություն։ Էկոլոգիական գիտելիքների պաշարը թույլ է տալիս երեխաներին ձևավորել համապատասխան վարվելակերպ։ Այդ գիտելիքներում կարևոր դեր է խաղում բնության օրենքների մասին հասանելի ձևով տրամադրված գիտելիքները։ Մանկավարժը պետք է կարողանա արթնացնել երեխաների մոտ կարեկցանքի, սիրո, հոգատարության, ինչպես նաև ուրախության և հիացմունքի զգացողություններ բնության հետ առնչվելիս։ Ոչ պակաս կարևոր է նաև սովորեցնել երեխային գնահատել իր սեփական, իր հասակակիցների, մեծերի արարքների վերաբերյալ գնահատման ունակությունը։

Էկոլոգիական մշակույթի կարևոր մաս է կազմում երեխաների կողմից կենդանի և անկենդան աշխարհի միասնության և փոխկապվածության գաղափարի ընկալումը։ Անկենդան բնությունը ներկայանում է որպես կենդանի օրգանիզմների պահանջների բավարարման աղբյուր։ Օրինակ ՝ կենդանի և անկենդան աշխարհի կապը արտահայտվում է նաև տարբեր օրգանիզմների հարմարեցման մեխանիզմի միջոցով (ձկները ապրում են ջրի տակ։ Նրանց բնակության միջավայրը ջուրն է, ինչը նաև պայմանավորված է ձկների կառուցվածքով և կյանքի պայմաններով)։

Posted in Նխդպ․ ֆիզիկական դաստիարակություն

Ֆիզիկական կուլտուրայի առարկայի ծրագիր

Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողին մասնագիտական կրթություն տալն է։ Նախապատրաստելու ինքնուրույն կյանքին, կարողությունների և հմտությունների ապահովելն է։ Այստեղ մեծ դեր ունի ֆիզիկական կուլտուրա առարկան։ Այս առարկայի հիմնական նպատակն է առողջ, ներդաշնակ զարգացած, բավարար ֆիզիկական պատրաստվածությամբ, առողջ ապրելակերպին տիրապետող, տարբեր իրավիճակներում կողմնորոշվող քաղաքացի ձևավորելն է ։
Շրջանավարտը պետք է լինի՝
հայրենասեր, իմանա իր երկրի տարբեր բնագավառներում արվեստի և մարզական նվաճումների մասին, ունենա գիտելիքներ, կարողություններ և հմտություններ կյանքում կիրառելու համար, իմանա իր իրավունքները, պարտականությունները, առողջ ապրելակերպի կանոնները, լինի ազնիվ, օրինապահ։

Առաջադրանք
Ի՞նչ պետք է իմանա շրջանավարտը ֆիզիկական կուլտուրա առարկայից։

Ավագ դպրոց ավարտողը պետք է կարողանա ՝ արագությամբ վազել…

Տիրապետի որևէ մարզախաղի…

Դրսևորի ինքնավստահություն….

Ցուցաբերի փոխօգնություն…

Արժեքային համակարգ
Կունենա պատրաստվածություն և պատասխանատվություն սեփական առողջության պահպանմանը։
Ունենա ֆիզկուլտուրայով զբաղվելու մշտական պահանջ։

Ֆիզիկական դաստիարակությունը նպաստելու սովորողների շարժողական ընդունակությունների մշակմանը։
Արագաշարժություն, ճարպկություն…

Ֆիզիկական կուլտուրայի դասի ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։

Ֆիզիկական կուլտուրան տարրական դպրոցում։

Նկարագրել իմ առաջին ֆիզկուլտուրայի դասը։