Posted in Առաջին բուժօգնություն

Ատամների խնամք

Նախադպրոցական բաժնի մեր խմբով ընկեր Քրիստինեի հետ միասին իրականացրեցինք ատամի խնամքի նախագիծը։
Այս անգամ գնացել էինք Արևելյան դպրոց , որտեղ Արմինե Մնացականյանյի դասարանի երեխաներին սովորեցրինք ճիշտ լվանալ ատամները։
Սկզբում թղթի վրա նկարեցինք ատամներ, իսկ հետո կապույտ գույնով ճիշտ շարժումներով(վերևից ներքև) ներկեցինք վերևի ատամները։ Նույն գործողությամբ կանաչ գույնով ներկեցինք ներքևի (ներքևից վերև) ատամները։
Իսկ սեղանատամները ՝ դեղին գույնով։
Մեր նկարը նման էր ամպիկի, խոտերի և արևի։

Որոշները նույնիսկ գլխի ընկան, թե ինչի է նման մեր պատկերը։
Երեխաները ակտիվ մասնակցեցին նախագծին։

Posted in Իմ գրադարան

Մարկ Արեն — Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն

Մարկ Արեն կամ Կարեն Մարգարյան արդի հայ արձակագիր, մասնագիտությամբ տնտեսագետ։ Բնակվում է Մոսկվայում։

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թվականին։ Երևանյան գրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեսթսելլեր։ Այս վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության օրոք հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայ են եղել։

Վեպի հիման վրա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նկարահանել է «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը։

Գրքից մեջբերումներ`

► «Նաև մենակությունը. այն սառը ջրից ավելի է սոսկալի: Գիտե՞ք, մսյո՛, եթե ձեզ մոտ աքվարիումում հայտնվի միայն մեկ ձկնիկ, նա կսկսի կարոտել և գուցեև մեռնի կարոտից: Եվ գիտե՞ք, թե նման դեպքում ինչ պետք է անել: Աքվարիումի մեջ պետք է հայելի դնել, և նա կհանգստանա…»: Իսկ եթե հայելին ջարդվե՞լ է: Մի ակնթարթում աշխարհը տրոհվել է բազմաթիվ սուր բեկորների: Միախառնվել, փախատեղվել են սերը, վախը, կապվածությունը, քնքշությունը, վրեժը… Այս պատմության հերոսներից յուրաքանչյուրը կգտնի լուծման իր եղանակը: Թույլ կտա, որ ապակու ջարդված բեկորը խրվի սիրտը: Կձևացնի, թե ոչինչ չի պատահել: Կփորձի կազմել նոր արտապատկեր: Կյանքի, ընտանիքի, ինքն իր…

► Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել:

► Բայց ամեն բան, առավել ևս ամեն մի լավ բան, ունի իր ավարտը…

► Չկա ավելի վատ բան, քան արբեցուցիչ հույսերի քաղցր գերին:

► Բոլոր երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ` վախի միջով: Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը: Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել: Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ:

► Այժմ ամենից լավը ժամանակավոր անհետանալը կլիներ, պարզապես գոլորշիանալը, փակվել մի խաղաղ անկյունում, ամեն ինչ լավ կշռադատել, գտնել ճիշտ լուծում, բայց կյանքը մեզ չի տալիս փրկարար դադարներ…

► Երբ սիրում են, արդեն չեն մտածում, իսկ երբ մտածում են` նշանակում է չեն սիրում:-Քեթ

► Մի մարդու առավելությունը մյուսի նկատմամբ էլ որտե՞ղ է այդպես ակնհայտորեն դրսևորվում, եթե ոչ ռինգում:

► Ինչ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում պատահական հանդիպումները:

► …Նա ձգտում էր չնայել ժամացույցիցն…այդպես ժամանակն արագ էր անցնում:

► Պետք է այնպես ապրել, որ ասես մեռած ես արդեն: Եվ պետք է այնպես մեռնել, որ արդարացնես քո կյանքը:

► Աղքատները մշտապես պարտքերի մեջ են, բայց իրենք երբեք չեն մերժի նրան, ով ավելի է աղքատ…

► Նա բարի և խելացի մարդ է: Իսկ այդպիսին հազվադեպ է հանդիպում չէ՞: Որ խելացին բարի լինի:

Posted in Ամառային ճամբար

Այցելություն «Արմավ շարունակական կրթության կենտրոն»

Նախագիծը ստորև ՝

  • Նախաձեռնությունը ՝ Էլյա Սահակյանի

  • Օրը ՝ 18.06.21

  • Ժամը ՝ 11։30

  • Նպատակը ՝ Ծանոթանալ կենտրոնի միջավայրին, կիրառվող մեթոդիկային, խաղերին և ինքներս փորձել կիրառել դրանք՝ շփվելով երեխաների հետ։

  • Մասնակիցներ ՝ Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնի 2/1 կուրսի ուսանողներ, հասարակագիտության ուսուցչուհի՝ Էլյա Սահակյան

  • Արդյունք ՝ մասնակիցները կամփոփեն բլոգներում, կտեղադրենք տեսանյութ
Posted in Ֆիլմադարան

«Կրիաները ևս կարող են թռչել» — Բախման Գոբադի

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում փախստականների ճամբարում: 2003 թ. ԱՄՆ-ի՝ Իրանի վրա հարձակման արդյունքում շատ ընտանիքներ անօթևան են մնում, իսկ երեխաները կորցնում են իրենց ծնողներին: Որբ մանուկները փորձում են հարմարվել նոր իրականությանը, սակայն անկախ ամեն ինչից երեխաները մնում են երեխաներ, որոնք սիրո և քնքշության կարիք ունեն:

Ֆիլմում նկարահանված երեխաներից շատերը իրականում փախստականներ են:

Ֆիլմը «Ոսկե արջի» դափնեկիր է:

https://youtu.be/pq0XzVIsFaU

Posted in Ֆիլմադարան

«Դրախտի գույնը» Մաջիդ Մաջիդի

Ֆիլմը մի կույր փոքրիկ տղայի մասին է, որն ապրում է գիշերօթիկ դպրոցում: Ամառային արձակուրդներին, սակայն, բոլոր երեխաները տուն են գնում: Մուհամեդը հույս ունի, որ հայրը կգա նրա հետևից, սակայն հոր համար տղան ուղղակի գլխացավանք է, որը միայն հոգս է պատճառել: Հոր համար ամենակարևորը իր նոր սիրելին է, որի հետ նա շուտով կամուսնանա:
Կույր տղայի միակ հույսը Աստված է, որն առաջնորդում է նրան:

https://youtu.be/1dPeJQnMK30

Posted in Գրականություն

Իմաստունի խորհուրդները

Իմաստունը եկավ մի մեծ քաղաք և կանգ առավ մի երկնաքերի առջև: «Այստեղ օգնության կարիք կա»,- մտածեց: Մտավ վերելակ ու բարձրացավ հարյուրերորդ հարկ: Մի բնակարանից նա լսեց հոր բղավոցը: Դուռը բացեց երիտասարդ մայրիկը և տխուր ժպտաց:
— Ի՞նչ է հարկավոր, ծերո՛ւկ,- հարցրեց նա:
Կրկին լսվեց հոր բղավոցը: Կինն անհարմար էր զգում:
— Հեռուստացույցի էկրանը թմրեցնում է մեր Երեխային, դրա համար էլ հայրը պահանջում է, որ նա անջատի հեռուստացույցը,- ներողություն խնդրեց կինը:
Իմաստունն ասաց.
— Նրան լույսով ողողիր, և էկրանը կխամրի նրա առջև:
— Ի՞նչ,- զարմացավ երիտասարդ մայրը,- այդ դեպքում նրան համակարգիչը կկլանի:
Իմաստունը խոսեց.
— Երեխային մշակույթո՛վ լիացրու, և համակարգիչը նրա համար անհրաժեշտ իրերի տուփ կամ գրքերի դարակ կդառնա:
— Հա՛,- հարցրեց մայրը,- իսկ եթե նա ամբողջ օրը թրև գա փողոցո՞ւմ, ինչպես վարվել այդ դեպքում:
Իմաստունը պատասխանեց.
— Նրա մեջ կյանքի իմաստի հասկացությունը ծնիր, և նա կճանապարհվի՝ իր Ուղին փնտրելու:
— Ծերունի՛,- ասաց երիտասարդ մայրիկը,- ես զգում եմ քո իմաստնությունը: Ինձ խրատնե՛ր տուր:
Իմաստունը պատասխանեց.
— Ճշտի՛ր քո մեջ լույսի լիությունը, ճշտի՛ր քո ծարավը մշակույթի հանդեպ, ճշտի՛ր քո մեջ քո Ուղին:

Մայրիկը խելացի և բարի կին էր, դրա համար էլ մտածեց. «Բավարար չէ ապրել երկնաքերի հարյուրերորդ հարկում՝ պնդելու համար լույսի, մշակույթի և Ուղու մասին: Ես պիտի թափանցեմ իմ հոգու խորքերը, որ հասկանամ, թե ով եմ ես իմ զավակների համար, և ովքեր են նրանք ինձ համար»:
Իսկ եթե նա խելացի չլիներ, ծերունուն կասեր. «Դու հարյուր հարկ բարձրացել ես, որ մի կտոր հա՞ց խնդրես, թե՞ ինձ հիմար խրատներ տաս»:
Բայց նա ասաց.
— Շնորհակալ եմ, ծերունի:

Աղմուկի վրա դժգոհ տեսքով եկավ ամուսինը:
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա կնոջը,- սա ո՞վ է:
— Նա իմաստուն է,- պատասխանեց կինը,- հարցրու, թե ինչպես պետք է դաստիարակել մեր երեխաներին, նա քեզ կասի:
Տղամարդը ծերունու վրա մի փորձարկող հայացք նետեց:
— Լավ,- ասաց տղամարդը,- թվարկի՛ր խնդրեմ երեք հատկանիշ՝ որդուս դաստիարակելու համար:
Իմաստունը պատասխանեց.
— Արիությունը, հավատարմությունը, իմաստնությունը:
— Հետաքրքիր է, թվարկի՛ր խնդրեմ երեք հատկանիշ դստերս դաստիարակելու համար:
Իմաստունն ասաց.
— Կանացիությունը, մայրությունը, սերը:
— Օ՜,- բացականչեց կնոջ ամուսինը,- դա հրաշալի է: Ինձ խորհուրդներ տուր, ծերունի՛:
Իմաստունը ժպտաց.
— Ահա քեզ երեք պատգամ. եղի՛ր եղբայր քո երեխաների համար, ապաստա՛ն եղիր նրանց համար, կարողացի՛ր սովորել նրանցից:

Հայրը խելացի և կամային անձնավորություն էր, դրա համար էլ որոշեց ինքն իրեն. «Նշանակում է՝ պիտի փոխեմ իմ վերաբերմունքը որդուս ու դստերս հանդեպ, և ես դա կանեմ»:

Բայց եթե նա խելացի չլիներ, կմտածեր. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է դուրս տալիս այս ծերուկը՝ արիություն, կանացիություն, սեր… Ո՞ւմ են պետք մեր աշխարհում այս բորբոսնած հասկացությունները: Եվ ի՞նչ պետք է ես սովորեմ իմ զավակներից՝ հիմարություննե՞ր, հանդգնությո՞ւն: Դա առաջին հարկի մանկավարժություն է, ոչ թե երկնաքերի հարյուրերորդ հարկում ապրողի»:

— Շնորհակալ եմ, ծերունի՛,- պատասխանեց հայրը և դիմելով կնոջն՝ ասաց.– Ինչ որ հարկավոր է, տո՛ւր նրան:

Բայց Իմաստունը չսպասեց պարգևների, մտավ վերելակ ու սեղմեց իջեցնող կոճակը: Նա շտապում էր:

Posted in Գրականություն

Էլեգիա. աշխարհով քայլում է Իմաստունը

Իմաստունը տեսնում է՝ մայրը ուժգին սեղմում է Երեխային, պաչպչում մեկ թուշիկները, մեկ վզիկը, թևատակերը, լիզում է, կծում և կրքոտ բացականչում.
— Վա՜յ, դու իմ կյանքն ես… Իմ սերը… Իմ արևը… Իմ երջանկությունը, Իմ ուրախությունը:

Իսկ Երեխան տանջվում է, լալիս, թաթիկով մաքրում է լիզած տեղերը, ջանում է դուրս պրծնել, հարվածում է բռունցքներով, գոռում, կռվում մոր հետ:
— Բաց թող, բաց թող, գի՜ժ… թող ինձ… ինչ վատն ես…
Եվ վերջապես դուրս պրծնելով մոր ագահ գրկից` նրանից հեռու է վազում, պտտվում ու լեզու հանում:

Իմաստունը հարցնում է մորը.
— Ինչո՞ւ ես այդպես տանջում քո Երեխային:
— Ես նրան չեմ տանջում,- պատասխանում է մայրը,- ես սիրում եմ նրան, իսկ նա թույլ չի տալիս, փաղաքշել իրեն:
Ապա իմաստունն ասում է.
— Լսի՛ր առակը:

Մի մեծ ակվարիումում երփներանգ ձկներ էին լողում: Նրանց մեջ մի փոքրիկ ձկնիկ կար` գուպպին: Նրա փորիկը մեծացել էր ու սևացել. ծննդաբերելու ժամանակն էր: Մայր-գուպպին լողաց ակվարիումի կենտրոնը, նրան շրջապատեցին մյուս ձկները և սկսեցին հետաքրքրությամբ դիտել, թե ինչպես պիտի ծնի:
Գուպպին լարվեց և իր փորիկից դուրս նետեց մի պստլիկ կետ: Մայրիկը շրջվեց, որ նայի իր ձագուկին, բայց նա ակնթարթորեն բացվեց ու թաքնվեց ջրիմուռների մեջ: Գուպպին դուրս նետեց երկրորդ կետը, բայց սա էլ պոկվեց մորից:
— Ի՞նչ ճարպիկն են,- ծիծաղում էին անբան ձկնիկները:
Ահա և հայտնվեց երրորդ կետիկը:
Այս անգամ մայր-գուպպին առաջ անցավ ու կուլ տվեց նրան: Ձկները զարմացան:
Գուպպին կուլ տվեց նաև հաջորդին: Ձկները սարսափեցին:
Եվ երբ մայրը կուլ տվեց նաև երրորդ ձագուկին, ձկներն ապշեցին:
— Ի՞նչ ես անում,- ճչացին նրանք:
— Մի՞թե չեք տեսնում, ծնում եմ,- պատասխանեց գուպպին:
— Բայց դու ուտում ես քո ձագուկներին:
Մայր-գուպպին անկեղծորեն զարմացավ:
— Իսկ մի՞թե դուք չեք սիրում ձեր երեխաներին:
— Ի՞նչ կապ ունի սերը,- զարմացան ձկները:
— Ես նրանց այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ ուտել յուրաքանչյուրին… Բայց ինչպես տեսնում եք, ոմանք հասցնում են դուրս պրծնել իմ ձեռքից, ու ես չեմ կարողանում բավարարել իմ մայրական զգացմունքը…- պատասխանեց մայր-գուպպին:

Իմաստունը լռեց:
Տղայի մայրը խորը մտքերի մեջ ընկավ, իսկ իմաստունն օգնեց նրան հասկանալու իր զգացմունքները:

«Հասկացի՛ր, կի՛ն,— խորհում էր նա,- որդու հանդեպ անասնական սիրով տոգորված մայրը նրա առաջին թշնամին է: Երեխայի դաստիարակության հանդեպ անասնական սիրո զգացում ունեցող մայրերը նման են խժռող կրակի, որում այդ սերը վերածվում է մոխրի: Իսկ Երեխայի դաստիարակության հանդեպ սրտով ու խելքով սիրո զգացում տածող մայրերը նրան արարչական սիրուն են պատրաստում»:

Posted in Գրականություն

Աշխարհով քայլում է Իմաստունը

Կինը տեսավ իրենց բակով անցնող Իմաստունին և հրավիրեց հանգստանալու ընկուզենու ստվերում: Բակում շատ երեխաներ էին խաղում: Իմաստունը հարցրեց.
— Ինչո՞ւ այստեղ այսքան շատ երեխա կա:
— Ես որդեգրել եմ երեսուն անապաստան երեխաների: Իսկ լքվածներն ու ընչազուրկները հազարներով են, և իմ սիրտը ցավում է նրանց համար: Ուզում եմ որդեգրել բոլորին, բայց չգիտեմ՝ ինչպես անեմ,- տխուր ասաց կինը:

Իմաստունը հարցրեց.
— Նրանց մեջ քո սեփականը չկա՞:
— Կա՛, մեկը:
Իմաստունը հարցրեց.
-Նրանցից ո՞րն է:
— Որը պատահի,- պատասխանեց կինը:

Իմաստունը գլուխը խոնարհեց կնոջ առջև ու ասաց.
— Քեզ առակ եմ նվիրում:

Տափաստանով գետ էր հոսում: Փոքր էր, բայց նրա ափերին կյանքը ծաղկում էր, ծաղիկները փթթում էին, թռչունները՝ երգում, խոտը սվսվում էր, ուռենիներն արձակել էին իրենց երկար ճյուղերն ու շոյում էին գետը: Գետակն ուրախանում էր իր շուրջը եղած կյանքով, ու նրան թվում էր, թե ամենուր ամեն ինչ այսպես սքանչելի է: Մի անգամ գիշերով մի օձ գետը սողաց ու շշնջաց.
— Դու այստեղ ուրախանում ես, իսկ քո ափերից մի փոքր հեռու ամեն ինչ ոչնչանում է տոթից:

Թե որ այդ օձը բարի ու իմաստուն լիներ, կասեր գետակին. «Ինչ լավն ես դու, որ չես խնայում քո խոնավությունը ու ոչնչացումից փրկում ես տապից խանձված այս տափաստանի ծաղիկների, խոտերի ու ծառերի գոնե մի մասը»:

Բայց օձը այդպիսին չէր, այլ չար էր ու նախանձ: Գետակը տխրեց:
— Ինչպե՞ս օգնեմ տափաստանին:
— Հարցրու մարդուն,- ասաց օձը:

Առավոտյան մարդը լսեց գետակին:
— Լավ,- ասաց նա,- ես գիտեմ՝ ինչ անենք…

Եթե այդ մարդն իմաստուն ու հոգատար լիներ, գետակին կասեր. «Դու առանց այդ էլ անում ես առավելը, որ կարող ես»:
Բայց նա այդպիսին չէր, այլ անհոգի ու անփույթ մեկն էր:
Վերցրեց քլունգը և, առանց երկար մտածելու, գետակի ափերից բազում առուներ փորեց դեպի տափաստան: Առվի ջրերը ներծծվեցին ավազի մեջ, իսկ այն ափերը, որտեղով գետակը այլևս չէր հոսում, չորացան:

Գետակն ավելի տխրեց: Դրախտի թռչունը թռավ-եկավ նրա մոտ:
— Ի՞նչ է պատահել,-հարցրեց նա:
Գետակը նրան պատմեց իր տխրության մասին: Եվ դրախտի թռչունն ասաց նրան.
— Դու նրա համար չես ծնվել, որ ոռոգես ամբողջ տափաստանը: Դա քո ուժերից վեր է: Դարձի՛ր դեպի քո հունը ու կյանք տուր քո ափերին:
— Բայց ինձ տխրեցնում է տափաստանը:
— Դու ուրախացիր քո ափերի կյանքով, բայց և տխրիր խանձված տափաստանի համար: Ուրախությունը կամրապնդի քո ուժերը, իսկ մարդկային հայացքը կնկատի քո տխրությունը, ու ժողովուրդը, տեսնելով քո ափերին սփռված կյանքը, կհասկանա, թե ինչպես կենդանացնի ողջ տափաստանը: Ահա քո կոչումը:

Գետակը վերադարձավ իր հունը և հետը ուրախություն բերեց, որ կյանք է տալիս իր ափերին, ու տխրություն, որ չի կարող կենդանացնել ողջ հափաստանը։

Իմաստունի պատմությունը լսելով՝ կինը խանդաղատանքով նայեց բակում խաղացող իր բոլոր երեխաներին ու սրտի ցավով մտածեց հազարավոր ընչազուրկների մասին:

Իսկ Իմաստունը բարձրաձայն մտածումով օգնում էր կնոջը՝ իր զգացմունքները հասկանալու: «Ո՜վ Մեծահոգի Կին: Դաստիարակության ուրախությո՛ւն պարգևիր այնքան լքված ու ընչազուրկ երեխաների, որքան բավարարում է քո ուժը, իսկ մնացածների համար, ում բաժին չի հասել այդ ուրախությունը, պահպանիր լուսավոր թախիծդ ու արցունքներդ, քանզի դրանք փրկիչ են: Ո՜վ Մեծահոգի Կին: Սուրբ Մայր, որ իր մի Երեխայի միջոցով տեսնում է իր մեջ Երկրի բոլոր երեխաների Մորը, իսկ ամեն մի Երեխայի մեջ՝ իր սեփական Երեխային: Սուրբ Մայր, ով դաստիարակում է իր միակին նույն զգացումով, ինչպիսին բոլոր մյուսներին:
Թող Աստված օգնի քեզ»:

Posted in Գրականություն

Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը

Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը

Իմաստունը մտավ զբոսայգի ու նստեց նստարանի ծայրին:

Սպասեց:

Մի տղա եկավ, նստեց նույն նստարանին ու խորասուզվեց տխուր մտքերի մեջ:

Իմաստունը մտքում դիմեց նրան. «Հարցրո´ւ , և ես կպատասխանեմ»:

-Ծերո´ւկ, ինձ մի բան ասա,- հանկարծ ասաց տղան:

Իմաստունը պատասխանեց.

-Լա՛վ, լսիր ճշմարտացի պատմությունը: -Սատանան տեսավ գնդակ խաղացող հորն ու որդուն: Նրանք ծիծաղում էին, իրար եղբոր պես վերաբերվում:

«Լավ տղա է, — մտածեց սատանան, արի՝ հորից վերցնեմ տղային և առաջնակարգ փոքրիկ չարք դարձնեմ»:

Եվ նրան մի չարք կցեց: Սա վերափոխվեց տղային հասակակից մի դեռահասի և կարծես թե պատահաբար ծանոթացավ նրա հետ համակարգչային խաղերի ակումբում:

-Արի միասին խաղանք, — առաջարկեց նա տղային և խաղային ավտոմատի մոտ քաշեց, — սա շատ լավ կրակոտ խաղ է, սպանում ես ու սպանում ես…

Ապա տղային գայթակղեց խաղով. նրանք շատ կրակեցին ու շատերին սպանեցին:

-Իսկ հիմա արի մյուս խաղը խաղանք, — և նրանք տեղավորվեցին մյուս սարքի առաջ:

Այստեղ նրանք բանկի կողոպտիչներ էին խաղում, և իհարկե, սպանում էին բոլոր նրանց, ովքեր փակում էին իրենց ճանապարհը:

-Հիմա գնանք հաշվեցույցի մոտ, ես գիտեմ՝ ինչպես փող հանել նրանից:

Իսկապես, առաջին իսկ փորձից սարքը աղմուկով մանրադրամների կույտ շաղ տվեց:

-Վերցրու, բոլորը քոնն է, չէ՞ որ մենք ընկերներ ենք, ասաց տղային նոր «ընկերը»: -Վաղն էլ արի, ավելի ուրախ կլինի:

Տղան գոհ վերադարձավ տուն:

-Որտեղի՞ց քեզ այս փողերը, — հարցրեց հայրը:

Եվ նա պատմեց՝ ինչ լավ խաղեր է խաղացել և ինչ նոր «ընկեր» է ձեռք բերել: Հայրը խոժոռվեց:

-Որդիս, այս ամենն ինձ դուր չի գալիս: Խնդրում եմ, այլևս այնտեղ մի գնա, իսկ այդ փողերը կտանք աղքատներին:

Որդին վիրավորվեց, բայց լսեց հորը:

Սատանան տղային մի ուրիշ չարք կցեց:

Նա մի գեղեցիկ աղջիկ դարձավ և գնաց զբոսայգի՝ անվաչմուշկներով սահելու, որտեղ սահում էր նաև տղան: Հանկարծ տղայից մի քանի քայլ հեռու աղջիկը ոլորեց ոտքը և վայր ընկավ: Տղան օգնեց աղջկան, նստեցրեց նստարանին: Նրանք զրուցեցին: Շուտով աղջիկը սկսեց քնքշորեն շոյել նրան:

-Դու կարողանո՞ւմ ես համբուրվել, — հարցրեց աղջիկը, — իհարկե, կարողանում ես, դու տղամարդ ես: Արի՛ համբուրվենք:

Տղայի մարմնով դող անցավ:

Հետո նա գոտուց կապած պայուսակից թմրախոտ հանեց:

-Մենք արդեն մեծ ենք, արի ծխենք, քանի մեր շուրջը ոչ ոք չկա:

Տղան երկմտեց, բայց հանուն գեղեցիկ աղջկա և այն բանի, որ նա ասաց, թե իրենք արդեն մեծ են, նրա հետ ծխեց: Գլուխը պտտվեց, բայց հաճելի էր, թե աղջիկն ինչպես է շշնջում իր ականջին. «Դու տղամարդ ես, ես սիրում եմ քեզ»: Հետո նա ժամադրեց տղային նույն տեղում ու անհետացավ:

Հայրը գլխի ընկավ, որ տղայի հետ ինչ-որ վատ բան է կատարվել, և զգուշացրեց նրան.

-Խնդրում եմ, էլ զբոսայգի չգնաս:

Տղան չլսեց հորը, շարունակում էր հանդիպումները «աղջկա» հետ, և նրա հետ լկստվում: «Նա» տղային իր տղամարդն էր համարում՝ իր բոյֆրենդը:

Հայրը, տեսնելով, որ որդին ներամփոփ է դառնում և ինչ-որ բան թաքցնում է իրենից, վերջիվերջո հայտնաբերում է նրա հափշտակության հետքերը և անմիջապես բժշկի տանում որդուն: Նրանք շատ ջանք թափեցին, որ բուժեն տղային, և վերջինս հասկացավ, որ «աղջկա» հետ հանդիպելը վտանգավոր է իր համար:

Այդ ժամանակ սատանան երրորդ չարքին է հանձնարարում գայթակղել տղային: Նա դառնում է ձյուդոյի մարզիչ այն նույն սպորտային ակումբում, որտեղ պարապում է տղան: Նա ամեն ինչ անում է, որ դուր գա տղային: Տանում է նրան մրցումների, գովում: Իսկ մի անգամ՝ մարզումներից հետո, պահում է տղային երկու ուրիշ պարապողների հետ, հյուրասիրում նրանց մի բաժակ օղիով, և իբր պատահաբար նրանք սկսում են փողով զառ խաղալ:

Այդպես լինում է մի քանի անգամ, և տղան, որ սկզբից հաղթում էր, հայտնվում է իր մարզիչի պարտքի տակ: Վերջինս պահանջում է նրանից կա´մ վճարել, կա´մ կատարել իր մի հանձնարարությունը:

Հիմա տղան ծանր մտատանջությունների մեջ է. ինչպե՞ս վարվել:

Կվերադառնա՞ արդյոք նա հոր մոտ, որպես անառակ զավակ, ապաշխարելու, կխզի՞ կապերը խավարի հետ, ինչ-որ մեկից փո՞ղ կգողանա, թե՞ վերջապես կկատարի իր «մարզիչի» սարսափելի հանձնարարությունը: Մի ելք էլ կա, որի մասին նա մտածում է՝ վերջ տալ կյանքին ինքնասպանությամբ:

Օ՜, եթե երեխաներն իմանային, թե ինչ պայքար է գնում իրենց համար Լույսի և խավարի ուժերի միջև: Եթե նրանք հասկանային, որ մայրն ու հայրը իրենց պահապան-հրեշտակներն են:

Իմաստունն ավարտեց:

Տղան արցունքների միջից ասաց.

-Դա հենց ես եմ:

Իմաստունն ասաց.

-Ամեն ինչ քո ձեռքում է: