Posted in Հասարակագիտություն

Գործարքներ

Գործարք. ֆիզիկական ու իրավաբանական անձանց գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն: Գործարքին բնորոշ հատկանիշներն են.

  1. գործարքը համարվում է իրավաբանական փաստ,
  2. գործարքը միշտ իրավաչափ գործողություն է,
  3. գործարքը կամային գործողություն է,
  4. գործարքն ուղղված է սուբյեկտների միջև քաղաքացիական իրավահարաբերություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն,
  5. գործարքն իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այն կնքած անձանց, երբեմն նաև երրորդ անձի համար:

Գործարքի հասկացությունն ու դրա մասին գիտական դրույթները ձևավորվել են գերմանական իրավական համակարգում, որտեղ գործարքը բնորոշբում է որպես անձի կամքն արտահայտելուն ուղղված իրավական գործողությունների ամբողջություն` օրենքով թույլատրված շրջանակներում: Այս հասկացությունը անձնական կամքի ու օրենքի տեսության միջև կոմպրոմիս է: Անձնական կամքի տեսությունը հանգում է նրան, որ կամքն ու կամահայտնությունը բնորոշում են գործարքը, և առանց դրանց գործարքն անհնարին է: Երկրորդ տեսությունը արտահայտում է այն գաղափարը, որ կամքը և կամահայտնությունը նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռ իրավական կարգավորման չեն ենթարկվել:

Գործարքների էությունը հասկանալու համար շատ կարևոր է ևս մի բան. գործարքն ինտելեկտուալ բնույթ ունի: Մենք կարող ենք պայմանավորվել, որ գործարք կա, կամ կարող ենք պայմանավորվել, որ այն չկա: Հենց սրանով էլ գործարքը տարբերվում է, օրինակ, փաստական գործողություններից:

Քաղաքացիական իրավունքում առանձնացվում են գործարքների տարբեր տեսակներ` տարբեր չափանիշներից ելնելով.

  • Գործարքի կողմերից կախված` առանձնացնում են միակողմ և բազմակողմ գործարքներ,
  • Իրավական ուժ ստանալու պահից կախված` առանձնացնում են կոնսենսուալ և ռեալ գործարքներ,
  • Գործարքի հիմքի որոշակիությունից կախված` առանձնացնում են կաուզալ և վերացական գործարքներ,
  • Կախված գործարքի` որոշակի ժամկետով կնքված լինելուց` առանձնացնում են ժամանակավոր և անժամկետ գործարքներ,
  • Մասնակիցների փոխհարաբերություններից կախված` առանձնացնում են ֆիդուցիար և ալեատոր գործարքներ,
  • Գործարքի ձևից կախված` առանձնացնում են գրավոր և բանավոր գործարքներ:

Միակողմ է համարվում այն գործարքը, որի իրականացման համար բավարար է մի կողմի կամահայտնությունը: Այդպիսի գործարքը, որպես կանոն, իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այդ կամքն արտահայտած կողմի համար: Երրորդ անձանց համար իրավունքներ ու պարտականություններ առաջանում են միայն օրենքով կամ վերջիններիս համաձայնությամբ նախատեսված դեպքերում: Բազմակողմ է այն գործարքը, որի իրականացման համար պարտադիր է երկու և ավելի անձանց համաձայնությունը, այլ կերպ ասած` պայմանագիրը:

Քաղաքացիական իրավունքում գործարքների մեծ մասը կայացած է համարվում այն պահից, երբ կողմերը կայացնում են համապատասխան համաձայնությունը: Այդպիսի գործարքները կոչվում են կոնսենսուալ, լատիներեն consensus` համաձայնություն բառից: Այսպիսի գործարքները կնքված համարելու համար պարտադիր չէ գործարքի առարկայի հանձնումը մի կողմից մյուսին: Ռեալ գործարքները կնքված են համարվում այն պահից, երբ տեղի է ունենում պայմանագրի առարկայի հանձնում մի կողմից մյուսին: Անկախ համաձայնության կայացման պահից` այս գործարքները կնքված են համարվում այն ժամանակ, երբ փոխանցվում է գործարքի առարկա հանդիսացող գույքը:

Ժամանակավոր գործարքն ամրագրում է նշված երկու պայմաններից մեկը կամ երկուսը միաժամանակ.

  • գործարքի գործողության սկիզբը,
  • գործարքի գործողության ավարտը:

Այն ժամկետը, որի հետ կողմերը կապում են գործարքով սահմանված իրավունքների ու պարտականությունների ծագումը, կոչվում է հետաձգող: Օրինակ` կողմերը կարող են պայմանավորվել, որ մատակարարման պայմանագրով իրավունքներն ու պարտականությունները ծագում են մատակարարողի հաշվին գումարը նստելու պահից: Եթե գործարքը գործելու է որոշակի ժամանակի ընթացքում և կողմերը նշում են այն պահը, որից հետո գործարքը դադարելու է, այդպիսի ժամկետը համարվում է կասեցնող: Օրինակ, կողմերը պայմանավորվում են, որ վարձակալության պայմանագիրը դադարելու է հուլիսի 1-ին: Հնարավոր է, որ պայմանագրում միաժամանակ նշված լինեն և’ հետաձգող, և’ կասեցնող ժամկետները: Օրինակ` շենքի վարձակալության պայմանագրում կարող է նշվել, որ պայմանագրի գործողությունը սկսվելու է հունիսի 1-ին և դադարելու է սեպտեմբերի 15-ին:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել մեկնաբանություն