Սասունի Դավիթ էպոս: Սանասար և Բաղդասար — Սասունի Դավիթ էպոս: Սանասար և Բաղդասար առաջադրանք
Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ — Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ առաջադրանք
Օշոյի առակները — Օշոյի առակները առաջադրանք
Գրիգ <<Երկու սիլուետ>> — Գրիգ <<Երկու սիլուետ>> առաջադրանք
Գուրգեն Խանջյան — Գուրգեն Խանջյան առաջադրանք
15/11/2021 — 15/11/2021 առաջադրանք
Վանո Սիրադեղյան պատմվածքներ — Վերլուծություններ
Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց» — Միխայիլ Պոստնիկով <<Ապագայի թեքումով դպրոց>> առաջադրանք
1.Կարդացեք Ջ.Ռոդարու ,,Երևակայության քերականության,, հատվածը։
2. Գրեք փոքրիկ երևակայական պատմություններ։
Եղևնին դուրս եկավ արկղից և կանգնեց տան մեջտեղում։ Փոքրիկ Ալիսը վազեց, պտտվեց եղևնու շուրջը իսկ եղևնին հավասարվեց Ալիսի հասակին և ասաց.
— Դու սիրում ես Նոր տարին։
— Այո, սիրում եմ, գիտե՞ս այս տարի ձմեռ պապիկը ինձ հեծանիվ է բերելու։
— Իսկապե՞ս, շատ լավ է Իսկ դու չես ուզում ինձ զարդարել խաղալիքներով։
— Իհարկե ուզում եմ, չէ՞ որ ձմեռ պապիկը քեզ մոտ է թողնելու իմ նվերը։
— Դե սկսիր, ինձ զարդարել, շուտով կգա ձմեռ պապիկը իսկ ես դեռ պատրաստ չեմ։
—Մի տխրիր, տոնածառ քույրիկ ես քեզ հիմա կզարդարեմ խաղալիքներով և գունավոր լույսերով, և դու կլինես ամենագեղեցիկը։
Ալիսը սկսեց զարդարել եղևնուն և տվեց ամենատարբեր հարցերը իսկ եղևնին սիրով պատասխանում, խաղում և երգում էր Ալիսի հետ։
3. Փորձեք նախակրթարանի խմբերում իրավիճակներ ստեղծել, որտեղ երեխան փոքրիկ պատմություն կպատմի: Տեսագրեք պատումը:
Բառերի օգնությամբ կարող ես արարել այն, ինչը ոչ մի նյութով չես արարի
Ջոն Դյուին ասում է. ՙԵրեխաների հորինած պատմությունները ներքին տրամաբանության ամենատարբեր աստիճաններով են աչքի ընկնում. դրանցից ոմանք բոլորովին անկապ են, մյուսներում ծայրը ծայրին մի կերպ է հասնում: Եթե կապակցված պատմություն է, նշանակում է այն խոհածության ծնունդ է, իսկ վերջինս, որպես կանոն, տրամաբանորեն մտածելու կարողությամբ օժտված ուղեղի արգասիք է՚: Երեխաներն իրենք լիովին կարող են պատմություններ հորինել: Պատմությունը իրականությանը տիրապետելու առավել առաջ ընկած մի փուլ է, նյութին առավել ազատ տիրապետելու վկայություն: Պատմությունն արդեն իրականության ընկալման արձագանքն է, իսկ դա խաղից ավելի հեռուն է գնում: Դա կուտակված փորձն իմաստավորելու ջանք է, մերձեցում վերացական մտածողությանը: Պլաստիլինով կամ կավով խաղալիս երեխան միայն մի ախոյան ունի՝ նյութը, որով աշխատում է: Իսկ պատմության մեջ իր համար մի քանիսը կարող է հորինել, կարող է ստեղծել այն, ինչը ոչ մի նյութով չես արարի:
Կարդացեք և գրավոր քննարկեք Օշոյի առակները:
Վարպետն ու թեյի բաժակը
Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:
Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.
-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:
Աշակերտները հարցրին պանդոկապանին.
-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:
-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:
Վերլուծում `
Առակը սովորեցնում է կյանքի ամեն պահը գնահատել, շնորհակալ լինել և գոհ մնալ այն ամենից ինչ ունենք։ Հնարավոր է հաջորդ վայրկյանին դա չունենանք, դրա համար պետք է գնահատել, այն ինչը կա և մեզ է պատկանում։
Աշխարհը և մենք
Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Կարծում եմ առակի իմաստը այն է, որ մարդիկ կարող են իրենք իրենց համար վախեր ստեղծել, և իրենք՝ իրենց ստեղծած վախից սարսափեն։ Մարդը ՝ կարող է մտքում ստեղծել այն ամենը, ինչից վախենում է ամենաշատը և ինքն իրեն կործանում է։
Ձուկը և օվկիանոսը
Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:
Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.
-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:
Յուրաքանչյուրս պետք է ճիշտ ընկալենք և գնահատենք այն միջավայրը և աշխարհը որտեղ ապրում ենք: Կյանքի իմաստը պետք է ինքներս ստեղծենք։ Կողքից բոլորը կարող են խորհուրդներ տալ, խոսել, քննադատել, բայց միևնույն է վերջում պետք է լսենք մեր սրտի ձայնին և շարժվենք այն ուղղությամբ որով մեր սիրտն է տանում։
Պայքար առանց կատաղության
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Առակի իմաստը այն է, որ յուրաքանչյուր մարդ, երբ իր մեջ խեղդում է ատելությունը արդյունքում հաղթում է ինքն իրեն։ Չկա արտաքին հաղթանակ առանց ներքին հաղթանակի։
1 Կարդացե՛ք պատմվածքը։ Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։
Սիլուետ — ուրվապատկեր, ստվերանկար
Կոլեկցիոներ — կոլեկցիա կազմող՝ հավաքող մարդ
Թանզիֆե — բազմաշերտ սրբիչներ
Հպանցիկ — թռուցիկ
Բազրիք — Աստիճանների՝ կամուրջների եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք (քարից, բետոնից և այլն):
2․ Վերլուծեք ստեղծագործությունը․
1. Կերպարներ
2. Պատմվածքի կառուցված
3. Գաղափար
4. Հիմնավորված կարծիք պատմվածքի մասին։
Կարծում եթե Գուրգենը կատվին չօգներ նա նույնպես կմահանար։ Չնայած նրան որ Գուրգենը կատուններին տանել չէր կարողանում միևնույն է օգնեց Ադադաին։ Գուրգենին մնացել էր մի քայլ դեպի մահը, բայց նրան երազում փրկեց կատուն, իսկ երազից զարթնելուց հետո նա կարծես կտրվել էր իրականությունից, և միակ բանը, որը նրան վերադարձրեց իրականություն կատուն էր։ Այն կատուն, որին նա փրկել է, լսելով իր խղճին։ Կյանքը հենց այդ լավ արարքը հետ բերեց նրա դիմաց և օգնեց ազատվել այդ կախարդական կտավի անեծքից։
Առավոտյան թերթերի առաջին էջերին ոստիկանության շտապ հայտարարություն- նախազգուշացումն էր, որն ապշեցրել էր բնակիչներին.
‹‹Կոլեկցիոներներին և հին իրերի սիրահարներին. եթե ձեզ հանդիպի նկար, որի վրա երկու սիլուետ է պատկերված, իսկ հետևում ‹‹Վատ մարդկանցից ոչինչ մի՛ վերցրու›› գրառումն է, խնդրում ենք շտապ հայտնել ոստիկանության մոտակա բաժանմունք: Ոչ մի դեպքում նկարը չպահեք ձեզ մոտ. այն վտանգավոր է կյանքի համար… ››
Շուտով ի հայտ եկան նոր մանրամասներ: Տարօրինակ նկարը, պարզվում է, դրամատիկ պատմություն ուներ, բոլոր քսան մարդիկ, ովքեր ձեռք էին բերել այն, կարճ ժամանակ անց մահացել էին՝ նետվելով պատուհանից: Քննիչները չէին կարողանում բացատրություն տալ, սակայն հետաքննությանը մասնակցող հին իրերի մասնագետները համոզված էին` նկարը սովորական չէ, այն կարող է խելագարության հասցնել…
Երբ նկարը գտնվեց, քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը կալանք կիրառեց իրի նկատմամբ: Մասնագետները արդարադատությանը ներկայացրին իրենց միակ եզրակացությունը, թե նկարը հավանաբար ականատես է եղել դաժան սպանության, գուցե դրա առաջին սեփականատերերից մեկին կամ անհայտ նկարչին, ում վրձնին է պատկանում չարաբաստիկ նկարը, սպանել են նկարի առջև, և այն կլանել է բացասական էներգիան, մահվան սարսափը կուտակել ներսում ու այդ ժամանակից ի վեր իր մեջ թաքցրած մարդկային տանջանքները ամեն անգամ փոխանցում է նոր սեփականատիրոջը:
…Հետաքննության ավարտից հետո թերթերից մեկում քսան զոհերի անունների հետ առաջին անգամ հրապարակվեց նաև տղամարդու անունը, ում հաջողվել էր ողջ մնալ և ում շնորհիվ ոստիկանությունը հայտնաբերեց նկարը: Տղամարդը Գուրգենն էր:
Ամեն ինչ սկսվեց հեռախոսազանգից: Բազմոցին նստած՝ նա սովորության համաձայն ‹‹Անտիկվարիատ›› ամսագիրն էր թերթում, որի հավատարիմ բաժանորդն էր արդեն քանի տարի, և որն ստանում էր փոստով, երբ հեռախոսը զնգաց.
-Դա,- լսափողը մոտեցնելով ականջին՝ անկիրք ասաց:
-Ալո, ալո,-լսվում էր լսափողի հակառակ կողմից, տղամարդու ձայնը անընդհատ կրկնում էր ‹‹ ալո›› -ն, կապը վատ էր,- ալո, ինձ լսո՞ւմ եք, Տիգրանին եմ խնդրում.
-Էստեղ Տիգրան չկա, սխալվել եք.
Գուրգենը կախեց լսափողն ու փնփնթալով, որ շեղեցին սիրած գործից, տեղավորվեց բազկաթոռին, բայց ամսագիրը չվերցրած՝ հեռախոսը կրկին զնգաց:
-Ալո, ալո, Գուրգենին եմ խնդրում,- նույն ձայնն էր.
-Գուրգենը ես եմ, ո՞ւմ հետ եմ խոսում,- անակնկալի գալով, որ անծանոթն այս անգամ իր անունը տվեց, շփոթված հարցրեց:
-Ես Ռուբենն եմ… Լսել եմ հին իրերի սիրահար եք…
Տղամարդը ցրված էր խոսում, խոսքի մեջ ակնհայտ շտապողականություն կար: Ասում էր, թե մեդալներ, մետաղադրամներ ու բազում հին իրեր ունի, որ շտապ վաճառում է:
-Էսօր ամբողջը պիտի ծախեմ, վերջացնեմ, վաղը ինքնաթիռս թռչում է… Ճիշտն ասած՝ ես էդքան էլ գլուխ չեմ հանում՝ որ թվի են, ինչ են, հասցես ամեն դեպքում ասեմ, էսօր որ անցնեք, հոյակապ կլինի…
Կախելով լսափողը՝ Գուրգենը երկմտանքով նայեց թղթին, որի վրա հասցեն էր գրանցել: Առաջին անգամ չէր, որ անծանոթ մեկը զանգում, առաջարկում է հին իրեր գնել. քաղաքում հազիվ թե ճարվեր հնավաճառ, որից բան գնած կամ հարց ու փորձ արած չլիներ, բոլորն էլ ճանաչում էին իրեն ու գիտեին իր նախասիրության մասին, ուստի առավոտյան զանգն այնքան էլ անակնկալ չէր: Շատ էր պատահել, որ հենց այդպիսի զանգերից հետո տուն էր վերադարձել ‹‹հաջողված ավարով››: Ասում էին՝ ամեն ինչ սկսվել է կնոջ մահից հետո, երբ կինը հանկարծամահ է եղել, պարզապես մի առավոտ չի արթնացել։ Այդ ժամանակից ի վեր սկսել է հին իրեր հավաքել, ոչ ոք ստույգ չէր կարող ասել՝ իրականում ինչ կապ կա դրանց միջև, իսկ նրա սակավախոս ու մենակյաց բնավորությունն ավելի էր բորբոքում մարդկանց երևակայությունը: Պատմություններ էին պտտվում, իբր մի օր խոստովանել է, թե կնոջ մահից հետո ամեն անգամ երբ տուն է մտել, պակասության, կիսատության զգացողությունը ճնշել է: Չցանկանալով համակերպվել այդ վիճակին` դատարկությունը լցնելու համար սկսել է հին իրեր հավաքել… Շատ բաներ էին խոսում մարդիկ, հատկապես հայտնի նկարի հետ կապված պատմությունից հետո, սակայն մի բան հաստատ էր. նրա տունը լցված էր պատմական տարբեր ժամանակների ու տարբեր ազգերի մանր-մունր իրերով, որոնք չնայած մեծ արժեք չէին ներկայացնում, սակայն մանկան պես ուրախանում ու հպարտանում էր դրանցով: Ամեն անգամ ճաշից հետո, երբ տրամադրությունը տեղն էր լինում, խնամքով մաքրում էր սեղանը, սրբում խոնավ կտորով ու կողք կողքի շարելով իրերը՝ ժամերով ուսումնասիրում էր, համեմատում միմյանց հետ: Հատկապես մեծագույն հաճույք էր ստանում ֆաշիստական Գերմանիայի շքանշանների իր հավաքածուից, որովհետև ամենադժվարը դրանք էին տրվել, և հետո քաղաքում ոչ բոլորը կարող էին հպարտանալ այդպիսի հավաքածուով:
Հասցեով թուղթը մատների մեջ խաղացնելով՝ հյուրասենյակի մեջտեղում կանգնած դեռ մտորում էր`այցելի՞ արդյոք անծանոթին, երբ Ադադան, սահելով պատշգամբի բազրիքի վրայով, հայտնվեց հատակին.
-Եկա՞ր, արդեն պատրաստվում էի առանց քեզ սկսել, դե արի՛, արի՛, տեսնենք ինչ ենք անում,- նկատելով կատվին՝ ժպտաց ու թուղթը սեղանին դնելով՝ գնաց խոհանոց: Ադադան շտապեց ետ չմնալ տիրոջից:
Արդեն քանի տարի` շարունակվում էր Գուրգենի ու կատվի բարեկամությունը, և ամեն օր կատուն ընկերակցում էր նրան ճաշասեղանի մոտ: Նա, մեղմ ասած, երբեք չէր սիրել կատուներ, ամեն անգամ, երբ պատշգամբին կատու էր տեսնում, զայրացած շտապում էր վռնդել, կինն էլ առանձնապես չէր համակրում, որովհետև միշտ աղտոտում էին լվացքը, կեղտոտ թաթերով քսվում, չանչում: Բակի բոլոր կատուները գիտեին՝ ինչ է իրենց սպասվում երրորդ հարկի` խաղողի որթերով քողարկված պատշգամբում և աշխատում էին հեռու մնալ: Անկասկած Ադադան էլ նույն վերաբերմունքին կարժանանար, թե չլիներ անսովոր դիպվածը: Ամառային սովորական օր էր (հինգերորդ ամառն առանց կնոջ), երբ Գուրգենը տուն մտնելուց քիչ անց մլավոց լսեց, այն պարբերաբար, վայրկյանը մեկ կրկնվում էր: Կարծելով, որ իր բացակայության ժամանակ կատու է ներս մտել, նա սենյակից սենյակ էր անցնում, խուզարկում բոլոր ծակուծուկերը: Որքան էլ փորձեց հասկանալ՝ որտեղից է գալիս մլավոցը, չստացվեց, այն ասես ծաղրում էր իրեն, կարծես զգում էր, որ իրեն են փնտրում ու դիտավորյալ տան մի անկյունից մյուսն էր փախչում: Մեծ էր զարմանքը, երբ գլխի ընկավ, որ ձայնը խոհանոցի պատի միջից է գալիս: Պարզվում է`այդ օրը հարևաններից մեկը գործ անելիս է եղել տանիքում, մոռացել է փակել օդատար խողովակի ծածկը, և կատվի նորածին ձագերից մեկն ընկել է անցքի մեջ՝ կանգնելով ուղիղ երրորդ հարկում: Սկզբում վճռեց ոչինչ չանել (հո պատը չէ՞ր քանդելու կատվի ձագի համար): Պետք է պարզապես երկու օր համբերել, մինչև ուժասպառ կլինի ու կսատկի: Բայց կատուն ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ օրը չհանձնվեց, ուժերը սպառվում էին, օգնություն աղերսող մլավոցները նվաղեցին, դարձան դռան ճռռոց, հետո աղմուկ, որ գալիս է ծորակներից, երբ ջրերը կտրում են, իսկ վերջում վերածվեցին ‹‹ադադա›› հնչողությամբ ռնգային տարօրինակ ձայնի, որն արդեն հեռավոր նմանություն անգամ չուներ մլավոցի հետ: Այլևս անհնար էր դիմանալը, տան մեջ չկար անկյուն, ուր չհասներ ձայնը: Որոշեց կատվին հանել, այլ ելք չկար: Միակ ձևը, որ այդ պահին եկավ միտքը, թանզիֆե պարան սարքելն ու այն խոհանոցի օդատարից իջեցնելն էր: Կարծում էր` կենդանին հեշտությամբ ճանկերով կկառչի, ու ինքը կբարձրացնի: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր: Բազում անհաջող փորձերից ու մի քանի ժամ տանջվելուց հետո պարզ դարձավ, որ ապարդյուն է, կատվի ուժերը քամված էին, կառչում էր պարանից, բայց հենց այն սկսում էր բարձրանալ, չէր կարողանում պահել, ընկնում էր: Երևի մեկ այլ պարագայում մի քանի անհաջող փորձից հետո կհամարեր, որ ինքն ուժերի ներածին չափ արել է հնարավորը և կհրաժարվեր կենդանուն դուրս հանելու մտքից, սակայն այդ անիծյալ ‹‹ ադադան ››-ն ստիպում էր համառորեն շարունակել, կարծես մեխվել էր ականջներում, անգամ երբ տանը չէր, հանկարծ ասես թիկունքից լսում էր և ստիպում մեղավոր զգալ իրեն, խղճալ կատվին… Եվս մի քանի օրվա անհաջող փորձերից հետո ի վերջո գործը հաջողությամբ պսակվեց: Այդ օրերին Գուրգենը հետևողաբար նրբերշիկի կտորներ էր ամրացնում պարանին և իջեցնում, մտածելով, որ այդպիսով կենդանին ուժերը կվերականգնի ու կկարողանա պահել իրեն, սակայն հոգու խորքում այնքան էլ չէր հավատում հաջողությանը, և անկեղծորեն ու մանկաբար էր ուրախությունը, երբ օդանցքից դուրս պրծավ կատվի` փոշու մեջ կորած սև գլուխը, հետո ողջ մարմինը: Նա նայում ու չէր կարողանում զսպել ժպիտը` ամբողջությամբ սև կատուն կուչ էր եկել անկյունում ու կանաչ աչքերը տագնապով լցրած` նայում էր իրեն, ասես այն դատապարտվածը չէր, որ քիչ առաջ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս և ամեն կերպ փորձում դուրս պրծնել օդանցքից. կեցվածքը զգուշացնում էր, որ պատրաստ է պաշտպանվել ցանկացածից, ով կփորձի մոտենալ, միայն մլավոցի փոխարեն շարունակ ‹‹ադադա›› էր կանչում: Իհարկե այդ էլ կարգավորվեց` ծարավը ագահորեն հագեցնելուց հետո հանկարծ սկսեց փռշտալ, հետո որձկալ, ըստ երևույթին փոշի ու մուր էր լցվել կոկորդը, և որոշ ժամանակ անց նորից սկսեց մլավել: Գուրգենը որոշեց, որ անհապաղ պետք է կատվին դուրս տանել բնակարանից, քանի չի կեղտոտել, սակայն վերջին պահին խղճաց, որոշեց, որ գիշերով չարժի դուրս անել, որ մեկ օր կպահի, հետո բաց կթողնի: Մեկ օրը դարձավ երկու, երեք, հետո շաբաթ, և ինքն էլ չիմացավ` ինչպես ընտելացավ կենդանուն, ասես պատասխանատու էր նրա համար: Կատվի անունն էլ Ադադա կնքեց, ի նշան տարօրինակ ձայնի, որի շնորհիվ նա փրկվել էր:
Մինչ Ադադան ուտելիքի մնացորդներն էր կրծոտում, Գուրգենը, ճաշն ավարտելով, թիկնեց բազկաթոռին ու շարունակեց մտորել: Մտքից դուրս չէր գալիս զանգը: Ակնհայտ էր` զանգահարողը ոչինչ չէր հասկանում իրերից և հնարավոր էր արժեքավոր նմուշներ լինեին, մյուս կողմից էլ չէր բացառվում, որ մետաղի կտորներ են, ինչպես հաճախ պատահում էր: Այդուհանդերձ երկար վարանելուց հետո որոշեց այցելել ու սեփական աչքերով տեսնել: Հագավ պիջակը, դրեց լայնեզր գլխարկն ու հյուրասենյակի սեղանից վերցնելով հասցեով թուղթը՝ քայլերն ուղղեց դեպի դուռը: Հասցեն դժվար չէր գտնել, մեկ ժամից նշված վայրում էր: Ծանոթության առաջին իսկ վայրկյանից զվարճալի մարդու տպավորություն թողեց Ռուբենը. ցածրահասակ ու գիրուկ այդ մարդը ոչ միայն հեռախոսով, այլև իրականում արագ էր խոսում, անընդհատ կրկնում էր, թե իր ինքնաթիռը վաղը թռչում է, և այնպես էր շտապում, որ ինքը հազիվ էր կարողանում ետ չմնալ: Երբ Գուրգենը մտավ նրա ուղեկցած ավտոտնակը, խոնավության հոտը իսկույն ճնշեց կոկորդը, պատերին մեծ խալեր հիշեցնող բորբոս էր: Մինչ ինքը հպանցիկ հայացքով զննում էր տարածքը, Ռուբենը ոտքի տակ ընկած արկղերի կտորները մի կողմ հրելով` մոտեցավ անկյունում տոպրակներով առանձացված իրերին, և վերցնելով դրանցից մեկը`վերադարձավ: Տոպրակի մեջ շքանշաններ ու մետաղադրամներ էին, որոնք, ինչպես և սպասում էր, հետաքրքրություն չառաջացրին: Նույնիսկ մի պահ նեղսրտեց, որ եկել է, սակայն մի քանի արժեքավոր նմուշներ այնուամենայնիվ գտնվեցին ու վճարելով դրանց համար` պատրաստվում էր հեռանալ, երբ տղամարդը անկյունի իրերի միջից մի կտավ հանեց: Ինչքան էլ ինքը համառեց, թե չի հետաքրքրվում նկարներով, Ռուբենը խնդրում էր վերցնել, ասում էր՝ նվիրում է` դարձյալ պատճառաբանելով, թե իր ինքնաթիռը վաղը թռչում է, որ ավտոտնակը պիտի ազատի, որ նկարը վերցնելով` մեծ լավություն արած կլինի իրեն և այլն, և այլն: Այնպես որ ստիպված էր ընդունել նվերը:
Երեկո էր, երբ Գուրգենը տուն հասավ: Իսկույն փոխելով հագուստն ու սառը ջրով թարմանալով` մանկան ոգևորությամբ հյուրասենյակ տարավ բերած տոպրակները` նոր իրերը մանրակրկիտ ուսումնասիրելու: Շքանշաններից ու մետաղադրամներից հետո նա տոպրակից հանեց նկարը: Կտավին երկու սիլուետ էր պատկերված, որ կողք կողքի քայլում էին տերևաթափ ծառերով շրջապատված փողոցով, իսկ հեռվում կուրացուցիչ լույս էր: Նկարում գերակշռում էին սառը գույները` մուգ կապույտն ու մոխրագույնը, սակայն ընդհանուր առմամբ այն դուրեկան էր: Նկարչի ստորագրությունը գտնելու հույսով շուռումուռ տվեց և տեսնելով միայն ‹‹Վատ մարդկանցից ոչինչ մի՛ վերցրու›› անհասկանալի գրառումը, նշանակություն չտալով` որոշեց իր նոր ձեռքբերումը կախել հյուրասենյակում: Կտավն անսովոր էր աչքին, հյուրասենյակ մտնելիս իսկույն գրավում էր ուշադրությունը, սակայն շուտով սովորական դարձավ, ասես ձուլվեց սենյակին ու մյուս իրերին: Ավելին` ժամանակի ընթացքում նկատեց, որ անբացատրելի հարազատությամբ է լցվում նկարի հանդեպ, ինչ-որ ձգող բան կար, երկար նայում էր և ամեն անգամ գոհունակությամբ լցվում, որ վերցրել է:
Կյանքը շարունակում էր իր սովորական հունով ընթանալ, ամեն ինչ նույնն էր, միայն թե Գուրգենը սկսել էր զարմանալի գունեղ երազներ տեսնել: Նա երբեք այդպիսի երազներ չէր տեսել, առհասարակ մինչ այդ հազվադեպ էր երազներ տեսնում: Սկզբում դրվագներ էին, որ հավերժ մոռացված էին թվում մանկության խորքերում. տեսնում էր իրենց հին տունը, ծիրանի ծառը, հիվանդանոցի պատը… Ու արթնանալով ամեն անգամ սիրտը ճմլվում էր, ասես աշխարհի արևն իր մանկության ճանապարհներին էր թողել: Այսպես, գիշերը նրա համար դարձավ օրվա ամենացանկալի հատվածը, մեկը մյուսին էին հաջորդում անցած տարիների պատկերները, դրանք այնքան իրական էին, շոշափելի, որ հաճախ արցունքն աչքերին էր արթնանում: Մոտ մեկ ամիս ամեն գիշեր երազներ էր տեսնում, սակայն շուտով երազներից մեկը սկսեց կրկնվել, հաճախակի դարձող երազը, ասես ճնշելով մյուսներին, կարճ ժամանակում միակը մնաց: Գուրգենը չէր կարողանում բացատրել, արդեն ամեն աչքը կպցնելիս նույն երազն էր, այն կրկնվում էր կատարյալ ճշտությամբ, առանց վրիպումի կամ շեղումի, և եթե մյուս երազները անցյալի հիշողություն էին` սա այլ էր. ինքը հայտնվում էր այգի հիշեցնող վայրում, ուր իրական կյանքում չէր եղել, իսկ երբ քայլերն ուղղում էր ճանապարհով, երազն ընդհատվում էր, ու ինքը քրտինքի մեջ կորած` վեր էր թռչում քնից: Ամեն անգամ արթնանում էր մի տեսակ հոգնած ու այն զգացումով, ասես ջերմում է: Համոզված էր՝ անկանոն սնվելու ու չնչին բաներից նյարդայնանալու հետևանք է, որ որոշ ժամանակ հետո կկարգավորվի, և չէր շտապում այցելել բժշկի, սակայն երազն օր օրի ավելի ուշ էր ընդհատվում, ասես թույլ էր տալիս իրեն երկար մնալ այգում, օր օրի ավելի դժվար էր դառնում արթնանալը: Հերթական անգամ, երբ Գուրգենի կոպերը ծանրացան, երազն ամբողջությամբ կլանեց նրան:
Նա քայլում էր, և ծառերի ստվերները սահում էին ուսերի վրայով, թվում էր` ուր որ է ճանապարհը կթեքվի, կերևա ելքը, բայց այգին չէր վերջանում: Հանկարծ աղմուկ լսեց, կարծես դհոլի ձայն լիներ, քայլերն ուղղելով ձայնի կողմը` համոզվեց: Մի քանի տասնյակի հասնող մարդկանց խումբը, շրջան կազմած, հետևում էր պատանի լարախաղացին, որը բարձր ձողերի վրա ձգված պարանին էր, իսկ արևահարված դեմքով տղամարդը քիչ հեռվում դհոլ էր զարկում: Ոտքից գլուխ կարմիր հանդերձանքով պատանին ցատկում էր, հնարքներ կատարում: Գուրգենը բոլորի պես մոտեցել, հետևում էր տղայի ճարպիկ շարժումներին, երբ հավաքվածների մեջ տեսավ իր կնոջը: Կինը կանգնած էր առաջին շարքում և իրեն չնկատելով` նայում էր պատանուն, զարմանալի խաղաղություն կար դեմքին, աչքերը անվրդով վերև էին նայում: Մինչ ինքը, ճեղքելով շրջանը, փորձում էր մոտենալ, կինը կանգնածներից մեկի հետ անջատվեց բոլորից, ու սկսեցին քայլել ճանապարհով: Ինչքան փորձում էր հասնել, չէր ստացվում, ոտքերը չէին ենթարկվում, ջանում էր տեսնել` ով է կնոջն ուղեկցողը: Տղամարդու թիկունքը, շարժուձևը շատ ծանոթ էր, անկասկած ինչ-որ տեղ տեսել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել: Նրանց ու իր միջև հեռավորությունը ավելի էր մեծանում, իսկ ծառերի ստվերները երկարում էին, մագիլների պես ձգվում` ծածկելով ճանապարհը: Նկատեց` ինչպես կինն ու անծանոթը քայլերն արագացրին, շտապում էին դեպի հեռվի կուրացուցիչ լույսը, ինքն էլ շտապեց: Լույսը արդեն այնքան էր մոտ, որ ոչինչ չէր տեսնում, կինն ու տղամարդը երկու սիլուետ էին դարձել: Ջանում էր ոչ մի դեպքում տեսադաշտից չթողնել, համառորեն փորձում էր հասնել, և երբ մի քանի քայլ էր իրեն բաժանում նրանցից, մի փոքր ստվեր կտրեց ճանապարհը: Իսկույն չհասկացավ` ինչ է, մի քանի վայրկյանից միայն նշմարեց, որ ստվերը կատու է: Ամբողջությամբ սև կատուն, անշտապ անցնելով ճանապարհը, կանգ առավ անկյունում ու սկսեց մլավել: Ինքը կանգնել և չգիտեր ինչ անել, փորձում էր շարունակել ճանապարհը, բայց չէր կարողանում, ասես կենդանին թույլ չէր տալիս: Հայացք նետելով լույսի կողմը` տեսավ, որ ստվերները նույնպես կանգնել են, իրեն են սպասում, բայց ոչ մի կերպ չէր ստացվում կատվին շրջանցնել, ասես մեխվել էր տեղում: Մլավոցն անտանելի էր դառնում, կատուն նայում էր իր աչքերին ու անվերջ մլավում, ավելի ու ավելի մոտ էր թվում ձայնը, ասես գլխի մեջ զնգար: Շուտով շուրջը ամեն ինչ սկսեց սահել իր տեղից, պատկերը մոմի պես հալչում էր, փորձում էր թույլ չտալ, պահել ձեռքերով, սակայն երբ հայացքը բարձրացրեց`տեսնելու կինն ու անծանոթը արդյոք դեռ սպասո՞ւմ են, սարսափով նկատեց, որ կնոջ կողքին կանգնած տղամարդը իր դեմքն ունի, ինքն է, ու իսկույն արթնացավ…
Երբ երազը պոկվեց աչքերից, Գուրգենը կանգնած էր պատշգամբի բազրիքին, քայլ էր պակասում, որ գահավիժեր: Ագահորեն կուլ տալով սառը օդը` չէր հասկանում` ինչ է կատարվել: Դիմացը քնից նոր արթնացող քաղաքն էր, իսկ կողքին` անմիջապես բազրիքի անկյունում, Ադադան իրեն էր նայում ու շարունակ մլավում:
Լրացուցիչ կրթություն
Ընտրել Միսաք Մեծարենց և ձայնագրվել։
Հանելուկ — դա բանահյուսության ժողովրդական ժանր է, որում արտահայտվում է երեխայի մտավոր և առարկայական երևակայությունը։
Առաջին հանելուկները, որոնց հետ ծանոթացնում եք երեխաներին, պետք է լինեն պարզ և հասկանալի։
Հանելուկների թեման պետք է համապատասխանի երեխայի առօրյաի հետ։ Լավագույն դեպքում համապատասխանի խաղալիքների, ընտանի և վայրի կենդանիների, սննդամթերքի վերաբերյալ։
Այսօր Նոյեմբերի 26-ն է, օրը ուրբաթ եղանակը անձրևային։ Քանի որ հաջորդ օրը հարիսայի ծեսն է, երեխաները ձավար մաքրեցին և փորձեցին ձավարից տարբեր պատկերներ ստանալ։ Ընթացքում երգեցին ազգային երգեր, իսկ նախաճաշից հետո հեռուստացույցով նայեցինք նոյեմբեր ամսվա մեր գործունեությունները։

Այսօր 5 տարեկանների հետ ծեփամածիկից և փայտիկներից փորձեցինք ստանալ երկրաչափական պատկերներ։


Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները :Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը:Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման :Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանռերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական:
Սասնա ծռեր վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տերեյրիեն և Մեստրե Աֆոնսոնը որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանապարհորդել են, եղել են Հայաստանում, Սասունում: Լսել են տեղի բնակիչներից տարբեր զրույցներ Դավթի ու Խանդութի մասին:
Բաղկացած է չորս ճյուղից դրանք են ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։
1․ Կարդալ էպոսի առաջին ճյուղը և համառոտ գրել բովանդակությունը։
«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսելով Գագիկ թագավորի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է նրան կնության վերցնել, սակայն Գագիկ թագավորը մերժում է ասելով ես հայ եմ դու արաբ։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը փրկելու համար։ Պայման են կապում։ Լեռներում շրջելիս Ծովինարը ծարավում է և Աստծուց ջուր խնդրում։ Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։
2. Առանձնացրե՛ք խորհրդանիշները:
Հեթանոսական պաշտամունքային տարրեր։
Հերոսուհիները միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար։
Դառնամ, զօղորմին տի տամ
Խանում Ծովինարին,
Դառնամ, զօղորմին տի տամ
Սանասարին, Բաղդասարին.
Դառնամ, զօղորմին տի տամ
Քեռի Թորոսիկին.
Դառնամ, զօղորմին տի տամ
Ականջ արողների ծընողներին:
ՄԱՍՆ Ա ֊ ԿՌԻՎ ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅԻ ԴԵՄ
Ըսկիզբն էր կըռապաշտ Խալիֆան,
Մեկ էլ Հայոց Գագիկ թագավոր.
Կռապաշտ Խալիֆան Բաղդադ կը նստեր,
Գագիկ թագավոր՝ Բերդ-Կապոտին:
Գագիկ թագավոր ծեր, ալևոր էր.
Զինք շա՛տ հարըստություն ուներ,
Զարմ ու զավակներ չուներ.
Մեկ աղջիկ ուներ, շատ տեսակով,
Անուն՝ Ծովինար խանում:
Էն ժամանակ ո՛ր թագավոր զորեղ ըլներ,
Էն մեկէլից հարկ կ’առներ:
Բաղդադու Խալիֆան շատ զոր ու զորընդեղ էր.
Ասքար արեց, էկավ վեր մեր ազգին.
Շատ առ ու ավար առավ,
Ու շատ գերի բռնեց տարավ,
Շատ ըզմեր ազգ կտրեց, նվազցուց:
Ու Հայոց Գագիկ թագավոր
Բաղդադու Խալիֆային խարջդար էղավ:
Օրերից մեկ օր Խալիֆան էլավ.
Էրկու մարդ հարկ առնող ուղարկեց.
— Գնացե՛ք, իմ խարջ ժողվեցեք, բերեք:
Հարկ առնողներն էկան, անցան
Թագավորի քոշկ ու սարի առջևեն.
Որ կ’անցնեին, լուսմի էնոնցէրևաց:
Իրիշկեցին, ի՞նչ տեսնեն,—
Էնպես խորոտ աղջիկ մի էրևաց,
Արևուն կ’ասեր. «Դու դուրս մ’էլներ, ե՛ս դուրս էլնեմ»։
Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,
Որ տասնուչորս ավուր լուսնին կը նմաներ,
Որ յոթ սարի էտևեն կ’էլնի:
Էդ հարկ առնողներ ինչ տեսան զէդ աղջիկ,
Խելք գլխըներուց գնաց,
Էրկուսն էլ անհուշ, անակահ ընկան:
Մեկ սհաթեն թագավոր մարդ ուղարկեց,
Էկան, զէնոնք տարան իր պալատ:
Էդ մարդիկն իսկի բան չասին,
Էրկուսն էլ էլան, սուս ու փուս դարձան,
Իրենց Խալիֆայի մոտ գնացին:
Խալիֆան հարցուց.— Խարջ բերի՞ք: Չբերի՜ք:
Ասին.— Թագավոր ապրած կենա, ի՞նչ խարջ, ի՞նչ բան,
Էնպես մեկ բան մ’ենք տեսեր,
Աղեկ էր մենք չմեռանք:
Դու ըլնեիր, ավատաս, իրեք ամիս
Անհուշ գետին կ’ընկնեիր:
Խալիֆան հարցուց.– Ի՞նչ էր ձեր տեսած:
Էնոնք ասին.— Քո տուն աստված շինի.
Դու ի՞նչ կ’անես ապրանք ու գանձ, հարըստություն.
Քեզ ունիս հո՛ղ, երկի՛ր, ապրա՛նք ու գանձ, հարըստությո՛ւն,
Դու շա՛տ ունիս ոսկի, արծաթ, անգին քարեր.—
Էն խաչապաշտ Հայոց թագավորին
Մի է՛ն տեսակ աղջիկ ունի.
Աղջիկ մի իրենից շատ խորոտիկ,
Որ ամե՜ն մի բան կ’արժի:
Ահա, Խա՛լիֆա, զէդ հրեղեն աղջիկ տեսանք,
Որ գիշեր-ցերեկ չուտես, չխմես,
Հա՛ էնոր շենք ու շնորհքին թամաշա անես:
Խելք ընկավ կռապաշտ Խալիֆային,
Ջուղաբ ղրկեց Հայոց թագավորին.
Ասաց.— Քո աղջիկ տա՛ս ինձի:
Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ:
Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ:
Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
Խաթրով ըլնի, տի տա՛ս:
Կռվով ըլնի, տի տա՛ս:
Թե քո աղջիկ չտա՛ս,
Քո ժողովուրդ առ ու գերի կ’անեմ,
Ձեզ ամենիդ կըմորթեմ,
Քո ազգ ամեն կը կտրեմ,
Քո քաղաք տակ ու վերև կ’անեմ,
Քո թախտ ու թագ կը քանդեմ:
Ասաց.— Կռիվ կ’անեմ, չեմ ի՛տա:
Բաղդադու Խալիֆան կանչեց, ասաց.
— Հա՜, ասքա՜ր, ասքա՛ր արեք, գնացե՛ք.
Աղջիկ կը տա՝ կը տա. չի տար,
Քար քաղեցե՛ք, ավազ մաղեցե՜ք,
Ժողվեցեք, բերե՛ք՝ ինչ կա:
Էլան, ասքար արին, էկան.
Էկան Հայոց թագավորի վերա:
— Ահա, թագավոր,
Քո աղջիկ կամ կը տաս տանենք,
Կամ քար քաղենք, ավազ մաղենք,
Ժողվենք, տանենք՝ ինչ կա:
Թագավորն իրիշկեց, ի՜նչ իրիշկեց,–
Քանց աստղ էրկինք՝ զորք է թափվե:
Կռիվ արին, շատ զորք սպանին.
Խաչապաշտ թագավոր կոտրվեց:
Ծովինար խանում էրդիք կայներ էր.
Միտք արեց իր մեջ. «Որ իմ հերն իմանար,
Էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կը տար—
Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն,
Էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ տ’անիծեն,
Վերջըն զոռով ինձ տի տանեն:
Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ,
Իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա»։
Աղջիկն էլավ, գնաց իր հոր դիվան,
Ասաց.— Հա՛յրիկ, ինչի՞ կը մտածես:
Հեր պատասխան էտու էնոր, ասաց.
— Ես էնոր համար կը մտածեմ,
Որ էս զորքեր ամեն, էն քո համար է էկած
Կամ տ’էրթաս, կամ մեր էրկիր տ’ավերեն,
Խալիֆան մեր թագավորություն տ’առնի,
Զամեն տի սպանի, գերի տի տանի:
Թե իմ աղջիկ տամ, էն արաբ է, ես հայ եմ:
Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ե՛ս էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի:
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Զանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար հազար հոգիք կորուսանին:
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր:
Ժողով արին իրենց մեջ,
Թե ի՛նչպես անենք,տա՞նք, թե՞ չտանք:
Զուղաբ արին թագավորի աներոջ,—
Ինչ Վարդպատրկա էպիսկոպոսն էր,— էկավ:
Զուղաբ արին ՔեռիԹորոսին,— էկավ:
Թագավոր կանչեց իր ընտանիք,
Ժողով արեց, ասաց.
— Ժո՛ղովուրդ, դուք ի՞նչ կ’ասեք.
Կամքով տա՜նք զաղջիկ, թե չէ՝ կռվենք.
Դուք ի՛նչ խորհուրդ կը տաք:
Մեկն ասաց.— Չկա՛րնանք՝ կռիվ անենք.
Աղջիկ է՛ տանք՝ առնի, տանի:
Մեկն էլ ասաց.— Չէ՛, կռիվ կ’անենք.։
Մենք զմե զամեն տի տանք կոտորել
Ու զմեր աղջիկ չենք ի՛տա կռապաշտ թագավորին: —
(Դե ազգություն է, թասիբ կ’անեն),
Էդտեղ Թորոս, տասյոթ-տասնութ տարեկան էր,
Տեսավ ժողովական կ’ուզեն՝
Պատիվ անեն թագավորին,
Կ’ուզեն կռիվ անեն, աղջիկ չտան,—
Ասաց.— Թագավոր ապրած կենա,
Ես գիտեմ ժողովական կ’ուզի՝
Կռիվ անի, աղջիկ չտա.
Աղեկ է, որ աղջիկ մի վերջանա,
Քանց թե ազգ մի վերջանա:
Թա՛ գավոր, որ դու ինձի ականջ անես
Արի աղջիկ տանք՝ տանի.
Մենք չկա՛րնանք՝ կռիվ անենք:
Էնպես հաշվենք, թե էդ աղջիկ
Իսկի չի՛ էղեր քեզի:
Էդտեղ խորհուրդք արին,
Էպիսկոպոսն էլ համաձայնավ, ասաց.
— Մեկ հոգու պատճառով ա՞զգ մի տանք կտրե՛լ.
Չէ՛, էդ մե՛կ հոգին թող էրթա:
Հեր չէր ուզի էդ բան.
Տեսավ, որ ճար վերան կտրավ,
Համաձայնավ, էլավ, աղջիկ տվավ:
Խաբար ղրկեց Խալիֆային,
Թե.— Հա՛, կը տանք, արի տա՛ր:
Խալիֆան էլ իր պատրաստություն տեսավ,
Զիր հարսնևոր առավ, էկավ:
Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց.
— Հա՛յրիկ, Խալիֆային ասա՝
Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,
Ինձ որ տանի, էնտեղ դնի.
Մեկ տարի մոտ ինձ չգա,
Իմ հետ փարդան չմտնի:
Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,
Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,
Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.
Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ:
Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի,
Որ էն բաներ կատարի:
Թե.— Հա՛, կը տանք, արի տա՛ր:
Խալիֆան էլ իր պատրաստություն տեսավ,
Զիր հարսնևոր առավ, էկավ:
Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց.
— Հա՛յրիկ, Խալիֆային ասա՝
Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,
Ինձ որ տանի, էնտեղ դնի.
Մեկ տարի մոտ ինձ չգա,
Իմ հետ փարդան չմտնի:
Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,
Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,
Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.
Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ:
Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի,
Որ էն բաներ կատարի:
Հերն էլ իր աղջըկան ասածն ամեն
Բադդադու Խալիֆային ասաց:
— Խա՛լիֆա, ասաց Գագիկ թագավոր.
Ես հետ քեզ կռիվ չեմ անի.
Ես հետ քեզ պայման տի կապեմ:
Որ ես իմ աղջիկ տամ քեզ,
Իմ աղջկան հետ քահանա մի տի գա.
Էն իր աստված կանչի, իր խաչ պաշտի,
Դու քո կռքեր պաշտես:
Էնոր ջոկ տեղ սենեկ մի տի տաս,
Մեկ տարի էլ մոտ ինք չէրթաս
Կռապաշտ թագավորն ասաց.
— Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ.
Հետ քեզ պայման կը կապենք:
Դու քո աղջիկ տուր ինձ,
Ես էլ քենե հարկ չեմ ուզի.
Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի,
Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է:
Չէ թե չուր մեկ, ուխտ ըլնի.
Չուր յոթ տարի մոտ ինք չէրթամ:
Խըդամ մի կըդնես հետ,
Քահանա մի կըդնես հետ.
Աղջիկ կը տաք, ես կը տանեմ մոտ ինձ.
Իմ սարայի դիմաց էնոր համար
Ջոկ քոշկ ու սարայ կը շինենք:
Աղջիկ մնա ի՛ր օրենքով,
Ես մնամ ի՛մ օրենքով.
Չէ՞ մենք արաբ ենք, դուք՝ հայ:
Կռապաշտ թագավորն էկեր, Տեղտիս կը նստեր.
Գագիկ թագավորի նստած տեղ
Նորագեղա դաշտի մեջն էր:
Թագավորն էնտեղ ուներ ամառանոց,
Հոտավետ, անուշ արոտատեղեր,
Ծաղիկներով ու մարգերով զարդարված,
Էնտեղ կը գտնվի ԿաթնովԱղբուր:
Էնտեղ վրաններ զարկին,
Յոթ–ութ օր հարսնիք արին:
Ծովինար խանում խնդիրք արավ թագավորից,
Ասաց.— Հա՛յրիկ թագավոր,
Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝
էրթամ Հիլի, աղբրներու վերան զբոսանք.
Մեկ տասն իմ չափին աղջիկ դիր հետ ինձ,
Էրթանք սեյրան, ուրախություն անենք,
Ման գանք չուր իրիկուն,
Իրիկուն դառնամ, էրթամ իմ տեղ:
Թագավորն ասաց.— Քեզ հրաման է,
Գնա՛, մա՛ն արի, դարձի՛:
Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ
Գնացին պըտըտելու Կաթնով Աղբուր:
Ման էկան չուր իրիկուն:
Աղջիկ տեսավ՝ արև-աշխարք կա, արեգակ կա,
Ամեն մարդ հետ իր գործին.
Ոմանք հետ իրենց ջրին, օչխարին.
Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութնին:
Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
Էսքան լուս աստևոր կա, ես չէի գիտի:
Գնացին, էլան սարի վերև,
Էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին,
Հետո ման էկան, տեսան Կապոտ ծով.
Գնացին ծովափ սեյր անելու:
Իրիկուն որ տի դառնար, տուն գար
Ծովինար ասաց աղջիկներուն.
— Աղջի՛կներ, դուք քելեք, գնացեք,
Ձեզ համար ման էկեք, քեֆ արեք,
Ես էրթամ, քիչ ջուր խմեմ:
Մտածելով ծովու բերան վե գնաց.
Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.
Նայեց, տեսավ, որ ծովին ծեր չկա:
Ինք ու քեռմեր ծովու պռուկ նստան, լացին:
Շատ նեղացավ աղջիկն ման գալով,
Էնոր խըդամ շատ ծարվեցավ,
Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.
— Էս ծովի ջուր շատ աղի է:
Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,
Ես խմեի, սրտի սպապակն անցներ:
Քեռմերըն շատ ֆըռաց, ջուր չգտավ,
Էն ժամանակ Ծովինար ասաց.
— Աստված, դու մեկ ադբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես:
Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,
Մի շատ համեղ ջուր դուրս էկավ:
Նայեց, տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
Սիպտակ ադբուր մի էդ քարից կը թալի.
Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր.
Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու,
Էդ ադբուր էրթա, որ ջուր խմի:
Ինքն իր շորեր էհան, գնաց էդ ադբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիք ջուր խմեց,
Սեկ էլ՝ մի բուռ կիսատ:
Սղբուրըն ցամաքավ:
Էդ էրկու բուռ ջրից հղացավ:
Ետ էնոր իր աղջիկներ ժողվեց,
Էնդից դարձան, էկին տուն,
Էկին Գագիկ թագավորի մոտ:
Առավոտուն Խալիֆայի զորքըն քաշվավ:
Թագավորն իր աղջըկա ձեռք-ոտք տեսավ:
Էլան, հեծուցին, տարան, հասուցին
Էն կռապաշտ Խալիֆայի քաղաք:
Երբ գնացին, քաղաք հասան,
Էդ թագավոր շատ ուրախացավ,
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արեց.
Մեջլիս, ուրախություն արեց:
Էնոր համար մեկ ջոկ սարայ շինեց,
Հաց, ջուր ղրկեց էնտեղ,
Ասաց.— Սարայից դուրս չգաք:
Ծովինար խանում գնաց, մտավ յոթոտանին,
Յոթ դուռ շինեց, սուգ արեց:
Մի ժամանակ վրա անցավ,
Ծովինար իմացավ, որ էրեխով է.
Ակհավ, որ էն ծովից է.
Ամա Խալիֆային չհայտնեց։
Խալիֆան էլ ակհավ, ասաց. «Իմ զարմից չէ»։
Գնաց դիվան նստեց, կանչեց վազրին,
Թե.— Չես ասի, էսպես բան է էղե.
Վազի՛ր, ապա ի՞նչ անենք։
Վազիրն ասաց.— Թագավոր ապրած կենա, սպանենք։
Հրամայեցին դահճին.
— Գնա, էնոր վիզ կտրի՛։
Դահիճն էկավ սարայ, ասաց.
— Թագավոր հրաման արե՝
Ըզքո վիզ տի կտրեմ։
Ծովինար խանում ասաց.
— Ձեր թագավորին դատաստան չկա՞,
Չէ՞ որ էրեխով կնկան վիզ կտրել
Մեկ անգամից էրկո՛ւ մարդ ըսպանել է։
Խալիֆային ասա՝ դադրե՛ք,
Չուր ես իմ էրեխան բերեմ.
Էն ժամանակ,— տեսնենք՝
Տղա է, ինչ է,— թող իմ վիզ կտրեն։
Թե որ կը հարցուցեք, ասաց,
Իմ հոր տնեն որ կուս էկեր եմ,
Մինչև էսօր դեռ կուս եմ ես.
Իմ էրեխան, աստծու կամքով,
Ծովի ջրից է գոյացե։
Դահիճ գնաց Խալիֆայի մոտ,
Ասաց.— Թագավոր ապրած կենա,
Քո կնիկ, Գագիկ թագավորի աղջիկ,
Էսպես, էսպես ասաց ինձի։
Վազիրն ասաց Խալիֆային.
— Աղեկ է ասեր Ծովինար խանում.
Թող մնա, իր էրեխան բերի,
Էն ժամանակ վիզ կտրենք։
Ժամանակ տվին. չուր էրեխան բերի։
Էն էլ ասաց.— Զգուշ կացե՛ք.
Իրիշկենք, չուր էրեխան ըլնի, իր կամքն է,
Ես տեր եմ. իմ կնիկն է Ծովինար.
Էլ դուք մի՛ խառնըվիք։
Մնաց։ Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
Ինը րոպե որ թամամավ,
Էնոր ժամանակ լըմընցավ,
Էրկու տղա է բեր.
Մեկըն թամամ, մեկըն կիսատ։
Մելքիսեթ քահանան էկավ,
Թոնդրան վերա կնքեց.
Ջոջ տղի անուն էդիր Սանասար,
Պստիկին՝ էդիր Բաղդասար։
Ականջկլան տարան Խալիֆային.
Թե.— Քեզ ջուխտ մի լաճ էլավ։
Թե խալխ տարով կը ջոջանան,
Էնոնք օրով ջոջացան։
Խալիֆան հո իրիշկեց,
Տեսավ զէրկու տղան, աչքեր կուրցավ։
Ասաց.— Դահճին ասեք,
Թող էրթա, էնոր վիզ կտրի։
Դահիճ գնաց Ծովինարի մոտ.
Ասաց.— Քո վիզ տի կտրեմ։
Ծովինար խանում ասաց.
— Ձեր թագավորին կանոն, օրենք չկա՞.
Ծծմոր տղեքըն ի՞նչպես կը շահեն,
Որ էն իմ վիզ կը կտրի։
Թող իմ տղեք մեծանան,
Նոր՝ իմ վիզն էն թող կտրի.
Ես հո էստեղից չեմ կա՛րնա փախնիմ։
Դահիճ գնաց Խալիֆային հայտնեց,
Էն էլ կանչեց վազրին հարցուց.
— Ի՞նչ խորհուրդ կը տաք էս բանի համար։
Վազիրն ասաց.— Տաս տարի ժամանակ էնոր,
Տղեք մեծանան, վիզ նոր կտրենք.
Էն էստեղից դո՞ր տի գնա.
Թող բռնավորի պես ներս մնան։
Թող սարայից դուրս չգան։
Կես տարի սարայի մեջ մնացին։
Հետո ջուղաբ ղրկեց Խալիֆային.
Ես հա՞վք եմ, որ դու ինձ դրեր ես վանդակ.
Ես բռնավո՞ր եմ էստեղ,
Որ ինձի դրեր ես բանտ,
Չես թողնի տանից դուրս գանք.
Արև էրդիս վե՝ կը տեսնենք,
Լուս էրդիս վե՛ կ’առնենք։
Խալիֆան ասաց.— Ես ի՞նչ անեմ։
Թող դուրս գան, գնան ման գալու։
Դռնապահներն իրավունք տվին,
Ու դուրս էկին ման գալու։
Քանի մի ժամանակ անցավ,
Էդ ճժերն օրըստօրե պետացան.
Ինչ էղան մեկ տարեկան,
Ինչպես հինգ տարեկան տղա։
Կ’էլնեն դուրս, հետ ճժերուն կը խաղան.
Զճժեր կը տփեն, կը լացուցեն։
Քաշեց հինգ-վեց տարի, չքաշեց,
Սանասար ու Բաղդասար պետ կտրիճներ դարձան.
Մերն ասաց քահանային.— Տե՛րտեր,
Իմ տղաներին դաս տուր՝ կարդան։
Դաս էտու տղաներին.
Էնոնք գրել-կարդալ սովորեցին։
Ավուր մեկին Խալիֆան
Էդ էրկու տղաներ կանչեց,
Տարավ դիվան, իրիշկեց,—
Էնոնց խոշորություն որ տեսավ,
Էնոնց խոսք ու զրուց որ լսեց,
Վախեցավ էնոնց մոտեն,
Ճամփեց, գնացին տուն։
Ճժեր էղան յոթ տարեկան։
Օր մի կը խաղային հետ էն մեկէլ ճժերուն.
Սիլա մի զարկեց Սանասար վազրի լաճուն,
Վիզըն ծռվեց, մնաց ծուռ։
Վազիր գնաց Խալիֆայի մոտ գանգատ,
Ասաց.— Էս ի՞նչ աստծու պատիժ է.
Մեզ ճիժ չթողին սալամաթ։
Խալիֆան ասաց.— Իրավունք ունին.
Ես գիտեմ՝ էնոնք որ ջոջանան,
Տի կախվեն իմ մորուսից։
Կա՛ց, էնոնց համար բան մի կ’անենք։
Տղեկներ որ ջոջացան,
Մեկ օր առավոտուն
Հետ ճժերուն կը խաղային։
Ճժեր թափվան էնոնց վերան,
Ասին.— Դուք բի՛ճ եք, դուք բի՛ճ եք։
Երբ որ էնոնց խոսք լսեցին,
Լալով էկան մոտ իրենց մեր, ասին.
— Կամ մեզ ասա՝ ով է մեր հեր,
Կամ կ’էրթանք, մեզ կը թալենք գետ։
— Ո՛րդիք, ասաց, ձեր հեր Խալիֆան է։
— Չէ՛, ասին, թե էն մեր հեր ըլներ,
Խալխըն մեզ բիճ չէին ասի։
Մեկ ժամանակ էն էս խոսքով
Լաճեր բռնապետեց ներս։
Քանի մի օրեն լաճեր նորեն
Գնացին քաղաք խաղ անելու.
Տղեք նորեն թափվան վրաներ,
Թե.— Դուք բի՛ճ եք, դուք բի՛ճ եք.
Ինչի՞ կը գաք մեջ մեզի։
Է՛լի լալով դարձան,
Զիրենք թալին իրենց մոր գոգ։
Շատ որ լացին, մոր դժվար էկավ,
Ասաց.— Ո՛րդիք, դադրե՛ք,
Չուր առավոտուն ձեզ կը տանեմ,
Ձեր հոր զրուց կը տամ։
Առավոտուն էլավ իր խըդամին ասաց.
— Ա՛ռ կապոց, հետ տղեկներուն էրթանք գետափ,
Որ քիչ մի սրտերնիս բացվի։
Երբ գնացին, Սանասար ասաց.
— Մարե՛, արի ասա՝ իմ հեր ով է.
Թե չէ՝ ինձ գետ կը թալեմ։
Մերն ասաց.— Ո՛րդի, դու հեր չունիս։
Տղան ասաց.— Մարե՛,
Ես հո քարի, թփի տակեն չեմ էլեր,
Հալբաթ ես էլ մարդուց էլեր եմ։
Ասաց.— Ո՛րդի, ես մեկ ժամանակ
Հետ իմ քեռմոր գնացի ծովափ,
Շատ ծարվեցա, քեռմոր ասի՝
Մեկ ջուր գտի ինձի համար.
Ծով բացվեց, մեկ համեղ ջուր էկավ.
Ես էլ էն ջուր խմեցի,
Մեկ բուռ լիք, մեկ բուռ կիսատ.
Աստված ձեզ էն ջրից էտուր ինձ.
Դու էն լիքըն բռնից ես,
Ծուռ Բաղդասարն էլ էն կիսատ բռնից:
Տղան ասաց իր մոր.
— Մենք իմացանք մեր էություն.
Դե արի դու քո էություն ասա մեզ։
Մերն ասաց.— Ո՛րդիք,
Ես Հայոց թագավորի աղջիկն եմ։
Չուր իրիկուն ման էկան.
Իրիկուն դարձան քաղաք,
Գնացին, մտան իրենց պալատ։
Շատ ժամանակ վերան անցավ.
Սանասար ու Բաղդասար տեսան՝
Իրենց մեր օր վեր ավուր կը կոտորվի.
Ասին.— Մարե՛, էսա քեզ ի՞նչ է էղեր,
Որ դու օր վեր ավուր կը կոտորվիս,
Քո աչից արտասուք չի պակսի.
Մենք կը նայինք՝ աստվածություն
Մեզ տվեր է քե՝ ջուխտակ մի լաճ.
Դու թագավորական կին ես.
Մենք կ’որոնենք՝ քե բան պակսորդ չկա։
Էկո՜ նայինք՝ քո դարդըն ինչ է.
Որ դու օր վեր ավուր կը կոտորվիս։
Մերն դարձավ, ասաց տղեկներուն.
—Հա՛յ, որդիք, որ ես չկոտորվի՛մ, ո՞վ կոտորվի.
Խալիֆան, էսօր էգուց է մնացեր,
Իմ ու ձեր էրկուսի վիզն էլ տ’առնի։
Սանասար պատասխանեց, ասաց.
— Մարե՛, էդպես բան է՞լ կա։
Շատ լավ, տեսնենք՝ ինչպես կ’առնի–
Տաս տարին որ լըմընցավ,
Խալիֆան դահիճներ ուղարկեց.
Ասաց.— Գնացեք, էնոնց վիզ կտրեք։
Սանասար ու Բաղդասար,
Կշտի սենեկի մեջ քուրսիկների վերան նստած.
Կ’ասեն, կը ծիծաղան, մերըն կը լա։
Ներս մտան դահիճներն ու ասին.
— Էսօր ձեր վիզ տի կտրենք։
Մերն ասաց.— Մեր վիզ կտրե՜ք,
Իսկ իմ տղաներին՝
Ձեր ձեռ կերթա՞, որ վիզ կտրեք։
Դահիճների մեկն ասաց.
— Մեր ձեռն էլ չէ՛րթա վեր քո տղաներին,
Ապա մենք ի՞նչ անենք.
Խալիֆայի հրաման է, որ կտրենք։
Մերն լալով ասաց.— Մի քիչ ցած խոսեք.
Իմ տղաներըն չլսեն, վախենան։
Մի քիչ էի թող ծիծաղան.
Դուք էլ նստեք, հանգստացեք։
— Չէ, ասաց, մեզ իրավունք չկա նստել։
Դե շուտ արեք, էրթանք դուրս.
Թե չէ էստեղ ձեր վիզ կտրենք,
Արուն սարայի մեջ կը թափի։
Բոռաց, ասաց.— Շո՛ւտ արեք։
Ձենն ընկավ Սանասարի ականջ,
Դուռն էբաց, տեսավ՝ քանի մի մարդ
Թրերով կայներ են սենեկի մեջ։
Ասաց.— Ի՞նչ մարդ եք, ի՞նչ կ’ուզեք։
Մերըն ծածուկ աղաչեց, ասաց.
— Իմ տղաներին չասեք,
Թե էկեր ենք, որ ձեր վիզ կտրենք։
Իմ տղաներ տանից դուրս հանենք,
Դահիճ մի կայնի էն կող, մեկն՝ էն կող.
Զարնեն, իմ տղի վիզըն թռուցեն,
Որ նա չտեսնի, վախենա։
Ապա առաջ ինձ սպանեք, նոր իմ տղեք։
Դահիճն ասաց.— Դե՛ էլ էրթանք։
Սանասար ասաց.— Մարե՛, դո՞ր տ’էրթաք։
— Մենք տ’էրթանք դուրս, տի գանք։
— Մարե՛, ինձի ասա՝
Մեկ բան կա ստա, որ քեզ կը տանեն։
Մերըն չուզեց ասել։
Սանասար չէ թող՝ էրթա, ասաց.
— Մեկ բան կա ստա, որ ինձ չես ասի։
Մոր սրտին դիպավ, ասաց.
—Ո՛րդի, որ ճշմարիտ կ’ուզես,
Խալիֆան ղրկե, որ իմ վիզ կտրեն։
Ասաց.— Կտրող ո՞վ Է։
— Էս մարդ։
Մոտեցավ դահճին, բոռալով ասաց.
— Դո՞ւ իմ մոր վիզ տի կտրես։
Դահիճն ասաց.— Խալիֆայի հրաման տված,
Որ ձեր վիզ տի կտրեմ։
Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին.
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։
Մեկէլներ որ տեսան, թողին փախան.
Գնացին, Խալիֆային ասին.
—Քո լաճ մեկ սիլա էզար դահճին,
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։
Խալիֆան զորք ուղարկեց էնոնց վերան կռիվ։
Սանասար ու Բաղդասար տեսան,
Որ զորք էկավ՝ կռիվ անի,
Էլան, չուր իրիկուն էն զորքի կեսն ըսպանեցին,
Կռվին դադար արին, էկին տուն։
Մեկէլ օր մարդ չեկավ կռիվ.
Խալիֆան ասաց զորապետին.
— Գնա կռիվ։
Զորապետն ասաց Խալիֆային.
— Փաթշա՛հ, մենք չենք կանա վեր էնոնց.
Էնոնք ազնավուր մարդ են, փահլևան են.
Քո թագավորություն կը փճացնեն։
Աղեկն էն է՝ չերթանք կռիվ,
Մեր զորքերն էլ չըսպանվին։
Խալիֆան էլ միտք արեց, ու միտք արեց,
Տեսավ, որ ճար չկա,
Կռիվ իրեն վնաս է, ասաց.
— Էլ գործ չունինք էնոնց հետ։
Հիմի կը հավատամ,
Որ Ծովինար խանում անմեղ է.
Էն ազնավուրներ ծովից են։
Իմ կնիկն է Ծովինար,
Էնոնք էլ իմ տղեկներն են։
Էդ Խալիֆան մեկ էլ ասքար արեց.
Ու էկավ վերմեր ազգին։
Որ պատրաստություն կը տեսներ.
Ծովինար խանում էրազ տեսավ։
Էլավ առավոտ, պատմեց իր էրազ.
Ասաց.— Խալիֆան ապրած կենա,
Արի՛ դու ինձ ականջ արա,
Դու մի՛ էրթա կռիվ։
Խալիֆան հարցուց.— Ինչո՞ւ։
Ասաց.— էս գիշեր էրազ մ’ եմ տեսե։
Ասաց.— էդ ի՞նչ էրազ ես տեսե։
Ասաց.— Էս գիշեր տեսա՝ մանր աստղեր
Էնպես են բոլորած մեկ մեծ աստղի բոլոր,
Էդ մանր աստղեր մեկեն՝
Ամեն թափան էդ մեծ աստղի վերան։
Էդ մեծ աստղ ցոլըլաց, էկավ,
Էկավ, մեր դռան առաջ ընկավ։
Է՛հ, ասաց, խորո՜տ Ծովինար,
Քեզի համար կը քնես,
Ուրշի համար էրազ կը տեսնես։
Քանի որ իմ ջահել ժամանակն է,
Պիտի էրթամ կռիվ։
էն էլ ասաց.— Կապված է քո կամքին,
Կ’էրթաս՝ դու գիտես, կը մնաս՝ դու գիտես։
Համա չէ՞ դու պայման ունիս հետ իմ հոր։
Ասաց.— Իմ միտք փոխեր եմ.
Տ’էրթամ կռիվ, իմ հարկ առնեմ։
Զորք ժողվեց, բանակ կազմեց,
Ամեն պատրաստություն տեսավ զորքի համար,
Էլավ, էկավ կռիվ։
Յոթըն տարի կռիվ արեց։
Էկավ Բերդ-Կապոտին քաղքի բոլոր փաթթեց.
Զորքն էդի փաթթեց, նստավ։
Քաղքի ապրանք, տավար մնաց իրա քաղքի մեջ.
Մնացին առանց վար ու ցանք,
Սերմ էլ գետին չթալին,
Քաղքի՛ մեջ թանկություն ընկավ։
Էնպես մի թանկություն էղավ,
Որ մեկ հաց մեկ ոսկու չեն տար։
Քաղքի մեջ թանկություն ընկավ։
Սովամահ կը մեռնեին շատեր։
Մարդիկ լցված են սենեկներն, իրար կ’ասեն.
— Աստված, կ’ըլնի՞, որ մե՛կ էլ
Մենք էժնություն տեսնենք.
Կուշտ փորով մեկ էլ հաց ուտենք։
Էնոնց մեջ մեկ բարի մարդ կար, ասաց.
— Վաղն էս ժամանակ հարուր լիտր հացն
Մեկ արծաթի առնող չիլնի։
Էնոնց մեջ մեկ անհավատ մարդ կար,
Կրո անունով, էլավ, ասաց.
— Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր,
Տանեմ, տամ՝ իմ էրեխեքն ուտեն։
Ախար, ա՛յ մարդ, ո՞ւստ կը տաս։
Ես իմ աչքով հաց տեսնեմ,
Ես իմ բերնով հաց ուտեմ,
Ես չեմ հա՛վտենա, ես չեմ հա՛վտենա։
Էն բարի մարդն էդոր անիծեց.
— Կրո՛, հուս ունիմ իմ աստըծու,
Որ լուսուն հաց կ’ըլնի փալասանք.
Որ չես ա՛վատա իմ ասելուն,
Աչքով քո տեսնես, բերնով քո չուտես։
Գագիկ թագավոր ջահել տղաներ
Ժողվեց, էբեր զորք իր համար։
Իրիկուն մութ որ ընկավ,
Էնի իր զորք ժողվեց մեկտեղ,
Էնոնց սովորեցուց, ասաց.
— Չուր իրավունք չտամ, չ’զարկե՛ք։
Գիշերվան մի պահ ձեն-ձուն որ հանդարտեց,
Մեկ անգամ ձեն էտու.— Զարկե՜ք։
Էդոնք որ զարկեցին,
Էն կռապաշտ թագավորի զորքեր,
Առաջին դարձավ վեր ետինին,
Ետին դարձավ վեր առջինին,
Քեռի Թորոս, ջահել տղե՛ք
Սրով, թրով իջան Խալիֆայի զորքի մեջ,
Ու ջարդեցին, ու սպանեցին, ու կոտորեցին։
Էնպես մի կոտորում ընկավ զորքի մեջ,
Որ զորք զորքին չըճա՛նչեներ.
Զիրար կը սպանեին, կը ջարդեին,
Էնպես որ արուն էլավ, գնաց։
Խաբար տվին էն կռապաշտ Խալիֆային,
Թե.— Ի՞նչ կ’անես, զորքըդ պրծավ կտրելով։
Խալիֆան ինքն էլավ, տեսավ.
Տեսավ, որ զորք զիրար կը ջարդի,
Էկավ, իր մոտ կը հասնի.
Մնաց ինք Խալիֆան մենակ։
Մեր ազգ էդ անգամ զինք շատ նեղ լծեց։
Ինք հեծավ մեծ դավեն ու փախավ։—
Էնոր Շամա ուղտ կ’ասեն,—
Ու հեծավ, ու փախավ։
Լուսուն էլան, տեսան՝
Խալիֆայի զորք բնաջինջ էղած։
Էն անհավատ բերին, դրին չափրար,
Որ էնտեղի մնացած հացն ու կերակուր
Մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն։
Մեկ մարդու բաժնից պակաս էտու.
Իր ձէռի չափ վերցին, զարկին գլխուն,—
Էն անհավատ չափրար մեռավ.
Ուղորդ որ աչքով տեսավ ու չկերավ։
Որ Խալիֆան հեծավ, փախավ,
Էդ նեղութնի մեջ կանչեց իր կռքերուն.
— Կռքեր,արիք իմ օգնության,
Ինձ ազատեք էս հայ ազգի ձեռից.
Քառասուն անծին էրինջ ձեզի մատաղ կ’անեմ։—
Է՜յ, կռքեր ո՞ւր պիտի գան օգնության։—
Մեկ անգամ էլ դարձավ, ասաց.
— Կռքե՛ր, արիք իմ օգնության,
Ձեզի հարուր լիտր արծաթ կը բերեմ,
Ձեզի ոսկի ընծա կը բերեմ.
Դուք ինձ ազատեք էս թշնամուց։
Կռքեր օգնության չեն հասնի։—
Ախըր կուռք ի՞նչ է, որ օգնության գա։—
Էս անգամ կանչեց, ասաց.
— Ո՜վ Ջոջ Կուռք,
Որ դու հասնիս, որ դու հասնիս,
Դու զիս ազատ անես էսա ազգից,
Ու երբ որ ես ողջ առողջ իգամ,
Սանասարն ու Բաղդասար քեզի մատաղ կը տամ:
Էն ժամանակ դիվանք էկան,
Մտան ուղտի փորտակ.
Ու փախցուցին ըզԽալիֆան, ու տարան։
Էն գիշեր Ծովինար քնավ, տեսավ էրազ.
Տեսավ որ իրան էրկու ճրագ կար.
Կը գար առջև անցընելուն որ անցըներ,
Ու կը դառնար հեղ մ’ էլ լուս կը տար։
Էլավ գիշերանց, երբ որ զարթնեց,
Կանչեց, էբեր իր կուշտ էրկու տղան,
Մեկ վեր մեկ ծնկան էդիր.
Մեկէլ վեր մեկէլ ծնկան էդիր,
Էլաց, բռնեց տղեկներու էրես պագեց։
Տղեկներ հարցուցին.— Մարե՛, ինչո՞ւ կը լաս։
Ու մեր զիր էրազի էղելություն
Պատմեց տղեկներուն ու ասաց.
— էս գիշեր սուրբ Կարապետ էրազ էկավ ինձի,
Որ Խալիֆան ընկեր է նեղութնի մեջ,
Ու զձեզի մատաղ կանչե իր կռքերուն.
Երբ որ էկավ ձեզի մատաղ կ’անի.
Դուք ձեր գլխու ճարըն գտեք։
Որդիք, ձեզի մատաղ կ’անի,
Փախեք, գնացեք Հայոց թագավորի քաղաք։
Գիշեր պայծառ աստղըն բռնեք նշան,
Ցերեկն էլ հարցուցեք
Արևելից թագավորի էրկիր։
Տղեկներ էլան, մեկ մեկ զենք առին,
Նետ ու աղեղ, գուրզ ու թուր.
Վերուցին զիրանց ուտելիք,
Ու լցին մեկ ագուբե,
Գնացին Խալիֆայի ախոռ։
— Հե՜յ ձիապան, ասին,— էրկու լավ ձի՛,
Մեզ համար շուտ դուրս քաշի՛։
Ձիանք քաշեցին դուրս, հեծան, էկին,
Պագին իրենց մոր ծիծ, ասին.
— Մարե՛, դե՛ էն Խալիֆան թող գա,
Մեզ բռնե, տանի, մորթե իր կռքերուն։
Էրկու աղբեր կանչեցին զիրենց աստված,
Ու գիշերով ընկան Ճամփա,
Առան ու փախան չուրի լուսցավ։
Աղոթրանին էր, լուս բացվեր էր,
Ծովինար խանում էլավ դուրս։
Էլավ դիվանխանի տանիսն,
Տեսավ որ առանց զորք, առանց զորապետ,
Հեծեր է Շամա ուղտն ու կը գա.
Խալիֆան սևցեր է, էղե կուպր։
Էկավ էն կռապաշտ թագավոր,
Ափալ-թափալ իրեն թալեց դուռ։
Ծովինար խանում ասաց.
— Յա՛, թա՛գավոր, ապրած կենաս,
Աստված բարի անի.
Էդա յոթ տարի քո ձեն լավ կը գար.
Էդ ի՞նչ էղե քեզի։
Խա՛լիֆա, ո՞ւր է քո զորք,
Ո՞ւր է քո զորապետ։
Խալիֆան պատասխանեց, ասաց.
— Կնի՛կ, էնպես արի զգավուրներ.
Լցի բերդի պարսպի ներս.
Վերջին ժամ էր, որ պիտի թասլիմ ըլներ,
Մեկ էլ աղոթրանին կրակ թափվեց վերևից,
Իմ զորքն ու զորապետ ամեն ջարդվեց.
Հրեղեն սուր ընկավ մեջ իմ զորքին,
Զիրար կոտորեցին, բրդեցին։
Պիտի ես էլ ընկնեի մեջ,
Հեծա դավեն, փախա։
Ինչքան իմ կռքերուն մատաղ ասի,
Ոսկի, արծաթ ընծա ասի,
Չեկան ինձի օգնության,
Չեկան ինձի ազատեին։
Սանասարն ու Բաղդասար
Մեր Ջոջ Կռքին մատաղ եմ կանչե,
Որ նո՛ր հազիվ ինձ ազատած, բերած է։
Ծովինար էդտեղ իր մեջ միտք արեց, ասաց.
— Վալլա՜հ, իմ էրկու տղան պիտի տաներ,
Անմեղ տեղըն պիտի մորթեր։
Քանի մի ժամանակ վերան անցավ.
Կռապաշտ Խալիֆան գնաց կռքարան։
Հեռի լսողաց, չար թշնամին
Մտավ էնոնց կռքերի մեջ,
Իրենց մատաղ ուզեցին։
Ջոջ Կռքից ձեն էլավ, ասաց.
— Քո տղաներ, Սանասար ու Բաղդասար,
Բեր իմ առջև, ինձի մատղե,
Դու ինչ մուրազ անես,
Ես զքե քո մուրազին տի հասցնեմ։
Կռքապետն էլ էկավ Խալիֆայի առջև.,
— Կռքեր մատաղ կ’ուզեն։
Ասաց.— Ինչ կ’ուզեք՝ տարեք, մատղեք։
— Խաչապաշտ թագավորի աղջըկանից
Երկու տղա կա քեզի,
Զէնոնք մատաղ կ’ուզեն,
Ուրիշ բան չեն ուզի։
Ասաց.—- Լա՛վ, տասն օրից ետ,
Մեր կռքեր տանենք վեր աղբըրներուն սեյր,
Ես իմ էրկու տղան էլ տանեմ,
Մեր կռքերուն մատաղ անեմ։
Խալիֆան էն օր էկավ, ասաց.
— Թագավորի՛ աղջիկ, գիտե՞ս՝ ինչ կա։
— Հա՛, ի՞նչ կա, հարցուց Ծովինար։
— Սպա չե՛ս ասի, իմ կռքեր մատաղ կ’ուզեն:
Ծովինար խանում ասաց.
— Քո տուն չավրի, քեզի չկա՞ էրինջ,
Չկա՞ օչխար, չկա՞ տավար,
Զէնի՛ արա մատաղ։
Խալիֆան ասաց.— Չէ՛, չէ՛, մա՜րդ կ’ուզեն։
— Է՜, մա՞րդ կ’ուզեն.
Չկա՞ քո քաղքի մեջ անտեր տղա,
Զէնի՛ արա մատաղ։՜
Խալիֆան ասաց.— Չէ՛, չէ՛, քո տղեկներ կ’ուզեն..
Կնիկ, քո տղեկնե՛ր մատաղ եմ ասե.
Պետք է տղեկներ տանեմ, մատղեմ կռքերուն,
Որ ինձ ազատեր էն թշնամուց։
Գագիկ թագավորի աղջիկն ասաց.
— Քո տուն չավրի, ինչո՞ւ.
Իմ տղեկներ քո տղեկներ չե՞ն.
Ինչպես գիտես, էնպես արա.
Տար, զէնոնք արա մատաղ։
Համա ո՜ւր է Սանասա ր, ո՜ւր է Բաղդասա՜ր.
Մենք ո՞ւր, մեր էրկու տղա՜ն ո՞ւր;
Էն գիշեր որ Սանասար ու Բաղդասար
Հեծան ձիանք, ընկան ճամփա ու քշեցին։
Չորս օր գիշեր ցերեկ քշեցին,
Խալիֆափ հողից էլան դուրս։
Շատ պըտըտվան, զարկին, էկան կարիբ էրկիր,
Էկան նեղ ձոր մի մտան։
Տեսան, որ մեկ մեծ գետ կը գար, կ’անցներ էնտեղ.
Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝
Կ’իջներ, կը գար բարձր սարերից,
Կը զարկեր մեջ էդ գետին,
Ու կը կտրեր զէդ գետ,
Ու կը շերտեր չուրի մեջտեղ,
Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։
Էդտեղ էրկու աղբեր իրար հարցուցին.
— Էդա բարակ առվի զորություն ի՞նչ է,
Որ կը կտրի զէդ ահագին գետ, կը կիսի,
Կ’անցնի ու կը դիպնի էս փըլին։
Սանասարի միտքըն փոխվեց,
Վերուց, ասաց Բաղդասարին,
— Զարմացեր եմ, շատ եմ զարմացեր էդոր վերան:
Էդ բարակիկ ջուրն կըգա,
Հրե՜ն, էն սարի գլխեն կը գա,
Ու կը զարնե գետին, ու կը կտրե,
Ու նոր կ’էրթա հետ էս գետին։
Էդ իմալ ջուր է, Բաղդասար։
Աղբերն ասաց Սանասարին.
— Էդ ջուր ազնանցորդու ջուր է.
Ով որ էդոր ական ջուրըն խմե,
Էդպես կտրիճ կըլնի,
Էնոր մեջքըն գետին տվող չի՛լնի։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Ով որ զէդա պստիկ ջրի ակըն գտնե,
Ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին,
Էնոր զավակն էլ որ ըլնի,
Էդպես զորեղ կ’ըլնի,
Էնոր մոտեն ազնանցորդի կ’էլնի.
Էնոր տղեք կտրիճ կ’ըլնին։
Սանասար էդտեղ էրդում արեց.
— Հացն ու գինին, տեր կենդանին.
Էդ ջրի ակ որտեղ էղավ,
Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք,
Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։
Մենք զոռբա, էս ջուր զոռբա,
Էս ջուր խմող ազրայիլ մարդ կը դառնա։
Բաղդասար ասաց.— Դու գիտես, աղբեր։
Էդ ջոջ գետ անցան, գնացին էնդին։
Էլան, առան զառուն,
Ու բռնեցին զէն բարակ ջուր,
Ու գնացին էրկու աղբեր։
Ու գնացին, գնացին լեռներ, լեռնե՜ր.
Էլան էդ սարերի գլուխ.
Գիշեր ցերեկ՝ արին մեկ,
Ու գնացին մեկ վերունի էրկիր հասան,—
Քարափրթա՛, ձո՜ր,անդունդք, քարուկապա՜ն,
Անտա՜ռ, արջ ու գազա՜ն։
Շենլիք չկար էդ վերքեր։
Էդ էրկրին շատ հավնեցան։
Ու գնացին, գտան զաղբուր։
Էդ աղբրի ջուր լուլա մի ջուր է,
Կ’էրթա, կը կտրե զիր տակի մեծ գետ։
Տեսան, անուշ ջուր էր, ու տեղն էլ էր անուշ.
Սանասար ասաց.— էստեղ խորոտ է.
Աղեկ է, որ մենք էստեղ մնանք,
Մեզ համար տուն մի ու քոշք շինենք,
Նստան վեր էդ ջրի ական,
Սահմանեցին՝ իրենց համար բերդ մի շինեն։
Մեծ աղբեր ասաց պստիկ աղբոր.
— Գնա, մեկ որս զարկ, բեր էփենք, ուտենք,
Ես էլ քարեր դնեմ իրար վերա.
Նշանակ շինեմ, որ գեղ շինենք։
Յոթն օր իրար վերա չուր կեսօրին՝
Բաղդասար հավքեր զարկեց, բերեց.
Սանասար էլ քար բերեց, նշանակ շինեց։
Ու բերին, զիրենց բերդի հիմ դրին։
Սանասար գնաց արևելի կողմ,
Բաղդասար գնաց արևմտի կողմ,
Զոջ ջոջ քարափներ կրեցին, բերին։
Քարեր բերին, լրացուցին,
Ձեռ իրար տվին, աստված կանչեցին,
Էղան վարպետ, պատ շարեցին,
Իրենց համար վեր էն ջրին
Իրարու հետ տուն մի կը շինեին։
Ապա Սանասար նետ ու աղեղ կ’առներ,
Կ’էրթար որսի լուսաբացին չուր իրիկուն,
Ու Բաղդասար կը դատեր վեր էն բերդին։
Մեկ տաս-քսան օր բանեցին վեր էդ քոշքին։
Էն մեկ օր Սանասար էկավ,
Տեսավ, որ Բաղդասար թաշկեր էր,
Ու քուն անցեր էր վերան,
Արնոտ որսեր էնպես անեփել՝
Թալեր էր ի գետին ու քներ էր։
Շատ կսկծաց էնոր համար,
Ու ասաց.— Աղբեր, էլի էրթանք.
Մեր ապրուստ էսպես չիլնի.
Չուր ե՞րբ պիտի մնանք էստեղ,
Ու անալի՛միս ուտենք։
Աստված որ տար մեզի,
Խալիֆայի քոշք ու սարեն կը տար.
Բաղդասար հարցուց Սանասարին,
–– Ապա ի՞նչ անենք, աղբեր։
— Թողնենք, էրթանք աշխարհ վե՛։
Էրկու աղբեր հեծան ու գնացին, հասան Մուշ։
Գնացին Մուշեղ թագավորի առաջ,
Գլուխ իջուցին, յոթն տեղով էրկիր պագին,
Ութի վերա ձեռներ կապին ու կայնան։
Ու թագավոր հարցուց էնոնց,
Թե.— Ի՞նչ պակասություն ունիք,
Ի՞նչ պիտի ձեզի, որդիք։
Տղեկներ դարձան, ասին.
—Պակասություն չունինք.
Վերի դին աստված ենք ապավինե,
Ներքի դին՝ քեզի, թագավոր,
Որ մեզի պահես ու պահպանես,
Քո աչք հովանի մեզի վերա ըլնի.
Ետև անցման աստված իրարուց չամաչեց ու։
Վերուց, հարցուց.– Որդիք, վի՞ր տղեկներն եք։
Թե.— Բաղդադու Խալիֆայի։
Ասաց.— Որ էդպես է, որդիք,
Մենք չենք ի՛շխենա ձեզի պահել.
Էնի զորեղ թագավոր է,
Կը գա մեր առ ու գերին կը տանի։
Ետ դարձեք, գնացեք, չենք կարնա պ՛ահել։
Էդա տեղեն էլան ու գնացին։
Ու միտք արին, թե.– Դո՞ր էրթանք։
Ու դեմ արին Արզրում նստող ամիրային։
Գնացին էդ մարդուն էրկու աղբեր,
Գլուխ իջուցին ու կայնան առաջ։
Ահագին ու քո ուզած՝ հաստաբազուկ
Ու հաղթուկ մարդ էին էդ էրկու աղբեր։
Արզրում նստող ամիրան
Որ տեսավ, շատ հավանեց էդոնց։
Հարցուց զիրենց ազգ ու տակ,
Ու ասաց.— Դուք ի՞նչ մարդ եք։
Սանասար պատասխանեց.
— Մենք՝ Բաղդադու Խալիֆայի տղեկներն ենք։
Էդ ամիրան ասաց.— Հա՛յ, հա՛յ, հա՜յ,—
Ու զիր փողպատ թոթվեց էնոնց մոտեն։
— Մենք էդոնց մեռելներուց կը փախնինք,
Էդոնց կենդանո՜ւն ռաստ կը գանք։
Ոչ, ձեզի տեր չենք կա՛րնա ըլնի.
Ուրվե կ’էրթաք, գնացեք։
Էդտեղեն էլ էլան ու գնացին։
Ճամփուն խորհուրդ արին։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Աղբեր, մենք էդ մարդու մոտեն կը փախնինք,
Զէդոր անուն ինչի՞ դրեր էնք մեր վերան։
Արի մենք էդ շան անուն չտանք.
Քանի որ մենք էդոր անուն տանք,
Մեզի պահող չկա։
Էս դիր ուր որ գնանք, ով որ հարցուց,
Տ’ասենք՝ մեզի բան չկա,
Ոչ հեր, ոչ մեր, ոչ տուն, ոչ հայրենիք,
Բալքի մարդիկ զմեզի տիրեն։
Ու էնտեղեն դարձան,
Թողին, էկին Մանձկերտու բերդ։
Թագավոր մի կար էնտեղ, անուն Թևաթորոս,
Էկին, էնոր դուռ կայնեցին,
Թագավորի մարդիկ էկին.
— Դուք ի՞նչ մարդ եք, հարցուցին։
Ասին.— էկանք, թագավորին ըլնինք ծառա։
Թագավորին իմաց տվին։
Գնացին, գլուխ իջուցին,
Յոթըն տեղով էրկիր պագին,
Ութի վերա ձեռ կապեցին
Ու կայնան էնոր առջև։
Թագավորն ինչ զէդ էրկու խարտեշ,
Սիրունատես տղեք տեսավ,
Շատ հավանեց էնոնց, հարցուց.
— Որդիք, ի՞նչ պիտի ձեզի.
Ինչի՞ համար եք էկե։
Պատասխան տվին էնոր.
— Վերի դին աստված ենք ապավինե,
Ներքի դին՝ քեզի, թա՛գավոր,
Որ մեզի պահես ու պահպանես,
Քո աչք հովանի վերա մեզի ըլնի,
Էտև անցման աստված իրարուց չամաչեցու:
Ու թագավոր հարցում արեց.
— Որդիք, դուք ո՞ր տեղեն եք։
Պատասխան տվին, ասին.— Չենք գիտի։
— Ի՞նչ ունիք, ի՞նչ չունիք. հեր ու մեր ունիք։
Ասին.— Իսկի բան մ’էլ չունինք,
Ոչ տուն, ոչ տեղ, ոչ հայրենիք,
Մենք ինչ մորե էլեր ենք,
Ոչ հեր ենք տեսե, ոչ մեր ենք տեսե.
Մեզի էսպես որբուկ տղա ենք տեսե։
Թագավոր նորեն հարցուց.
— Դուք ի՞նչ կ’ասեք, ինչի՞ ման կը գաք։
— Մենք էկեր ենք կո՛, կըլնինք քեզի ծառա։
Թագավորին շատ դուր էկան, ասաց.
—Տարեք էդ տղեկներ դրեք մեկ մաքուր տեղ,
Սենեկի մեջ անկողիններ փռեք։
Տարան, դրին մեկ սենեկի մեջ
Ու էնոնց ժամեժամ հաց կը տանեին։
Թագավոր զէնոնք շատ ուզեց.
Սանասարին արեց սեղանապետ,
Բաղդասարին՝ գինապետ։
Մեկ տարի թամամ պահեցին,
Տարին որ թամամավ, վազիր թագավորին ասաց.
— Թագավոր, մի բերե՛ս, փորձես զէդոնք.
Տեսնես՝ մեջերն հունար կա՞, թե չկա։
Թագավորն ասաց.— Աղեկ կ’ասես։
Ու կանչեցին էդ տղեկներ,
Բերին թագավորի դիվան,
Ու թագավորն ասաց էդոնց.
— Ո՛րդիք, լուսուն պիտի կռիվ էրթանք
Ու տղեկներ էդա տեղեն էլան,
Գնացին, նստան իրենց սենեկի մեջ.
Մնացին էնտեղ չուրի լուսացավ։
Առավոտ բարի լուսուն էլան,
Ամեն մեկ իր զենքեր առավ վերան,
Հեծան իրենց ձիա՛նք
Ու գնացին կռվի մեյդան.
Թագավորն էլ իր զորքով էկավ։
Վերուց, ասաց.— Սա՛նասար,
Զորքերն առ, դու մեկ դին կայնի,
Ես, Բաղդասար, վազիր մեկ դին կայնենք։
Սանասար ասաց.— էդպես չէ, թագավոր։
— Հապա ի՞նչպես, հարցուց թագավոր։
Ասաց.— Ես ու իմ աղբեր մեկ դին կայնենք.
Դու, քո զորքեր, վազիր՝ մեկ դին։
Թագավոր ասաց.— Քո խոսք ըլնի։
Ու էկան, առան իրար կռիվ։
Թագավոր մեկ էլ նայեց, տեսավ,
Որ էլ զորքեր չկան, ամեն ջարդած են։
Ասաց.—–Վազիր, քո տուն ավերի,
Ինչպես որ դու իմ տուն ավերեցիր.
Մինչի հիմի էդոնք գիտեին,
Թե մեր մեջ որձ մարդ կա.
Հիմիկս իրենք մարդ են, մենք՝ կնիկ։
Վազիր վերուց, թե.— Որ էդպես է,
Քաղքից դուրս արա, թող էրթան։
Էն օր քաղքի նախիր ավազակներ տարան։
Էլավ, էբեր մի էրեսուն ձիավոր,
Տղեկներու հետ տի դներ,
Որ էրթային տանողների ետև։
Սանասար ասաց.— Թա՛գավոր,
Մենք չենք ուզի էդ էրեսուն ձիավոր.
Մենք էրկուսով մենակ կ’էրթանք։
Առին զենքեր, հեծան ու գնացին։
Գնացին, հասան ավազակներուն.
Զարկին, ջարդին, նախիր թափեցին,
Զէդ ավազակներ խառնեցին նախրի տավրի հետ.
Դարձուցին, բերին քաղաք։
Թագավոր բռնեց, զավազակներ կապեց։
Էդա անգամ զտղեկներ է՛լ լավ պահեց։
Առավոտուն էլան, գնացին, պըտոտեցրն,
Տեսան ջահել տղեք վահանամարտ կը խաղան,
Վահան բռնած ձեռներ՝ փետ կը զարնեն իրարու։
Ասին.— Մենք էլ էրթանք, հետ էնոնց խաղանք։
Գնացին, ո՛ր մեկին ձեռ տվին,
Ուշաթափ էղան, ընկան գետին։
Գնացին, թագավորին խաբար տվին.
— Էլի տես՝ ինչ են արած։
Թագավոր կանչեց զէնոնք, ասաց.
— Տղեք, դուք էս ի՞նչ կ’անեք,
Էս ձեր արած բան ի՞նչ է։
Ասին.– Թագավոր ապրած կենա,
Մենք խաղացինք, էդպես էղավ։
Ասաց.— Դուք զորեղ, ազնավուր մարդ եք,
Էնոնք ձեզի կարնա՞ն դեմ կենան։
Դիր մ’էլ էդպես բան չանեք։
Ասին.— Էլ չենք անի։
Մեծ քաղաք էր. հարսնիք արին.
Ջահելներ էլան, գնացին, ձի խաղցուցին։
Թագավոր ասաց Բաղդասարին.
— Էլեք, դուք էլ գնացեք,
Ձիաթողս, ուրախություն արեք։
Էդոնք որ գնացին, ձիավորներ կայնան։
Էդ էրկուս կայնան մեկ կողմ,
Ձիավորներ կայնան մեկ կողմ,
Էկան, իրարուց կրակ տարան,
Երբ մեծ աղբեր կ’էրթար ետև,
Ջրինդ կը թալեր, վնաս չէր տա.
Երբ որ պստիկ աղբեր կ’էրթար,
Կը զարկեր, կող կը ջարդեր,
Էրկու-իրեք տղի վնաս էտու։
Սանասարին էդ դուր չեկավ,
Էլան, դարձան, էկին տուն։
Մեկ սինի պտուղ վերցուց մեծ աղբեր,
Էդի պստիկ աղբոր գլխու վերա,
Տարավ թագավորի դիվան։
Էն տղաներու տիրվանք էկած են,
Գանգատ կը տան, կ’ասեն.
— Թագավոր, էդ տղաներ ճամվտւ դիր.
Թե չէ՝ զորեղ են, քեզ կը վնասեն։
Սանասար որ պտուղ տարավ,
Տղաներու տիրվանք տղաներուն մոռցան.
Էկին, լցվան պտղի վերա, կերան։
Էնոնց ընկեր տղաներից մեկ գնաց, ասաց.
— Թագավոր բարկացեր է ձեր վերա,
Զեզի քաղքից դուրս տի հանի։
Սանասար Բաղդասարին ասաց.
— Աղբեր, էստեղ մեզ տուն չիլնի,
Էրթանք, մեր տուն շինենք։
Էնքան ջանք թափեցինք էնտեղ,
Ու մեր էն ավերակն էնպես մնաց կիսատ։
Ասաց.— Դու գիտես, աղբեր, էրթանք։
Աուտուն ոչ դու հաց պատրաստիր,
Ոչ ես գինի լնում, իտամ.
Առավոտուն չէրթանք իրեն էրևանք։
Թագավոր քնուց զարթնեց, ոչ էն կա, ոչ էն.
Էդ հետ կանչեց զէնոնք։
Էկին թագավորի առաջ։
— Թա՛գավոր, ասին, մեր մեղքն ի՞նչ է,
Որ դու մեզի քաղքից դուրս կ’անես։
Ասաց.— Որդիք, խոսք է, բերնես գնացեր է,
Ձեղի պիտի դուրս անեմ։
Էստեղեն գնացեք ձեր սենեկ,
Ու միտք արեք, տեսնենք՝
Որ կողմ կ’ուզեք, տամ ձեզի,
Գնացեք, էնտեղ նստեք։
Տղեկներն էլ միտք արին,
Թե.— էրթանք էնտեղ, որ նշանգահ թալեր ենք։
Էրթանք, էնտեղ նստենք։
Մնացին գիշերն իրենց սենեկի մեջ։
Բարի լուսըն որ բացվեց,
Էկին թագավորի առաջ կայնան։
Ու թագավոր հարցուց.— Ո՛րդիք.
Ո՞ր կողմ ուզեցիք, որ դուք նստեք։
Ասին.— Թագավոր ապրած կենա,
Մենք, ուղորդ է, հեր ու մեր չունինք,
Համա քենե պահենք, աստըծուց ի՞նչ պահենք,
Ջանք մեկ ավերակի տվեր ենք մի քիչ.
Հետո թորկեր, էկեր ենք էստեղ։
Ու պատմեցին էնոր ասին.
— Էս օրինակ մեկ աղբերակ,
Էդ աղբրի կուշտ հիմք ենք թալե.
Կը խնդրենք, որ թողնես մեզի,
Էրթանք մեր տուն շինենք, տնավորվինք։
Թևաթորոս թագավոր վերուց, ասաց.
— Ախըր, որդիք, ես առաջ ձեզ հարցուցի,
Թե ձեզ ինչ կա, հեր, մեր.
Ու դուք ասիք, թե՝ բան չկա. ոչ տուն, ոչ տեղ։
Հիմի քանի որ էդպես է, ասաց.
Կ’էրթաք, հազար բարին,
Գնացեք ձեր տուն ու բերդ շինեք։
Սանասար ու Բաղդասար դարձան, ասին.
— Թագավոր, ապրած կենաս,
Մեկ բան էլ կը խնդրենք քենե,
Մենք մենակ չենք կարնա էնտեղ նստենք.
Կը խնդրենք՝ մեկ քանի տուն աղքատ,
Մեկ քանի տուն հարուստ տաս մեզի.
Գան հետ մեզի, մեզի մոտ տուն շինեն,
Որ իրիկնեց ժողովվինք մեկտեղ,
Զրուցենք մեզի մեր քաղքի մեջ։
Թագավորի սիրտ կռչաց վեր էնոնց.
Էտու էնոնց քառսուն տուն.—
Հե՛յ գիտի տո՜ւն…
Ամեն մեկուն մեկ էշ ու մեկ ճախրակ։
Առավոտուն իր վազիրին ճամփեց քաղքի մեջ,
Էդ քառսուն տուն էտու քոչել,
Էնոնց համար էտու հիսուն բեռ ալուր,
Հետներ էդիր ուտելիք։
Էլան, բարձան զիրենց տներ։
Աղբերներն էլ թագավորին կաց-բարով ասին,
Ու հետ իրենց քոչին գնացին։
Գնացին, սարերն էլան,
Հասան վեր իրենց աղբերակին,
Ու վեր իրենց բերդի հիման։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Առաջ զմեր բերդ շինենք,
Թե չէ՝ զէդա աղքատ-ուղքատի տներ:
Բաղդասար պատասխանեց.
— Առաջ շինենք զէդոնց տներ.
Ու նոր շինենք զմեր բերդ,
Էդ խեղճ մարդեր չեն կարնա
Արևուն առջև կենա։
Ու սկսեցին զտներ։
Սանասար էնքան զորեղ էր.
Որ օր տասըն տան տեղ կը փորեր,
Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր.
Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։
Էրկու աղբեր չորս ավուր մեջ լման
Զքառսուն տների պատեր շարեցին,
Էդա ջոջ սարերի գերաններ
Կտրեցին, բերին առանց թփռելու,
Թալեցին վերան, ծածկեցին, պրծան։
Ու քոչեր նստեցուցին տների մեջ։
Տղեկներ որ զտներ կը շինեին,
Օրեն մեկի տուն հաց կ’ուտեին,
Վիր տուն որ հաց կ’ուտեին,
Էնոր տաշտ ու մաղ կը կախեին։
Երբ որ քոչեր իրենց տներ նստան,
Տղեկներ կրկին ըսկըսեցին ըզբերդ շինել:
Սանասար ջոջ քարափներ շալկեց, էբեր.
Ջոջ ջոջ քարեր էլ իր աղբեր էբեր։
Գնացին հետո քաղաք,
Վարպետ ու բանվորներ բերին։
Վարպետ տեսավ բերած քարեր,
Ասաց.— Ես չեմ կարնա շինել։
Սանասար գնաց քաղաք.
Ուրիշ մեն վարպետ էլ էբեր։
Էս վարպետ էլ որ տեսավ էն ջոջ քարեր.
Ասաց.— Սանասար, էս ի՞նչպես տի շարենք.
Ես չեմ կարնա էս քարափներ իրար տալ։
— Ապա ո՞վ կարնա. հարցուց Սանասար։
Վարպետ պատասխանեց.
— Մարդ չի կարնա իրար տալ։
— Ապա ի՞նչպես տի շարենք։
— Ես էլ չեմ գիտի, ասաց վարպետ։
Էն ժամանակ Սանասար վերուց,ասաց.
— Դե դու, վա՛րպետ, լարեր կապի՛, տեղեր շտկի՛,
Ինձի ասա, ես քար դնեմ իր տեղ։
Էսպես իրենց բերդ շինեցին։
Ջոջ ջոջ քարեր կը բերեին հրեշալի,
Վարպետների հետ էլ մեկտեղ կը բանեին։
Էնոնք էնքան զորեղ էին,
Որ քարե սան քարե սուն զարկին, ձագ թալեցին։
Մեկ տարի բոլոր էնոնք էսպես աշխատեցին,
Մեկ տարին որ լրացավ,
Նոր էնոնց բերդն ու տուն էկավ գլուխ։
Դարձան փոքրիկ, էկեղեցի մ’էլ շինեցին։
Մնաց բերդի ու տան անուն։
Ու չեն գիտի, թե ինչ դնեն էդոր անուն։
Ապա Սանասար ասաց Բաղդասարին.
— Շատ աղեկ, մենք մեր տուն պրծանք.
Մեր տանանուն ի՞նչ տի դնենք։
Բաղդասար ասաց.— Ա՛ղբեր, դու գիտես.
Շինել վեր մեր էրկուսիս,
Անուն դնել վեր քեզ։
Ով որ էկավ, բռնեց, ասաց.
— Իմ տան անունն դրեք։
Մարդ չիմացավ, թե ինչ ասեր։
Քանի մարդ էկավ էդտեղ,
Բերաններ փակվավ, անուն չասին։
Ով էլ էկավ, անուն էդիր.
Անհարմար ասին դրած անուն։
Մնաց։ Մի իրիկուն խորհուրդ արին։
Բաղդասար ասաց իր եղբոր.
— Լավն էն է որ էրթաս,
Մեկ ալևոր մարդ գտնես, բերես,
Էստեղ հացկերություն անի,
Էլնի, բերդին անուն դնի, էրթա։
Առավոտուն լուս որ բացվեց,
Սանասար էլավ, գնաց ման էկավ,
Սպտակմորուս պապիկ մի տեսավ.
Վեցկին լծեր էր մեջ օստնին,
Հետ հոտաղին վար կ’աներ։
Հալվոր ինչ էդ փահլևան տեսավ,
Ձեռքեր էլան դող, վար կայնեցուց։
Սանասար էկավ, ձեռ էթալ,
Հալվորի թև բռնեց, ասաց.
— Պապիկ, արի էրթանք մեր տուն։
Հալվորն ասաց.— Ձեռք վեր առ ինձենե։
Ասաց.— Մի վա՛խենա, պապիկ.
Արի էսօր մեր տուն հյուր.
Քեզ կը տանեմ, ետ կը բերեմ։
Հալվոր համաձայնավ, գնաց։
Ինչ մոտեցան, հոգնեց, ասաց.
— Հերիք է՝ ինձ տանես, ես նեղացա։
Ասաց.— Պա՛պիկ, հա՛—հա, մոտեցանք,
Հա՛մա ձեռ էտու զպապկի ճիվ,
Էթալ վերիր ձիուն,
Առավ, տարավ, մեջ տան էդիր գետին։
Տարավ տուն, հացկերություն արին,
Նստան, զրուցեցին չուր իրիկուն։
Ասաց.— Պապիկ, դու գիտե՞ս՝
Ինչի համար ենք քեզ բերե։
Ասաց.— Հա՛յ կանաչ կտրիճ,
Բա ես գիտե՞մ, ես ի՞նչ գիտեմ՝
Ինչի համար եք ինձ բերե։
Սանասար ասաց.— Հա՛յ պապիկ,
Ծեր ալևոր, մեծ մարդ ես դու,
Աշխարք շատ ման էկեր ես.
Էս տուն մենք նոր ենք շիներ,
Դեռ մեր տուն անուն չունի,
Մեր բերդի անուն չենք գիտի՝ ինչ դնենք։
Պապիկ, ես քեզ բերի էստեղ,
Որ դու անուն դնես մեր բերդին։
Մեր տան անուշ անուն մի դիր,
Տեսնենք՝ ինչ տի դնես տան անուն։
Հալվորն ասաց.— Թող ըլնի։
Ապա դարձավ, հարցուց, ասաց.
— Ձեր հոգուն մեռնիմ, տղաներ,
Ի՞նչ անուն կ’ուզեք, ի՞նչ անուն դնեմ։
Էնոնք ասին.— Հալվոր պապի,
Մեր ուզածով չէ. դու քեզ համար ինչ կ’ուզես՝ դիր;
Հետո հալվորն ասաց.
— Հիմի մութն է. առավոտուն էլնենք, ման գանք,
Ես իրիշկեմ, էնոր գորա անուն մի գտնենք։
Քնեցին։ Առավոտուն էլան վե,
Լվացվան, աղոթք արին.
Հալվոր կուշտ հաց կերավ,
Էլավ, գնաց, բակի մեջ մեկ ֆռաց, ֆռաց,
Խորոտ ու գեշ մտիկ էտու,
Դարձավ, ասաց.— Ես չեմ տեսնա՝
Ձեր տուն քանի մ’է, որ անուն դնեմ։
Սանասար ասաց.— Պապիկ,
Արի ես քեզ շալկեմ,
Մեր բերդի չորս բոլոր ման ածեմ,
Դու տես, նոր անուն դիր։
Շալկեց, էլավ դուրս, բերդի բոլոր ֆռաց,
Հալվորն աշեց էն տան չորս բոլոր,
Տեսավ՝ սար մի կո՛ շարած վեր իրարու։
Առավոտուն արևմտյան դռնեն էլավ,
Բերդի բոլոր պըտըտեցուց,
Իրիկուն նոր պրծավ, էկավ մոտ էն դուռ,
Էկան, կայնան դռան առջև։
Իրենք էլ էսպես են մտածե.
«Հալվորի գալուն պես էլնենք դիմաց,
Ինչ խոսք էնոր բերնեն էլնի,
Մեր բերդի անուն էն թող ըլնի»։
Ասին.— Պապիկ, ի՞նչ կ’ասես։
Հալվոր նայեց դարգահի վերա,
Էդոր վերին հարկեր տեսավ,
Քարեր հանած էդա բարձր հարկեր,
Տեսավ քարափներ պատ շարած,
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.
— Էդո՞ր անուն դնեմ։
Աստված ձեր տուն շինի,
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։
Աստված բարի տա ձեզ,
Դուք ի՞նչքան ուժ ունիք,
Որ վեր հաներ եք էս մե՜ծ մեծ քարեր։
Վա, էս ի՞նչ սասուն քարեր են,
Դուք էն սասուն քարեր
Ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե.
Էս տո ւն չեք շինե դուց.
Ապա սասուն մ’ եք շինե։
Վա, քանի սասուն բերդ մի.
Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բավ է, պապիկ,
Էլ ձեն մի հանի, էլ անուն մի դնի.
Ա՛յ պապի, անուն դրվավ,
Անուն էղավ Սասուն։
Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր,
Քարե սան սուն եք զարկե,
Մեր բերդի անուն էդավ Սանսուն,Սասուն։
Մեր տան անուն՝ Սասնա տուն։
Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն,
Էն տան անուն մնաց Սասնա տուն։
Բերդի անուն դրին, պրծան,
Սանասար ասաց հալվորին.
— Պապիկ, էստեղ մնա.
Ես քեզ խորոտ կը պահեմ։
Հալվորն ասաց.— Աստված որ կը սիրես.
Էլի ինձ կը տանես, դնես իմ տեղաց վերա.
Էն վաթանն է, էստեղ իմ համբեր չգա։
Սանասար զհալվոր վերուց,
Տարավ, իր տեղ էդիր։
Ի՞նչ էր էնոնց սովորություն, արվեստ։—
Էրկու աղբեր ցերեկ սարեր ման կը գային.
Կ’էրթային, կը հասնեին չուրի ծովափ,
Որս կ’անեին, իրիկուն կը գայի նտուն։
Ավուր մեկին Սանասար ասաց Բաղդասարին.
— Հա՛յ աղբեր, էրթանք ծովու բերան,
Մեկ լավ ձի մեզ համար գտնենք, բերենք։
Հրեղեն էին, գիտեին, որ ծովու ձի կա։—
Էլան, գնացին ծովու պռուկ.
Էրկուս նստան էնտեղ։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Աղբեր, արի մեզ տանք վեր էս ծովուն,
Տեսնենք՝մարդ կըխրվի՞մեջ։
Բաղդասար դարձուց, ասաց.
— Աղբեր, հոգին քաղցր է.
Ես ինձ չեմ թա՛լի ծով։
Սանասար աղբորն ասաց.
— Լավ, դու կայնի էստեղ, ես կ’էրթամ.
Թե ես չըխրվա էս ծովի մեջ, դու է՛լ արի.
Թե ես խրվա, խեղդվա, դու էլ մի՛ գա,
Դու էստեղ ողջ կը մնաս։
Սանասար սիրտ արավ.
Մեկ աստծու անուն էտա,
Զինք շալապուտիկ արավ, էթալ ծով։
Աստծու հրամանքով ծով բացվեց,
Սանասարի աչից առջև էղավ չոր գետին,
Բաղդասարի աչից ծով կ’էրևար։
Բաղդասար մնաց էնտեղ ծովու պռուկ,
Հա՛մա կը լար, կ’ասեր.
«Վա՛յ, իմ աղբե՛ր գնաց ծովու մեջ կորսըվավ,
Իմ աղբեր գնաց ծով, խեղդըվավ»։
Որ էլ զէնի չտեսավ,
Ուշքըն գնաց կըսկըծու,
Ընկավ ծովու բերան։
Սանասար ծովու մեջ որ մտավ,
Ինչ չոր գետնի վերա գնաց։
Գնաց, հասավ ծովու տակ մեկ պարտեզ,
Տեսավ՝ քոշք ու սարայ մի կա էնտեղ.
Հավուզ մի կա մեջ էն պարտեզին.
Էն քոշք ու սարի առջև ջուր կըթալի։
Տեսավ Ծովային ձին. Քուռկիկ Զալալին,
Էնտեղ կապուկ, թամք սադաֆին վերան պատրաստ,
Կեծական Թուր վերան կախած։
Նայեց՝ էկեղեցի մի կա էնտեղ։
Ինչ մտավ էկեղեցին,
Ակահ գնաց, թավալեց, ընկավ։
Մեջ քնուն էրազ տեսավ,
Մայր Աստվածածին էկավ էրազ, ասաց,
«Հե՛յ, Սանասար, էլի վե՛ր։
Խաչ Պատերազմին կո՛ էստեղ է.
Էլի՛, յոթ ծունր, աղոթք առջև արա.
Արժան ըլնիս, քեզ կը հասնի,
Դնես վեր քո աջ թևին, որ դարբ չառնի։
Ծովային ձին, Քուռկիկ Ջալալին,
Էնտեղ թամքած, սանձըն բերան զարկած,
Էրկնուց իջած Թուր Կեծակին վերան կախած.
Թե արժան ես, կ’առնես, կը հեծնես։
Էստեղ մեկ պահարան կա, բա՛ց.
Մեջըն շապիկ զրեհին.
Զրեհի քամարն ի մեջքին,
Գլխու գուտն զրեհին,
Զրեհի կոշիկն ի ոտին,
Ծանրիկ գուրզ փահլևանին.
Ամուր նիզակ, նետ ու աղեղ,
Փող պղլորին, պինդ վահան.
Ամեն էստեղ է, կ’առնես։
Էն դարբասի աղբրի մեջ էլ կը լողանաս,
Կը ջոջանաս, կը զորանաս, կտըրճանաս,
Քո ուժ կ’ըլնի քան յոթ,
Մեկն յոթ կը հավելանա, կը լցվիս.
Կերթաս քոմուրազին կը հասնիս»։
Սանասար քնուց զարթնեց, էլավ, ասաց.
«Էն ի՞նչ էրազ էր, ես տեսա.
Տեսնես՝ ուղո՞րդ է, թե՞ սուտ է»։
Գնաց էնտեղ, ինչ շանց էտու,
Էն պահարան էբաց, տեսավ էնտեղ՝
Ինչ էրազի մեջ տեսեր էր։
Տեսավ մեկ զրեհի գուտ էնտեղ.
Էրկու լիտր բամբակ դներ մեջ,
Դներ գլուխ՝ չկայներ.
Մեկ զրեհի մեջկապ էնտեղ,
Յոթ փութ էկավ բոլոր մեջաց.
Մի ջուխտ զրեհի կոշիկ էնտեղ,
Մեկ մեկ լիտր բամբակ դներ մեջ,
Հագներ, հալա ջոջ էր։
Էկեղեցուց էլավ դուրս,
Գնաց, մտավ էն դարբասի հավուզ, լողացավ՝.
Աղբըրի ջուր խմեց, քնեց.
Քնեց մի քիչ,աստծու շնորհք առավ.
Ջոջացավ, զորացավ,կտըրճացավ,
Լցվավ, դարձավ հրեղեն։
Վեր էլավ, էն գեստեր կապեց ամեն։
Ըզզրեհիշապիկ հագավ.
Ըզզրեհի քամար կապեց,— քամար մեջքով էր.
Ըզզրեհի գուտըն էդի գլուխ,— գլխով էր.
Ըզզրեհի կոշիկ հագավ,— ոտքով էր.
Ամեն գեստեր, զենքեր առավ։
Յոթ ծունր աղոթք արավ,
ԶԹուր Կեծակին կապեց վեր իր։
Հրեշտակները ըզԽաչ Պատերազմին
Դրին վեր աջ թևին,
Որ դարբ չառնիՍանասարին։
Էավ, սիրտ առավ, որ ին հեծներ։
Քուռկիկ Ջալալին դարձավ, ասաց.
— Հողածին, ի՞նչ կանես, քո միտն ի՞նչ է։
Ասաց — Քե կը հեծնեմ։
Ասաց.— Քե կը տամ արեգական, կ’էրեմ։
Ասաց.— Ծովային եմ, ինձ կըտամ քո փորի տա
Ասաց.— Քե կըտամ գետին, կ’էրթաս անդունդք։
Ասաց.— Ծովային եմ, ինձ կըտամ քո քամակ։
Թռավ քամակ, հեծավ ըզձին,
Որ կը տար արեգական՝ էրեր,
Ինք էտու ձիու փորի տակ.
Որ կը տար գետին՝ էրթար անդունդ,
Ինք էտու ձիու քամակ։
Ձին քիչ մ’էյ թռավ վեր-վեր,
Դես փախավ ու դեն փախավ,
Կայնավ վեր հետին ոտներին,
Փրփուր էտու վեր բերնին.
Չկարցավ ըզՍանասար ձգեր գետին։
Խելացացավ, կայնավ, հնազանդեց,
Ասաց.— Ես քո ձին, դուն իմ տեր։
Սանասար քշեց ըզձին, բաղչով կ’էրթար,
Էլի ճամփին ծով բացվեց,
Մեկ էլտեսավ ծովու էրես,
Դուրս էլավ, որ գա աղբոր մոտ։
Աղբեր գետին նստած կըլար.
Տեսավ՝ մեկ սար էլեր սարի վերա, կը գա։
Ասաց, «Էն գազան ինձի կ’ուտի.
Էն ըզիմ աղբեր քաշեց ի ծով,
Ըզիս էլ տի տանի, քաշի ծով»։
Չճանչեցավ, վախեցավ, լալով փախավ։
Սանասար կանչեց, ասաց.— Բա՛ղդասար, մի փա՛խի։
Գնաց, հասավ Բաղդասարին, ասաց.
— Ա՛յ տղա, ինչի՛ կը լաս։
Ասաց.— Էյ, ես չլամ, բա ո՞վ տի լա.
Ես եմ իմ մեկ աղբեր.
Իմ աղբեր զինք էթալ ծով, գնաց, խեղդըվավ.
Ես էլ մնացի էստեղ մենակ։
Ապա ես չլամ, ո՞վ լա։
Սանասար ասաց.— Է՜յ, տղա,
Մկա քո աղբեր տեսնես՝ կը ճանչենա՞ս։
— Ապա չե՞մ ճանչենար։
Ասաց.— Ես քո աղբերն եմ։
— Իմ աղբեր էդքան ջոջ չէր.
Քանց իս մեկ լար մի ջոջ էր։
Իմ աղբեր էդ ձին ո՞ւստ գտավ.
Իմ աղբեր էդա զենքեր ո՞ւստ գտավ։
Հասավ աղբոր գլուխ պաչեց, ասաց.
— Բա՛ղդասար, ես քո աղբերն եմ,
Սանասարն եմ. մի վախենար, մի՛ լար։
Բաղդասարն էլ Սանասարի գլուխ պագավ.
Ասաց.— Աղբեր, քանի դու կ’էրևայիր,
Ես կիրիշկեի քեզի.
Երբ դու չէրևացիր, ես նստա, լացի։
Էնոնք իրար գլուխ պագին.
Մեկտեղ էլան, գնացին տուն։
Էրկու աղբեր նստուկ էին Սասուն։
Բաղդասար քնուկ էր մեկ գիշեր.
Մեկ էլ տեսնի, ի՞նչ տեսնի լավ։—
Ջոջ Կուռք էղավ իծու օրինակ,
Էկավ գլխու վերև, մըկմըկաց,
Մինչի լուս չթողեց, որ էն քներ, սթրեր։
Մեկ ամիս թամամ էդպես կ’աներ։
Ամիսն որ լրացավ,
Դեղնություն թափավ Բաղդասարի վերան,
Հիվանդացավ, նիաթ կախեց։
Սանասար հարցուց աղբոր.
— Ինչու՞ ես դու հիվանդացե.
Քանի կը բանինք, ուրախ էիր.
Հիմի նոթեր կախեր ես։
Բաղդասար պատասխանեց.
— Աղբեր, դու խաբար չես, ես գիշեր չեմ քնի.
Էդ մեկ ամիս Զոջ Կուռք չի թողի,
Որ ես գիշեր քնեմ։
Կըլնի իծու պես, գիշեր կը գա,
Կը տըրճըկի չուր լուսվեր ինձի,
Իմ գլխու վերն կը մըկմըկա.
Չի թողի, որ ես քնեմ։
Աղբեր, ես կէրթամ Բաղդադ,
Կամ Խալիֆան ինձ տի մատաղ անի Ջոշ Կռքին,
Կամ ես՝ Խալիֆային։
Սանասար վերուց, ասաց.
—Աստուծով էն չի կարնա մեզ մորթի։
Բաղդասար դարձուց, ասաց.
— Համա, աղբեր, ինձի չի պա՛տկանի,
Որ ես մենակ էրթամ։
Մեկտեղ էրթանք. ըզԽալիֆան զարնենք, սպանենք.
Կռքատուն վառենք, չխուլ մարդիկ թալենք կրակ.
Մեկ էլ էրթանք մոտ մեր խեղճ մեր,
Տեսնենք՝ ինչպես է, ինչ կ’անի։
Էլան, քանի մի մարդով ընկան ճամփա,
Էդ հաշվին գնացին, հասան Բաղդադ,
Ու քաղքից դուրս մեջ դաշտին
Իրենց վրան զարկին, նստան։
— Բաղդասար,— աղբորն ասաց Սանասար.
Դու շուտ գնա, մեր մորն աչքալուս տուր։
Գնացին, ջուաբ տարան Խալիֆային, ասին,
— Քո աչք ի լուս, տղեք էկան։
Խալիֆան ուրախացավ, զվարթացավ, ասաց.
— Զորավոր է մեր Ջոջ Կուռք,
Իր մատաղներ քաշեց, բերեց։
Վերուց, ասաց իր մարդոց.
— Դուք ինձ էրեսով կը տայիք.
Տեսա՞ք իմ կռքերի զորություն.
Ջոջ Կուռք քաշեր, իր մատաղներ բերեր է։
Մարդիկ ճամփեց, էկան տղեկներուն ասին.
— Խալիֆան ասաց՝ դուք բարի էկաք.
Դուք գիտցաք, որ իմ կռքերու օր է,
Ազիզ օր է, տի տանեմ ձեզի մատաղ անեմ։
Ասին.— Մենք գիտցանքկռքեր զոռ են.
Էկանք՝ մեզի մատաղ անի։
Էրկու աղբեր մեկէլ օր էկան,
Գնացին Խալիֆայի էրես։
Տեսան, որէն էլեր Դիվանխանի տանիք,
Թևեր կանթե, կէրթա ու կը գա։
Որ զՍանասար ու Բաղդասար տեսավ, բոռաց.
— Դուք շան լակոտներ, շուն-շանորդիք,
Ո՞ւր անցիք, դո՞ր գնացիք, ինչի՞ շուտ չէկաք.
Դուք չգիտցաք, որ դոր էրթայիք,
Ջոջ Կուռք ձեզի կը բերեր։
Ասին.– Հերի՛կ, քե մեռնինք, հերի՛կ, քե մեռնինք.
Որ մենք մորե ծնվեր էինք,
Աշխարհ չէինք տեսե.
Աշխարհ տեսանք, մոռացանք։
Համա արևելք փախանք, չպրծանք,
Արևմուտք փախանք, չպրծանք,
Չազատվեցինք քո կռքերու ձեռնեն։
Քո Ջոջ Կուռք շատ զորավոր կուռք է,
Գիշերն էլ չէր թողնե,
Որ մենք էնտեղ սըթըրվինք։
Ասաց.— Դե՛ արիք, էրթանք կռոց տուն,
Ձեղի մատղեմ իմ կռքերուն։
Ասին.— Թագավոր, ապրած կենաս.
Դու զմեղ տ’անես քո կռքերուն մատաղ.
Մենք թագավորի տղա ենք, մեզ չվայելա,
Իսկույն տանես, գաղտիկ-մաղտիկ զենեյ։
Մենք կ’աղաչենք, որ դու, ինչքան ժողովուրդ կա,
Ժողովես, բերես էնտեղ,
Որ տեսնեն ու փառք տան կռքերուն։
Խալիֆան ասաց.— Շատ աղեկ.
Ինչպես որ դուք կ’ուզեք, էնպես կ’անեմ։
Ամեն էլ կը ժողվեմ, բերեմ։—
Տղաներ դարձան, էկան իրենց վրան։
Ու գնացին մոտ իրենց մեր։
Խալիֆան թուղթ ուղարկեց, ասաց.
— Իմ էրկու լաճ տի տանեմ,
Իմ կռքերուն մատաղ անեմ,
Էկեք, կռքերուն փառք տվեք։
Քաղաք քաղքով ու գեղ գեղով թափվան դաշտ,
Հազարավոր մարդեր էկան, դաշտ լցվավ.
Ասեղ թալեին, չէր ընկնի գետին։
Էնոնց մեր. Ծովինար, գիշեր չուր լուս նստավ,
Իր տղեկներն ապով արցունք թափեց։
Սանասար տեղից էլավ, ասաց.
— Բաղդասար, ձիու գլուխ բռնի, ես կէրթամ։
Որ ես կանչեմ, ձին ինձ կըհասուցես։
Ասաց, գնաց մոտ Խալիֆան.
Էնի տեսավ, որՍանասար կը գար,
Ճանչեցավ, ուրախացավ, ասաց.
— Է՜յ, մեռնիմ քեզի, Ջոջ Կուռք,
Ինչպես ըզքո մատաղ իր ոտով քաշիր, բերիր։
Հար երբ է մնացե,
Զմեկէլն էլ կը քաշես, բերես իր ոտով։
Ու դարձավ, ասաց.— Է՛յ, ո՛րդի,
Քո աղբեր ո՞ւր է. ինչի՞ շուտ չէկաք։
Սանասար պատասխանեց.
— Իմ աղբեր փոքր է, հետի-հետի կըգա.
Ինձ տար, զէնի, չուր իմ աղբեր կըգա։
Ասաց.— Դե կուզ ըլի, ըզքե զէնեմ։
Սանասար ասաց.— Խալիֆա, ինչո՞ւ.
Մարդ մատաղ սրբի դռա՜ն կը զէնի, թե՞ չոլ տեղ
Էրթանք կռատուն, էնտեղ զէնի,
Որ մատաղ ընդունելի ըլնի։
Խալիֆան ասաց.— Հա, վա՛լլա, քո խոսքն է։
Խալիֆան սուր ձեռն առավ,
Կանչեց, ասաց.— Արի, որդի, էրթանք,
Էրկրպագություն արա Ջոջ Կռքին,
Որ ըզքեզի զէնեմ, մատաղ անեմ։
Առավ զտղան ու երկուսով մտան կռատուն։
Տղան ասաց Խալիֆային.
— Երբ մենք գնացինք, պստիկ էինք.
Մենք զքո կռքի զորություն չգիտեինք.
Ես էդոր երկրպագություն չեմ տվե։
Չեմ գիտի, թե ինչպես կըպառկեն առջև,
Որ կռքերուն հաճո ըլնի.
Դե՛ արի, առաջ դա պառկի կռոց առաջ,
Դե՛ կզի, էրկրպագություն տուր,
Որ ես տեսնեմ՝ ինչպես կը տաս.
Ես էլ քեզնե ուսնեմ, էնպես անեմ։
Խալիֆան կզավ, էրկրպագություն էտու,
Ասաց.— Էսպես, տղա. էսպես տուր։
Սանասար կուզեկուզ արավ։
Խալիֆան դանակ էհան,
Քաշեց, որ վիզ կտրեր,մատղեր.
Սանասար տեսավ՝ ուղորդ, վիզ տի կտրի.
Ասաց. «Յա հացն ու գինին, տեր կենդանին»,
Աքուց մ’էզար Խալիֆային,
Որ գնաց իրեք շալապուտիկ
Վեր մեկմեկի էտև, շրջվեց էնտեղ։
ԶԽալիֆան բռնեց, կապեց։
Էնոր մարդիկ ձեն գցեցին քաղաք,
Զորք ժողվեցին, էկան.
Քաղաք քաղքով թափան վերա կռիվ։
Սանասար կանչեց.— Բադդասար, ձի՛ն…
Բաղդասար ըզձին հասցուց։
Սանասար թռավ, հեծավ ըզձին։
Ասաց. «Այ-վա յ, այ-վա յ.
Էսոնք ըլնին բամբակ, ես էլ ըլնիմ կրակ,
Էսոնք չեմ կարնա վառել.
Էսոնք ըլնին կրակ, ես էլ ըլնիմ ջուր,
Էսոնք չեմ կարնա անցնել»։
Ձիուն լեզու էկավ, ասաց.
— Սանասար, ինչի՞ կը վախենաս.
Դու քո աստված կանչի.
Քանի դու քո Կեծական Թրով կտրես աջ-ձախ,
Էնքան ես իմ պոչով կը սպանեմ.
Ինչքան դու Կեծական Թրով կտրես,
Էնքան ես իմ շնչով կըսպանեմ,
Էնքան էլ իմ քամով կը սպանեմ.
Ինչքան դու Կեծական Թրով կտրես,
Էնքան ես իմ ոտներու տակ կը կոխոտեմ։
Էրկուս թրեր առան ձեռ,
Ու քշեցին էրկու աղբեր.
Մեկ էրկու դիր գնացին, էկան,
Ձիերու ոտաց փոշին էլավ էրկնուց էրես։
Ու փրթեցին, էնպես փրթեցին,
Ինչպես ձին իր գարին կտրի։
Ու Խալիֆայի մարդեր ընկան,
Խսրի նման փռվան գետնին։
Դարձան ձիուց իջան տակ,
ԸղԽալիֆան բռնին, բերին մոտ իրենց մեր.
Չվանով ոտնեն չուր գլուխ փաթթեցին սան.
Տախտակ գլխով անցուցին,
Ճրագ գլխի վերա վառեցին,
Նստան տակ Սանասար, Բաղդասար,
Նռան գինին սեղնի վերա դրին.
Կարմիր գինին աչքի առաջ խմեցին,
Ուրախություն, խնջույք արին։
Խաբար գնաց, հասավ պապին,
Թե Սանասար ու Բաղդասար զորացեր են,
Կռապաշտ Խալիֆան բռներ, կապեր են.
Նստած՝ուրախություն կ’անեն։
Պապիկն ասաց.— Ա՛յ աստված,
Որ էն տղեր տեսնեի,
Թող իմ հոգին առներ։
Խաչապաշտ Գագիկ թագավորն էլավ,
Թուղթ մի գրեց, էտուր Քամուն, ասաց.
— Իմ թուղթ կը տանես Բաղդադ,
Իմ թոռ Սանասարի ձեռ կը տաս։
Քամին ըզթուղթ էբեր,
Ականատից էթալ Սանասարի ձեռ։
Սանասար ըզթուղթ կարդաց.
Պապիկ թղթի մեջ գրեր էր.
«Հազար բարին իմ թոռ Սանասարին։
Որ էս թուղթ կըհասնի քո ձեռ,
Գլուխ էդտեղ թրջես, էստեղ կնտես»։
Սանասար Բադդասարին ասաց.
— Ես կ’էրթամ, Խալիֆային բաց չթողնես։
Զձին քաշեց, հեծավ, գնաց պապի տուն։
Պապիկ մոր նմուշի վերա զթոռ ճանչեցավ.
Շա՛տմի ուրախացան, զրուց արին.
Ու շատ խոսքի ընկավ Սանասար,
Մոռացավ ըզմեր ու զիր աղբեր։
Ամեն օր Բաղդասար կէլներ, կ’էրթար որսի.
Օր մեկ վերու օչխար կը բերեր.
Կը գային, կը նստեին կերուխումի,
Քեֆ-ուրախություն կ’անեին։
Մեկ էլ որ էն գնաց որսի,
Խալիֆան փաթթած տեղեն՝ ասաց աղջըկան.
— Չէ՞ ես խեղճ եմ, քո տուն չավրի,
Փշուրմի իմ կապեր թուլցու։
Աղջիկ էլավ, զկապեր արձակեց, էդիր էնդին։
Խալիֆան էլավ, ի՞նչ էլավ։
Զամեն տեսավ, ժողվեց։
Գնաց քաղաք, ինչ իշխան մարդ կար մնացած,
Խալիֆայի մարդեր խորհուրդ արին,
Թե՝ «Ի՞նչ անենք, որ ազատվինք»։
Իշխաններից մեկն ասաց.
— Սանասար գնացե, մնացե Բաղդասար,
էրթանք, զէնի սպանենք։
Մեկն էլ ասաց. — Մենք չենք կարնա զէնի սպանենք.
Կանչենք հարսնիք, խմացընենք,
Տանենք, թալենք մեջ փոսին,
Փուշ ու փալաշ ժողվենք վերան, թող մեռնի։
Խալիֆան ասաց իր մարդերուն.
— Էկեք, յոթ ուղտաբեռ քացախ գինի
Լցեք, տարեք Ախմախու սար,
Որ ես վաղ ըզԲաղդասար խաբեմ, բերեմ,
Էնտեղ գինի տանք էնոր,
Խմացընենք, հարբեցընենք, սպանենք։
Մարդեր էլան էդպես արին։
Իրիկուն Ծուռ Բաղդասար որսից էկավ.
Տեսավ՝ Խալիֆան արձակած, բան չասաց։
Խալիֆան ասաց էնոր.
— Բաղդասար, գիտե՞ս ինչ կա։
Ասաց.— Ի՞նչ կա, Խա՛լիֆա։
Ասաց.— Ինձ թող, էրթանք Սև սար,
Էնպես որսի տեղ մի գիտեմ,
Որ վերու օչխար, վերու տավար,
Ամեն լցվեր են էնտեղ։
Ինձ թող, վաղ էրթանք, ամեն բռնենք,
Մեզ համար էնտեղ ուրախություն անենք,
Չև քո աղբեր ետ դառնա, գա։
Բաղդասար ասաց.— Թող ըլնի, էրթանք։
Էսպես Բաղդասարին համոզեց։
Մեկէ՛լ օր հեծան իրենց ձիանք, գնացին։
Որ հասան Ախմախու սար,
Էս դեհեն, էն դեհեն, գինու կթխեք ձեռքեր,
«Հազար բարի քե, Բաղդասար»
Ասին, ու չորս դեհեն տվին։
Ինչքան գինի բերին, մարդ չխմեց,
Զամեն տվին Բաղդասարին։
Էսպես Բաղդասարին խաբեցին,
Յոթն տարվան քացախ գինին գլուխ կապեցին։
Ո՛ր մեկին մեկ թաս գինի տվին,
Ասաց.— Հազար բարին Բաղդասարին։
Բաղդասար կանչեց.— Ձեր հազար կտրվի.
Լցեք տաշտեր, ես խմեմ։
Բաղդասար խմեց, էնպես հարբեց,
Որ տնական, անհուշ ընկավ։
Խալիֆան ասաց իր մարդերուն.
— Դե գուրզեր առեք, էլեք վերան։
Առան գուրզեր, էկան սպանելու։
Վախեն հեռվեն կը զարնեին։
էնքան զարկին, էնքան զարկին,
Բաղդասարի չորս դեհեն՝
Էնպես խանդակ, փոս շինեցին,
Որ քառասուն գազ փոս կ’ըլներ—
Աստըծու հրամանքով,
Մեկ գուրզ Բաղդասարին չէր դիպնի։
Սանասար էլավ դուրս, իրիշկեց էրկինք.
Տեսավ՝ Բաղդասարի աստղ խավարեր էր,
Իր մտքի մեջ ասաց. «Իմ աղբեր նեղն է»։
Դարձավ, իր պապիկին ասաց.
— Ավա՛, պապիկ, ես տէրթամ, իմ ձին քաշեք.
Ես իմ աղբոր կամ լաշին կը հասնիմ, կամ ճաշին։
Պապիկն ասաց.— Քո տուն չավրի.
Քո աղբեր հիմի հանգիստ նստեր է,
Իր մոր հետ ուրախություն կ’անի,
Կը խնդանա, դուն էլ մեզ խնդացու։
Սանասար համբեր չարավ.
Էլավ, ինքն իր ձին քաշեց դուրս,
Հեծավ, աչք խփեց է բաց, հասցուց մոր մոտ։
— Մարե, ո՞ւր է իմ աղբեր Բաղդասար։
Թե.— Խալիֆան առե, տարե դաշտ ու սեյրան
Գնացած Ախմախու սար ուրախութեն։
Ասաց.— Ահա՛, իմ աղբեր խաբած, տարած։
Հե՛յ-վա՛խ, իմ աղբեր տի սպանեն։
Ասաց թե չէ՝ քշեց, հասավ Բաղդասարին։
Տեսավ՝ Բաղդասար էնպես խմեր է,
Զոռ հարբած ընկեր է, ակահ չունի.
Էնոնք էլ առած գուրզեր, թրեր,
Էկած են, չորս կողմեն կը զարնեն, որ սպանեն։
Ինքն էլ աստծու անուն էտու,
Ծռանակ ընկավ մեջքեր,
Ու ծանրիկ գուրզ մի իջավ,
Ու զԲաղդադու Խալիֆան՝
Յոթն գազ գետին վե՛ իջուց,
ԶԽալիֆան, զէնոր մարդեր ամեն սպանեց։
Գնաց, կայնեց աղբոր վերա,
Ջուր էլից գլխուն, գլուխ լվաց, սիրտ մաժեց,
Որ հարբեցություն թողնի, լրջանա։
Կանչեց.— Բաղդասա՛ր, Բաղդասա՛ր։
Ուշք էկավ աղբոր վերան.
Գլուխ վերուց, ասաց.
— Հա՜յ, քո տուն չավրի։
Ինչ աղեկ քներ էի. չթողիր՝ ես քնեմ։
Ասաց.— Քո տուն չավրի.
Մի ե՛լ, քո չորս բոլոր աչքի։
Էլան էրկու աղբեր, էկին քաղաք։
Բաղդասար կանչեց, ասաց.
— Որն որ է՛ն կը հավատա, ինչ ես կը հավատամ,
Թող գա անցնի իմ թրի տակով։
Քաղաք քաղքով թափան, էկին,
Անցան էնոր թրի տակով։
Էնոնց մերն էլ, Ծովինար խանում,
Կզավ վեր քիթ ու բերնին,
Էրկրպագություն արեց ու ասաց.
— Գոհանամ քենե, էրկնի ու էրկրի ստեղծող,
Որ ըզմեզի ու մեր ժողովուրդ
Ազատ արիր էն զալումի ձեռնեն։
Մի ժամանակ նստան էնտեղ։
Հետո էլան, առին իրենց մեր ու զքեռմեր,
Ու դեմ արին, էկին դեհ Հայաստան։
Էկին, Գագիկ թագավորի քաղքին մոտեցան,
Մեկ աղբրի վերա վրան դրին, նստան։
Տեսան, որ էն դեհեն մեկ մարդ կը գա,
Կանչեցին, ասին էնոր.
— Գնա թագավորին աչքալուս.
Շատ բարով տար էնոր ու Քեռի Թորոսին,
Ասա՝ ձեր Ծովինար ու իր էրկու տղան
Ողջ-առողջ էկած, աղբըրի մոտ նստած են.
Աչք ձեր ի լուս ըլնի։
Գագիկ թագավոր ու Քեռի Թորոս
Էլան, էկին էնոնց առաջ։
Էկին, ընկան իրար վզով,
Պագին իրար, լացին ու խնդացին.
Կերան ու խմեցին, ուրախություն արին։
Թագավոր ու Քեռի Թորոս ասին.
— Դեհ, էլեք, էրթանք քաղաք։
Խոսք մեկ արին, գնացին քաղաք,
Իջան թագավորի պալատ։
Ցոթն օր, յոթ գիշեր ուրախացան։
Սանասար վերուց, ասաց թագավորին.
— Քեռհեր, ես մեկ բան կը խնդրեմ քենե։
Ասաց.— Ի՞նչ կը խնդրես։
Ասաց.— Մեկ տեղ մենք մեզ համար
Մեկ տուն ենք շինե, էրթանք էնտեղ։
Թագավոր դարձուց, ասաց.
— Որդի, ես տղա չունիմ,
Ես կը մեռնիմ, իմ թագավորություն
Ձեզ կը մնա, կըլնի ձեր տուն։
Ասին.— Չէ՛, թագավոր, ապրած կենաս,
Էկանք, ձեզի տեսանք,
Գոյություն աստծու, ողջ-առողջ եք,
Իրարուց կարոտ առանք, կ’էրթանք մեր տուն։
Պատրաստություն որ տեսան,
Մերն իր էրկու որդուն խրատ էտու.
— Որդիք, թագավորից էս բան ուզեք.
Ասեք, թե՝ Ծովասար, Մարաթկա ջուր,
Ճապաղջրի Բաժն ու Քոդեն տուր մեզ։
Թե էրդվավ՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», կը տա
Սանասար ասաց թագավորին.
— Մեկ բան էլ կը խնդրենք քենե։
— Որդիք, ասաց թագավոր,
Մեր հոգուց զատ՝ ինչ որ կ’ուզեք,—
Հացն ու գինին, տեր կենդանին,— կը տանք։
Ասին.— Ծովասար, Մարաթկա ջուր,
Ճապաղջրի Բաժն ու Քոդեն տուր մեզ։
Ասաց.— Տվինք, որդիք։
Էլան Ծովինար խանում ու իր տղեկներ,
Հեծան, ճամփա ընկան ու գնացին.
Ու Քեռի Թորոս էլ իրենց հետ գնաց։
Ընկավ իրենց առջև Սանասար,
Ու գնացին, էլան վեր Սասնա բերդին։
Սանասար շատ զորընդեղ մարդ էր.
Սև սարի բոլոր ու չուրի Ծծմակաքիթ՝
Մշու վերևով պարիսպ քաշած,
Էլած էր չուրի Սեղանսարու գոտին ի վե՝
Ճապաղջրու Դուրան, Մուրադ գետի բերան,
Ու զէդ ամենն էլ տիրապետեց։
Չորս դարգահ էլ թողեց իր բերդին,
Ու միշտ հանապազ կը զարկեր զիր դարգահ,
Ու կը հեծներ զիր ձին, զՔուռկիկ Ջալալին,
Ու ինչքան գել ու գազան ըլներ, կը բռներ։
Օրերուց օր մ’ էլ զարկեց, գնաց չուրի Մըսըր,
Չուրի Բաթմանա կամուրջ, չուրի Անգղա ձոր։
Էնպես փահլևան էղավ Սանասար,
Որ էնոր ձեն աշխարք բռնեց։
Շատ մարդեր որ լսեցին, ասին.
«Ա՛ղբեր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ.
Գող մարդեր ամեն ժամանակիկ՝
Կը գան, մեր ապրանք վարնեն, կը տանեն։
Ըհը՛, էն աստվածը, մենք կ’էրթանք էդա Սասուն,
Որ Սանասարի, Բաղդասարի պես՝
Էրկու զորեղ փահլևան կա.
Որ էդ տեղի մարդուց ոչ հարկ կ’առնեն, ոչ տուրք.
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»։
Հա քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ.
Շատացա՜վ, մե՛ծ քաղաք էղավ Սասո։
1.Կարդացեք Ջ.Ռոդարու ,,Երևակայության քերականության,, հատվածը։
Վրիպակից՝ պատմություն
Նորություն չէ, որ վրիպակից պատմություն կարող է ստացվել: ՙՄանկական՚ հորջորջված ՙսխալներից՚ շատերը վերլուծելիս միանգամայն ուրիշ բան է մեջտեղ գալիս` ինքնուրույն ստեղծագործություն, որի միջոցով երեխաներն անծանոթ իրականությունն են յուրացնում: Ցանկացած սխալ մի պատմություն հորինելու հնարավորություն է: Ամեն ինչից զատ` սխալների վրա ծիծաղելն արդեն իսկ դրանցից ձերբազատվել է նշանակում: Ըստ հին ասացվածքի` ՙՍխալների վրա սովորում ենք՚: Նորովի` դա կարող էր այսպես հնչել. ՙՍխալների վրա ստեղծագործորեն երևակայել ենք սովորում՚: Ի՞նչ է ՙհույթը՚: Գուցե դա հյութից ավելի քաղցր, խմելիս երեխաների շուրթերի կողքով ծորացող, համը շատ ավելի երկար պահող հեղո՞ւկ է: ( Տե՜ս Ստեղծագործական սխալը):
2.Գրեք որևէ վրիպակի պատմություն։
Ի՞ նչ է ալուծը։ Ինչպիսի՞ ն է այն։ Կենդանի է, թե ՞ ուտեստ, իսկ միգուցե լրիվ այլ բան է։ Արի մտածենք եթե կենդանի է ուժե՞ղ է թե թույլ, փղի նման հսկա է և ունի կնճիթ թե՞ ընձուղտի նման երկար վիզ ունի, եթե ուտեստ է համե՞ղ է ինչպես տապակած կարտոֆիլը, ինչ համ ունի ալուծը։
9-12 классовая форма



