Վանի թագավորությանն անկմանը զուգահեռ Հայկական լեռնաշխարհում ձևավորվում է նոր հայկական միասնական թագավորությունը: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում մ.թ.ա VII դարի կեսերին ձևավորվում է Հայկազունների նոր իշխանապետությունը՝ Արմեն Շուպրիան՝ Սկայորդու գլխավորությամբ: Նրա որդի Պարույրին վիճակված էր մասնակցել մ.թ.ա 612 թ.-ին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավմանը և հայկական նոր թագավորության ճաշտոնական հռչակմանը: Արդեն մ.թ.ա VI դարի սկզբին նոր արքայատոհմի նստավայրն է դառնում Տուշպա- Վանը:
Պարույր Սկայորդի Հայկազունուն հաջորդած թագավորներից նշանավոր էր Երվանդ Ա Սակավակյացը (մ. թ. ա. 580-570- ական թթ.), որի անունով է կոչվել արքայատոհմը՝ Երվանդյաններ: Նրա օրոք հայոց բանակն ունեցել է 40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր, արքունի գանձարանը՝ ավելի քան 3 հազար արծաթ տաղանդ: Պետության մայրաքաղաք է հռչակվել Արմավիրը: Մ. թ. ա. VI դ-ի 70- ական թթ-ին Հայոց թագավորությունը մարական հզոր տերության դեմ պայքարում ճանաչել է նրա գերիշխանությունը:
Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ. թ. ա. VI-V դդ-ում Հայաստանը ներկայացրել է հայերով բնակեցված միաձույլ, ընդարձակ երկիր, որն ամբողջությամբ ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը: Հայոց հեծյալ և հետևակ զորքերը Տիգրանի ու նրա զորավար Եմբասի գլխավորությամբ մասնակցել են Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II-ի հաղթական պատերազմին և Բաբելոն քաղաքի գրավմանը (մ. թ. ա. 538/537): Տիգրանին հաջորդել է Վահագն որդին, որի օրոք (մ. թ. ա. մոտ 524-515) Հայաստանը հավանաբար եղել է Աքեմենյան աշխարհակալությանը ենթակա վարչամիավոր՝ սատրապություն: Դարեհ l Աքեմենյանի գահակալման (մ. թ. ա. 522-486) սկզբին, ի թիվս բազմաթիվ երկրների, Հայաստանը նույնպես ապստամբել է պարսից գերիշխանության դեմ: Սակայն մ. թ. ա. 522-520-ին հայերը միայն հինգերորդ ճակատամարտից հետո են ընդունել Դարեհ l-ի գերիշխանությունը: Այդ իրադարձությունների մասին է Դարեհ l-ի Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը, որտեղ հին պարսկերենով Հայաստանն անվանվում է Արմինա, էլամերենով’ Հարիմինույա, աքքադա-բաբելոներենով’ Ուրաշտու (Ուրարտու):Մ. թ. ա. V դ-ի 1-ին քառորդին Հայաստանը հիշատակվում է որպես Աքեմենյան տերության առանձին (ըստ Հերոդոտոսի’ XIII) սատրապություն, որտեղ շարունակում էին իշխել (իբրև սատրապ – թագավորներ) Հայկազուն Երվանդունիները: Մ. թ. ա. 331-ի հոկտ. 1-ին Ալեքսանդր Մակեդոնացու դեմ Գավգամելայի ճակատամարտում Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո նրա բանակում կռվող Մեծ Հայքի զորքերը’ սատրապ Օրոնտես-Երվանդ Գ-ի (մ. թ. ա. 336-մոտ 300), և Փոքր Հայքինը’ Միթրաուստեսի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան և հռչակվել իրենց երկրների անկախ թագավորներ: Երկու երեք տարի անց Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ներխուժել է Հայաստան’ փորձելով զավթել Սպերի (Բարձր Հայքի նահանգ) ոսկեբեր հանքերը: Ստրաբոնի վկայությամբ՝ հայերը ոչնչացրել են Մենոնի բանակը, իսկ զորավարին՝ «խեղդամահ արել»: Դրանից հետո Ալեքսանդրը նոր զորք չի ուղարկել Հայաստան:
Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուայի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։ Պարույր Սկայորդին դաշնակցել է Ասարհադոնի հետ՝ դաշինքն ամրապնդելով Ասարհադոնի դստեր հետ ամուսնությամբ:
Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության էին տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունից տեղեկանում ենք, որ Հայաստանից մարերի դեմ կռվին մասնակցել են 20 հազար հեծելազոր և 4 հազար հետևակ։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։Երվանդ Ա-ի ծագման մասին տեղեկությունները հակասական են՝ ըստ առաջին վարկածի, որը հիմնվում է Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված հունարեն արձանագրության վրա, որտեղ Երվանդունիներին վերագրվում է Բակտրիական ծագում, ենթադրվում է, որ Երվանդը Բակտրիայի տարածքը բնակեցնող սկյութական ծագում ունեցող Սակերի ցեղամիության ռազմառաջնորդներից էր, որը իր զորագնդի հետ մասնակցելով Հրաչյայի կամ Արտաշես Առաջինի Փոքր Ասիա կատարած արշավանքներին, դարձել է նրանց մերձավոր զորավարներից մեկը: Ըստ երկրորդ վարկածի, որը հիմնվում է Հերոդոտոսի և Քսենոփոնի երկերի, ու հայկական հնավանդ նախնյաց պատմության վրա, որտեղ Երվանդ Ա-ն համարվում է Հայկազյան հնամենի արքայատան ներկայացուցիչ, ենթադրվում է, որ Երվանդ Ա-ն սերում է հին հայկական Սիսակյանների տոհմից, հանդիսանալով Հրաչյայի կամ Արտաշես Առաջինի ազգականը և Մ. Խորենացին նրան անվանել է <Սակավակյաց> ոչ թե նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը (10 տարի գահակալելը բավական մեծ ժամանակահատված է), այլ ի նկատի է ունեցել Սիսակյան տոհմի կողմից (Ասքանազյան ծագում ունեցող՝ հայ Սյունիների նախարարական տունը, որոնք բնակվում էին պատմական Մեծ Սյունիքում /Սիսական/ և Փոքր Սյունիքում /Արցախ/) Հայոց արքա կարգվելու կամ կայունացվելու փաստը:
Տիգրան Երվանդյան (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։
Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։
Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը:Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ։Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն։Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը։ Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնի հետ։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի Կամբյուսես II-ը։ Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը։




