Posted in խոսքի զարգացում

Թերեզի երջանկությունը։ Վանո Սիրադեղյան

1.Կարդացե՛ք պատմվածքը։
2.Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։
3.Բնութագրե՛ք Թերեզին։

Թերեզը գյուղից քաղաք եկած մի աղջիկ էր, որ չնայած այդքան դժվարությունների չէր հուսահատվում, լավատես էր և հավատում էր, որ օրերից մի օր նրանց փոքրիկ ընտանիքը կունենա սեփական տանիքը։


4.Ի՞նչ խնդիր է առաջ քաշում հեղինակը։ Ո՞րն է պատմվածքի մեջ արտահայտված գաղափարը։

Հեղինակը առաջ է քաշում կենցաղային խնդիրները։ Չնայած այդ ամենի գլխավոր հերոսը ՝ Թերեզը չէր հուսահատվում։


5.Խոսե՛ք հեղինակի ոճի մասին։

Այս պատմվածքում չկար ձանձրալի նկարագրություններ, որոնք հոգնեցնում են ընթերցողին։ Նկարագրված էին միայն կենցաղային մի քանի տեսարաններ, որպեսզի նկարագրությունը ավելի պատկերավոր լիներ։

Ոճ — հեղինակի պատմելաձևի, բառերի, պատկերավորության միջոցների գործածության յուրահատկությունների ամբողջությունը։


Թերեզը աշխույժ նամակներ է գրում: Ամեն նամակի մեջ մի հետաքրքիր լուր է լինում քաղաքի կյանքից: Քաղաքն էլ չլինի, շենքը, որ իրենց գյուղի չափ մի գյուղ կտեղավորի, ապրում է բուռն, արկածալի կյանքով: Համենայնդեպս, Թերեզին այդպես է թվում: Համենայնդեպս, տարիուկես քաղաքում է ապրում ու գրելիքը չի պակասել: Քաղաքը` մեծ, ժողովուրդը` ծով, կյանքը` հետաքրքիր…

Թեկուզև ինքը օրերով տնից դուրս չի գալիս, դուրս գալը խանութ գնալն է, տեսնելիքը` բակ ու փողոցի անցուդարձը… Հենց այդ մասին էլ Թերեզը գրում է: Գրում է աշակերտական տետրի զույգ թերթի չորս երեսին, և եթե վերջին էջից մի քանի տող անգամ գրելիքը պակասում է, նամակը չի ծրարում: Քաղաքից կես բերան նամակ գրելը ամոթ բան է համարում ու գրչակոթը կրծոտելով պատուհանից դուրս է նայում` արդյո՞ք կարևոր բան բաց չի թողել… Եվ ավելացնում է. «Ուրիշ ո՞նց եք, քույրիկ ջան. մենք շատ-շատ լավ ենք, նույնն էլ ձեզ ենք կամենում»:
Վերջին էջի վերջին տողատակը գրոտելուց հետո, Թերեզը հաճույքով լիզում է ծրարե սոսնձի շերտը, ծրարը բռունցքով տափանում, նամականիշի կողքին ևս մի նամականիշ փակցնում, և եթե ծրարը օդային փոստի չէ, աչքի ընկնող մի տեղ գրում է ՈՉՌՈ, թեև փոստը նրանց գյուղ երբեք ինքնաթիռով չեն տանում: Թերեզը երբեմն ավիացիոն փոստի ծրար էլ է ունենում, բայց սեփական ձեռքով ՈՉՌՈ գրելը մի ուրիշ հաճույք է: Բոլորովին այլ բան է, որ Թերեզը ռուսերենից բոբիկ է և տառասխալով գրում է ՈՉՌÿ: Եվ կարևոր չէ նույնիսկ, որ նամակը շաբաթից շուտ տեղ չի հասնում: Թերեզի մտքով էլ չի անցնում, որ կարող է շուտ հասնել: Ժամանակ շահելու համար չէ, որ կրկնակի նամականիշով ծրարի վրա ՈՉՌՈ է գրում, այլ կարևորության համար: Եվ շքեղության համար է գրում: Թերեզի երջանկությունը պիտի հենց ծրարից երևա: Կարմիր շերտերիզով, ինքնաթիռի պատկերը վրան ու փայլուն ծրարից: Կամ թեկուզ սովորական, բայց ճեփ-ճերմակ թղթից, մի լավ շենքի նկարով, կրկնակի նամականիշով, վրան էլ իր ձեռքով գրած ՈՉՌՈ ծրարից:
Թերեզի լիակատար երջանկությանը միայն տուն չունենալն է խանգարում: Մնացած ամեն ինչով «իսկական քաղաքացի ենք, քույրիկ ջան»,- գրել է Թերեզը նամակում: Լավ ուտում, լավ հագնում են, կինո, թատրոն են գնում, համերգ ու կրկես են գնում… Ո՞ւմից են պակաս, Թերեզի քույրիկ: Ճիշտ է, երբ քաղաքային տրանսպորտը «տալոնային սիստեմի» անցավ, օրվա փողը Սահակի գրպանից պակասեց ու մի քիչ կոտրն ընկան, բայց դրա փոխարեն աշխատավարձը բարձրացավ, ու եթե վեց հատ կարմիր տասնոցը ամեն ամիս տան վարձ չտան, առոք-փառոք կապրեն և ուրիշներից ետ չեն մնա:
Շաբաթվա մեկ օրը Թերեզը նամակ է գրում, մնացած վեց օրը սպասում է նամակի պատասխանին: Եվ առհասարակ, Թերեզը օրնիբուն սպասում է: Սպասում է Սահակի տուն գալուն, նոր ավտոբուս ստանալուն, ծորակի տակ դրված գարեջրի շշերի սառելուն, բնակարան ստանալուն, որ կարող է ութ տարի տևել, ամուսնու աշխատավարձի բարձրանալուն, որ կարող է տասը տարի տևել, սպասում է իր նամակի պատասխանին, նամակ գրելու օրվան, Նոր տարվա գալուն ու գարնան գալուն, ամռանն ու աշնանը, երեխա ունենալուն ու սառնարան առնելուն… Սպասում է. հանդարտ, անխռով սպասումով: Ահա այսպես, ձեռքերը իր երեք ամսական փորին դարսած, պատուհանին մոտ քաշած աթոռին, երազկոտ-խաղաղ հայացքը դուրս և ականջը դռան զանգին, ականջը` ծորակից հոսող ջրի ձայնին, ականջը` իր ներսում ապրող, քնածի մարմանդ շնչառությամբ շնչող երջանկությանը:
Ի՞նչ է շշնջում այդ ձայնը Թերեզի ականջին: Որ կգան ու կանցնեն օրերը, կանցնեն տարիները, ու իրենք երկու աղջիկ, երկու տղա կունենան, որ Սահակը տաքսու վարորդ կդառնա ու փողկապով կգնա աշխատանքի, որ բնակարան կստանան և ամսական վաթսուն ռուբլին ետ կգցեն` «Ժիգուլու» տեր կդառնան, որ կարգին օջախ կդառնան և իր քրոջ երեխաներին, Սահակի քրոջ ու եղբոր երեխաներին, եթե քաղաք սովորելու գան, տիրություն կանեն, որ իրենց նման ջահել ընտանիքները, իրենց նման վարձով ապրողները կգան Թերեզից պարտքով փող կուզեն, այս ու այն կուզեն, և Թերեզը ոչ մեկին ոչինչ չի մերժի, որ ավելի շատ իրենք հյուր կընդունեն, քան հյուր կգնան, որովհետև ամեն բան կունենան, մի բան էլ ավելին կունենան` եկող-գնացողի առաջ ամոթով չմնալու համար… Եվ որ` երբ գա այդ ժամանակը, հիմիկվա խալաթը Թերեզի վրա նեղ կգա ու նրա լցված, թմբլիկ մարմնին, չորս երեխաների տեր երջանիկ տանտիկնոջ մարմնին ավելի սազ կգա մետաքսե ծաղկավոր մի խալաթ: Եվ այդ մետաքսե ծաղկավոր խալաթով Թերեզը կպտտվի՜, անդադար կպտտվի հարևան-բարեկամներով բոլորած սեղանի շուրջը, ուտելիքով ու խմիչքով ծանրաբեռնված սեղանի շուրջը ու, ժպիտը երեսին, ծեքծեքալով կասի. «Կներեք, որ ուտելու լավ բան չունենք, կներեք, որ խմելու լավ բան չունենք: Եղածից անուշ արեք, կներեք…»:
Թերեզը յոթերորդ երկնքում էր այն օրերին, երբ խաշի պատրաստություն էր տեսնում: Այդ խաշի մասին նա մտածում էր քաղաք գալու առաջին օրվանից: Եվ երբ հինգ ամիս առաջ հեռավոր արվարձանի կիսանկուղից այս բնակարանը տեղափոխվեցին, երբ Թերեզը տեսավ պատշգամբի լայնքով մեկ ապակե պատ ունեցող լուսավոր սենյակը, երբ տեսավ բնական գազով օջախը, լվացարանի կաթնագույն կոնքը,- երբ այս ամենը Թերեզը տեսավ, առաջին միտքը այն էր, որ Սահակը շրջապատ մտներ, հարևանների հետ գնալ-գալ ունենային… այսինքն, որ իրենց կարգին ընտանիքի տեղ դնեին, ոչ թե վրաները նայեին, ինչպես վարձով ապրող, քոչվոր անտերների վրա են նայում: Եվ երբ Սահակին սկսեցին խաշի ու խորովածի կանչել, Թերեզի նամակներն ավելի կենսուրախ դարձան: Ճիշտ է, ամեն անգամ հյուր գնալիս Սահակը խմիչք է տանում (ահագին ծախս է), բայց քույրը թող հասկանա, որ շրջապատ ունենալու համար պիտի ծախս անես: Սահակի հայրն էլ, պապն էլ շրջապատի մարդ են եղել:
Փետրվար ամիսն էր, ամեն ինչի սակավ ժամանակը, երբ Թերեզը Սահակին ուղարկեց շուկա` լավաշի և բողկի, հարևաններից բերեց լրացրեց պակասող սպասքը, երեք օր շարունակ մաքրած խաշը շաբաթ երեկոյան դրեց կրակին, և ամբողջ գիշեր ամուսինները չքնեցին: Մեղրամսից հետո դա ամենաերկար գիշերն էր: Թերեզը շապկանց դուրս էր գալիս անկողնուց, անցնում էր խոհանոց և կրկին անկողին մտնելով` ամուսնու ականջին շշնջում էր խաշի, սիրո ու վաղվա տոնական օրվա մասին: Խաշի ու սիրո այդ գիշեր Թերեզը հերարձակ էր, և առավոտյան խաշ ուտող տղամարդիկ ափսեների մեջ երկար, կանացի մազեր գտան: Բայց տղամարդիկ էին, դեմները խաշ էր, կերան, խմեցին, մոռացան: Չնչին անախորժություններ էլ եղան. մեկ աղամանը տեղը չէր, մեկ` սխտորն էր ջրիկ, մեկ` ափսե էր պակասում, մեկ` բաժակ… Միայն թե այս մանրուքները Թերեզին չվշտացրին, Թերեզը իր հյուրասիրությունից ցնորվել էր: Միակ բանը, որ կարճ մի պահ սթափեցրեց Թերեզին, Սահակի ապտակն էր, որ խոհանոցում կերավ: Ապտակ էր` թեթև, սովորական, հենց այնպես ապտակ էր, որ տղամարդը, եթե լավ կերած-խմած է, պիտի հասցնի կնոջը, հյուրերի գնալուց հետո, խոհանոցում` ամեն կիսատ-պռատի համար, տանտիրուհու ավելորդ ոգևորության, ավելորդ ժպիտների համար… Եվ Թերեզը այդպես էլ ընդունեց: Ամուսնու ապտակը տոնական օրվա մանրամասների շարքը դասեց ու ժպտաց: Մի ուրիշ տեսակ ժպտաց: Գիշերվա համար պահած ժպիտը առաջին անգամ օրը ցերեկով ու անամոթ ժպտաց: Այդ անամոթության համար Սահակը մի անցավ ապտակ էլ հասցրեց: Թերեզը պաշտպանվեց ամուսնուն փարվելով և աման լվանալը թողեց ավելի հարմար ժամանակի:
Երբ խաշի թմրությունից ուշքի եկած` անկողնուց ելան, երեկոյան ժամը ինն էր: Թերեզը այնպիսի նվաղուն տրամադրության մեջ էր, որ կարելի էր միայն նամակ գրել: Մի ուրիշ անգամ, նամակ գրելուց առաջ, կնստեր ու մի անգամ էլ ծայրեծայր կկարդար քրոջից ստացած նամակը, որ նամակի հարցումներին պատասխան տա: Բայց անցած շաբաթվա տպավորությունները այնքան շատ ու նշանակալի էին, որ Թերեզը նամակի պատասխան չէր գրելու, այլ նամակ էր գրելու: Եվ Թերեզը գրեց այդ նամակը: Եվ դա նամակ չէր, այլ լեզուն նոր բացված երեխայի կակազ-շնչասպառ-ոգեշունչ պատմություն ինչ-որ շատ արտառոց, իրեն շատ հուզած մի բանի մասին, որի իմաստը այն էր, որ Թերեզը… որ Սահակը… որ իրենք… Գլուխդ ինչ ցավեցնենք, Թերեզի քույրիկ, իրենք երջանիկ են, նույնն էլ ձեզ են կամենում:
Առավոտյան Թերեզը զարթնեց դռան թակոցիվ: Կիրակի օրվա ուրախությունը շարունակվում էր երազում, և այս վաղ արթնացումը Թերեզի կիսարթուն ուղեղին ինչ-որ լավ բանի, ինչ-որ շատ լավ մի բանի ավետում թվաց, որ կապված էր իր հազար ու մի սպասումների, երեկվա կերուխումի, հարևանների կուշտ ու մտերիմ դեմքերի հետ:
Խալաթը վերուվար կոճկելով դեպի դուռը գնալիս Թերեզը երանավետ ժպտում է, «բարի լույս-համեցեք»-ը տանում է շուրթերին և չի մտածում, թե ինչու չեն զանգում, այլ դուռն են թակում, թե ինչու` ոչ թե թակում, այլ ջարդում են դուռը: Եվ Թերեզը ոչ մի կերպ չի հասկանում, ինչի՞ց է, որ իրենցից մի հարկ ներքև ապրող մոր ու աղջկա դեմքերը զայրույթից այլայլված են, թե ինչո՞ւ մայր ու աղջիկ, Թերեզին, խալաթը չկոճկած, սանդուղքներով քարշ են տալիս ներքև, խցկում են իրենց դռնից ներս ու հրում են դեպի պատերը, դեպի պատերը, պատերը… Իսկ Թերեզը աչքերը տրորում, արթնացող երեխայի զարմանքով նայում է նրանց կահույքին, նայում է բաց անկողիններին ու ակամա տղամարդու հետքեր է որոնում, այն տղամարդկանց հետքերը, որ ստվերների նման այս դռնով ներս ու դուրս են անում: Եվ մինչ Թերեզին այս պահին, հենց այս հիմար վիճակում մի հարց է տանջում, թե այդ տղամարդկանցից որը որի մոտ է գալիս, նրանք, մայր ու աղջիկ, Թերեզին դեպի պատերն են հրում: Ինչո՞ւ են հրում: Ինչո՞ւ են Թերեզի վրա գոռգոռում: Ինչո՞ւ են սրանց պատերը թաց և հատակը` թաց, ինչի՞ց է, որ գորգը ծանրացել ու մեխերից պոկվում է: Ի՞նչ կապ ունի այս ամենը Թերեզի հետ, երեկվա տոնական օրվա ու հարբած-մտերիմ դեմքերի հետ, երեկվա պեծպեծող հայացքների հետ, որ խաշ ուտող տղամարդիկ նետում են տանտիրուհու վրա` իբր շնորհակալ են. շնորհակալ են խաշի թանձրության համար, լավաշի բարակության համար, իբր շնորհակալ են ընդհանրապես… Թերեզը ի՞նչ մեղք ունի, որ սրանք տանը տղամարդ չունեն` գար խաշի: Թերեզը չէ՞ր ուզի, որ մի լավ հարևան էլ ավելի ունենային… Ու մինչդեռ Մայր ու Աղջիկ Թերեզին գոմում ապրած, տուն չտեսած վայրենի ու էլի ինչ-որ վիրավորական բաներ են ասում, ինչ-որ վնասից ու փողից խոսում, մինչդեռ Մայր ու Աղջիկ իրար հերթ չեն տալիս, Թերեզի արթնացող գիտակցության մեջ մի տարտամ միտք է ծիլ տալիս, թե այս ամենը երեկվա խաշի հետ է կապված… Եվ հանկարծ վայրենի ճիչով Թերեզը դուրս է թռչում հարևանի տնից, սանդուղքներով վեր վազում, բաց դռնից ներս է ընկնում իր տուն, կանգնում իր խոհանոցի ծովացած հատակին և արցունքն աչքերին նայում անլվա ամաններով լռված լվացարանից հատակին չռռացող ջրին…
Այդ սև երկուշաբթի, քիթը թաշկինակի մեջ տրորելով և չհամարձակվելով ամուսնու աչքերին նայել, Թերեզը հաշվեց հինգ հարյուր ռուբլին, իրենց մի տարվա խնայողությունը և սրտի կսկիծով տվեց վնասատիրոջը: Քիչ է, ասացին Մայր ու Աղջիկ, բայց, դե, իրենք էլ հայ քրիստոնյա են: Այդ քիչը, որ հայ քրիստոնյաները տարան, այդ քիչը, որ Թերեզի երազածով պիտի կամաց-կամաց շատանար ու կլորիկ գումար դարձած` բնակարանի հերթը առաջ գցեր, տան տեր դառնալու նրա հույսը ետ գցեց ուղիղ մեկ տարով: Եվ Թերեզը զգաց, որ ամբողջ շաբաթվա ուրախությունը քթից գալիս է:
Ամսից ավելի է Թերեզը նամակ չի գրում: Արդեն քանի շաբաթ Սահակը նորակառույց թաղամասերում սենյակ է փնտրում: Փնտրում է Սահակը, հուսահատվում, հուսահատվելով է փնտրում, բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է, կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Այդ կես ճշմարտությունը նրանց վրա թանկ է նստել: Թերեզի հղիությունը տեսել և երեք անգամ նրանց կահ-կարասին բեռնատարին նորից բարձել են տվել: Առաջին անգամը նախկին թաղամասում էր, այն նույն թաղամասում, ուր Թերեզը փառավոր շրջապատ էր ստեղծել: Այդ շրջապատը Թերեզը սրտի ցավով թողեց: Թողեց, որովհետև Մայր ու Աղջիկ չգոհացան վնասի հատուցումով, սպառնացին Թերեզի` ուրիշ մի տեղ ապրող տանտիրոջը, թե բնակարանը ձեռից առնել կտան, քանի որ, պարզվում է, բնակարանի կարիք չունի, թե իրենք, Մայր ու Աղջիկ, տասը տարի սպասել են, մինչև բնակարան են ստացել, ուրեմն և թույլ չեն տա, որ գոմերում ապրած մեկը իրենց գլխին ամեն օր ջուր թափի, վաղն էլ ով գիտի ինչ թափի… Եվ Թերեզը ընկավ դռնեդուռ:
Արարատին նայող պատուհանով, Արագածին նայող պատշգամբով այդ մեկ սենյականոց բնակարանը կորցնելուց հետո թաղամասի շենքերից մեկում մի սենյակ գտան իններորդ հարկում, երեք սենյականոցի ամենափոքր սենյակը, և Թերեզը մտածեց, որ կմնան ժամանակավոր: Բայց դուրս եկավ չափազանց ժամանակավոր: Երկրորդ օրը առավոտյան տանտիրուհին` շապկանց ու շապկի փեշերից երկու փսլնքոտներին քարշ տալով կանգնեց Թերեզի շեմին, «իրար ճանաչենք» – ասաց և իբր սեղանի ոտքերին է նայում` նայեց Թերեզի փորին, իբր առաստաղին է նայում` նայեց Թերեզի փորին և խելագարի կտրուկությամբ շրջվելով` երեխաներին թափ տվեց փեշերից ու հատ-հատ արտասանեց. «Ես իմոնցից եմ զզվել, երեխայով տնվոր պահողը չե՛մ»:
Երեք անգամ կրկնվեց նույնը: Եվ Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Ասում է` երեքն են: Եվ դուռը խփում են Սահակի քթին: Եվ Սահակը հուսահատվում է: Նայում Թերեզի օր-օրի մեծացող փորին և հուսահատվում է: Բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է` կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Իսկ Թերեզի համբերությունը թխսի համբերություն է, Թերեզի քույրիկ: Թերեզը սպասում է: Սպասում ու ջեռուցումով տուն է ուզում: Կոկիկ խոհանոցով, տաք զուգարանով, ցնցուղով, սառ ու տաք ջրով տուն է ուզում: Թերեզը նրա համար չի քաղաք եկել, որ ինչ-որ արվարձանում ապրի: Նավթի վառարան վառի, զուգարանի ճամփին ցեխ տրորի… Թերեզը քաղաքի բնակարան է ուզում, քաղաքի հարևան է ուզում, մի խոսքով` քաղաքում քաղաքաբնակի նման ապրել է ուզում: Ինչ ասես, որ չի ուզում Թերեզը: Եվ այդ ամենի մասին քրոջը նամակ գրել է ուզում:
Եվ Թերեզը հիմա գրելու բան չունի: Հասցե անգամ չունի: Հորեղբոր տանն է ապրում, ժամանակավոր է ապրում, և հորեղբոր հասցեն իր հասցեն չի: Հորեղբոր հարևանները իր հարևանները չեն: Ամուսնու առաջ դրած ճաշը` իր եփած ճաշը, իր եփածը չի: Մինչև անգամ ամուսինը` կաշկանդված-քաղաքավարի ճաշ ուտող ամուսինը, իր ամուսինը չի: Որովհետև Թերեզը տուն չունի: Այս օտար տանը ամուսնու գարեջուրը սառեցնելու համարձակություն չունի: Հարևանի տուն գնալու, հյուր կանչելու, հյուրասիրելու իրավունք չունի:
Ինչի՞ մասին գրի Թերեզը, եթե այսքան բան չունի:
Ուրեմն թող ներող լինի քույրը, որ Թերեզը իր նամակները մտքում է գրում: Ամեն օր բանավոր նոր նամակ է սկսում ու գրելը վաղվան է թողնում: Օրը շաբաթ է դառնում, շաբաթը` ամիս, բայց Թերեզը չի գրում, որովհետև նամակները մի տեսակ տխուր են ստացվում: Մի տեսակ շա՜տ են տխուր ստացվում:
…Թող որ համբերի քույրը, թող ամեն գնացող-եկողի հարցուփորձ չանի` ինչ է պատահել: Չի պատահել, Թերեզի քույրիկ: Ոչ մի վատ բան չի պատահել: Իրենք ողջ ու առողջ են, նույնն էլ ձեզ են կամենում: Մի քիչ ձախ գնաց գործը, ո՞ւմ հետ չի պատահում, ինչ մի գրելու բան է: Աստծով, մի օր էլ իրենք տուն կունենան…

Posted in Բանահյուսություն

06/11/2021

1․ Կարդացե՛ք հեքիաթը։

2․ Ո՞րն է հեքիաթի խորհուրդը։

Բոլորն են կցանկանան առանց ջանք թափելու հարստանալ։ Գրեթե միշտ մարդիկ ընտրում են հեշտ ճանապարհը, գայթակղությունների են տրվում և կործանվում։ Հեքիաթում նույնպես այդպես էր։
․ Ռոդարիական հնարքներով ձևափոխեք հեքիաթը։

ՕՁԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի ռըշպար մարդ կար, չորս-հինգ տղա ուներ, բիրադի մանդր, խմորակեր, ինքն էլ քյասիբ, ողորմելի. աշխատում էր, աշխատում էր, էլի սո՛ված, սո՛ված:

Մի իրիկուն նստեց կնկա մոտը, ասեց.— Ա՛յ կնիկ, ես էգուց պտի էթամ ղարբություն՝ աշխատելու։

— Էթում ես՝ գնա՛, ըստեղ մնում ես ի՞նչ օգուտ։

Տղեն առավոտը քնատեղիցը վե կացավ, հինգ օր գնաց, հասավ մի քաղաք։ Էդ քաղաքի միջին ման էր գալի, տեհավ մի կնիկ բալկոնումը կաննած էր, եբոր մոտացավ, էդ կնիկը ձեն տվեց,ասեց.— Ա՛յ տղա, վի՛րև արի, վի՛րև արի:

Տղեն շատ ուրախացավ, ասեց.— Լա՛վ ա, հարուստ կնիկ ա, գործի կդնի։

Գնաց բանձրացավ բալկոնը, կնիկն ասեց.— Ա՛րի նեքսև։

Տղեն ասեց.— Գո՞րծ կա, ասա անեմ, գամ նեքսև ի՞նչ անեմ։

— Հլա ա՛րի նեքսև, եդով։

Տղեն ամոթու մտավ նեքսև, կուչ էկավ, կաննեց։

Ասեց.— Խի՞ ես կաննել, ա՛րի նստի։

Կռնիցը բռնեց, նստացրեց։ Սկսեց հացի պատրաստություն տենալը։ Եբոր հացը բերեց, իրար հետ նստեցին, կերան։

Հացը ուտելուց եդը տղեն ասեց.— Խանո՛ւմ, դե ի՛նչ անելու եմ, ասա՛, վե կենամ, անեմ։

Ասեց.— Նստի՛, խոսանք հլա։

Եբոր նստեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ աղա, ինձ կառնե՞ս:

Տղի սարսափը բռնեց, ասեց.— Խանո՛ւմ, էդ ի՞նչ ես ասում:

Վե կացավ որ կաննի, փեշը բռնեց.— Խի՞ ես վե կենում,— ասեց։

Ասեց.— Խանո՛ւմ, ես մի քյասիբ մարդ, էս տների տիրոնչը ես ո՞նց առնեմ։

Ասեց.— Բա՛ն չկա, ես քեզ կառնեմ։

Տղեն ասեց.— Չէ՛, չե՛մ առնի, ես երկուղ եմ անում քեզանից:

Ասեց.— Խի՞ ես երկուղ անում, ինձ չես հավանո՞ւմ։

Ասեց.— Հավանում եմ, համա էդ սիրունությունի, էդ հարստությունի տեր աղջիկը ո՞նց լայաղ կանի, ինձ կառնի։

Վե կացավ, գնաց։

— Ա՛յ աղա, ո՞ւր ես էթում, ո՞ւր ես էթում։

Տղեն անկաջ չարեց, վեր էկավ գնաց։ Գնաց մինչև իրիկուն ման էկավ, իրիկունը գնաց խանը պառկեց, տեսավ լուն մի դհիցը, ոչիլը դհիցը, մինչանք լիս քունը չտարավ։

Ասեց. «Ափսո՜ս, նրան պտի առած ըլնեի, հմի փափուկ դոշակի վրա պառկած կըլնեի։— Ասեց.— Առավոտը վե կենամ, էթամ էլի էն քուչեն, եբոր կանչեց, կէթամ, կառնեմ»։

Առավոտը ոըշպարը վե կացավ, էլի ման գալով էկավ հասավ էդ բալկոնի տակը։ Էդ աղջիկը բալկոնումը կաննած էր, դրան տենալուն քիմի, կանչեց.— Ա՛րի վիրև, ա՛րի վիրև,— ասեց։

Էդ տղեն գնաց վիրև։ Եբոր գնաց վիրև, էլի ամանչեց, ամոթու կաննեց բալկոնումը, նեքսև չմտավ։ Աղջիկը կռնիցը բռնեց, տարավ նեքսև, էլի նստացրեց, բերեց հաց դրեց, նստեցին կերան։

Կերան, խմեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ տղա, ա՛րի ինձ առ, չե՛ս փոշմանի։

Ասեց.— Ո՞նց անեմ, էս տների տերը, էս կարողության տերը կարող ա մի իսկական ունենա, գա ինձ սըպանի։

Ասեց.– Ո՛չ ասկական, ո՛չ բարեկամ, ոչ մի բան չունեմ ես, ա՛ռ, չես փոշմանի։ Սավայի էս տները, տասը հատ էլ դուքան ունեմ բաղարումը, մեկումը դու նստի առըտուր արա, իննը տու քրեհով։

— Ո՛ր ասում ես, կառնեմ,— ասեց տղեն։

Աղջիկն ուրախացավ, վե կացավ, ջուր դրեց, տաքացրեց, դրեց դրան թեշտը, լեղացրեց, բերեց մի թամուզ ձեռք շոր հագցրեց ասեց.— Դե գնա՛, տերտերին կանչա՛, թող գա մեզ պսակի։

Տղեն վե կացավ վազեց, տերտերին վե կալավ, բերեց։ Էկավ տերտերը պսակեց, թողաց գնաց։

Աղջիկն ասեց.— Հմի մենք էլանք մարդ ու կնիկ, մենակ մի բան եմ խնդրվում. ես միս չեմ ուտում, միս մի բերի տուն, սիրտդ կուզի՝ բազարումը ա՛ռ, կե՛։

Տղեն ասեց.— Շա՛տ լավ, չե՛ս ուտի՝ չե՛մ բերի։

Վե կացան, իրար ճիտ արին ու քնեցին։ Քե՜ֆը դրանց քեֆն էր։

Ըտենց ապրեցին իրեք տարի։

Իրեք տարուց եդը դուքանումը նստած վախտը խաբարն էկավ, թե Ստամբոլա յանիցը մի մենծ բազրկյան ա էկե, բերածը քոմմա խաս ապրանք ա։ Վե կացավ, դուքանի դուռը շինեց, գնաց էդ բազըրկյանի մոտը, որ տենա, թե ի՛նչ ապրանք ա բերե։

Բարև տվեց, նստեց, ասեց.— Ի՞նչ թանկագին բան ես բերե, ուզում եմ կնկանս հմար առնեմ։

Ասեց.— Մի շատ լավ մարգարտե շապիկ կա, տա՛ր թող տենա, թե վրին կըլեի, կհավանի՝ վե կա՛լ, թե չէ՝ իմ մալը եդ բե՛։

Վե կալավ, տարավ։ Տարավ կնկանն ասեց.— Մի լավ բան եմ բերե։

Ասեց.— Ի՞նչ ես բերե։

Ասեց.— Մարգարտե շապիկ, քու սիրուն ջանին լայաղ։

Եբոր տեհավ, ասեց.— էս ես չեմ հագնի։

Ասեց.— Խի՞, թանկ ա դրա հմար, ես էլ քեզ ղուրբա՜ն, մեր կարողաթյո՜ւնն էլ։

— Չէ՛,– ասեց,— ա՛յ մարդ չե՛մ հագնի։

— Չէ՛, պտի հագնես։

— Որ հագնեմ, կմեռնեմ, ուզում ես մեռնեմ՝ հագնե՛մ։

— Էդ ի՞նչ ես ասում, ա՛յ կնիկ, կտանեմ կտամ տիրոնչը։

Վե կացավ, տարավ։ Բաղրկյանն ասեց.— Խի՞ բերեցիր, չհավանե՞ց, թե նեղ էկավ։

— Չէ,— ասեց,— չի ուզում,— ասում ա,— որ հագնեմ՝ կմեռնեմ։

— Ո՛ր ըտենց ա, քու կնիկը օձ ա։

— Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, կնիկն էլ օձ կըլնի՞։

— Միամի՜տ մարդ, էդ շապիկը ո՛ր չի հագնում, քու կնիկը օձ ա։ Քու կնիկը միս ո՞ւտում ա։

Ասեց.— Չէ՛։

Ասեց.— Օձ ա, ո՛ր օձ: Ես ստամբոլցի եմ, ես երկինք֊գետինք քննել եմ, ես չեմ գիտում օձ ա՞: Քեզ վեց տարի ժամանակ ա դրել, իրեքը անց ա կացե, մնացել ա իրեքը, հըլա երկուղ մի՛ անի, իրեք տարուց եդը նոր կսըպանի քեզ։ Ըտենց շատերին ա արել, սըպանել, էդ կարողությունը հավաքել ա:

Ասեց.— Վիրև աստված, ներքև դու, պտի ինձ ազատես, էդ անիրավիցը։

— Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարի ա ըսկի միս տարե՞լ ես տուն։

— Չէ՛:

— Ես չեմ դիդո՞ւմ՝ օձ ա քու կնիկը, միս չի ուտում։— Ասեց․— Իրիկունը իրան բան չասես, առավոտը կգաս ոչխարի մսի էն լավ տեղիցը կառնես, դուքանումը կպահես մինչանք իրիկուն, իրիկունը մախսուս մթնով կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, ըսօր մուշտարին շատ-շատ էր, մաջալ չարի էփիլ տայի, առավոտվանից սոված եմ, վե կա՛ց, էս միսը խորոված արա՝ ուտենք»։ Կնիկդ խորոված կանի, դու զոռա՝ թող մի թիքա ուտի, եբոր կերավ, քնելու վախտը գնա դու դրսև, արի նեքսև. նա ո՛ր կէթա դուս՝ ինչքան տանը ջուր կա՝ թափա՛, մի փարչի միջի ջուր ածա, կախ տու, դու գնա քու տեղը մտի, քնի. երկուղ մի՛ անի. գշերվա մի վախտը եբոր ծարավացավ, էն ուղղակի կդառնա օձ. էն ժամանակը քու ջանը կսկսի սառիլը, դու երկուղ մի՛ անի, քեզ վնաս չի տա, թող վե կենա, էթա։ Կէթա, ջուր կխմի, կգա եդ, էլի կդառնա կնիկ, քու ծոցին կպառկի։ Եբոր լիսը բացվի, արի մոտը։

Էդ տղեն իրիկունը կնկանը բան չասեց։ Էգսի առավոտը էն գլխեն գնաց ոչխարի միսը առավ, բերեց դուքանումը պահեց, իրիկունը էկավ տուն, կնկանն ասեց.— Ըսօր մուշտարիս շատ-շատ էր, միսն առա, մաշալ չէլավ էփիլ տայի, մնաց, վե կա՛ց, խորոված արա՛, ուտենք։

Կնիկը վե կացավ, օջաղը վառեց, խորովածը արեց, դրեց մարդի առաջը, գնաց ղրաղ նստեց։

Ասեց.— Ա՛յ կնիկ, ես ուտեմ՝ բա դու ըտեղ նստե՜ս, ախար մեղք ա. սրա ֆոտը սաղ քաղաքը բռնել ա, դու մի կտոր էլ ա չես ուտում։

Ասեց.– Քեզ անուշ ըլնի՝ կե՛ր։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի թիքա էլ ա կե՛ր։

Կնիկն ամոթու մի թիքա կերավ։

Հացը վե կալան, տեղերը քցեցին, մարդը գնաց դրսև, էկավ, կնիկը գնաց դրսև, մարդը տան միջի ջրերը քոմմա թափեց, մի փարչ ջուր լցրեց, պատիցը կախ արեց, էկավ պառկեց, քնեց։ Կնիկն էլ դրսևից էկավ՝ քնեց։ Կես գշերին մարդը տեհավ, որ ջանը սառեց, սառեց, սառելուն քիմի զարթնեց, տեհավ կնիկը օձ դառավ, տեղաշորիցը դուս էկավ, օթախի մեջը ֆշշալեն դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ, տեհավ փարչը կախ տված ա՝ բանձրացավ խմեց, էլի վեր էկավ, էկավ տեղաշորի մեջ մտավ, էլավ էլի կնիկ։

Առավոտը էդ մարդը վե կացավ, դո՛ւզ գնաց էն բազրկյանի մոտը, ասեց.— Ո՛նց որ դու ասել իր, ընենց էլ էլավ։

Բազրկյանն ասեց․— Ես չեմ գիտո՜ւմ, որ քու կնիկը օձ ա, ես ո՞վ եմ, ա՜յ հա՜յ։

Տղեն ասեց.— Վիրև աստված, ներքև դու, ինձ ազատա էդ անիրավի ձեռիցը։

Ասեց․– Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարվա միջին քեզ համար ըսկի գաթա թխե՞լ ա։

— Չէ՛:

— Էս իրիկուն, եբոր կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, էս ա իրեք տարի ա քեզ առել եմ, մեկ օրից մեկ օր չասեցիր՝ մի գաթա թխեմ, մարդս ուտի. սիրտս գաթա ա ուզում, վե կա՛ց, էրկու հատ էլ ա թխա»։ Եբոր թունդիրը կվառի, կսկսի էփիլը, ոտիցը բռնա, քցա թունդիրը, խուփը դի՛ բերնին։ Կես սհաթից եդը խուփը վե կալ, կըլնի էրկու հատ կուտ, մինը բե ի՛նձ, մինը քե՛զ։

Էդ տղեն իրիկունը գնաց տուն, ասեց.— Ա՛յ կնիկ, սիրտս մի գաթա ա ուզում, էս ա իրեք տարի ա, գաթա չեմ կերե, վե կա՛ց՝ մի էրկու հատ էլ ա գաթա թխա՛, ուտենք։

— Շա՛տ լավ,— ասեց,— ա՛յ մարդ, ե՞բ ուզեցիր, որ ես չթխեցի։

Կնիկը առավոտը վե կացավ, գաթեն ունցեց, թունդիրը վառեց, բադիով ջուրը դրեց կողքը, ձեռը տվեց ջրին, տվեց գաթի քամակը, կռացավ, տվեց թունդրի կողին, երկրորդը տալու վախտը մարդը դրա ոններից բանձրացրեց՝ քցեց թունդիրը, խուփն էլ դրեց բերնին։ Մի կես սհաթ համբերեց։ Կես սհաթից եդը խուփը վե կալավ, տեհավ բան չկա միջին, էրկու հատ կուտ ա։ Կռացավ մեկը հանեց, ձեռները էրվեց՝ կուտը շըպռտեց, էլավ էրկու կտոր կռացավ էն մեկը հանդարտ հանեց, հանեց դրեց կողքը: Տեհավ ձեռները կեղտոտել ա, էն բադիի ջրի միջին ձեռները լվաց, տեհավ որ բադիի ջուրը դառավ ոսկի, բադիեն էլ դառավ ոսկի, եդ դառավ թամաշ արեց, որ կըտերն էլ են դառել ոսկի: Կըտի կեսը վե կալավ, տարավ բազրկյանին:

Բազրկյանն ասեց.— Ախար դու մի հատ սաղը պտի բերեիր:

Ասեց.— Ներողությո՛ւն, կեսն եմ բերե:

Ասեց.— Էս էլ բո՛լ ա:

Տղեն բազրկյանից շնորհակալություն արեց, գնաց իրանց տունը. մտածեց, ասեց.— Էթամ իմ կնկանը, էրեխեքանցս վեր ունեմ, բերեմ ըստեղ, մարդավարի ապրենք։

Առավոտը գնաց մի ձի առավ, մի ձեռք ասպար առավ, տունն ու դուքանը շինեց, ձին նիլլավ՝ գնաց: Գնաց, մի իրիկուն մութն ընկավ, հասավ իրա տունը: Դուռը ծեծեց, կնիկը գուս էկավ, տեհավ, որ մի ձիավոր, ասպարի միջին կորած, դռանը կաննած ա, վախեցավ:

Ասեց.— Ա՛յ կնիկ, դուռը բաց արա՛:

Ասեց.— Դու ո՞վ ես։

Ասեց.— Չե՞ս ճանանչում, ես եմ էլի, չե՞ս ճանանչում։

Ասեց.— Չէ՛, ո՞վ ես:

Ասեց.— Քո՛ւ մարդն եմ,— ասեց ու ձիուցը վեր էկավ, մտավ նեքսև:

Կնիկը տեհավ դրուստ իրա մարդն ա, ասեց.— Բարո՛վ ես էկե, էս ո՞ւր մնացիր։

Ասեց.— Եդացա, համա բո՛լ եմ աշխատե, էկել եմ քեզ տանեմ, էրեխեքանցը տանեմ։

Ասեց․— Ա՛յ մարդ, մենք ընտեղ չենք կարա ապրի, քաղաք ա, ծախսներս շատ կըլնի, ըստեղ գեղ տեղ ա, ո՛նց ուզենք, ընե՛նց կկառավարվենք։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի՛ վախի, ընքան աշխատել եմ, որ քու օխտը պորտն էլ ուտի՝ չի հատնի։

Առավոտը վե կացան, էլած֊չէլածը բաշխեցին քյասիբ հարևաններին, իրանք գնացին իրանց թազա, տունն ու տեղը։

Նրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Երկնքից իրեք հատ խնձոր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին:

Posted in Բնագիտ. բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Էլեկտրականացում — նախագիծ

Տևողությունը. 4 շաբաթ

Մասնակիցներ ՝ 5 տարեկաններ

Դաստիարակ ՝ Էլյա Գրիգորյան

Դաստիարակի օգնական ՝ Անահիտ Մարգարյան


Թեմայի նպատակները
Երեխաները

  1. Կհարստացնեն իրենց բառապաշարը
  2. Կաշխատեն՝ համագործակցելով, միմյանց աջակցելով և նոր մտքեր
    առաջարկելով:
  3. Ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ կապված էլեկտրաէներգիայի
    պահպանման և անվտանգ օգտագործման հետ:

Պարապմունք 1. «Ինչպե՞ս է էլեկտրականությունը հասնում մեր տուն»

Պարապմունքի նպատակները
Երեխաները

  1. Կսովորեն էլեկտրաէներգիայի հետ առնչվող բառեր. էլեկտարաէներգիա,
    էլեկտրակայան, բարձրավոլտ լարեր, անջատիչ, գեներատոր, հաշվիչ և այլն:
  2. Կարտահայտեն իրենց կարծիքները:
  3. Կսովորեն, թե ինչպես է էլկետրաէներգիան հասնում իրենց տուն:

Անհրաժեշտ նյութեր
• Ա4 չափսի թեմատիկ 5 գունավոր նկարներ

Պարապմունքի ընթացքը
Երեխաները նստած են սեղանների շուրջ: Դաստիարակը նույնպես կարող է նստած
լինել: Դաստիարակը ցուցադրում է # 1 և # 3 նկարները բոլոր երեխաների համար
տեսանելի տեղում:

Խթանման փուլ
Դաստիարակը ցույց է տալիս 1-ին նկարը և հարցնում է երեխաներին.

  • Երեխաներ, ձեր կարծիքով ի՞նչ է սա:

Դաստիարակը ժամանակ է տալիս, որ զույգերը իրար հետ խոսեն և հետո 2-3 երեխա
պատասխանեն հարցին: Խրախուսեք, որ երեխաները հիմնավորեն իրենց
պատասխանները: Աշխատանքի ընթացքում դաստիարակը մոտենում է
զույգերին`փոքրերին աջակցելու և/կամ ընթացքին հետևելու համար: Փոքր տարիքի
կամ դժվարացող երեխաները կարող են պատմել իրենց պատմությունը
դաստիարակին: Աշխատանքի տևողությունը՝ 3-4 րոպե:
Նույն աշխատանքը կատարել # 3 նկարի հետ:

Իմաստի ընկալման փուլ
Դաստիարակ — Հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչպես է ստեղծվում էլեկտրականությունը և
ինչպես է հասնում մեր տները:

Ընթերցանության նյութ դաստիարակի համար
Էլեկտրականություն կարելի է ստանալ քամուց, ջրից, արևից, գազից, ածուխից և ուրիշ
բաներից: Երբ տանը միացնում ես անջատիչը՝ լույսը միանգամից վառվում է, բայց
էլեկտրականությունը երկար ճանապարհ է անցնում, որ հասնի ձեր տուն: Իրականում
էլեկտրակայանը, որտեղ արտադրվում է էլեկտրականությունը, կարող է ձեր տանից մի
քանի հարյուր կիլոմետր հեռու լինել: Բոլոր այն սյուները և լարերը, որ դուք տեսնում եք
ճանապարհներին և ձեր տների մոտ՝ էլեկտրական լարեր են: Մեր երկրի բոլոր
էլեկտրակայանները իրար հետ կապված են էլեկտրական լարերով: Եթե մի
էլեկտրակայան չի հասցնում այնքան էլեկտրաէներգիա արտադրել, որ մարդիկ իրենց
տները տաքացնեն կամ լուսաորեն, ապա մեկ այլ էլեկտրակայան ուղարկում է
անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Նկար 1

Էլեկտրակայաններում էլեկտրականությունը
ստեղծվում է շատ մեծ գեներատորների
միջոցով: Էլեկտրակայանների մեծ մասն
էլեկտրաէներգիա ստանալու համար
օգտագործում է ածուխ: Որոշ
էլեկտրակայաններ օգտագործում են բնական
գազ, ջուր, քամու ուժը կամ արևը:

Նկար 2

Էլեկտրականությունը ճանապարհորդում է
բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի
միջոցով, որոնք տարածված են ամբողջ
երկրով մեկ:

Նկար 3

Բաշխիչ գծերի միջոցով հոսանքը հասնում
է ձեր համայնք/գյուղ/քաղաք, որպեսզի
հնարավոր լինի հոսանքը օգտագործել մեր
տներում:

Նկար 4

Երբ հոսանքը հասնում է մեր տները, այն
անցնում է հաշվիչի միջով, որ հաշվի, թե
ինչքան հոսանք է օգտագործում մեր
ընտանիքը:

Նկար 5

Էլեկտրականությունը պատերի միջով
անցնող լարերով տարածվում է ամբողջ
տնով մեկ:

Դաստիարակը հարցնում է երեխաներին.

  • Ի՞նչն էր քեզ համար ամենահետաքրքիրը:
  • Կա՞ր մի բան, որ դու արդեն գիտեիր:
    Երեխաների պատասխանները լսելուց հետո կատարել առաջադրանքները:

Արդյունք ՝

Posted in խոսքի զարգացում

Վանո Սիրադեղյան — Գեղեցիկ կնոջ կաղապարը

Կենսագրություն

Գեղեցիկ կնոջ կաղապարը

Կանգառներում կամ փողոցի ուզածդ կետում ազատ մեքենա սպասողներից իր ուղևորին Հարութը շուտ ջոկում է։ Նրանք, ովքեր ուրիշների գլխի վրայով սևեռուն նայում են հեռուն, սպասում են «24»֊ի, տարեց կանայք կանգնեցնում են միայն տաքսի, աղջիկների հետ կանգնած տղերքը մագնիտաֆոնով ավտոմեքենան զգում են հեռվից, աղջիկներն ու ջահել կանայք «Զապորոժեց» չեն նստում առհասարակ, հեռու ճանապարհ գնացողը, ջղագարը, ծաղիկը ձեռքին սպասողը, թատրոն ու հյուր գնացողը «Զապո» չի նստի, — մնում են նրանք, ովքեր ապահովությունը գերադասում են արագությունից, ավելորդ ռուբլին իրենց պահելը շքեղությունից (կտան իրենց ուզած գինը), նաև շուկայից, խանութից ելած տարեց մարդիկ, և բարեհոգի հարբեցողները, մեկ էլ նրանք, ովքեր այսօր էլ մի ռուբլով պրծան կանգառում սրտաճաք մահից։

Շատ չէ, քիչ էլ չէ։ Այսքանի համար նա բզզացող իր բլոճը բանթողից հետո քշում է ուղիղ քաղաքի սիրտը։ Հարութը լավ է հասկանում, որ այդպիսի մի մեքենայով վաստակելու ամենահարմար ժամանակը կեսգիշերն է, բայց փողը նրան հետաքրքրում է այն պայմանով, որ հանգիստը չխանգարի։ Եվ եթե օրը հաջող չստացվեց, չի էլ զոռի։ Կքշի տուն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պատահեց, որ փողի այնքան կարիք ունեցավ, որ ոչ մի բանով չի փոխարինվի, եթե, մանավանդ, փողը պետք է մեքենան սարքին պահելուն, այդ դեպքի համար նա ամենալավ ժամերը գիտի՝ առավոտյան 3—5֊ը։ Այդ մեղքի ժամին տղամարդիկ սիրուհիների անկողիններից դուրս են գալիս ծիրան֊ծիրան, նրանք իրենցով տեսնում են փողոցը լցված, օրվա 24 ժամից դուրս եղող այդ ժամերին նրանք շռայլ են չունեցողի պես, մեկի փոխարեն տալիս են երեք և շտապելուց չեն նայում մեքենայի լավին ու վատին։

Իսկ սովորաբար Հարութը իր արտաժամը վերջացնում է յոթին֊ութին։

Մեքենան քշում է բակ, մորն ու քրոջը վաղվա հացի փող է տալիս, սեղան է նստում, հետո սեղանից տեղափոխվում է թթի ծառի տակ, քույրը բերում է գարեջրի քրտնած շշեր, հետո՝ սուրճը, հետո՝ էլի սուրճ, Հարութը խմում, ծխում է՝ մոծակներին մարմնի վրա անչար ծեփելով, իսկ հարևանի 12—13 տարեկան տղաները եռանդով լվանում են նրա մեքենան։ Նրանք այդ գործը կանեն հենց այնպես, հաճույքի համար, բայց Հարութը արտաժամի վաստակից նրանց մեկ֊երկու ռուբլի է տալիս ցուցում տալով․

— Պաղպաղակ կերեք, տետրակ առեք։


Օգոստոսին գեղեցիկ կին, գեղեցիկ աղջիկ քաղաքում չկա․ կամ ծովափին են, կամ լեռներում։ Բայց այդ բանը նկատվում է սեպտեմբերին, երբ արևառած վտառները խուժում են քաղաք։ Իսկ օգոստոսը քաղաքում մնացածների միջից ջոկում, առաջ է քաշում ժամանակավոր գեղուհիների։ Շոգ ու կրակ է։ Աղջիկների շորերը կարճ են միջօրեի ստվերի նման։ Շորերը ծածկում են այնքանը միայն, որ գաղտնիք մնա։ Լավ մերկությունը այն է, որ մերկանալու էլի տեղ ունի։ Կանգառներում մարդիկ կպել են ծառերի բնին, քայլողները իծաշարուկ դնում են պատերի տակով, ստվերից դժկամ դուրս են գալիս համառներին ճամփա տալու, որպեսզի հաջորդ կես քայլին էլի նետվեն ստվերի արահետի մեջ։ Մեքենաներում նստածները անզգուշաբար թևերը դնելով դռան մետաղին՝ ետ են քաշում կրակից վառվածի նման։ Մեկը ստվերից ստվեր ցատկելուց հուսահատված` ընկել է մայթի մեջտեղը ու գնում է՝ ճաղատը, կյանքը Արև աստծուն զոհաբերելով։

Հարութը քշում է առավելագույնս աջը պահած, այսինքն՝ դանդաղ․ հանկարծ ու կանգնեցնելու որևէ ակնարկ, մտադրություն, թեկուզ երկմտանք աչքաթող չանի։ Երկմտանքը վճռի կփոխվի, հենց մարդու կողքին արգելակեցիր։ Ուրեմն, այդպես, ողջակիզվող այդ ճաղատը նշանի առած՝ Հարութը մոտենում էր, երբ տեսավ ՆՐԱՆ։

ՆԱ մայթ խուժեց մոտիկ նրբանցքից, ըստ երևույթին՝ գործից ելնող մարդկանց հոսքի հետ։ Երևում էր դեռ թիկունքից։ Նրա քայվածքը այն քայլվածքն է, որ չեն սովորում։ Այն նազանքը չէ, որ սովորեցնում են ձևավոր ձիավարության երիվարներին, և որը կանայք հրամցնում են տղամարդկանց հայացքներին։ Դա անպատշաճ տրտինգի տարիքը անցած զամբիկի ձիգ, անկաշկանդ քելք էր։ Այդ քայլվածքը ունեցողի դեմքը պիտի որ նույնքան գեղեցիկ լինի։ Դա այն կինը չէ, որը դեմքով տկար լինելով՝ հույսը դնում է իր ակնառու բաների վրա։

Հարութը առաջ անցավ՝ չէր սխալվել։ Քիչ ետ մնաց, քշեց կողքից։ Աղջիկը տաբատի տակ քիչ փոր ուներ և դա էլ նրան գեղեցկացնում էր։ Այդպիսի բանի կողքից անցնելիս ձեռքդ կամքիցդ հա փախս է տալիս, այնպես, ինչպես փափուկ մազերով սիրուն երեխու կողքով անցնելիս։ Հարութը նայեց ժամացույցին` 5֊ն անց էր 30 րոպե։ Նույն պահին աղղջիկը դեպի մայթեզր եկավ, ձեռքը բարձրացրեց նստեց տաքսի։

Մի ուրիշ օր նույն ժամին նա էլի քշեց մայթի եզրով, արգելակեց այն տեղը, որտեղից նա տաքսի էր նստել։ Ապակու միջով ետ նայեց։ Աղջիկը նրան չհասած` կանգնեցրեց ինչ֊որ «Ժիգուլի»։ Հետագա մի քանի օրը Հարութը մեքենան լվացող երեխաներին ոգևորում էր ինչով կարող էր, պտտվում էր նրանց շուրջը, փայլ էր տալիս մի բուռ մետաղին, քշում էր էլի նույն մայթի կողքով, ընթացքի լեզվով առաջարկում էր իր մեքենան, բայց աղջիկը նրա մեքենան չէր նկատում։ Նրա համար, ըստ երևույթին, մեքենայի այդ տեսակը գոյություն չուներ։

Սեպտեմբերին նա այդ փողոցում հայտնվեց «Ժիդուլի»֊ով։ Աղջիկը չկար։ Մի օր էլ՝ տեսավ։ Աղջիկը տաբատով չէր, և արևառած նրա ոտքերը Հարութի սիրտը մկրատելով փերթ–փերթ արին։ Հարութը քշեց նրա կողքով։ Աղջիկը անցավ «իր» կանգառից, գնաց, գնաց, աջ փողոց մտավ, մտավ խանութ, դուրս եկավ, Հարութը պոկվեց մոտեցավ, դուռն էր բացում՝ նրա թիկունքից մի թանկ մեքենա անցավ առաջ, աղջկան առավ ու տարավ։

Աղջիկը ծովափից գալով՝ նստում էր միայն «24»։ Հարութն ստուգեց` դրանք տարբեր, պատահական մեքենաներ էին։

Հարութը գնաց դպրոցական ընկերոջն ասաց․

— Երկու օրով… Այ, ըսենց պետք է…

Եվ փողոց մտավ «24»֊ով։ Այդ քայլվածքը նա ճանաչում էր շատ հեռվից։ Քշեց հասավ, քշեց կողքից, հետո նրան քիչ առաջ թողեց, այն հաշվով, որ հենց որ շուռ գա դեպի փողոց, «24»֊ը դեմը հանի։ Մինչև իրեն ու աղջկան հայտնի տեղը դեռ ճանապարհ կար և Հարութը, այն է, ուզում էր շրջանցի դեմը կանգնած մեքենան, երբ աղջիկը արագ դեպի փողոց եկավ, այդ մեքենայի դուռը բացվեց, աղջիկը սուզվեց… Հարութը չէր հասցնելու արգելակել, բայց մեքենան թռավ դեմից։ Հարութը ուշացումով արգելակեց ու ականջներում երկար ժամանակ այդ մեքենայի հզոր ու զնգուն ձայնն էր։ Աչքի առաջ ՆՐԱ մարմնի ճկուն ու վստահ կողմնորոշումն էր։ Ոչ մի մեքենա, բացի այդ մեկից, այնպես չէր սարքված, որ այդ մարմնի հմայքը այդպես երևան հաներ։ Նա գտավ իր մեքենան, հալվեց լցվեց իր կաղապարը… Ի՜նչ շուտ գտավ… Ի՜նչ շուտ սովորեց…

Հետո Հարութը նստած էր իր ծառի տակ։ Դեմը օղի էր, գարեջուր էր, կանաչի, պանիր, վարունգ, լոլիկ, ապխտած ձուկ… Իսկ մեքենան բրեզենտե ծածկի տակ էր։ Եվ բրեզենտի գորշ ֆոնի վրա մեքենան լվացող տղաներից երկուսը ակորդեոնով ու դհոլով նրա վիշտը ամոքում էին։ Ակորդեոնիստը լենթուշ տղա էր, դհոլչին՝ ավելի նվազ, տարիքով փոքր, սպիտակ վերնաշապիկի թևքերը քշտած ուներ, տաբատը լավ արդուկած էր, կոշիկները սուրքիթ ու լաքապատ էին (երևում էր դհոլչու տղան), նրա փողքերը վարպետավարի վեր էին քաշված, սև փողքերին ու սև կոշիկներին վառ կարմիր գուլպաները իսկն էին, նա տղայական քաղցր ձայնով սրտանց ձգում էր․Գետակի ալիքները գնում են խայտալով,Սիրահարի սրտիցը արտասուք քամելով…

Տղաներից ամենամեծը Հարութի բազկին ասեղով մեծ սիրտ էր ծեծել՝ աշխատում էր նետի վրա։ Երբ վերջացրեց, Հարութը թեյի բաժակով օղի խմեց, տակը թողածը շփեց բազկին՝ օ՜օ՜ֆ արեց, և աչքերը արցունքոտվեցին…Արդյոք ով է դուռը թակում, ախ, սիրտս կդողա՜ա՜ա՜ա՜…

Տղայի ձայնը դուրս թռավ բակի դարպասից, փողոցի ժխորին առավ ու լռվեց, դարձավ տարածվեց միհարկանի տների տանիքներին, աղավնիներին ճախրանքի տարավ, ապա դարձդարձվեց բարձրահարկերի մակերեսներից, ճանապարհ գտավ` զիլ ձգվեց մթնող մայրուղու լուսածիրով, և երամակի հզորությամբ մեքենայի հուժկու վնգոցը տղայի ձայնը իր մեջ առած` տարավ թաղելու քաղաքից դուրս։

Posted in Բնագիտ. բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Կենդանիներ — նախագիծ

Անվանում։ Կենդանիների ճանաչում

Նպատակ—ճանաչել և տարբերել գիշատիչ և ընտանի կենդանիներին։ Ճանաչել կենդանիներին իրենց ձայներով։

Մասնակիցներ — 5 տարեկաններ

Ժամանակ։ 25/11/2021

Դաստիարակ — Էլյա Գրիգորյան

Խնդիրներն ու ընթացքը`
Երգերի, ասիկների, հեքիաթների միջոցով ծանոթանում ենք կենդանիների հետ, համացանցից գտնում , նայում, ուսումնասիրում ենք կենդանիների և թռչունների նկարները, փորձում ենք տարբերել ընտանի և վայրի կենդանիներին, բնութագրում ենք թռչուններին ու կենդանիներին:

1.Երեխաները պատմում են իրենց սիրած կենդանիների մասին։

2.Նայում են տեսանյութ որից հետո փակելով աչքերը փորձում են գուշակել կենդանու անունը ձայնով։

3.Խաղում ենք իմ հորինած խաղը `թզուկ հսկա փոփոխված տարբերակով ` եթե կենդանին ընտանի է երեխաները հսկա են դառնում, եթե գիշատիչ են դառնում են թզուկներ։

Երգում են`

«Գնացեք տեսեք»

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Օգտագործվող նյութեր ՝

Արդյունք —

https://youtu.be/Homh5pbiF-s

https://youtu.be/JgpJR3GVeK0

https://youtu.be/clSVZGlXjqs

Posted in խոսքի զարգացում

Միխայիլ Պոստնիկով — Ապագայի թեքումով դպրոց

  1. Կարդալ և գրավոր քննարկել հոդվածը։

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ դպրոցում սովորած շատ բաներ կյանքում միշտ չէ որ պետք է գալիս։ Օրինակ երբ սովորում ենք պատմության որևէ դաս ուսուցիչը ցածր է գնահատում քանի որ չենք հիշում ինչ որ տարեթիվ կամ անուն։Կարող եմ օրինակ բերել ինքս ինձ վրա այսքան ժամանակ ինձ պետք չի եղել դպրոցում սովորած X-ով հավասարումը կամ երկրաչափության թեորեմները։

  1. Պատրաստո՞ւմ է դպրոցը կյանքին։ Եթե այո՝ ինչպե՞ս, եթե ոչ՝ ինչո՞ւ։

Իմ կարծիքով ոչ քանի որ դպրոցում մենք ուղղակի անգիր ենք անում գրքի բառերը։ Կյանքին ոչ մի հաստատություն չի պատրաստում մարդն ինքն է իրեն պատրաստում կյանքին։

  1. Համաձա՞յն եք հեղինակի՝ կրթության հմտությունների 4 ուղղությունների բաժանման հետ։ Հիմնավորե՛ք։

Այո, քանի որ հենց դրանք են որ հետաքրքրում և պետք են գալիս հետագայում։

  1. Քննարկե՛ք հեղինակի մոտեցումը հանրակրթական առարկաներին։ Համաձա՞յն եք այդ մոտեցման հետ։ Հիմնավորեք։

Հնարավոր է դպրոցում բոլոր առարկաները գերազանց սովորել, սակայն եթե դրանք հետագայում մարդուն չեն օգնելու իմ կարծիքով ավելորդ են այդ խորացումները։

  1. Բուհական ընդունելության ինչպիսի՞ համակարգ է առաջարկում հեղինակը։ Հիմնավորե՛ք ձեր կարծիքը։

Հնարավորություն տալ ԲՈՒՀ-երին իրենց թեստերի հիման վրա հավաքելու, ասենք, 300 մարդ ֆակուլտետի 200 տեղի համար, որպեսզի երկու տարի նախնական ուսուցում կազմակերպի։ 

Կարծում եմ այս տարբերակով ավելի շատ ուսանողներ կլինեն և հետագայում լավ մասնագետներ կունենա երկիրը։ Հիմա շատ կան երիտասարդներ որոնք խելացի են սակայն չեն կարողանում ընդունվել իսկ ոմանք ընդունվում են անգամ տարրական գիտելիքներին չտիրապետելով։

Ամեն տարի հետևում եմ, թե ինչպես են հազարավոր երիտասարդներ գրոհում բուհերը: Նրանց Ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում պատնեշը. այսինքն` հուզական,  հոգեբանական, բարոյական սարսափելի հարված ստանում:  

Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչու չենք խնայում երիտասարդ սերնդին, և ինչու պետք է նա ինքնուրույն կյանքը սթրեսով սկսի:

Անընդհատ բողոք եմ լսում դպրոցից, թե գործնական կյանքին չի պատրաստում, ներդաշնակորեն  զարգացած անձ, քաղաքացի չի դաստիարակում: Սպասում եմ` ով և երբ կբացատրի, թե ինչու դպրոցը հասարակության պահանջներին չի համապատասխանում: Բողոքում են գերբեռնվածությունից, անհաջող ծրագրերից, մեթոդներից… Սակայն դպրոցի, որպես համակարգի, գլխավոր հակասությունը չբացահայտված է մնում: Ընդ որում այն հիմնավորվել է այն ժամանակ, երբ  հեղափոխությունից հետո բոլոր տեսակի դպրոցներից հենց գիմնազիան աստիճանաբար դարձավ խորհրդային  դպրոցի նախատիպը:

Հետպատերազմյան քառասուն տարվա ընթացքում դպրոցը միայն «կոսմետիկ» փոփոխություններ է կրել (ուսուցումը` առանձին — միասնական, տասնմեկամյա — կրկին տասնամյա, պոլիտեխնիկական — կրկին սովորական, և այլն), բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի զննել նրա սխալ կառուցվածքի արմատը:

Ժամանակակից դպրոցի գլխավոր հակասությունն այն է, որ նրա զանգվածային բնույթը և աշխատանքային ուղղվածությունը չեն համընկնում արդեն իսկ հնացած «առարկաների» կամ այսպես կոչված «գիտության հիմունքների» ուսումնասիրության էլիտար-գիմնազիական սկզբունքներին: Այս հակասությանը նպաստում են, այսպես կոչված, դպրոցական «գիտությունների» բոլոր մասնագետները, և նրանք մինչև վերջին շունչը կպաշտպանեն իրենց «հիմունքներն» այն ծավալով, որ այսօրվա դրությամբ հաջողեցրել են ներքաշել դպրոց: Եվ բոլոր գրոհներն ու ճակատամարտերը «ժամերի» գծով են, որոնք մե՛կ կրճատում են, մե՛կ նորից վերադարձնում դպրոցական ծրագիր: Եվ ժողովրդական լուսավորության համակարգում չկա… ժողովրդական լուսավորության գծով մասնագետ, որ կարողանար գերատեսչական վեճերից վեր կանգնել խնդրի ընդհանուր լուծման համար՝ ինչ և ինչպես սովորեցնել: Իմ կարծիքով, այս հարցի լուծումը ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի դպրոցական բարեփոխումների փաստաթղթի բանաձևն է՝ դպրոցը պետք է կյանքին պատրաստի:

Մոռանանք գիմնազիայի փորձը և զուտ տեսականորեն նայենք, թե ինչ է նշանակում կյանքին պատրաստ լինել: Սա նշանակում է, որ պետք է ունենալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս հավասարազոր խմբի՝ գրագիտություն, էթիկա (բարոյագիտություն), էսթետիկա (գեղագիտություն), առողջություն (ֆիզիկական կուլտուրա):

Գրագիտություն: Սա միայն մայրենի լեզվով կարդալու և գրելու հմտությունը չէ: Սա նաև օտար լեզվի համարժեք իմացությունն է: Սա թվաբանական գրագիտությունն է: Սա համակարգչի հետ աշխատելու ունակությունն է, ծրագրավորման լեզու իմանալը:  Գիտությունների մասին ընդհանուր պատկերացում ունենալն է:

Բարոյագիտություն: Սա անձի դաստիարակությունն է հասարակության մեջ ապրելու համար: Աշխարհայացքի, վարքի, հասարակության մեջ կողմնորոշվելու, ինքնատիրապետման խնդիրներն են: Սա օրենքների և հասարակության սոցիալական նորմերի, որպես քաղաքացի` սեփական իրավունքների և պարտավորությունների իմացությունն է: Այստեղ նաև ընտանիքի խնդիրներն են:  Եվ սոցիալական գրագիտությունը (հասարակության մեջ ում, որտեղ և ինչպես դիմել կենսական խնդիրների լուծման նպատակով): Եթե առաջին խմբի համար դպրոցը սկզբունքորեն պատրաստ է, ուսուցման մեծ փորձ ունի, ապա երկրորդ խումբը գրեթե մշակված չէ: Օրինակ՝ քաղաքացիական զգացում դաստիարակելու համար գրականությունը հսկայական ազդեցություն ունի: Բայց այսօր ոչ թե գրականություն են դասավանդում, այլ գրականագիտության հիմունքներ, ավելի ճիշտ, թերթերի բանավեճերից դատելով, դասական ստեղծագործությունների «մշակումները»: Բայց երկրորդ խմբի համար գրականության դասավանդման այլ մոտեցում է պահանջվում. և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործությունները պետք է միայն հասարակության մեջ մարդու տեղի մասին մտածելու նյութ տան:

Գեղագիտություն: Սա բոլորովին չուսումնասիրված, չլուծված և գործնականում դպրոցում չսկսած աշխատանք է՝ երիտասարդի գեղագիտական զգացողությունը դաստիարակելը: Սա կրկին  գրականություն է, բայց նորից այլ տեսանկյունից՝ ուղղակի սովորեցնել գիրքը սիրել, կարդալու բուռն ցանկություն առաջացնել: Սա և՛ երաժշտություն է, երգ, և՛ նկարչություն, գծանկար, գեղանկարչություն: Եվ պար, իհարկե: Ընդհանուր առմամբ, գեղագիտական ողջ ոլորտը, առանց որի երիտասարդության դաստիարակությունը լիարժեք համարել չի կարելի:

Հեշտ է բացատրել, թե մեզանում ինչու է գեղագիտական դաստիարակությունն արհամարհված եղել: Գիմնազիայի աշակերտը նաև տնային դաստիարակություն է ստացել, օրիորդներն անպայման երգել են և դաշնամուր ծնգծնգացրել: Որպես պետական միասնական դպրոցի մոդել վերցված գիմնազիայում, բնականաբար, գեղագիտական խմբի համար տեղ չգտնվեց: Ժամերի ցանցը գրեթե անփոփոխ մնաց: Այստեղից էլ տարածված կարծիքը, որ գիմնազիայից «բարեկիրթ» մարդիկ են դուրս եկել, իսկ մեր միջնակարգ դպրոցից` չգիտես ինչու, ոչ այնքան:

Ֆիզիկական կուլտուրա: Հասկանալի է, որ ներդաշնակ զարգացած մարդը պետք է առողջ լինի, տիրապետի սեփական մարմնին, իմանա, թե ինչ է կատարվում իր օրգանիզմում, կարողանա առաջին բժշկական օգնություն ցուցաբերել ինքն իրեն և ուրիշներին: Այս խումբը բացարձակապես իրավահավասար է մնացած երեքի հետ, իսկ հետագա կյանքի համար՝ երևի ամենակարևորը: Չեմ հասկանում, թե ինչու են երեխաներին բժշկական ցուցանիշներով ազատում ֆիզկուլտուրայի դասերից, այն դեպքում, երբ վաղուց ի վեր գոյություն ունի բժշկական ֆիզկուլտուրա: Ոչ մի դպրոցական չպետք է զրկվի այդ պարապմունքներից, բայց յուրաքանչյուր աշակերտ անհատական ծրագրի իրավունք ունի: Եթե անգամ կաթվածահար մարդուն ֆիզիկական վարժություններով են բուժում, ապա տարօրինակ է երեխաներին կենսականորեն ամենաանհրաժեշտ շարժումներից ազատելը:

Բայց ուսուցիչը դպրոցում կարգայիններ չպետք է պատրաստի, նրա հիմնական խնդիրը տարածումը և աշակերտների առողջությունը պետք է լինի:  Ես անգամ կորակազրկեի այն ուսուցչին, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարզիկներին, որ իրենց բազան և իրենց մարզիչներն ունեն:

Տխրահռչակ տնային հանձնարարությունները պետք է չլինեն: Եթե ամեն օր մեկ դաս  նվիրվի յուրաքանչյուր խմբի առարկայի, ապա տնային հանձնարարության որևէ կարիք չի լինի: Շաբաթ օրը հարկավոր է տրամադրել ֆիզկուլտուրային, միգուցե, ճանաչողական էքսկուրսիաների և արշավների համադրությամբ: Արդարացի չէ երեխաներին շաբաթական վեց օրը ամենօրյա աշխատանքով ծանրաբեռնելը, երբ ծնողները հնգօրյակով են աշխատում:

8-9 տարի այսպիսի դպրոցում սովորելուց հետո (ավելիի կարիքը չկա) հասարակությունը լիարժեք «արտադրանք» կստանա՝ ներդաշնակ զարգացած անհատականություն: Բարոյագիտական (կամ ավելի լավ է ասել սոցիալական) շարքի շրջանակում վերջին տարում հատուկ ուշադրություն պետք է դարձվի մասնագիտական կողմնորոշմանը, որպեսզի 15-ամյա շրջանավարտը կարողանա գիտակցաբար ընտրել իր ապագա մասնագիտությունը:

Կհարցնեք` իսկ ուր մնաց գիտությունը՝ մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, պատմությունը, աշխարհագրությունը: Կարծում եմ, որ օրական մեկ ժամ, այսինքն` հինգերորդ դասը, բավական է այս բոլոր առարկաների համար:

Մեկ անգամ էլ նշեմ, որ նրանցից ոչ մեկը առանձին չի կարող հավասարեցվել (նշանակում է, նաև ժամերով  հավասարեցվել) վերը նշված խմբերին:

Այս դրույթը քննարկենք մաթեմատիկայի օրինակով: Այսօր այն դպրոցական ամբողջ ծրագրի հինգերորդ մասն է: Ինչ-որ մեկը կասի՞, թե ինչու: Ձեզանից` ոչ մաթեմատիկոսներից, ո՞վ է կենցաղում քառակուսի հավասարում լուծել: Ո՞վ է գոնե մեկ անգամ օգտվել եռանկյան ներքին անկյունների մասին թեորեմից: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում այն կորուստներից, որ բժշկություն, երաժշտություն, արհեստներ և այլն ուսումնասիրելու ժամանակ չունենալով` կրում են ամբողջ սերունդներ իրար հետևից: Որքան մաթեմատիկա որ պետք է կյանքի համար` այդքան էլ մանկական ժամանակ պետք է զբաղեցնի. ոչ ավելի, ոչ պակաս:

Միայն զանգվածային հիպնոսով կարող եմ բացատրել այն փաստը, որ տասնամյակներ շարունակ ոչ ոք չի վիճարկել այն կարծրատիպը, թե իբր մաթեմատիկան զարգացնում է դեդուկտիվ մտածողությունը, որը կենսականորեն անհրաժեշտ է բարեկիրթ մարդուն:  Չէ՞ որ այդպես չէ: Դեդուկտիվ մտածողությունը նրա մյուս տեսակների միայն փոքր մասն է կազմում: Եվ միայն տեսաբան-գիտնականների դեպքում է բացառություն: Նույնիսկ կիրառական մաթեմատիկայում է դեդուկտիվ մտածողությունը, որպես կանոն, խանգարում, ինչպես հստակ բացատրված է վերջերս լույս տեսած մենագրության մեջ, իսկ գլխավոր դերը ռացիոնալ մտածողությանն («առողջ միտքը») է:

Այժմ հայացք գցենք մաթեմատիկական գիտելիքների այսպես կոչված «համակարգին»: Որտեղի՞ց է այն երկրաչափությունը, որը դպրոցականները սովորում են: Հին Հունաստանից: Իսկ ի՞նչ հանրահաշիվ է, որով տանջում ենք երեխաներին: Դա 15-16-րդ դարերում է հորինվել: Վերջերս վիթխարի լարումով դպրոցներում ինտեգրալը ներդրեցին (գուցե շուտով հանեն): Սա էլ տասնյոթերորդ դարի ստեղծագործություն է: Ահա և վերջ: Կարծում եք, թե վերջին երեք հարյուր տարում մաթեմատիկան չի՞ զարգացել: Իհարկե, ոչ, վերջին երեք հարյուր տարին այդ գիտության ինտենսիվ զարգացման ժամանակն է, չափազանց հարուստ, գաղափարական, մշակութային…  Իսկ ո՞ւր են նրա բացահայտումները դպրոցական ծրագրում: Եվ ընդհանրապես, ի՞նչ «համակարգի» մասին ենք խոսում:

Եթե գրականության հետ համեմատենք, նույնն է, թե ուսումնասիրությունն ավարտենք բիլինաներով և մի քանի տարեգրությամբ: Էլ ինչո՞ւ այդ առարկան «գիտության հիմունքներ», «համակարգված գիտելիքներ» անվանենք:

Մոտավորապես նույն վիճակում են դպրոցական ֆիզիկան ու քիմիան, չնայած առանձին մասերի նկարագրական լինելու պատճառով դրանց դրությունն ավելի թեթև է: Եվ այնուամենայնիվ, մեզանից ո՞վ գիտի հավասարաչափ արագացող շարժման բանաձևը կամ ճարպերի տարրալուծման ռեակցիան: Ախր կյանքում պետք էլ չէ իմանալը…

Ըստ իս՝ ուսուցչի համար վիրավորական է. հինգ տարի երեխաներին բանաձևեր, ռեակցիաներ սովորել, խնդիրներ լուծել ստիպես, որ շրջանավարտն անմիջապես մոռանա և էլ երբեք չվերադառնա դրանց:

Կարծում եմ, որ շաբաթական մեկ դասը կբավականացներ, որ դպրոցականը պատկերացում ստանար մաթեմատիկայի մասին: Ուսումնասիրության «համակարգվածությունը» բացառվում է. դա միշտ կեղծ համակարգվածություն կլինի (ինչպես այսօր է): Այլ հատկապես՝ պատկերացում: Պետք են կենդանի, անկաշկանդ պատմություններ Լոբաչևսկու ոչ էվկլիդեսյան երկրաչափության, մեծ չափողականության (նույնիսկ անվեջ) տարածությունների մասին, հանրահաշվում համաչափության, էքստրեմումների մասին, հավասար պարագծերի մասին, անվերջության հիմնախնդիրների մասին և այլն: Հմուտ մատուցման դեպքում այս բոլոր թեմաները լրիվ հասանելի կլինեն 5-րդ դասարանից սկսած: Շատ թեմաներ կան նաև ցածր դասարանների համար՝ զարդանկարներ և եզրազարդեր, մանրահատակներ և բյուրեղներ, կանոնավոր բազմանկյուններ և բազմանիստեր… Մշակութային մակարդակը բարձրացնելուց բացի մաթեմատիկայի ուսուցումը ոչ մի այլ նպատակ չպետք է ունենա: Ե՛վ գնահատնիշն է այստեղ անտեղի, և՛ քննությունն է ուղղակի անթույլատրելի:

Շաբաթական մեկ ժամը բավական է դպրոցական ցանկացած «գիտության» մասին պատկերացում տալու, թեկուզ աչքի պոչով նրա հետաքրքրաշարժ պատկերներին նայելու հնարավորություն տալու և հետագայում ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու ցանկություն առաջացնելու համար:

Բարեկիրթ մարդը պետք է պատմություն իմանա: Բայց ոչ այնպես, ինչպես դպրոցում դասավանդում են՝ բազում մանրամասներ, ամեն ինչ չոր, ո՛չ մտքին, ո՛չ սրտին ոչինչ չասող. և ամբողջական պատկերացում չկա: Ուշադրություն դարձրեք, թե ինչ հետաքրքրություն է առաջացնում պատմավիպագրությունը, նույնիսկ ոչ լավագույն որակի: Ահա պատմության անհաջող դասավանդման ախտանիշը: Այսինքն՝ անցյալը մարդկանց հետաքրքրում է, բայց չոր դասագրքից ոչինչ չեն կարողանում վերցնել և ստիպված տեղեկություն են քաղում պատմավեպից, գրականությունից: Իսկ պատմական հարուստ գրականությունը դպրոցից դուրս է մնում:

Իհարկե, ոչ մի համակարգվածություն (գրականագիտական) չպետք է լինի նաև գրականություն դասավանդելիս. սովետական շրջանի գրողը ազատ կարող է դասականով փոխարինվել և հակառակը, տարբեր առիթներով, մի քանի անգամ:

Ինչ աշխարհագրությանն է վերաբերում, թող մասնագետներն ինձ ներեն, ես տիկին Պրոստոկովայի կարծիքին եմ: Ամեն դեպքում, երկրների և մայրցամաքների, կլիմայական գոտիների, հայտնի ճանապարհորդների, միջազգային առևտրի, տնտեսագիտական սկզբունքների մասին պատկերացում կազմելու համար տարվա ընթացքում մի քանի ակնարկ-պատմությունը լրիվ բավական է: Չի կարելի տասնամյակներ շարունակ ձևացնել, թե հեռուստատեսություն չկա: Իսկ գունավոր գիտա-հանրամատչելի ֆիլմը, ասենք՝ Իսլանդիայի մասին, կարելի՞ է համեմատել դասագրքի պարագրաֆի հետ, որի համար հատուկ գեղարվեստական լեզվին չտիրապետող հեղինակներ են փնտրել և գտել:

Գիտությունների մասին պատմությունները պետք է այնպիսին  լինեն, որ աշակերտն ինքը ցանկանա ավելին իմանալ իր ազատ ժամանակի հաշվին: Օրվա երկրորդ կեսում (երկարացված օր) ֆակուլտատիվ դասընթացների անսահման հնարավորություն է բացվում: Այստեղ անհրաժեշտ է կազմակերպել նաև աշխատանքային հմտությունների ուսուցումը (ոչ մասնագիտությունների): Պետք է, որ աշակերտը կարողանա նորոգել էլեկտրալարերի ցանցը, փոխել ծորակի միջադիրը, թռչնի բույն սարքել, կողպեք տեղադրել, ճաշ եփել և ասեղով աշխատել:

Կհարցնեն՝ իսկ բո՞ւհ ում ընդունեն: Որտեղի՞ց վերցնենք ճարտարագետներ, ուսուցիչներ, հասարակագետներ, ֆիզիկոսներ: Սա այլ հարց է, որը չի կարելի շփոթել դպրոցի հետ:

Ուսանողի թեկնածուների ընտրությունն այնքան կարևոր գործ է, որ չի կարելի վստահել լուսավորության նախարարությանը: Ուղղակի որովետև նրա խնդիրը չէ: Եվ քանի դեռ այդ նախարարությունը  կանգնած կլինի երիտասարդներին կյանքի՞ն, թե՞ բուհական հետագա ուսուցմանը պատրաստելու ճամփաբաժանին, նա երկու գործն էլ կտապալի: Նրա կոնտինգենտը վեցից մինչև տասնչորս տարեկան երեխաներն են: Նա պարտավոր է, որ նրանք առողջ, դաստիարակված, բարեկիրթ, հմուտ ավարտեն դպրոցը: Առանց սովորելու նկատմամբ զզվանքի: Ցանկալի է, որ որոշակի մասնագիտության կողմնորոշմամբ, հաշվի առնելով անձնական հետաքրքրությունները և կարողությունները:

Դրանից հետո գործի պետք է անցնեն մյուսները` պրոֆտեխուսուցման կոմիտեն, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը:

Դեռահասների հիմնական զանգվածն ընդունվում է ուսումնարաններ և տեխնիկումներ, որտեղ մասնագիտություն է ստանում: Այստեղ էլ հենց պետք է դասավանդել այն գիտությունների հիմունքները, որոնք պետք են այդ մասնագիտությանը: Եթե դպրոցն իր գործն արել է, ուրիշ առարկաներ պետք չեն: Միայն հատուկ գիտելիքներ՝ սկսած մանրամասներից, որ շատ լավ յուրացվեն: Հիմա տեխնիկումների շրջանավարտները ոչ լիարժեք մասնագետ են այն պատճառով, որ իրենց ուշադրությունը փոշիացնում են ոչ պետքական դպրոցական առարկաների վրա:

Այժմ, բարեփոխումից հետո, դպրոցի ավագ դասարանները հայտնվել են կեղծ իրավիճակում։ Փաստորեն նրանք մեկ խնդիր ունեն՝ պատրաստել բուհին, սակայն այդ խնդրիրը չեն լուծում:

Թույլ տվեք բուհերին, որ իրենք պատրաստեն իրենց ապագա ուսանողներին։ Ինչո՞ւ ամբողջ առաջին տարին ուսանողներից «դուրս մղենք» դպրոցական կրթության սխալները, դպրոցական մտածողությունը և ինչո՞ւ 17 տարեկաններին  այբուբենից սովորեցնենք աշխատել, երբ դա 15 տարեկաններին  սովորեցնելն ավելի հեշտ է։ Տարվա ընթացքում բուհերին հնարավորություն տվեք  իրենց թեստերի հիման վրա հավաքելու, ասենք, 300 մարդ ֆակուլտետի 200 տեղի համար, որպեսզի երկու տարի նախնական ուսուցում կազմակերպի։ Անվանեք այս երկու տարիների ուսումնառությունը «նախապատրաստական դասընթացներ» կամ ինչ որ ցանկանաք, օրինակ՝ քոլեջ։ Ահա թե որտեղ կսկսենք գիտության համակարգված ուսումնասիրությունը՝ սկզբից և մեզ անհրաժեշտ ձևերով։ Ուրիշ քաղաքներից եկած շնորհալի երեխաները կարող են ապրել բուհին կից գիշերօթիկում։ Համակարգիչն անընդհատ կվերահսկի թեկնածուների առաջընթացը և նրանց կդասավորի ըստ հաջողությունների։ Եվ, եթե հիմնական ուսանող դառնալու պահին, առանց քննությունների, աշակերտը 215-րդ համարը լինի, ցավագին չի լինի (ուսանող չդառնալը. ծանոթ.՝ խմբագրի), նա ինքը կհասկանա, որ իր սեփական հաջողությունները բավարար չեն։ Ինքնին վերանում են ընդունելության քննությունների վիճակախաղը, նևրոզները և ճակատագրերի փլուզումը։ Այս 215-րդ ուսանողը չի կորչում, պարզապես դառնում է թեքումով «հատուկ դպրոցի» շրջանավարտը, եթե խոսենք ժամանակակից լեզվով. բայց սա ոչ թե առասպելական «թեքում» է, այլ խորը գիտելիքներ, որ բավարար չեն բուհի համար, սակայն միջին օղակում աշխատելու համար բավարար են:

Փոխարենը բուհն ուսանողներ կստանա, որոնց ինքը լավ ճանաչում է և լիարժեք վստահում է։ Դա մասնակի կլուծի նաև դուրս թողնելու խնդիրը:

Անշուշտ, տեղերի որոշակի տոկոս պետք է թողնել «կողքից» դիմորդների համար։ Այստեղ քննությունը (և շատ խիստ), ուղղակի անհրաժեշտ է։ Բայց այդպիսի դիմորդը նախօրոք գիտի, թե ուր է գնում…

Այս ամենը մեր երիտասարդների՝ մեր ապագայի շինարարների, դաստիարակության և ուսուցման արդյունավետ և կազմակերպված համակարգ կլինի:

Աղբյուր ՝ Դպիր

Posted in խոսքի զարգացում

Վանո Սիրադեղյան — վերլուծություններ

Վանո Սիրադեղյանը ծնվել է  1946 թվականի նոյեմբերի 13-ին, Նոյեմբերյան շրջանի Կոթի գյուղում։  Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանի պատմվածքները կարդալով հասկացա, որ նա ռեալիստ գրող է եղել։

<< Թերեզի երջանկություն >>

Թերեզը գյուղից քաղաք տեղափոխված կին էր։ Պատմվածքում նա երկար նամակ է գրում իր քրոջը որը գյուղում էր ապրում։ Իմ կարծիքով Թերեզը և դրական և բացասական կերպար է։ Դրական է քանի որ չի հուսահատվում, դժվարություններին դիմադրում է ։ Բացասական է քանի որ ձգտում է լավ կյանքին և չի ցանկանում բավարարվել իր ունեցածով։ Ցանկանում է դառնալ իր պատկերացումներում ապրող քաղաքացին, բայց չի գիտակցում, որ միշտ չէ որ մեր ցանկությունները իրագործվում են։

<< Սիրելու տարիք >>

Տղա ով երբեք կռիվ չի արել, բայց հիմա երբ նրա կյանքում կա աղջիկ ում ոչ ոք չպետք է կարողանա նեղացնել ստիպված է կռվել, կռվել որպիսզի աղջկա աչքին բարձր երևա, արժանապատվորեն կռվի, և հաղթահարի այդ ամենը։

<< Մի ճամպրուկ փող >>

Պատմվածքը մի պատանու մասին է ՝ Սուրենի, ով երազում էր գտնել մի ճամպրուկ փող։ Սուրենը 8-րդ դասարանը թողեց, բանակից եկավ և սկսեց իր 51-ը քշել։ Սուրոն բավականին գումար էր աշխատում և վատնում էր անկուշտի պես։ Ես կարծում եմ Սուրենը ուզում էր միայն վայելել այս կյանքը, օգտվեր կյանքի բարիքներից։ Նա մահացավ 42 տարեկանում իր զիլի ղեկին։ Կարծում եմ, նա հասավ իր երազանքին աշխատեց շատ փող և իր կյանքի վերջին գիշերը անցկացրեց իր ընկերների հետ, հիշելով պատանեկությունը։

<< Գեղեցիկ կնոջ կաղապարը >>

Պատմվածքի հերոսը ՝ Հարութը տաքսու վարորդ էր ։ Ամռան մի ձանձրալի օր, երբ Հարութը դուրս էր եկել աշխատանքի տեսավ մի կնոջ, ով ոչ ոքի նման չէր։ Հարութի տաքսին սովորական զապ էր, որին ոչ բոլորն էին նկատում։ Հետևելով աղջկան ամեն կերպ փորձում է այնպես անել, որ աղջիկը իր տաքսին նստի, բայց ամեն անգամ աղջիկը տարբեր մեքենաներ էր նստում։ Հարութը իր ընկերոջից 2օրով վերցնում է 24-ը, բայց այս անգամ էլ աղջիկը սուզվեց դիմացի մեքենայի մեջ։

Posted in Մանկական գրականություն հաշվետվություն

Սեպտեմբեր — հոկտեմբեր հաշվետվություն

Ջաննի Ռոդարի — Պաղպաղակե դղյակը

Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ 2֊3 տարեկանների համար

Մանկավարժական մոտեցումներ

10/10/2021

13/09/2021

06/09/2021

Posted in Բանահյուսություն

22/10/2021

Ընտրել հայ ժողովրդական հեքիաթներից մեկը:

ԱՆՄԱՀԱԿԱՆ ՎԱՐԴ

Ավալ ժամանակին ըլնում ա, չիլնում մի թագավոր: Էս թագավորը իրա ամարաթի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ միջին մի Անմահական վարդի ծառ։ Համա խեղճ թագավորը ի՛նչ անում ա, չի անում, ի՛նչ կատեպան բռնում ա, ի՛նչքամ մուղաթ են կենում, չիլնում՝ հենց գալիս ա բացվելու վախտերքը, խարը գալիս ա էդ վարդն ուտում, էթում, չի թողում, որ բացվի։ Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ թագավորը մնում ա հասրաթ էդ վարդի ֆոտին։ Օրեն մի օրը գալիս ա մի կատեպան:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ինձ կատեպան բռնես, քու վարդին ընենց մուղաթ կկենամ, որ խարը չի ուտի։ Հենց բացվեց թե չէ,—ասում ա,— կքաղեմ, կբերեմ, կտամ քեզ:

— Տղա՛,— ասում ա թագավորը,— աշխարքումն էլ կատեպան չի մնացե՝ էկել ա, ի՜նչ ա չաթե, որ դու ի՛նչ չաթես։

— Թագա՛վորն ապրած կենա, ասում ա,— ես կարամ. չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

– Լա՛վ, դո՛ւ գիտաս,— ասում ա թագավորը, կարաս՝ գնա մուղաթ կաց։— Բերում ա, սրան բռնում իրան կատեպան։

Գարունքը գալիս ա թե չէ, էս կատեպանն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում Անմահական վարդի ծառի տակին գշեր-ցերեկ զարավուլ քաշում։ Կենում ա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հենց էն ա պտի վարդը թտցվեր՝ մի վախտ տղի քունը տանում ա։ Էն դհիցը խարը գալիս ա վարդն ուտում, թողում էթում։ Կատեպանը աչքը բաց ա անում, տենում ո՛նչ վարդ կա, ո՛նչ զադ։

Գալիս ա թագավորին խաբար տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— սաղ շաբաթ գշեր-ցերեկ ղարավուլ քաշեցի, հենց էկավ բացվելու վախտերքը, սատանական քունս տարավ. մի վախտ աչքս բաց արի, տեհա՝ խարն էկել ա կերե, գնացե։ Թագա՛վորն ապրած կենա, էս հետ բաշխա՛, գյալաջաղը ո՛նց ըլնի՝ ես խարի հախիցը կգամ:

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— կերել ա՝ կերե, նրա՛ն էլ չի մնա։

Էս մի տարին ըսենց անց ա կենում, գալիս ա էն մի տարին։

Գարունքը բացվում ա թե չէ, էս կատեպանը վեր ա կենում, էլի էթում վարդին մուղաթ կենում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ խարն էլի էկավ, որ ուտի. ուզում ա նետուանեղով տա, էն դհիցը մի բլբուլ թռնում ա գալի, խարին կտցում, տանում։

Վարդը մնում ա սաղ-սալամաթ։ Կատեպանը ուրախ-ուրախ քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, հրես վարդը քաղեցի, բերի։ Էս հետ էլ խարն էկավ, որ ուտի, էն դհիցը մի բլբուլ թռավ, էկավ խարին կտցեց, տարավ։

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— էն բլբուլին էլ չի մնա։

Էս տարին էլ ա ըսենց անց կենում։ Գյալաշաղը իրա վախտին էս կատեպանը էլի էթում ա վարդին մուղաթ կենում, գշեր-ցերեկ ծառի տակին ղարավուլ քաշում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ էլի մի խար դուս էկավ, վրա պրծավ վարդին հենց էն ա ուզում էր՝ ուտի, էն դհիցը էլի էն բլբուլը վեր էկավ, որ խարին կտցի, տանի՝ որդիան որ էր, թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, բլբուլին էլ, խարին էլ մի հանքի կուլ տվեց. վարդը մնաց էլ եդ իրա տեղը անարատ: Կատեպանը ուրախանում ա, աշխարով մին ըլնում, վարդը քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, էս տարի էլ ամեն տարվա պես էլի մի խար էկավ, ուզեց վարդն ուտի, էն դհիցն էլի էն բլբուլը թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, ալբիալը թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Հրես սաղ-սալամաթ վարդը քաղեցի, բերի։

— Բա՛ն չկա, ասեց թագավորը,— էդ վիշապին էլ չի մնա։

Էս մի տարին էլ ըսենց անց կացավ, գյալաշաղը էլի կատեպանը վե կացավ գնաց, որ վարդին մուղաթ կենա: Էկավ բացվելու վախտերքը, աեհավ՝ էլի մի խար դուս էկավ, վրա հասավ, որ վարդն ուտի: Էն դհիցը էլի մի բլբուլ թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, թփերի տակիցը էլի էն վիշապը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Կատեպանը որ տեհավ, էս հետ էլ չհամբերեց, քաշեց նետուանեղը, տալու բաշտա՛ն յա՜լլա, վիշապը գլխի վրեն կունտկի տվեց, արենճեճեխ ընկավ գետինը, սատկեց։ Էն սհաթը վարդը քաղեց, տարավ տվեց թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա, — ասեց,— էս տարի էլ խարն էկավ, ուզեց՝ վարդին ուտի, բլբուլն էկավ, ուզեց՝ խարին ուտի, էլի էն անիսաֆ վիշապը թփերի տակիցը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ կուլ տվեց։ Էս որ տեհա, ես էլ քաշեցի նետուանեղս, տվի, վիշտպին տեղն ու տեղը չորացրի։

— Դո՛ւ էլ լավ ես արե,— ասեց թագավորը,— համա քե՛զ էլ չի մնա։

Կատեպանը էս խոսքի վրեն մնում ա միտք անելոն, թե էս ի՞նչ բաս ա, թագավորը խի՞ պտի ասի. «Քե՛զ էլ չի մնա»։ Միտք ա անում, միտք ա անում, խելքը բան չի հասնում։ Էթար թագավորին հարցներ՝ վախում էր, չըլնի՞ թե հերսոտի․ ըսենց մնաց, ասեց. «Տենամ՝ սրա վերջն ինչ ա ըլնում»։

Թագավորի գյուլլի բաղի միջին մարմարից շինած մի հավուզ կար, որդե թագավորը, իրա կնիկը վախտ-վախտ գալիս ին լեղանում: Օրեն մի օրը, կատեպանը նի էլավ էդ հավղի կշտի ծառը, վրեն չորուկ֊մորուկ կար, ուզում էր կտրի։ Բիրդան տեհավ՝ թագավորի կնիկը իրա ղարավաշներով էկավ, որ հավղի միջին լեղանա․ նա էլ վախլությունիցը վե չէկավ ծառիցը, ասեց. «Կենամ, լեղանա, պրծնի, էթա՝ եննա»։ Թագավորի կնիկը շորերը հանեց, նի մտավ հավուղը, լեղացավ, պրծավ, դուս էկավ, շորերը հագավ, որ էթա մի ղաֆիլ գլուխը բանձրացրեց, տեհավ՝ կատեպանը ծառի վրեն։ Էլ ձեն֊ծպտուն չհանեց, թողաց էկավ ամարաթը, թագավորին մին-մին նաղլ արեց։

Բա՛ չե՞ս ասի, ըսե՛նց, ըսե՛նց բան. ես գնացել ի հավուղը, որ լեղանամ. լեղացա պրծա, շորերս հագա, ուզում ի էթա, մի ղաֆիլ մտիկ արի, տեհա՝ մեր կատեպանը ծառի վրեն. դու մի ասի, աղաքուց էկել ա նի էլե ձառը, որ տենա՝ ոնց եմ լեղանում։

Թագավորը էս որ լսում ա, կատաղում, ասլան ա դառնում։ Էն սհաթը ձեն ա տալի.— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ։

Էն սհաթը ջանլաթները գալիս են, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Կէթա՛ք,— ասում ա, էս սհաթին կատեպանին կբերեք, իմ աղաքին քյալլա կանեք։

Ջանլաթներն էթում են, կատեպանին բերում թագավորի կուշտը։ Դե՛ կատեպանը էս որ տեհավ, ալբիալը գլխի ընկավ, թե բանը ընչում ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— չի՞լնի, ինձ թողաս՝ էրկու խոսք ասեմ, եննա ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Լա՛վ,— ասեց թագավորը,— ասա՛ տենամ՝ ի՞նչ ես ասում։

— Թագա՛վորը սաղ ըլնի, ասեց կատեպանը,— մի՞տդ ա, որ ինձ կատեպան բռնեցիր. առաջի տարին էկա քեզ ասեցի, թե. «Խարը վարդին կերավ», դու ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Էն մի տարին էլ գնացի վարդին մուղաթ կենալու, էկա ասեցի. «Մի բլբուլ էլ էկավ խարին կերավ», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, դրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա իրեք տարին էլ որ էկա ասեցի. «Էս հետ էլ թփերի տակիցը մի վիշապ դուս պրծավ, բլբուլին կուլ տվեց», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա չորս տարին, որ էկա ասեցի. «Վիշապին էլ ես տվի, սըպանեցի», դու էս հետ ասեցիր. «Բա՛ն չկա, քե՛զ էլ չի մնա»: Հմի, թագա՛վորն ապրած կենա,— ասեց, դրուստ որ ինձ էլ չմնաց, քու խոսքը կատարվեց, որ ուզում ես նհախ տեղը իմ գլուխը թռցնիլ տա։ Դե բաս ըտենց ա, թագա՛վորն ապրած կենա, հմի էլ ես եմ ասում, որ. «Քե՛զ էլ չի մնա»։

Թագավորը որ լսում ա կատեպանի խելոք ջուղաբը, նրան բաշխում ա, էլ չի թողում, որ քյալլա անեն։

Posted in Բանահյուսություն

01/10/2021

▪︎Ընտրել խաղերից մեկը և կազմակերպել ընկերների հետ։

Առեղծվածների արկղ
Անհրաժեշտ նյութեր’ միջին չափսի արկղ, քարերի, կաղինի, խխունջների,
փետուրների կամ երկրաչափական մարմինների’ խորանարդի, բուրգի, գնդի,
կոնի կամ այլ զույգեր:
Առարկայի զույգից մեկը դնել արկղի մեջ, իսկ մյուսը սեղանի վրա: Երեխան ձեռքը մտցնում է արկղի մեջ և շոշափելով գուշակում, թե սեղանի
առարկաներից որի զույգն է ինքն արկղում բռնել: Ապա նայելով սեղանի
վրայի նույն առարկային’ պետք է նկարագրի արկղի միջի առարկայի կառուցվածքը: Այդ ընթացքում պետք է երեխային հարցնել առարկան փափուկ է, թե
կոշտ, խորդուբորդ է, թե հարթ, սառը, թե տաք, գնդաձև է, թե ոչ… Հետո հանում է առարկան և դնում զույգի կողքին:

Խաղ 2

Ով ում շորն է հագել
Երեխաները նստում են շրջանաձև և ուշադիր նայում են միմյանց հագուստներին: Փորձում են հիշել, թե ով ինչ է հագել: Երեխաներից մեկը դուրս
է գալիս սենյակից: Երկու մասնակից իրար հետ փոխում են հագուստները:
Հետո կանչում են դրսում գտնվողին: Նա պետք է որոշի, թե ով ում հագուստն
է հագել :
Հետագայում խաղը զարգացնում են. հագուստները կփոխեն երեք, չորս
մասնակից:

Ընտրել մի շուտասելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին։

Մուկը մատը մատին կտա, 

Տան կարասը պատին կտա:

▪︎Ընտրել մի քանի հանելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին։

Կլոր եմ, 

Գնդակ չեմ,

Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,

Քաղցր եմ, մեղր չեմ։ 

Խնձոր

Թև ու ոտք նա չունի,

Կենդանի է ջրերի։

Ձուկ

▪︎Ընտրել մի քանի օրհնանք, սովորել և սովորեցնել ընկերներին։ 

Աստծո աջը գլխիցդ անպակաս լինի

Կյանքդ ջրի նման երկար  լինի

Յոթ որդով սեղան նստեք

Ոտքդ քարին չդիպչի

Posted in Բանահյուսություն

Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն

Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այստեղ փորձել ենք առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն:

Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին

Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:

Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:

Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:

Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:

Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր:

Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

Ազգային տոներ / Աստղիկ աստվածուհի

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:

Ըստ արիական ավանդույթներից մեկի՝ ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են սերն ու գեղեցկությունը, և նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը: Բոլորը դառնում են տգեղ ու անգութ։ Բայց Վահագնը, հաղթելով հրեշին, ազատում է Աստղիկին և, շրջելով Հայոց աշխարհով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։

Վարդավառ / լուսանկարը՝ Էջմիածնի քաղաքապետարանի

Հնում մարդիկ Վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել: Վարդավառը նաև համարվել էր ջրի տարերքի պաշտամունքի տոն: Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր: Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և՛ պարզություն, և՛ մաքրություն է խորհրդանշում: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են, և ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար):

Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը: Ընդունված սովորություն կար, որ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում: Եվ Վարդավառին՝ խնձորի բերքի օրհնությունից հետո, նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել:

Մարիամ Աստվածածինն ու Անահիտը

Բոլորին ծանոթ է Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այն ևս հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:

Ըստ ավանդույթի՝ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ այցելում է որդու գերեզմանին և աղոթում: Սակայն մի օր աղոթքներից մեկի ժամանակ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը և նրան հայտնում դեպի երկինք իր վերափոխվելու մասին:

Ազգային տոներ / Խաղողօրհնեք

Հայաստանում, քրիստոնեության ընդունումից հետո, Մարիամ Աստվածածինն ընդունեց Անահիտին վերագրվող բոլոր հատկությունները: Իսկ Անահտական տաճարները վերածվեցին Աստվածածին եկեղեցիների: Անահիտին նվիրված տոները վերագրվեցին Աստվածածնին, քանի որ ժամանակին Անահիտի մեջ էին ամփոփված կնոջ և մայրության բոլոր առաքինությունները:

Իսկ խաղողօրհնեքի ավանդույթները շատ ավելի հին են, քան քրիստոնեությունը և կապվում էին Նավասարդի տոնակատարությունների հետ: Հնում Անահիտ աստվածուհուն է նվիրված եղել նաև խաղողօրհնեքը, որը նշվել է որպես բերքի տոն: Խաղողօրհնեքի առաջին պտուղը նվիրաբերել են Անահիտին:

Ազգային տոներ / Նավասարդ

Հայոց դաշտերում և այգիներում փառաբանման ծես է կատարվել, որից հետո էլ սկսվել է բերքահավաքը: Տոնին մասնակցել են բոլորը, ինչն ուղեկցվել է տոնին հատուկ երգերով, պարերով և խաղերով:

Քրիստոնեության ընդունումից հետո Խաղողօրհնեքի տոնը միացվեց Մարիամ Աստվածածնի վերափոխման հետ: Սակայն այդ օրը եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, քանի որ այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը և, բացի այդ, խաղողից էր պատրաստվում նաև պատարագի գինին:

Տիրոջն ընդառաջ կամ Տրնդեզ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:

Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:

Ազգային տոներ / Տրնդեզ

Հեթանոսական շրջանում Տյառնընդառաջի ծխի ուղղությամբ մարդիկ կատարել են գուշակություններ: Ծխի միջոցով մարդիկ գուշակել են տարվա բերքառատությունը: Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել՝ որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա: Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով: Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան:

Տյարնընդառաջ / լուսանկարը՝ Թամարա Կաղզվանցյանի

Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տանտիկինը Տյառնընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` քրիստոնյաներն Աստծո սիրո հուրն են խնդրում, և կրակը ծառայեցնում են Աստծուն»:

Ծաղկազարդ թե ծառզարդար

Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը կամ ամբարներում, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:

Սակայն, դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:

Ծառզարդար / լուսանկարը՝ Argishti house ֆեյսբուքյան էջից

Հնագույն շրջանում ծառզարդարի տոնի ժամանակ սրբազան և խորհրդանշական ծառը զարդարել են գույնզգույն շորի պատառիկներով և տարբեր պտուղներով: Որոշ շրջաններում ծառերը զարդարել են ձվերով, ինչն էլ ունեցել է չարխափան նշանակություն:

Հնում ծառզարդարի տոնի ժամանակ էր կատարվում նաև անձրևաբերության ծեսը, որը կատարվում էր Նուրի տիկնիկների միջոցով: Աղջիկները պատրաստում էին տիկնիկը, այն պտտեցնում տնետուն՝ խնդրելով Նուրիին անձրև պարգևել չորացած հողին: Կա նաև կարծիք, որ տիկնիկը խորհրդանշում է ջրի՝ Նարե աստվածուհուն, և ծառզարադարի տոնն էլ հենց նվիրված է եղել նրա պաշտամունքին, քանի որ ջուրն այն կենսական տարրն է, առանց որի բնությունը չի կարող կենդանություն առնել:

Հեթանոսական շրջանում ազգային տոների մեծ մասը նվիրված էր աստվածների և բնության տարբեր տարերքների պաշտամունքին: Չնայած որ քրիստոնեության ընդունումով դրանցից շատերը փոխել են իրենց անվանումն ու խորհուրդը, բայց դրանցում գոյություն ունեցող մի շարք սովորույթներ մինչ օրս էլ պահպանել են իրենց արժեքը: Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ տոներն ունեն նույն գործառույթը՝ այն է համախմբել մարդկանց տոնի և ծեսի ազգային գաղափարի շուրջ:

Սկզբնաղբյուրը